Նախաբան
Հետազոտական աշխատանքը Առաջին հանրապետության ազգային անկախության ըմբռնումների ու դրանց մշակութային վերապատկերումների վերլուծություն է։ Այսօր Հայաստանի անկախ պետականությունը շուրջ երեսնամյա փաստացի իրողություն է՝ թեև մարտահրավերներով ու անխուսափելի վտանգներով լի, սակայն անկախության ու պետականության մասին մեր ըմբռնումները մնում են նախկինում ձևավորված քաղաքական մտածողության շրջանակում։ Կայանալով մեծապես ինքնուրույն պետականության բացակայության պայմաններում՝ հայ քաղաքական միտքն անկախ պետականությունը օժտել է գլխավորապես սրբազան գաղափարի կարգավիճակով ու հանդես բերել այն որպես բաղձալի նպատակ։ Արդյունքում մեզանում պետությունը, հակառակ ժողովրդի համար բարեկեցություն ապահովելու ու կյանքը գործնականում ապրելի դարձնելու իր բուն նպատակին, մեծապես կապվել է հավաքական փրկագործման նվիրական գաղափարի ու կյանքից վեր դասված բարձր արժեքների համար նահատակության գնալու ոգեկոչման հետ, մի իրողություն, որ, ինչպես կտեսնենք ստորև, ընկած էր նաև Առաջին հանրապետության կայացման գաղափարական հիմքերում։ Թեև հայ ժողովրդի բարեկեցության ու զարգացման նպատակն ինչ-որ առումով եղել է նաև Առաջին հանրապետության ղեկավարների քաղաքական օրակարգում, այդուհանդերձ, դրանք կյանքի կոչելուն միտված ձևերը մի իմաստով դեմ են գնացել մշակութային այն դրվածքին, որով ապրել է ժողովուրդն իր առօրյա կյանքում։ Այսպես, Առաջին հանրապետությունում քաղաքական միտքը կայացել է՝ ելնելով ոչ այնքան ժողովրդին իր ներհակությամբ ու առօրյա վարքուբարքով ըմբռնելու, որքան ի հակառակ դրանց՝ ժողովրդին դեպի անկախության վեհ գաղափարները բարձրացնելու քաղաքական հրամայականից։ Արդյունքում Առաջին հանրապետությունում անկախության գաղափարը քաղաքականապես սրբացվել է՝ հակադրվելով ինչպես առկա նյութական պայմաններին, այնպես էլ ժողովրդի իրական կյանքը հնարավոր դարձնող կենսաձևերին։
Այսօր ազգային պետականության կայացման ճանապարհին Հայաստանում հարկ կա վերանայելու անկախ պետականության մասին մեր ըմբռնումները ու այդպիսով հասկանալու այն ոչ միայն բաղձալի բարձր նպատակների, այլ նախևառաջ ապրվող կյանքի հակասությունների միջով։ Այս հակասություններն են, որ մենք կփորձենք շոշափել Առաջին հանրապետությունում ազգային անկախության ըմբռնումների ու դրանց մշակութային վերապատկերումների քննարկմամբ, հակասություններ, որոնք իրենց գեղարվեստական մարմնացումն են ստացել նաև Առաջին հանրապետության պետական խորհրդանշանների՝ դրոշի, զինանշանի, թղթադրամների, նամականիշների ու փոստային բացիկների նկարչական ձևավորումներում։
Առաջին հանրապետությունում ազգային անկախության ու գործնական կյանքում դրա հարուցած լարումներին հետազոտության ճանապարհին անդրադարձել ենք պատմական կոնկրետ դրվագների՝ Անդրկովկասում ազգային անկախ պետականությունների ծնունդին նախորդած քաղաքական նախադրյալների, հետանկախացման շրջանի Հայաստանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրադրության, կոալիցիոն կառավարության ձևավորման, 1919-ին Երևանում բացված Հայ արվեստագետների միության առաջին ցուցահանդեսի և Հայաստանի անկախացման միամյա տարեդարձի առթիվ թողարկված փոստային բացիկի քննությամբ։ Երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական այս համատեքստին անդրադառնալը կարևորում ենք, սակայն, ոչ իբրև մեր նյութը ձևավորող զուտ պատմական փաստերի ներկայացման, այլ նախևառաջ մեր հետազոտության հիմնական առանցքը կազմող անկախության մշակութային վերապատկերումները քաղաքական ու մշակութային առավել լայն հետագծի մեջ դիտարկելու ու այդպիսով՝ պատմական համատեքստի ու պատկերի միջև եղած ներքին բարդ կապերը բացահայտելու տեսանկյունից։
Հարկ է նշել, որ Առաջին հանրապետության քաղաքական ու կրթամշակութային կյանքն իր տարբեր կողմերով, եղել և առ այսօր շարունակում է մնալ ինչպես սփյուռքյան, այնպես էլ հայաստանյան գիտնականների ուշադրության կենտրոնում։ Ավելին՝ Առաջին հանրապետության քաղաքական ղեկավարները, նախընթաց շրջանի իրենց գործունեությանը գալիք սերունդներին հասու դարձնելու ցանկությամբ տոգորված, իրենք իսկ ձեռնամուխ են եղել հանրապետության պատմությունը լուսաբանելուն։ Փաստագրական այս նյութերին միանգամայն արժանին մատուցելով հանդերձ՝ Առաջին հանրապետության քաղաքական ու մշակութային կյանքի պատմությունն ուսումնասիրելիս մենք, այդուհանդերձ, կանգնել ենք բարդ մարտահրավերների առջև նախևառաջ այն պարզ պատճառով, որ Առաջին հանրապետությունն ինքը ունեցել է ընդամենը երկուսուկես տարվա կյանք։ Ուստի մեզնից մեծ ջանք և նրբանկատություն է պահանջվել հակասություններով լի այս շրջանի քաղաքական ու մշակութային, ըստ էության, չափազանց կարճատև կյանքի պատմությունն անաչառ կերպով գնահատելու համար։ Այս անկյան տակ հարկ է նկատել, որ Առաջին հանրապետության մշակութային կյանքը պատմաբանները հիմնականում դիտարկել են կիսակատար ձեռնարկների անկյան տակ՝ ընթանալով միայն Առաջին հանրապետության գեղարվեստական ու կրթամշակութային իրադարձությունների ժամանակագրական թվարկման ճանապարհով։ Արարատ Աղասյանը, օրինակ, իր՝ Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում աշխատության մեջ գրում էր.
1918-ի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարճատև պատմություն ունեցավ։ Միանգամայն բնական է, որ քաղաքական, սոցիալական և տնտեսական ծանր պայմաններում հայտնված նորաստեղծ երկրի ղեկավարությունը հիմնականում մտահոգված էր պետական անվտանգությունն ապահովելու և ժողովրդի կենսական կարիքներն ու պահանջները բավարարելու հրատապ խնդիրներով։ Մշակութային կյանքի հետ կապված հարցերը հետաձգվում կամ արմատական լուծում չէին ստանում։[1]Արարատ Աղասյան, Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում (Երևան։ Ոսկան Երևանցի, 2009), էջ 75։
Թեև այս գնահատականն իր մեջ պարունակում է օբյեկտիվ ճշմարտություն այն իմաստով, որ Առաջին հանրապետությունում մշակութային կյանքի զարգացումն էապես տուժում էր պետության նյութական սուղ ռեսուրսների պատճառով, այդուհանդերձ, մեր համոզմամբ, սոցիալ-տնտեսական ու քաղաքական թեկուզև այս անմխիթար պայմաններում ձևավորվել են կոնկրետ հարացույցներ, որոնք ժամանակագրական թվարկումից անդին, պատկերացում են տալիս, թե քաղաքական ինչպիսի հեռանկարում էր կայանում մշակույթն Առաջին հանրապետությունում։[2]Առաջին հանրապետության կրթամշակութային կյանքին առնչվող ուսումնասիրությունների համար տե´ս Գուրգեն Վարդանյան, Մշակույթը Հայաստանի առաջին հանրապետությունում (1918-1920 թթ.) (Երևան։ Գիտություն, 2003); Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին (Գիտաժողովի նյութեր, Երևան, 2018); Արթուր Ավագյան, «Հայաստանի առաջին հանրապետության մշակութային կյանքի պատմությունից», Բանբեր հայագիտության, 2018, թիվ 2, էջ 159-167; Աղասյան, Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում, էջ 75-77։ Սա է պատճառը, որ Առաջին հանրապետության քաղաքական ու մշակութային կյանքի վերաբերյալ մեր գնահատականները առաջադրելիս նախևառաջ հիմնվել ենք պատմական սկզբնաղբյուրների վրա։ Մեզ համար առանցքային կարևորություն են ունեցել ինչպես Առաջին հանրապետության ղեկավարների հուշագրությունները, այնպես էլ ժամանակի մամուլում, ինչպես օրինակ՝ Աշխատանք, Ժողովուրդ, Յառաջ, Հայաստանի աշխատաւոր, Էջմիածին և այլ պարբերականներում տեղ գտած նյութերը։
Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ
Ծանոթագրություններ
↑1 | Արարատ Աղասյան, Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում (Երևան։ Ոսկան Երևանցի, 2009), էջ 75։ |
---|---|
↑2 | Առաջին հանրապետության կրթամշակութային կյանքին առնչվող ուսումնասիրությունների համար տե´ս Գուրգեն Վարդանյան, Մշակույթը Հայաստանի առաջին հանրապետությունում (1918-1920 թթ.) (Երևան։ Գիտություն, 2003); Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին (Գիտաժողովի նյութեր, Երևան, 2018); Արթուր Ավագյան, «Հայաստանի առաջին հանրապետության մշակութային կյանքի պատմությունից», Բանբեր հայագիտության, 2018, թիվ 2, էջ 159-167; Աղասյան, Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում, էջ 75-77։ |