Հայաստանի պետական անկախությունը չի եղել ինչպես դարադարձին ձևավորված հայ ազգային կուսակցություններից մեծ մասի ծրագրերում, այնպես էլ 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի օրակարգում, մի օրակարգ, որը մեծապես սնվում էր Արևմտյան Հայաստանի ազատագրության ու քաղաքական ինքնուրույնության գաղափարներով։ Ինչպես նկատում է Առաջին հանրապետության ղեկավար գործիչներից Ռուբեն Տեր-Մինասյանը․ «Մինչեւ 1917 թուականը, ոչ մի հայ կուսակցութիւն բնաւ չէ ձգտած Երեւանեան նահանգը բաժանել Ռուսաստանից եւ նրանից կազմել Հայաստանը։ Հայ կուսակցութիւնները եւ առհասարակ հայ ժողովուրդը ձգտած են ունենալ անկախ Հայաստան, բայց ոչ թէ Ռուսաստանում, այլ ռուսական սահմանից այն կողմը, Տաճկաց Հայաստանում»։ 1918-ին Արևելահայաստանի անձուկ սահմաններում շատ առումներով հարկադրաբար հռչակված Առաջին հանրապետությունը դիտարկվում էր որպես «վաղաժամ ծնունդ», որին պատրաստ չէին թե՛ ժողովրդական լայն զանգվածները և թե հայ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները։ Այս է պատճառը, որ նույնիսկ անկախացումից հետո հայ քաղաքական վերնախավը դժվարությամբ էր փոխարինում Թիֆլիսի քաղաքային հմայքը պետական որևէ ավանդույթներից զուրկ, գյուղացիական Երևանով։ Այսպես ազգային անկախությունը, չունենալով ժառանգված պետական համակարգ և գործնական հենարաններ հասարակական ու քաղաքական կյանքում, գրեթե անմիջապես քաղաքականապես սրբացվեց՝ կապվելով կորսված ազգային ազատության վերականգման նվիրական գաղափարի ու հանուն դրան մարտիրոսանալու ոգեկոչման հետ։
Ազգային ազատության այս օրակարգը Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարների աչքում բեկվեց, սակայն, 1921-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմամբ։ Նոր պետականության իշխանության գլուխ անցած մեծամասնական ղեկավարները, մի կողմից ետևում ունենալով ազգային, սպեցիֆիկյան կուսակցություններին իրենց նախկին հարումները, մյուս կողմից արդեն նոր՝ համաշխարհային կոմունիզմի հաղթանակման հեռանկարները, Խորհրդային Հայաստանը նույնպես դիտարկում էին իբրև անկախ երկիր։ Անկախությունը սակայն այստեղ չէր ըմբռնվում իբրև ազգային բարձր իդեալ, այլ նախևառաջ ժողովրդի բարօրության ու զարգացման և խաղաղ ստեղծագործ աշխատանքի հնարավորուրյուն։ Այս հնարավորությունն իր հերթին կապված էր երկրում ազդարարված տնտեսական կուրսի փոփոխության՝ «ռազմական կոմունիզմից» Նոր տնտեսական քաղաքականությանն (ՆԷՊ) անցման հետ։ ՆէՊ-ը սոցիալիստական տնտեսության ձևավորման ճանապարհին դեպի կապիտալիստական արտադրաձևեր ժամանակավոր նահանջ ենթադրող քաղաքականություն էր, որի նպատակն էր մասնավոր սեկտորի հետ, բայց պետական վերահսկողությամբ զարգացնել մշակութային հիմքով պայմանավորված արտադրաձևեր։ Խորհրդային Հայաստանը, թե՛ տնտեսական և թե սոցիալական առումով լինելով գյուղացիական երկիր, թելադրում էր իր առանձնահատուկ քաղաքականությունը։ Այն դրսևորվում էր մասնավորապես ժողովրդի հիմնական զբաղմունքը կազմող գյուղատնտեսությանը զարկ տալու և սոցիալիստական երկրում գյուղացիությանը գործունեության լայն ասպարեզ մատակարարելու հնարավորություններով։ Այսպես ազգային կոմունիստական այս օրակարգում, որն ընդառաջում էր առօրյա խաղաղ կյանքով ապրելու գյուղացիության ցանկություններին, կոմունիզմի գաղափարը շատ ավելի բարձր էր անկախության գաղափարից։ Անկախությունը կապվում էր խորհրդային լուսավորական օրակարգի հետ․ օրակարգ, որն իր հիմքում ուներ գյուղացու սոցիալական դրության վերափոխման և ինքնուրույն մշակութային կյանքի ու ազգային լեզվի զարգացման հեռանկարները։
Ստորև ներկայացվող ուղենշային տեքստերն այսպիսով երևան են հանում Հայաստանի առաջին ու երկրոդ հանրապետություններում անկախության ըմբռնման տարբեր երեսակներ, որոնք մի դեպքում պետք է դիտարկել արդի ազգային պետության կայացման, մյուսում ՝ ազգային գետնի վրա սոցիալիստական հասարակարգ կերտելու հետնախորքին։ Առաջին հոդվածը անկախության տարելիցի առթիվ ՀՅԴ պաշտոնաթերթերից Հայաստանի աշխատաւորում տպագրված խմբագրականն է։ Այստեղ անկախ պետականության հիմքերը կապվում են 1918-ի մայիսյան վերջին օրերին թուրքական բանակի դեմ տարերայնորեն ոտքի ելած հայ ժողովրդի պայքարի հետ․ պայքար, որտեղ «հերոսների» «արյամբ» էլ, ըստ հոդվածագրի սրբագործվում էր անկախ պետականության մեջ ապրելու հայության իրավունքը։ Երկրորդ տեքստը հատված է Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի 1922 և 1923 թվականներին գրված ընդարձակ հոդվածներից։ Մյասնիկյանի այս տեքստերը պետք է դիտարկել արդեն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո դրսում ապաստանած դաշնակցական գործիչների և հին մեծամասնական ղեկավարների միջև 1920-ականներին հրապարակայնորեն ծավալվող բանավեճերի հետնախորքին, որոնցում ոչ երկրորդական էին նաև անկախության շուրջ հարցերը։ Սա է պատճառը նաև, որ Մյասնիկյանը, պարզելով հանդերձ անկախության օրակարգը Խորհրդային Հայաստանի համար, միաժամանակ սուր քննադատության է ենթարկում Առաջին հանրապետության քաղաքական անկախությունը։
Հրապարակվում է ըստ՝ «Խմբագրական», Հայաստանի աշխատաւոր, 28 մայիսի 1919 թ․; Ալեքսանդր Մարտունի, Խորհրդային Հայաստանի ուղին (Թիֆլիզ։ Պետհրատ, 1924) էջ 14-15, 32-33։
Երևան, 28 մայիսի
ԱՆԿԱԽ
Լրանում է այսօր տարին, որ մեր ժողովուրդը իր արիւնոտ ազատամարտի և գերմարդկային ճիգերի հետևանքով ապրում է անկախ քաղաքական կեանքով: Ճի՛շտ է, այդ քաղաքական անկախացումը ո՛չ բոլորովին իր ցանկալի ձևով եղաւ և ո՛չ միանգամայն համապատասխանեց ազատութեան գաղափարին: Բայց մեր ազատութեան երկունքն ևս ընդհանուր կանոնից բացառութիւն չկազմեց: Դա ևս եղաւ արիւնոտ և բացառապէս երկարատև ու ծանր ցաւերով:
Դաժան ու յամառ պայքարով վաստակեց հայ ժողովուրդը իր ազատութիւնն ու անկախութիւնը: Բագւի, Սարդարապատի, Ղարաքիլիսէի և Բաշ–Աբարանի հերոսմարտերն էին, որ մեր ազատութեան հիմքը դրին, մեր անկախութեան իրաւունքը մեր արեամբ վաւերացրին: Առանց այդ հերոսական ճակատամարտերի մեր անկախութեան նորահաստատ հիմքը խորտակւած կլինէր: Այն ինչ կատարում ու ազդարարում էր դիւանագիտութիւնը ձևական կերպով ու խախտելի դաշնագրերով դուրսը՝ դա նւիրագործում ու անխախտելիօրէն հաստատում էր իր արիւնով ժողովուրդը այստեղ՝ ներսում: Եւ այսօր փաստ է ամենքի համար, որ առանց Բագւի, Սարդարապատի ու Բաշ–Աբարանի հերոսամարտերի, առանց մեր ազատամարտի այդ սրբանւէր դաշտերում ընկած հերոսների ու զոհերի արեան՝ մենք նոյնիսկ այս սահմաններում էլ անկախ ու ազատ չէինք լինի:
Ահա այսպիսի թանգ գնով է ձեռք բերել մեր ժողովուրդը իր ազատութիւնն ու անկախութիւնը: Իր մայրաքաղաքի պատերի տակ է նա դիմագրաւել իր թշնամուն և քայլ առ քայլ դաժան ու արիւնոտ պայքարով պահել իր ազատութիւնն ու վերանւաճել իր երկիրը: Եղել են մոմենտներ, երբ նրա անկախութիւնն ու ազատութիւնը հարցականի տակ են դրւել: Բայց ամեն անգամ մի գերագոյն ճիգով, դիւցազնական խոյանքով մեր հերոս ժողովուրդը կանխել կամ կասեցրել է վտանգը և փրկել իր ազատութիւնը: Եւ դեռ այսօր էլ, մի տարի յետոյ ևս չէ վերջացել մեր անկախացման արիւնոտ ազտաամարտը: Մենք դեռ ևս յամառ ու դաժան պայքարով, քայլ առ քայլ վերանւաճում ենք մեր հայրենի երկիրը և օրէցօր մեր անկախութեան հիմունքները հաստատում: Եւ դեռ երկար պիտի տևի այս պայքարը: Մեր ազատամարտը դեռ չէ աւարտւած տակաւին: Դա կաւարտւի, երբ վերջնականապէս մեր ժողովուրդը վերահաստատւի իր երկրում և մեր հայրենիքը կմիանայ ու կամբողջանայ իբրև մի ազատ ու անկախ քաղաքական–պետական միութիւն:
Եւ այսօր, երբ մեր ժողովուրդն ու հանրապետութիւնը իրենց անկախութեան օրն են տօնում սովի ու սրի արանքով՝ դրանով նոքա գալիս են նորէն ու նորէն իրենց ազատութեան ցանկութիւնն ու կամքը ազդարարելու ու ամրացնելու:
Այսօրւայ տօնը հայ ժողովրդի ազատասէր կամքի և անկախացման տենչանքի տօնն է: Այսօր, որպէս մի տարի առաջ, հայ ժողովուրդը ազդարարում է ի լուր ամենքի, որ նա շատ թանգ է գնահատում իր բազմաթիւ ու լաւագոյն զաւակների արեան գնով ձեռք բերած իր նորածին ու թուլակազմ ազատութիւնը և պատրաստ է նոր զոհերով և նոր հերոսամարտերով բոլոր՝ արտաքին թէ ներքին թշնամիներից պաշտպանելու դրան: Այսօր մեր ժողովուրդը իր ազատութեան կամքը պէտք է ի յայտ բերէ և նորէն պագամէ ամենքին, որ նա կամենում է բոլորովին անկախ լինել, ապրել իր ուրոյն քաղաքական–պետական կեանքով և ամեն կերպ կը պաշտպանէ իր նորազատ ու մանուկ հանրապետութիւնը:
Եւ այս գերագոյն ու վճռական վայրկեանին՝ ով ժողովուրդի հետ չէ, ով միացած չէ նրա հետ ազատութեան զգացմունքով և անկախութեան կամքով՝ նա ժողովրդի ամենավատթար ու վտանգաւոր թշնամին է: Եւ ով իսկապէս ժողովրդասէր է, ով իրօք հասկանում ու գնահատում է ժողովրդի թափած արիւնը և նրա կրած զրկանքները՝ նա միայն մի խօսք և մի կամք պիտի ունենայ — Հայաստանի միացման և անկախութեան խօսք:
Եւ ժողովրդի բոլոր իսկական բարեկամներն այսօր նրա հետ կլինեն, կմիանան նրա հետ մի Ընդհանուր Կամքով՝ այն վառ լուսով ու հաստատ հաւատով, որ Ազատութեան այս ծանր, երկարատև ու ցաւոտ Երկունքը շուտով կը վերջանայ և գէթ դրա երկրորդ տարեդարձը կտօնենք աւելի նպաստաւոր ու երջանիկ պայմաններում — փաստօրէն և վերջնականապէս արդէն Ազատ, Անկախ և Միրացեալ Հայաստանում:
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Այժմ, ընկերնե՛ր, պետք ե նկատել մի հանգամանք ևս. Մեր թշնամիներն ասում են, թե Հայաստանում իրավ գործ ե կատարվում. մեզ նույնիսկ գովաբանում են. բայց արի տես վոր, ասում են նրանք,— Հայաստանը կորցրել ե իր անլախությունը: Բայց ի՞նչ եր ձեր անկախությունը. հետաքրքիր ե: Դուք կախված եյիք Անտանտից, շրջապատված եյիք ամեն կողմից, դուք ներքին շինարարությամբ չեյիք կարող զբաղվել: Իսկ մենք խզեցինք այդ բոլոր կապերը, վերացրինք այս յերկրի գլխին կախված դոմոկլյան սուրը և տվինք նրան իսկական անկախություն: Անկախությունը նպատակ չե աշխատավորության համար, այլ միջոց. իսկ նպատակն ե — բարեկեցիկ կյանքը և լուսավոր ապագան, հանուն որի յերկիրը կռվում ե: Նրանց քաղաքական նպատակը իբր թե անկախությունն ե յեղել, այն ինչ՝ նրանք յերկիրն սպանդանոց եյին դարձրել: Նրանք սկզբունքի և գործի մարդիկ չեյին, այդ պատճառով ել փրփուրի նման ցնդեցին ու չքացան: Հանուն այն բանի, վոր բանվորը մուրճ ունենա իր ձեռքին, իսկ գյուղացին հող, մենք կազմակերպել ենք Կարմիր Բանակը, հաղթահարել ենք բոլոր դժվարություններն ու ձեռք բերել իսկական անկախություն:
Խոսվում ե լեզվի մասին, թե հայ լեզուն դադարեց տիրապետող լինելուց: Իսկ ես ասում եմ՝ յերջանիկ են Հայաստանի բոլոր ազգությունները, որ հնարավորություն ունեն յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով խոսելու: Ասում են թե՝ նա ի՛նչ կառավարություն ե, վորի գլխին Ռուսաստանի Կարմիր Բանակն ե կանգնած. բայց ո՞վ կուրանա, վոր մենք ենք նրան կանչել, վորովհետև միմիայն մեր սեփական ույժերով իսկույն ազատագրվել չեյինք կարող: Իսկ ազատվել պետք եր: Այո՛, մենք ասում ենք թե այս յերկիրը մերն ե և չնայած վոր գտնվում ե դժնդակ պայմաններում, բայց նա դուրս կը գա այդ դրությունից՝ վոչ կարեկցություն հայցելով, այլ աշխատավորության հուժկո բազուկներով: Դրությունն, այո՛, ծանր ե, բայց յերկիրը պետք ե հանել այդ վիճակից: Հին Հռոմում Գրախոսն ասում եր, թե վայրի գազաններն անգամ գլուխ դնելու տեղ ունեն, իսկ ստրուկները — վոչ: Մի տարի առաջ նույն բանը Հայաստանի մասին կարելի եր ասել, վոր այժմ Խորհրդային իշխանության շնորհիվ վայելում ե ազատություն և խաղաղություն: Մենք սրի ու հրի միջով ձեռք յենք բերել ազատ ապրելու հնարավորություն: Մեր կետ նպատակն ե այժմ դուրս բերել աշխատավորությունը ծանր վիճակից և տեր դարձնել իր իշխանությանը: Մենք կատարել ենք աշխատավորության մեզ վրա դրած պարտականությունը, մեր կատարածը արդար գործ ե:
Կեցցե՛ այդ արդար գործը:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Յերեք տարի յե անցել այդ որվանից: Հայաստանն սկզբում միանգամայն մեկուսացած եր: Անցյալ տարի Վրաստանի ու Ադրբեջանի հետ միասին նա կազմեց Կովկասյան Ֆեդերացիա, վոր այս տարի մտավ Համախորհրդային Միության ծոցը: Այդպիսով Հայաստանը կազմեց Խորհրդային յերկրների միացյալ բանակի մի մասնիկը: Այս առիթով հայ վարժապետները հարահրոց են բարձրացնում, թե Հայաստանը կորցրեց իր անկախությունը, թե նրանում տիրապետողը ռուսական սվինն ե:
Ի՞նչ ե պետական անկախությունը: Արդյոք Հայաստանն անկա՞խ ե եղել դաշնակցականների տիրապետության որով: Վո՛չ, վորովհետև Հայաստան կոչված վայրում տիրողը յեղել ե անգլիացին, իսկ նրան արտաքսելուց հետո՝ թյուրքը: Միմիայն հայ աշխատավորության ըմբոստացումն ու ռուսական Կարմիր Բանակի ոգնությունը հնարավորություն տվին հայ աշխատավորին ազատ շունչ քաշելու: Այժմ Հայաստանը ռուս բանվորի, վրացի և ադրբեջանցի գյուղացու բարեկամն ե: Ի՞նչ կա այստեղ խորշելու: Ընդհակառակը՝ դրանով մենք պարծենում ենք: Այսոր Հայաստանը շատ ավելի նպաստավոր պայմանների մեջ ե դրված, ուր ազատ ե շրջագայությունը, աշխատանքն ոփւ զարգացումը: Լեզուն ու կուլտուրան ավելի բարձր դրության մեջ են, քան առաջ: Մարդկային անհատականությունն ու արժանապատվությունը ավելի հարգի յեն, քան դաշնակցականների որով եր: Չկա վարժապետականություն, սեմինարիզմ, մարդատեցություն, ստորաքարշություն, տուրուդմփոց, սրածություն, սուգ ու շիվան: Ուրեմն հարցն ինչո՞ւմն ե: Հա՛, մի բան ել ե պակասում այսոր՝ կապիտալի շահագործումը: Դաշնակցականները Հայաստանը տանում եյին դեպի կապիտալիստական դժոխքը. նրանք լծվել եյին կապիտալին, այսինքն՝ ամերիկացուն, անգլիացուն, հայ վաճառականին ու սպեկուլյանտին: Այսոր այլ ե պատկերը: Այն ժամանակ ել կար պետություն, այժմ ել: Նա ել իրեն անկախ եր համարում, սա ել անկախ ե: Վո՞րն ե ընտրում ժողովուրդը, վո՞րն ե ավելի լավ: Համեմատեցե՛ք և կըմբռնեք: Իսկ դաշնակցական «Հայրենիք»–ի եջերում անկախության մասին գրածները վոչ այլ ինչ են, բայց եթե սոսկ ֆոկուսնիկություն ու տխմար խաբեբայություն:
Այս յերեք տարիների գլխավոր արժանիքներից են պրոլետարական ու աշխատավորական տարրերի համերաշխության գաղափարը, ազգային համերաշխության քարոզն ու գործը: Դրանց արդյունքները շատ խոշոր են: Դրանց շնորհիվ ե, վոր Հայաստանն որեցոր հառաջադիմում ե: Խորհրդային Միությունն ու Կովկասյան Ֆեդերացիան մեծապես զարկ տվին Հայաստանի բարգավաճման գործին: Ազատված և ինքնուրույն Հայաստանը վոչ թե հետադիմում ե, վոչ թե կանգնած ե մի մակարդակի վրա, այլ շարժվում ե, առաջ ե գնում, ուժեղանում: Բայց դեռ ի՜նչքան աշխատանք կա կատարելու: Մենք վորքան առաջադիմում ենք, այնքան ել մեծ ուշադրություն ենք դարձնում մեր բացերին, յերևան ենք հանում մեր խոցերը և նրանց բուժելու միջոցներ ենք վորոնում: Իսկ պահանջներ, կարկատաններ ու ճեղքվածքներ կան ու կան: Ահա այս խնդիրներն են, վոր լուծում ե այսորվա Հայաստանը: Այլ հարցեր չկան. այս խնդիրները, այս առորյա բացերն են այսոր ծառանում մեր առաջ: Այդ մեր առորյան ե, մեր «լուր որերը»: Դառնանք դրանց: