Ազգային դրոշը՝ իբրև տեղի «արևելյան» ժողովրդի մարմնացում. Մարտիրոս Սարյանի նամակը՝ ուղղված Ալեքսանդր Խատիսյանին

 

Եռագույնը՝ որպես ազգային պետության դրոշ, առաջին անգամ բարձրացվել է 1918 թվականի օգոստոսի մեկին, երբ Երևանում բացվել էր Առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նիստը։ Հորիզոնական կարմիրի, կապույտի ու նարնջագույնի համադրությամբ կազմված եռագույն դրոշը, որը, ըստ պատմական աղբյուրների, առաջարկել էր հայագետ Ստեփան Մալխասյանցը, Հայաստանի կառավարությունը ընդունել էր պետական խորհրդանշանների ստեղծման հրատապությունից ելնելով՝ հետագայում այն վերանայելու նախապայմանով։ Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, նշելով, որ դրոշի գույների ընտրությունն ու դասավորությունը մի իմաստով քվեարկության պատահականության արդյունք էր, այնուամենայնիվ, նկատում է, որ դրոշի հետ էին կապվում նաև ազգային գաղափարական որոշակի պատկերացումներ. «Այդ գոյները, կարծես բխում էին մեր կեանքից, խորհրդանշում էին հայ պետականութեան ծագումն ու ապագան։ Կարմիրը հայ ժողովրդի թափած արիւնն էր, կապոյտը՝ Հայաստանի կապոյտ երկինքը եւ նարնջի կամ ոսկու գոյնը՝ խտացումը աշխատանքի»։

Հայտնի է, որ ազգային դրոշի հաստատման շուրջ քննարկումներում դրոշի իր տարբերակն էր առաջադրել նաև նկարիչ Մարտիրոս Սարյանը՝ կազմված ծիածանը խորհրդանշող վեց՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ և մանուշակագույն գույներից։ Ստորև ներկայացվող վավերագիրը 1919 թվականի հուլիսի 31-ին Նոր Նախիջևանից հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին ուղղված նկարչի նամակն է, որտեղ վերջինս, ելնելով նրանից, որ դրոշը վերջնականապես հաստատված չէ, իր համարձակությունն էր հայտնում Խատիսյանին այդ առթիվ որոշ դիտարկումներ անելու։ Այսպես նամակում Սարյանի՝ դրոշի տարբերակը հետաքրքրականորեն ելնում էր նկարչի այն ցանկությունից, որ ազգային պետության խորհրդանիշը նախևառաջ մարմնավորեր հայերի՝ որպես տեղի «արևելյան» ժողովրդին բնորոշող բազմերանգ գույները։ Եվ այդուհանդերձ, նկարչի աչքում ծիածանը խորհրդանշող դրոշն ի հայտ էր բերում ոչ այնքան նորանկախ Հայաստանի գույները, որքան նկարչի՝ իր տանջված ու սիրված հայրենիքը վառ գույներով ամոքելու ցանկությունը։ Պատահական չէ, ուրեմն, որ նկարիչն իր նամակն ավարտում է՝ միաժամանակ հույս հայտնելով Խատիսյանին, թե «Դուք անուշադրության չեք մատնի իմ դիտողությունները և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված ու սիրված հայրենիքը»։

Հրապարակվում է ըստ՝ Մարտիրոս Սարյան, Նամակներ, հ. 1 (Երևան։ Տիգրան Մեծ, 2002), էջ 217-218։

 

 

Մոտավորապես մեկ ամիս առաջ այստեղ զեկույցի համար եկավ Հայաստանի ներկայացուցիչ, Հայկական պառլամենտի անդամ՝ Մարտիրոս Հարությունյանը։ Ի միջի այլոց, ես նրանից իմացա մեր ազգային դրոշի մասին, որը խորհրդանշում է ծիածանը։ Բոլոր առումներով հանճարեղ միտք է։ Հրաշալի խորհրդանիշ։

Սակայն Մարտիրոս Հարությունյանից իմացա, որ դրոշակը վերջնականապես ձևավորված չէ, ուստի և ես համարձակվում եմ, որպես նկարիչ, անել մի քանի առաջարկություններ։ Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչները՝ նարնջագույն, կանաչ և մանուշակագույն, ընդամենը վեց գույն հետևյալ հերթականությամբ, կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն։

Գույներն այս հերթականությամբ տալիս են ծիածանի լիովին պատկերացումը, այդպիսին պիտի լինի, ըստ իս, Հայաստանի դրոշը։

Ընդհանրապես, եռագույն դրոշներ շատ կան և գոյություն ունի Դոնի Մեծն Բանակի կապտա-դեղնա-կարմիր դրոշը։

Մեզ, որպես արևելյան ժողովրդի, իմ կարծիքով, շատ կսազի բազմերանգ դրոշը, ինչը որ ի հայտ է բերում գեղեցկագույն, հավերժ ծիածանը ինքնին։

Նամակին կցում եմ երեք ջրանկար, ուր ամեն ինչ պարզ է։ 

Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով Ձեզ, որպես հին հասարակական գործչի և կուլտուրական մարդու կանգնած մեր կառավարության ղեկին, հույս եմ հայտնում, որ Դուք  անուշադրության չեք մատնի իմ դիտողությունները և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված և սիրված Հայրենիքը։

Ձեզ անկեղծ նվիրված նկարիչ
Մարտիրոս Սարյան
Դոնի Նախիջևան, I Սոֆիևսկայա, 27