20-րդ դարասկզբին Հայաստանի ինքնուրույն հանրապետության ստեղծումը չի եղել ոչ քաղաքական վերնախավերի օրակարգում և ոչ էլ ժողովրդական լայն խավերի մտահորիզոնում։ Ավելին՝ անկախության կամ ազգային ինքնուրույնության բաղձանքները նախևառաջ կապվել են Արևմտյան՝ Տաճկաց Հայաստանի հետ։ Պատահական չէ, ուրեմն, որ 1918-ին, ըստ էության, ռազմաքաղաքական իրողությունների բերումով հռչակված Առաջին հանրապետությունը կոչում էին Արարատյան Հայաստան՝ Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքով՝ «Արարատեան Աշխարհի մի բեկորից կազմուած»։ Սա, իր հերթին, հուշում է փաստը, որ Անդրկովկասում Հայաստանի անկախ պետականության գոյությանն օբյեկտիվորեն պատրաստ չէին թե՛ Հայաստանի հանրապետության հիմնադիր ղեկավարները և թե՛ ժողովուրդն ինքը։ Այս է պատճառը, որ Հայաստանի անկախացումից հետո նույնիսկ հայ քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից շատերը դժվարությամբ էին կարողանում փոխարինել Թիֆլիսի քաղաքական հմայքը գյուղացիական և, ըստ էության, գաղթականությամբ առլեցուն Երևանով։
Ստորև ներկայացվող վավերագիրը Երևանի Ազգային խորհրդի նախագահ, Առաջին հանրապետության ներքին գործերի ապագա նախարար Արամ Մանուկյանի՝ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին 1918 թվականի հունիսին ուղղված նամակն է, որում Մանուկյանը հորդորում է Թիֆլիսում գտնվող հայկական կառավարությանը Երևան վերադառնալու և տեղում կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին։ Նամակն ուշագրավ է նրանով, որ երևան է հանում անկախացմանը հաջորդող օրերին երկրի քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը միտված պետական գործչի ջանքերն ու դրանց իրականացման հնարավորությունների միջև եղած բարդությունները. բարդություններ, որոնք անկախության անունից չի քողարկում քաղաքական ղեկավարն ինքը, երբ նշում է, օրինակ, նորանկախ Հայաստանի՝ Թուրքիայի հետ «դաշնագրի իսկական պատճէնը մինչև օրս» չունենալու հանգամանքի մասին։ Այսպես քաղաքական գործչի աչքում անկախությունը բացվում է նախևառաջ իր գործնական կողմով՝ կապվելով ոչ թե նոր բաղձանքների իրագործման, այլ «օրը օրին բարդ խնդիրների» առաջացման հետ։
Հրապարակվում է ըստ՝ Արամ Մանուկյան, Փաստաթղթերի և նյութերի ժողովածու (Երևան։ ՀԱԱ, 2009), էջ 314-317։
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
26 հունիսի 1918 թ.
Երևան
Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդին
Հակառակ մեր թափած բոլոր ջանքերին, մենք չկարողացանք կապ հաստատել ձեզ հետ և ձեզնից հրահանգ ստանալ այս կամ այն հարցի առթիւ:
Կեանքը հոսում է և օրը օրին բարդ խնդիրներ է առաջադրում, հրամայաբար լուծում պահանջում: Իսկ մենք այդ չենք կարողանում անել:
Ա.– Ամենքը զարմանում են ձեր անտարբերութեան վրա. ամբողջ ամիս է խաղաղութեան դաշինք էք ստորագրել այս երկրի համար, սակայն այս դժբախտ երկիրը այդ դաշնագրի իսկական պատճէնը մինչև օրս չունի: Տաճիկները սիստեմատիկ կերպով պահանջում են դաշնագրի այս կամ այն պայմանների իրագործում. իսկ եթէ մենք ենք պահանջում նոյնը մեր երկրի կամ ժողովրդի համար, ասում են, որ դաշնագրում այդպիսի կէտեր չկան.– օրինակ փախստականների յետ դառնալու մասին: Ձեր բոլոր նամակներով՝ այդ յայտնւած էր մեզ: Ալէքսանդրապօլում եղած թիւրքերէն դաշնագրի մէջ, ասել են, այդ կէտը չկայ: Յետոյ ինչպէս պէտք է վարւել մեր կայարաններում եղած երկաթուղու շարժուն սաստաւի մասին. նրանք պահանջում են իրանց թողնել և վարպետօրէն ամեն բան տարան. մենք պնդում էինք ընդհանուրից օգտվելու իրաւունքի վրա: Արդէն գիտէք, որ Ղարաքիլիսայի գիծը մինչև օրս չեն դատարկել, երևի գիտէք նաև նրանց առարկութիւնը – մինչև հայերի և վրացիների մէջ, սահմանների նկատմամբ (հաշտութիւն) համաձայնութիւն կայանալը, իրանք հայերի օգտի տեսակէտից այդ գիծը պահում են իրանց մօտ: Ի՞նչ դիրք բռնել, ինչ պատասխան տալ: Դաշն դուք էք կնքել, պահանջում են, որ մենք իրագործենք, առանց իսկական պայմաններն իմանալու: Հասկանալի է, որ դուք դրել եք մեզ սոսկալի դրութեան մէջ: Թեև ամեն կերպ կարող էք յաջողեցնել դաշնագրի իսկականը և ձեր հրահանգները մեզ ճամփելու, որ սակայն, չէք անում: Մենք ձեզ թուրք սուրհանդակ էինք ուղարկել, որին դուք չգիտենք ինչու, դատարկ յետ էք ուղարկել: Թւում է, թէ դուք էլ հեշտութեամբ կարող էիք այդտեղից մեզ սուրհանդակ ճամփել:
Բ.– Երկրորդ կարևոր հարցը ֆինանսների խնդիրն է. այս աղքատ ու դժբախտ երկիրը 4 ամիս է կերակրում է քառասուն հազարանոց բանակ. ամսից աւելի է, որ 1–ին դիւիզիայի մասերը և կօմկօրը[1]Կորպուսի հրամանատարությունը։ – Ծանոթ. կազմ.։ մեր վզին են: Ժողովրդին թալանելով, կողոպտելով հազիւ ենք հասցրել այստեղ. այլևս անկարելի է շարունակել, բոլոր հասարակութեան դրամները գրավել ենք, բոլոր ձեռքի տակ եղած դրամները սպառել ենք, իսկ իւրաքանչիւր օր ավելի քան 100,000 ռուբլի ծախք ունինք – եկամուտ՝ ոչ մի կօպէկ: Սպայութիւնը ամիսներով ռոճիկ չի ստացել, խեղճերը ման են գալիս կամ չարուխներով կամ՝ ոտաբոբիկ ու գրեթէ մերկ. սոսկալի, չտեսնւած թանկութիւն է, ապրել չի լինում. աշխատէք դրամ հասցնել, այլապէս զօրքը կարող է մի օրում ցրւել և մենք կխայտառակվենք:
Գ.– Ներքին անարխիան սոսկալի չափեր է ընդունել. հարկաւոր է շուտափույթ իշխանութիւն կազմակերպել և գործի անցնել. մինչև հիմա այդ չենք արել, շարունակ սպասել ենք ձեզ, իսկ դուք չըկաք ու չըկաք, դրամ է պէտք ադմինիստրացիա և միլիցիա կազմակերպելու, դրամ չկայ: Մեր ֆինանսների դրութիւնը վերևում պարզեցի ձեր առաջ:
Դ.– Պարենաւորման գործը ամենադժւարը և անելանելի է. մօտ մէկ միլիօն ժողովուրդ կայ այս մի թիզ երկրի վրա, իսկ գիտէք թէ որքան հաց կայ մեզանում. գաղթականութիւնը սկսել է ցորենի արտերը անխնայ արածացնել և փչացնել. անհրաժեշտ է շուտով կազմակերպել բերքի պաշտպանութիւնը, այս տարի նմանը չտեսնւած առատ բերք կայ: Որոշել ենք հացը պետականացնել, պետական մենավաճառութիւն յայտարարել ու հաւաքել: Այս բոլորը մեր ունեցած ոյժերով անել անկարող ենք: Նամանաւանդ, դա անկարելի է ֆինանսական սնանկութեան պատճառով. անհրաժեշտ է դրամ ունենալ և սկզբից վճարել ցորեն գնելիս, այլապէս գիւղացիք կարող են պատերազմ սկսել մեր դէմ:
Ե.– Բարդ խնդիր է հայ–թրքական յարաբերութեան խնդիրը. տեղացի թուրքերը իրանց համարում են արտօնեալներ. ոչ մի պարտականութիւն չեն վերցնում իրանց վրա. մենք էլ դրութեան անորոշութեան պատճառով, ի նկատի ունենալով նաև մօմենտի փափկանկատութիւնը, չենք կարողանում որոշ դիրք բռնել նրանց վերաբերմամբ:
Զ.– Ձեզ քաջ յայտնի է գաղթականութեան սոսկալի վիճակը. պէտք է նրանց կազմակերպել, որոնք անղեկ ու անգլուխ թափառում են. այս վերջին օրերն էլ նրանք ոչխարի նման հետևել են Անդրանիկին ու նրա հետ գլուխ առել, գնացել Պարսկաստան, որը այդ քայլը արել է մեր կամքին հակառակ: Անդրանիկը, զինւած ու անզէն գաղթականութիւնն, ասում են, մօտ 10–15 հազար, Նոր–Բայազետի, Դարալագեազի և Նախիջևանի վրայով անցել է արդէն Ջուլֆա, ուղղակի աւեր մատնելով իր անցած տեղերը Նոր–Բայազետի ու Դարալագեազի այս երկու աղքատիկ գաւառներում՝ այժմ հաւաքւած է աւելի քան 200,000 գաղթականութիւն, որոնք բառիս բուն մտքով, ապրում են տեղացիների ունեցած աղքատիկ հացի հաշւին՝ կողոպտելով, թալանելով և աւերելով ամեն ինչ:
Այս բոլորը աչքի առաջ ունենալով՝ տեղիս Ազգային խորհուրդը որոշեց կազմել ժամանակաւոր կառավարութիւն, առանց յայտարարելու այս մասին ժողովրդին և ձեռնարկել գործի եւ իբրև վերջին յուսահատական փորձ, որոշեցինք այստեղից ձեզ մօտ ուղարկել մի պատգամաւոր, որը կյայտնի ձեզ հետևեալ պայմանները: Որ եթէ այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշւելով երկու շաբաթւայ ընթացքում դուք Երևան չհասնեք, յայտարարել Թիֆլիսի և ուրիշ տեղերի թերթում, որ դուք այս երկրի ներկայացուցիչները չէք:
Որ ձեզանից յուսահատւած՝ անմիջապէս կազմակերպուելու է սահմանադիր ժողով, ժողովրդի կամքով որոշելու երկրի բախտը–ճակատագիրը: Որ սահմանադիր ժողովի և նրանից բղխած ու հաստատւած կառավարութեան առաջ դնել ձեր պատասխանատւութեան հարցը այս երկրի ճակատագիրը այսպէս անտարբեր և անպատասխանատու ձևով վարելու համար: Իմացէք, որ յուսահատւածները կարող են աւելի սոսկալի միջոցների դիմելու: Այս բոլորը յայտնում եմ ձեզ ի գիտութիւն և ի տնօրինութիւն: Խնդրում ենք մեր ուղարկած պատգամաւորին իսկոյն վերադարձնել, ուղարկելով նրա հետ ձեր գրաւոր պատասխանը:
Յարգանօք՝ ի դիմաց Երևանի Հայոց Ազգային Խորհրդի՝ Արամ
Ծանոթագրություններ
↑1 | Կորպուսի հրամանատարությունը։ – Ծանոթ. կազմ.։ |
---|