Անկախության պատկերը բաղձանքի և իրականության միջև. արդի հայկական պետականության երեք հանգրվան

 

Հետազոտական աշխատանքը Հայաստանի երեք հանրապետությունների անկախության ըմբռնումների ու դրանց մշակութային վերապատկերումների համեմատական վերլուծություն է։ Այսօր մեզանում արդի ինքնուրույն պետությունը շուրջ երեսուն տարվա պատմություն ունի, այնինչ պետության ու անկախության մեր ըմբռնումները մեծապես մնում են նախկինում ձևավորված քաղաքական մտածողության շրջանակներում։ Զգալիորեն կայանալով ինքնուրույն պետության բացակայության պայմաններում՝ հայ քաղաքական միտքն անկախ պետականությունն օժտել է գլխավորապես սրբազան գաղափարի կարգավիճակով՝ հանդես բերելով որպես բաղձալի նպատակ։ Թե՛ Հայաստանի առաջին հանրապետության ինքնիշխանության պահպանման կարճաժամկետ փորձից հետո և թե արդեն ստալինացմամբ վարկաբեկված ուշխորհրդահայ համակարգի ներսում անկախությունը վերստին կապվել է հայերի նվիրագույն բաղձանքի՝ ազգային ինքնուրույնության վերանվաճման ու արևմտյան ժողովրդավարական մոդելով պետության կայացման հետ։ 

Այսօր, սակայն, երբ մենք ունենք անկախ պետականության որպես երեսնամյա փաստացի իրողության փորձ՝ թեև մարտահրավերներով ու անխուսափելի վտանգներով լի, հարկ կա վերանայելու նաև անկախության մեր ավանդական ըմբռնումներն ու այդպիսով հասկանալու այն ոչ միայն մեր քաղաքական բաղձանքների, այլև գործնականում ապրվող կյանքի հակասությունների միջոցով։ Այս հակասություններն են, որ մենք կփորձենք շոշափել երեք հանրապետությունների սկզբնաշրջանում անկախության ըմբռնումների ու դրանց մշակութային վերապատկերումների քննարկման միջոցով. պատկերներ, որոնք լավագույնս են խտացրել ժամանակի պատմական դիմագծերն ու այդպիսով գեղարվեստական հարթություն բերել քաղաքական բաղձանքների և առկա իրականության միջև լարումները։ Մեր հետազոտության առանցքը կազմող անկախության մշակութային պատկերումները տեղ են գտել ոչ միայն ժամանակի մամուլի էջերում, արվեստագետների գործերում կամ օրինակ՝ պաստառներում, այլև իրենց արտահայտությունն են ստացել պետական ազգային խորհրդանշանների՝ դրոշի ու զինանշանի, թղթադրամների, նամականիշների և հեռագրային բացիկների գեղարվեստական ձևավորումներում։ Այսպես անկախությունը ներկայացնող պատկերները կդիտարկվեն ոչ միայն մշակութային քաղաքականությունների հետ սերտ կապի, այլև քաղաքական արդիականացման նախագծերի և տեղական իրականության սոցիալմշակութային կացության միջև եղած լարումների հետնախորքին։

Որքան էլ խոսվի մեզանում անկախության քաղաքական բաղձանքների մասին, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այն չի եղել ո՛չ 19-րդ դարավերջին ձևավորված մեր ազգային կուսակցություններից մեծ մասի օրակարգում և ոչ էլ արդեն 20-րդ դարասկզբին քաղաքական վերնախավերի ու ժողովրդական լայն զանգվածների մտահորիզոնում։ 1918-ին Հայաստանի ինքնուրույն հանրապետության ստեղծումը ռազմաքաղաքական հանգամանքների բերումով էր, որ դարձավ իրողություն։ Առաջին հանրապետության ղեկավար դեմքերից Նիկոլ Աղբալյանը 1925-ին անկախության կապակցությամբ հետահայաց նշում էր. «իրերու անողոք բերումով եւ տարտամ, շուար ու ընկճված տրամադրութեամբ․․․․ հայ ժողովուրդը ազատ ու անկախ կը հռչակուէր իր երկրին մէջ»։ Ազգային անկախությունը, քաղաքական ու հասարակական կյանքում չունենալով գործնական հենարաններ, գրեթե անմիջապես քաղաքականապես սրբացվեց՝ հետահայաց կապվելով կորսված ազգային ազատության վերականգնման նվիրական գաղափարի հետ, գաղափար, հանուն որի պետք էր մաքառել ու նահատակվել։ Այսպես, ըստ էության, «իրերու անողոք բերումով» հռչակված Հայաստանի անկախացումից ընդամենը մեկ տարի անց Հայաստանի աշխատաւոր թերթում արդեն կարդում ենք. «Այսօր, որպէս մի տարի առաջ, հայ ժողովուրդը ազդարարում է ի լուր ամենքի, որ նա շատ թանգ է գնահատում իր բազմաթիւ ու լաւագոյն զաւակների արեան գնով ձեռք բերած իր նորածին ու թուլակազմ ազատութիւնը և պատրաստ է նոր զոհերով և նոր հերոսամարտերով բոլոր՝ արտաքին թէ ներքին թշնամիներից պաշտպանելու դրան։ Այսօր մեր ժողովուրդը իր ազատութեան կամքը պէտք է ի յայտ բերէ և նորէն պատգամէ ամենքին, որ նա կամենում է բոլորովին անկախ լինել, ապրել իր ուրոյն քաղաքականպետական կեանքով և ամեն կերպ կը պաշտպանէ իր նորազատ ու մանուկ հանրապետութիւնը»։

Ազգային ազատության այս օրակարգի կորուստն էր, որ Առաջին Հանրապետության ղեկավարների աչքում մարմնավորեց Հայաստանի երկրորդ հանրապետությունը։ Խորհրդային Հայաստանի հին մեծամասնական ղեկավարները, լինելով ազգային կուսակցություններից դեպի կոմունիզմ եկած գործիչներ, Հայաստանի երկրորդ հանրապետությունը նույնպես դիտարկում էին որպես անկախ երկիր։ Անկախությունը, սակայն, այստեղ չէր ըմբռնվում որպես ազգային բացարձակ արժեք։ Հայ առաջին կոմունիստ ղեկավարների համար այն նախևառաջ նշանավորվում էր սեփական պետության սահմանների ներսում ժողովրդի «բարեկեցիկ կեանքի» ու զարգացման և խաղաղ, ստեղծագործ աշխատանքի կայացման հնարավորություններով. հանգամանք, որն էլ տարբերակում էր անկախության խորհրդային օրակարգն ինչպես իրեն նախորդած առաջին, այնպես էլ հաջորդած երրորդ հանրապետությունների քաղաքական օրակարգից։ Խորհրդահայ այս օրակարգում առօրյա խաղաղ աշխատանքն իր հերթին միտված էր այնպիսի սոցիալիստական երկրի կառուցմանը, որը ճանապարհ կհարթեր դեպի կոմունիստական հասարակություն։ Անկախությունն ուրեմն այստեղ կապվում էր առավել լայն՝ խորհրդային լուսավորական նախագծի հետ՝ հին մեծամասնական ղեկավարների կողմից հետևողականորեն պաշտպանվելով ինքնուրույն մշակութային կյանքի և ազգային լեզվի զարգացման հիմնավորմամբ։ Եվ ինչպես հայ առաջին կոմունիստ ղեկավարներից Ալեքսանդր Մյասնիկյանն էր նշում 1923-ին. «Արդի Հայաստանն ազգային խորհրդային մի պետություն ե, ինքնուրույն պետություն, հայկական լեզվով, հայ կուլտուրայով զարգացող և հայի կյանքն ազնվացնող մի պետություն»։ 1920-ականների Հայաստանը, այսպիսով, բնույթով խորհրդային և այդքանով միայն՝ անկախ պետություն էր։ Ազգային կոմունիստական այս օրակարգը, ընդառաջելով առօրյա խաղաղ կյանքով ապրելու Հայաստանի ժողովրդի ստվար հատվածի ցանկություններին, կոմունիզմի իր գաղափարական հեռանկարով շատ ավելի բարձր նշաձող էր վերցրել, քան անկախության բարձր գաղափարն էր ենթադրում Առաջին հանրապետության շրջանում։

Բարձր քաղաքական օրակարգի և հասարակականմշակութային կյանքի միջև այս լարումները շարունակվեցին նաև Երրորդ հանրապետության ձևավորման շրջանում, երբ ազգային անկախությունը առաջնահերթ օրակարգ չէր ինչպես հայաստանյան հասարակաշերտերի, այնպես էլ 1988-ի շարժման ղեկը ստանձնած քաղաքական վերնախավի համար։ Անկախությունը վերջիններս ըմբռնել են որպես հայ ժողովրդի հայրենազրկության հաղթահարման և ուրեմն՝ կորսված հայրենիքի վերականգման բաղձանքի իրականացման միջոց։ 1989-ի վերջերին, երբ Ղարաբաղյան հարցն արդեն սպառել էր ԽՍՀՄ կազմում լուծվելու հնարավորությունը, Շարժման քաղաքական օրակարգում Հայաստանի անկախացումն առաջին տեղում դրվեց։ Երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը դեռ 1989-ի նոյեմբերյան հանրահավաքներից մեկում հստակորեն նշում էր, որ անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի քաղաքական գործողություններ, որոնք առաջիկայում արմատական բեկում կմտցնեին արցախյան խնդրի կարգավորման գործում՝ հնարավորություն տալով հասնելու «բաղձալի նպատակին»։ 1990-ին արդեն ՀՀՇի և Ղարաբաղ կոմիտեի համահիմնադիրներից Վազգեն Մանուկյանն իր հերթին նշում էր. «Այժմ մեր ժողովուրդը պետք է կենտրոնանա անկախ պետականության վերականգնման խնդրի վրա։ Առանց անկախ պետականության հնարավոր չէ հողային հարցեր լուծել ոչ քաղաքական, ոչ էլ ռազմական միջոցներով։ Պատահական չէ, որ նույնիսկ Ղարաբաղի հարցը, որը պարզ հողային հարց չէ, մեր ժողովրդին կամա թե ակամա բերեց անկախության գաղափարին»։ Այսպես Ղարաբաղ կոմիտեից ելած հանրապետության առաջին ղեկավարների համար Հայաստանի պետական անկախությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու (ընդհուպ մինչև ռազմական) միջոց էր ըմբռնվում, «գործոն» ղարաբաղյան խնդրի լուծման հարցում։ Պետություն դարձած իր հայրենիքի սահմանների ներսում ապրող ժողովրդի անվտանգության ու զարգացման նպատակը չէր Երրորդ Հանրապետության գոյության բուն իմաստը։ 

Անկախ պետականությունը գաղափարական նպատակ (ազգային սրբացված ազատություն) կամ գաղափարական նպատակի (համաշխարհային կոմունիզմ կամ կորսված հայրենիքի վերականգնում) իրագործման միջոց դարձնելու մեր այս ավանդույթի կայացման ու կենսագործման մեջ իրենց կարևոր դերն են կատարել պատկերները, պատկերներ, որոնք առնչել են պետականությունն ու բաղձանքը և այսպիսով նյութականացրել իղձերը, որոնք դեռ պետք է իրագործվեին քաղաքականապես։ Ուսումնասիրությունն, այսպիսով, նպատակ ունի բացահայտելու այն դերակատարությունը, որ պատկերները ունեցել են, մի կողմից, քաղաքական բաղձանքների կերպավորման, մյուս կողմից, գործնականում ապրվող կյանքի հետ նույն այդ բաղձանքների բարդ հարաբերության կայացման գործում։