Ազգային վեպը կեղծի​​՞ք. Կայծեր վեպի Ա. Հայկունու քննադատությունը

 

1883 թվականին Կայծեր վեպի առաջին հատորը լույս տեսնելուց անմիջապես հետո Մեղու Հայաստանի թերթի աշխատակիցներից մեկը` Ա. Հայկունի կեղծանվամբ հանդես եկող Եղիշե քահանա Գեղամյանը հանդես է գալիս վեպի ջախջախիչ քննադատությամբ: Կծու-հեգնական ոճով վիճարկելով վեպը գեղարվեստական տեսանկյունից` նա համարում է, որ Րաֆֆու կերտած հերոսները «թեև ուտում են, խմում են և ննջում են հասարակ հայ մահկանացուներիս նման բայց իրանց գործքերովն են գերազանցական, ապագայական» և հենց այդպիսի լինելով էլ հեռու են իրական լինելուց: 

Հոդվածից ստորև ներկայացվող հատվածում Հայկունին փորձում է հիմնավորել, թե ինչու են Րաֆֆու հերոսները երևակայական: Հոդվածագրի խնդիրն այն չէ, որ ցույց տա գեղարվեստի ու իրականության հարաբերման նուրբ սահմանը, ուստի նա ուշադրություն է դարձնում նախևառաջ նրան, որ այս կերպարներն  իրենց «նպատակների և ձգտումների (ոչ գործունէութեան եղանակների) մէջ» ինքնուրույն չեն: Նրանք նույնն են, ինչ Աբովյանի, Ծերենցի, Աղայանի և նույն Րաֆֆու ավելի վաղ գործերի հերոսները: Եկեղեցու դիրքերը պաշտպանող քննադատին մտահոգում էր այն, որ Րաֆֆին իր վեպերով շարունակում էր 19-րդ դարակեսին հրապարակ իջած հայ  լուսավորական այն պատկերացումները, որոնք առաջ էին մղում եվրոպական լուսավորության իդեալների լույսի ներքո ազգը բարեփոխելու աշխարհիկ օրակարգը: Հենց այս համատեքստում էլ նա նկատում է, որ գրողի ստեղծած հերոսները մի կողմից անինքնուրույն են տեղական ավանդույթում, մյուս կողմից` որպես գեղարվեստական տիպեր «պաճուճազարդված» են «օտար երկիրների թռչունների փետուրներով»: Ոչ ավել ոչ պակաս հոդվածագիրը Րաֆֆուն քննադատում է գրագողության և իրականության կեղծակերպման մեջ: 

Հայկունու հոդվածն իրականում  մի մատնագիր էր, որը հուշում էր ցարական ժանդարմերիային` աչալուրջ լինել թե՛ Րաֆֆու, թե՛ նրան հովանավորող Մշակ հանդեսի հանդեպ: Կարճ ժամանակ անց խուզարկվում են Մշակի խմբագրությունն ու Րաֆֆու բնակարանը, և գրողը տնային կալանքի է ենթարկվում: Հրատարակվում է ըստ` Հայկունի, «Մատենախօսութիւն. Րաֆֆի, Կածեր.–հատոր առաջին», Մեղու Հայաստանի, 1883, թիվ 32, էջ 1-2: 

 

 

«Կայծերի» վրայ նայել ինչպէս մի գեղարուեստական (բանաստեղծական) գրուածքի վրայ – դա նշանակում է ոչ մի գաղափար և ճաշակ չ’ունենալ Պառնասի մուսաների ստեղծագործութիւնների մասին.

– Ինչի՞:

– Որովհետև «Կայծերի» հեղինակը «Խէնթի» հաւատարիմ հեղինակն է, իսկ պ. Րաֆֆիի այդ աշխատութիւնը ես մի օր անուանեցի «մի փառաւոր հէքեաթ»:[1]Մինչև Կայծերին նվիրված քննադատությունը Հայկունին անդրադարձել էր նաև Րաֆֆու Խաչագողի հիշատակարանը վեպին: Տե՛ս Հայկունի, «Մատենախօսութիւն. Պ. Րաֆֆիին (Յ. Մելիք-Յակոբեան)», Մեղու Հայաստանի, 1881, թիվ 182, էջ 1-2; թիվ 183, էջ 1-3: (խմբ.) Արդարութիւնից չը շեղուած լինելու համար պ. Րաֆֆիի այս վերջին աշխատութեան վրայ ես աւելացնում եմ, ընթերցող,  գոյն բաղդատական մասնիկը և ասում «Կայծերը» մի փառաւորագոյն հէքեաթ է»:

– Ինչի՞:

–  Որովհետև նրանում չը կայ կեանք, ոչ անցեալի, և ոչ էլ ներկայի: «Կայծերը» ոչ պատմական վէպ է, ոչ էլ ժամանակակից: Այլ նա մի վէպ, մի գրուածք է հայ ապագայ կեանքից: «Կայծերը» – եթէ կարելի է այսպէս ասել – իբր մի ծրագիր է Տաճկահայերի ապագայ կեանքին, գործունէութեանը: Եւ որովհետև նա մի ծրագիր է, ուրեմն վէպ, գեղարուեստական գրուածք կոչուելու իրաւունք չունի, որովհետև գեղարուեստը գտնուում է ոչթէ երևակայական, ռօմանտիկական, այլ իրական կեանքում ու աշխարհում:

Բայց, ընթերցող, այստեղ մի հարց է ծագում. արդեօք առանց անցեալի և ներկայի կարո՞ղ է ապագայ լինել:

– Ի հարկէ ոչ, այդ իսկ պատճառով «Կայծերի» հեղինակը իրան աշխատութիւնում, ինչպէս մի վիպական գրուածքում, երևակայութեամբ դուրս է բերել թէ գլխաւոր և թէ երկրորդական անձինք, գործողներ, որոնք թէև ուտում են, խմում են և ննջում հասարակ հայ մահկանացուներիս նման, բայց իրանց գործքերովն են գերազանցական, ապագայական:

Իմ ընդարձակ քաղուածքից, ընթերցողս արդէն ծանօթ է «Կայծերում» գործող այդ անձնաւորութիւնների հետ: Հիմայ իմ կողմից մնում է ընթերցողիս մի թեթև գաղափար տալ այդ անձնաւորութիւնների – եթէ կարելի է այսպէս ասել – ներքին մարդուն վերաբերութեամբ: Յօդուածս շատ չ’երկարացնելու համար, ես այդ բանը, ընթերցող, համեմատական կանոնով եմ անում:

Այսպէս, ընթերցող, «Կայծերի» ամենագլխաւոր գործողը – ասենք տիպը – որսորդ Ավոն, ոչ այլ ոք է, եթէ ոչ ա) պ. Աբովեանի Աղասին, բ) պ. Աղայեանցի Յարութիւնը, գ) պ. Պռոշեանի Վարդը, դ) պ. Ծերենցի Թէոդորոս Ռշտունին, ե) նոյն հեղինակի Լևոնը («Թորոս Լևոնի» մէջ), և զ) պ. Րաֆֆիի իրան Մելիք Մանսուրը («Խէնթի» մէջ):

– «Պրօտէ՜ստ, պրօտէ՜ստ» – ամեն կողմից ձայներ եմ լսում… որսորդ Ավոն և ընկերութիւն…

– Սպասեցէ՛ք, սպասեցէ՛ք, պարոններ, ես գիտեմ, որ որսորդ Ավոն և ընկ. բացի Աղասի, Յարութիւն, Վարդ, Թէոդորոս Ռշտունի, Լևոն, Մելիք Մանսուր լինելուց, ուզում են լինել, և կարծես թէ են նաև մի … մի Միլօրդ, մի Ժ… օֆ… մի Կ…իչ մի Դ…ի et tutti quanti, բայց «Կայծերի» վրայ ես առ այժմ նայում եմ իբրև մի գեղարուեստական գրուածքի վրայ և ուրեմն չեմ կարող հայ մարդուն օտար մարդու հետ, հայ կեանքը օտար կեանքի հետ համեմատել…

– «Պրօտէ՜ստ, պրօտէ՜ստ, ախր… մարդկութիւն… համազգայնութիւն…

– Այո՛, այո՛, այդ բաներից մի փոքր ես ինքս էլ եմ հասկանում, բայց ես, ախր այն ժամանակ միմիայն կարող եմ օտարին, անծանօթին նմանել, երբ արդէն նման եմ իմ ծնողքին և իմ ազգականներին: Մարդկութիւնը, համազգայնութիւնը ախր մինակ մի մարդով, մի ազգով չի լինիլ, այլ շատ մարդիկներով ու շատ ազգերով, և եթէ չեն լինել ազգութիւններ, չի էլ լինի և համազգայնութիւն: Չը գիտեմ կարողացա՞յ արդեօք միտքս պարզել թէ ոչ, բայց ես շարունակում եմ:

Եթէ ուզում ես, ընթերցող, պ. Րաֆֆիի Մըհէնին ճանաչել մտաբերիր պ. Ծերենցի Ատովմին (Թէոդորոս Ռշտունու մէջ): Եթէ ուզում ես Կարօյի, Ասլանի և Սագօյի ովքեր լինելը իմանալ, երևակայիր քեզ, բացի վերոյիշեալներից, նաև պ. Աղայեանի «վանքի ուսումնարանի» և «շկօլի» հերոսներին (Յարութիւն և Մանուէլի մէջ), պ. Ծերենցի Յովնան ու Գուրգէնին (Երկունքի մէջ) և նոյն ինքն պ. Րաֆֆիի Վարդան ու Սալմանին (Խէնթի մէջ). Մարօ, Սօնա, Գիւլի – սոքա ոչ այլ ոք են, եթէ ոչ զանազան Ստեփան – Լալաներ, Մարջաններ ու Ջուլօններ (Խէնթի մէջ):

Պ. Րաֆֆիի Տէր-Թօդիկը – դա Աղայեանցի Տէր-Մարկոսն է, այն զանազանութեամբ, որ Տէր-Մարկոսի համար, ես մի օր աւագ քահանայութիւն և ծաղկէ փիլոն կը ցանկայի, իսկ Տէր Թօդիկի համար, իմ կարծիքով, իրան հասարակ սև փիլոնն էլ հերիք է, Ավօի որդեգիր Հասօն – սա պ. Ծերենցի  Յուսիկն է և այլն և այլն:

– Բայց «Կայծերի» և մեր միւս վիպասանների այդ գործողների մէջ զանազանութիւն չը կա՞յ միթէ:

– Էական զանազանութիւնը անունների մէջն է, իսկ նպատակների և ձգտումների (ոչ գործունէութեան եղանակների) մէջ «Կայծերում» գործողները է՛, որ աւելի սեթևեթևուել ու պաճուճազարդուել են, է՛ որ շատ տգեղացել և է՛ որ բոլորովին տկլոր մնացել: Եւ այդ շատ բնական է, որովհետև «Կայծերի» գործողները իրական մարդիկ չեն, այլ վերացական, երևակայական: Նկարչի վրձինը դրանց տուել է ինչ գոյն որ ինքն է կամեցել, ոչ թէ ինչ գոյն որ պէտք էր տալ, նրա դէմ ո՞վ կարող է վիճել: Մի նկարիչ մի օր մի աքաղաղի պատկեր շինեց և շատ հաւանեց: Եւ որպէսզի մարդիկ այդ պատկերը տեսնելիս նրան ուրիշ թռչունի հետ չը շփոթեն, նկարիչը բարւոք համարեց իրան ձեռակերտի տակ խոշոր տառերով գրել «սա աքաղաղ է»: Այսպէս թէ այնպէս, ընթերցող, «Կայծերի» ընթերցումից յետոյ իմ հանդէպ դուրս չ’եկաւ ոչ մի նոր տիպ, անձնաւորութիւն, այլ միևնոյն թռչուններ, միայն ոչ Հայաստանի, այլ օտար երկիրների թռչունների փետուրներով ծածկուած, միևնոյն երգեր, բայց հայկական խունէ.բա.նէից արաբական և պարսկական նօթաների վերածած:

Ցաւում եմ, որ ձեռքիս տակ չունիմ պպ. Աբովեանի, Աղայեանի, Պռոշեանի, Ծերենցի և Րաֆֆիի աշխատութիւնները, որոնցից դուրս հանած մտքերով, պատկերներով ինձ աւելի շուտ կը յաջողեր առաջ տանել իմ համեմատութիւնը: Բայց յենլով յիշողութեանս վրայ ես էլի մի քանի օրինակներ առաջ կը բերեմ:

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Մինչև Կայծերին նվիրված քննադատությունը Հայկունին անդրադարձել էր նաև Րաֆֆու Խաչագողի հիշատակարանը վեպին: Տե՛ս Հայկունի, «Մատենախօսութիւն. Պ. Րաֆֆիին (Յ. Մելիք-Յակոբեան)», Մեղու Հայաստանի, 1881, թիվ 182, էջ 1-2; թիվ 183, էջ 1-3: (խմբ.)