1960-ականների վերջին՝ բրեժնևյան «լճացման» տարիներին, ստալինիզմն իր վերհառնեցումն էր ապրում: Ստալինիզմը 1930-ականներին հաստատվել էր այդ թվում նաև կեղծելով հայ քաղաքական մտքի պատմությունը։ Հայաստանում 60-ականների վերջի և 70-ականների սկզբի պատմագիտական միտքը շարունակում էր ապրեցնել ստալինյան կեղծումների այս տրամաբանությունը՝ կոծկելով իր իսկ կայացման ստալինյան հիմքերը: Հետ-ստալինյան իրականության այս պայմաններում էր, որ 1967-ին Աշոտ Հովհաննիսյանը հրատարակման համար Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնին ներկայացրեց իր Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և հայ ազգային-քաղաքական կուսակցությունների պատմության հատորը: Գիրքը Հովհաննիսյանի հայտն էր վերականգնելու ստալինիզմով ջնջված հայ քաղաքական մտքի պատմությունն ու պատմականացնելու այդ պատմությանը տրված ստալինյան քաղաքական գնահատականն ինքնին: Ստորև բերվող վավերագիրը Ուրվագծերի 1967 թվականի մեքենագիր օրինակի առաջաբանն է, որ ներկայացնում է Հովհաննիսյանի գրքի հղացքն ու կառուցվածքը:
Հայաստանյան արդի քաղաքական մտքի զարգացումը քննող խորհրդահայ պատմագիտության մեջ, ըստ Հովհաննիսյանի, բացակայում էր արևելահայ և արևմտահայ ազգային-ազատագրական շարժումների խոր վերլուծությունը: Իսկ այդ վերլուծության բացակայությունը խնդրահարույց էր դարձնում արևմտահայ ազատագրական շարժումը ղեկավարած ազգային կուսակցությունների բնութագրումը: Պատմագիտական այս խնդիրն էր ուղենշում Հովհաննիսյանի գրքի առաջաբանը: Ինչպես ներկայացնում է Հովհաննիսյանն առաջաբանում, երկու մասից բաղկացած հատորի պատմագիտական առաջին ուրվագիծն ամփոփում էր 19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական հոսանքների տեսությունը, իսկ երկրորդի հիմնական բովանդակությունն ընդգրկում էր Հնչակյան և Դաշնակցական կուսակցությունների գործունեության քննական տեսությունը: Այս կերպ առաջաբանում նշագրվում է արդի հայաստանյան հասարակական-քաղաքական մտքի զարգացման ուղեգիծը: Հովհաննիսյանը մասնավորապես ընդգծում էր փաստը, որ ի դեմս Դաշնակցություն կուսակցության հայ իրականության մեջ բյուրեղացել էր 1880-ականների հայ հասարակական–քաղաքական շարժման զարգացման պատմական ընթացքը: Իսկ այդ շարժումը, ինչպես փաստարկում է Հովհաննիսյանը, կրում էր 1870-ական թվականների նարոդնիկության ակնհայտ ազդեցությունը: Հնչակյանների ու դաշնակցականների նարոդնիկական հիմքերը միաժամանակ բացահայտում էին կուսակցությունների սոցիալական ծագմամբ մանրբուրժուական լինելու փաստը: Դաշնակցության ծնունդն ըստ այդմ երևան էր գալիս «մանրբուրժուական ինտելիգենցիայի»՝ քաղաքային ու գյուղական մտավորականության հասարակական–քաղաքական շարժման զարգացման հեռանկարում:
Հովհաննիսյանն առաջաբանում հատուկ ընդգծում է, որ Դաշնակցություն կուսակցության պատմությունը գրքում հասցնում է մինչև 1905 թվականը. մի շրջափուլ, երբ կուսակցությունը մանրբուրժուական կամ նարոդնիկական շրջանից թևակոխում է բուրժուական կուսակցության «վերասերման» շրջանը: Կուսակցության պատմական զարգացման շրջանների այս տարանջատումն է հենց բացահայտում գրքում Հովհաննիսյանի պատմագիտության հիմնավորապես հակաստալինյան բնույթը: Հովհաննիսյանի պատմագիտությունը հայաստանյան քաղաքական մտքի պատմությունը երևան է բերում իբրև բարդ ու հակասալից զարգացման ընթացք, այլ ոչ ներկայի քաղաքականությանը պատշաճող կեղծված անցյալի իրադարձությունների շղթա: Հենց ստալինյան քաղաքականությունների հաստատմամբ էր, որ հայ պատմագիտության մեջ հետահայաց կեղծվել էր Դաշնակցության մանրբուրժուական ծագումը: Կուսակցությունը ստալինյան քաղաքական հրահանգով հռչակվել էր բուրժուական կուսակցություն: Այդպես հայ պատմագիտությունը մոռացման էր տվել Դաշնակցության՝ նարոդնիկական շարժումների հետ ունեցած պատմական կապերը: Իսկ հռչակել Դաշնակցությունը բուրժուական կուսակցություն, նշանակում էր աղճատել հայաստանյան քաղաքական մտքի պատմությունը, վերացնել այդ պատմության ծավալմանը հատուկ ներհակ ու հակասական կապերը:
Ուրվագծերի առաջաբանի ընթերցումը երևան է բերում Հովհաննիսյանի հայտը վիճարկելու ստալինյան քաղաքականությանը ենթակա հայաստանյան քաղաքական մտքի պատմությունն ու քննելու հայ ազգային կուսակցությունների ծագումն ու զարգացումը պատմականորեն:
Մատենադարանի արխիվում պահվող գրքի 1967 թվականի օրինակից վերցրած այս առաջաբանը Հովհաննիսյանը մեքենագրելուց հետո խմբագրել է: Խմբագրման թվականը մեզ հայտնի չէ: Դատելով թանաքի տարբեր գույներից՝ տեքստը խմբագրվել է մի քանի անգամ: Հովհաննիսյանի կատարած ավելացումները նշել ենք սուր փակագծերով (< >): Այն հավելումները, որոնք կատարվել են մեքենագիր տեքստը փոփոխելու արդյունքում, վերցրել ենք քառակուսի փակագծերի ([ ]) մեջ և ծանոթագրել ենք: Այն հատվածները, որոնք Հովհաննիսյանը պարզապես ջնջել է, առանձնացրել ենք ձևավոր փակագծերով ({ }): Տեքստը խմբագրելիս Հովհաննիսյանի կատարած միջամտությունները, որոնք գլխավորապես լեզվաոճական են, հատուկ նշանով չենք առանձնացրել:
Հրապարակվում է ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթապանակ 244³, վավերագիր 3 բ, էջ Ա-Ե:
ԱՌԱՋԱԲԱՆ
Ներկա հատորյակի մեջ միավորված է <պատմագիտական> երկու [ուրվագիծ]:[i]
Դրանցից առաջինն ամփոփում է 19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական հոսանքների տեսությունը:
Երկրորդն ընդգրկում է նույն դարի վերջերին արևմտահայ ազգային-ազատագրական շարժումը ղեկավարող արևելահայ քաղաքական խմբավորումների ու կուսակցությունների <պատմության վաղ շրջանի> տեսությունը:
Առաջին [ուրվագծում][ii] սահմանազատվում ենք լիբերալ այն հայեցակետից, որ 19-րդ դարի ընթացքում արևելահայ իրականության մեջ նշմարում է միայն կղերա-պահպանողական և լիբերալ-լուսավորական հակամարտ հոսանքների առկայությունը: Պարզունակ այդ պատկերացումը խեղաթյուրում է [հասարակական զարգացման ընթացքը][iii] կղերա-պահպանողական հոսանքի հետ միախառնելով դասակարգային ակունքներով և հասարակական-քաղաքական միտվածությամբ նրանից տարբերանշվող ազգային-պահպանողական հոսանքը: Ընդսմին այս տեսությունը լիբերալ լուսավորության հոսանքից չի տարբերանշում նաև 50-ական թվականների վերջերին առաջացած արևելահայ հեղափոխական-դեմոկրատական հոսանքը, շրջանցելով, ինչպես այդ վերջինի, այնպես նաև շատ կողմերով նրա հետ լծորդված հետագա արևելահայ նարոդնիկների լիբերալիզմի նկատմամբ ունեցած [բացասական վերաբերմունքը][iv]:
Հաշվի առնելով պատմության պրոցեսի իրական ընթացքը, 50-60-ական թվականների արևելահայերի հասարակական-քաղաքական զարգացման մեջ մենք նշմարում ենք ոչ թե երկու, այլ չորս հիմնական մտահոսանք. 1. կղերա-աղայական, 2. ազգային-պահպանողական, 3. ազգային-լիբերալ և 4. հեղափոխական-դեմոկրատական:
Հատորյակի երկրորդ [ուրվագծի][v] մեջ ծանրանում ենք արևելահայ քաղաքական կուսակցություններից երկուսի՝ հնչակյանների և դաշնակցականների զարգացման այն շրջանի վրա, որն ընդգրկում է նրանց «կովկասյան գործունեությունը» կանխող արևմտահայ ազգային-ազատագրական շարժման ամբողջ ժամանակամիջոցը:
Որչափ այդ կուսակցությունների սկզբնավորումն անմիջորեն առնչված է Ռուսաստանի 70-ական թվականների հեղափոխական շարժումների մեջ նշանակալից դեր կատարած նարոդնիկության հետ, ուսումնասիրության բուն նյութին անցնելուց առաջ [կանգ ենք առնում][vi] 70-ական թվականների հայ հեղափոխական-նարոդնիկների գործունեության վրա: Այլապես դժվար պիտի լիներ բացահայտել 80-ական թվականների համառուսաստանյան ռեակցիայի տարիներին ծայր տված հայ ազգային-նարոդնիկական խմբավորումների և դրանց հիման վրա առաջացած արևելահայ ազգային նարոդնիկական խմբավորումների, հնչակյանների և դաշնակցականների, կազմակերպչական առանձնահատկությունների ու տակտիկական հայացքների ակունքը:
80-ական և 90-ական թվականների արևմտահայ ազգային-ազատագրական շարժմանը մասնակցած հնչակյան և դաշնակցական կուսակցությունների գործունեության քննական տեսությունը կազմելու է [երկրորդ ուրվագծի][vii] հիմնական բովանդակությունը: Այս նշանակում է, որ ուսումնասիրության մեջ առաջ քաշված դրույթներն ու տրված գնահատականներն առնչված են միայն այդ պատմաշրջանի հետ, չընդգրկելով այդ կուսակցությունների [զարգացման հետագա շրջանները][viii]:
Որևէ երկմտության առիթ չտալու համար հարկ ենք համարում [նախազգուշացնել][ix], որ մենք ընկալում ենք 1905 թվականի համառուսաստանյան [հեղափոխությունը կանխող][x] արևմտահայ ազատագրական շարժման մեջ հնչակյան և դաշնակցական կուսակցությունների ամբողջ ժամանակաշրջանի գործունեությունը, ինչպես նաև արևելահայ ժողովրդի դրա հետ լծորդված ապրումներն ու ակնկալումները, ըմբոստացումներն ու նահանջումները, հաղթանակներն ու պարտությունները որպես հայ ժողովրդի պատմության համապարփակ ու ուրույն մի ժամանակամիջոց, [որն][xi] ունեցել է հասարակական-քաղաքական մտադրությունների ու գործողությունների ուրույն իր ռիթմն ու օրինաչափությունները, [հիմնականում][xii] տարբեր 1905 թվականի հեղափոխությունից {հետո} սկսվող և մինչև 1920 թվականը Հոկտեմբերյան հեղափոխության Հայաստանում տարած հաղթանակը տևող իրադարձությունների ռիթմից և օրինաչափություններից:
Այս նշանակում է, որ [երկրորդ ուրվագծի մեջ շարադրելու ենք հայ ժողովրդի պատմության հասարակական այն փաստերը, որոնք հատկանշում են նշված կուսակցութունների 1905 թվականը կանխող ժամանակահատվածը][xiii]: {ի տարբերություն հաջորդ ժամանակաշրջանից, երբ պատմական իրադարձությունների ընթացքի ու ելքի վրա ուղենշող ներգործություն էին ունենալու այլ պայմաններ ու գործոններ}:
1905 թվականի համառուսաստանյան հեղափոխության ազդեցության հետևանքով ընդարձակվելու էր արևելահայ ազգային կուսակցությունների գործունեության [շրջանը][xiv]: <Արդեն իսկ 1903 թվականից սկսած> նրանց ուշադրության կենտրոնը սկսում է [փոխադրվել][xv] Թուրքիայից Անդրկովկաս: Ընդսմին այդ կուսակցությունների կողմից տարբեր վերաբերմունք էր առաջանալու դեպի Անդրկովկասում բախվող հիմնական դասակարգերը – բուրժուազիան և պրոլետարիատը: Մինչդեռ [գահավիժող][xvi] իրադարձությունների ազդեցությամբ հնչակյան մի շարք կազմակերպությունների ներսում կատարվում էր գաղափարական խոր տարբերակում, որ քայքայում էր առաջացնում կուսակցության շարքերում, հանգելով հնչակյան այդ կազմակերպությունների զանգվածային տարրալուծմանը ՌՍԴԲԿ մեջ: [Այլ ուղղությամբ կատարվեց][xvii] դաշնակցության անդրկովկասյան կազմակերպությունների շարքերի տարբերակումը, նպաստելով, մի կողմից, այդ կուսակցության «ձախ» տարրերի մերձեցմանը նարոդնիկական տիպի էսեռական կազմակերպություններին և, մյուս կողմից, սատարելով նրա աջ վերնաշերտերի մերձեցմանը [արևելահայ բուրժուազիային][xviii], երևույթ, որը, վերջին հաշվով, հանգելու էր դաշնակցության արևելահայ կազմակերպությունների ռեակցիոն վերասերման պրոցեսին: <Կուսակցության ներսում <մինչ այդ> բախվում էին նրա դեմոկրատական և բուրժուական հոսանքների կողմնակիցները ցուցաբերելով առաջինների տարտամ ընթացքն ու նահանջը և վերջինների համառ վարքագիծն ու հաղթանակը: Բուրժուական <տարրերի> գերակշռությունը ակներև դարձավ, մանավանդ, կամավորական շարժման ֆիասկոյից և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասում ստեղծված հակահեղափոխական իրադրության պայմաններում, որին դաշնակցությունը ակտիվ մասնակցություն [ունեցավ][xix], {մի պահ} ծանր կացության մեջ դնելով կովկասահայ աշխատավորությանը:>
Շեշտված բնույթ ընդունեց դաշնակցության շարքերում սկսված և [նրանց][xx] քաղաքական ուղեգծին անդրադարձող վերասերման այդ պրոցեսը 1905-1907թթ. հայ-թաթարական կռիվների և 1914-1918թթ. համաշխարհային պատերազմի տարիներին և մանավանդ 1917-20 թվականներին՝ ի պատասխան Ռուսաստանում կատարված Հոկտեմբերյան պրոլետարական մեծ հեղափոխության, երբ դաշնակցական ղեկավարությունը վճռապես զինվորագրվեց պրոլետարական հեղափոխության դեմ պայքարող միջազգային իմպերիալիզմի և համառուսաստանյան և անդրկովկասյան բուրժուազիայի [հակահեղափոխական][xxi] բանակին:[xxii]
1920-[1921թթ.][xxiii] Անդրկովկասում և Հայաստանում հաղթանակած սոցիալիստական հեղափոխությունից հետո դաշնակցությունը թևակոխեց իր քաղաքական ու գաղափարական զարգացման երրորդ շրջանը: Վտարվելով Հայաստանի սահմաններից և խզելով իր առնչությունները հայրենի ժողովրդի կենսական շահախնդրությունների հետ՝ կապիտալիստական երկրներն [ապաստանած][xxiv] դաշնացության {մի շարք} ղեկավարները {ու գործիչները} կուսակցության գործունեությունն ու պիտակը {……}[xxv] ամերիկյան իմպերիալիզմի առաջադրանքների ու ցուցումների կատարմանը: <Դաշնակցության ընդհանուր քաղաքականության վրա այդ շրջանում գերակշռող ազդեցություն ստացավ <ժողովրդից երես դարձրած> ղեկավարների այդ ընթացքը:> [Կուսակցության][xxvi] իմպերիալիստական ծառայամտությունը հասավ նույնիսկ այն բանին, որ որդեգրելով {հայերի} թուրքական կողմնորոշման ուղեգիծ, <կուսակցությունն այդ շրջանում> ակտիվ հակակոմունիզմի դիրքերից հանդես եկավ անգամ սփյուռքահայ զանգվածների մեջ լայն արձագանք գտած հայրենադարձության դեմ:
Խնդիր չունենալով {ուրվագծերի առաջադիր մասում} գծագրելու արևելահայ ազգային կուսակցությունների զարգացման ու գործունեության ամբողջական պատկերը, այնուամենայնիվ ներկա ուսումնասիրությունը դիտում ենք որպես էական նպաստ սովետական պատմագրության այդ ուղղությամբ կատարելիք հետագա ուսումնասիրություններին:
<Ընդսմին ինչպես ներկա ուսումնասիրությունը գրելիս, այնպես նաև [հետագա ուսումնասիրությունների][xxvii] համար պարտադիր ենք համարում <պատմականության լենինյան սկզբունքը>[xxviii]. «Հարցին գիտականորեն մոտենալու տեսակետից ամենակարևորն է՝ չմոռանալ պատմական կապը, յուրաքանչյուր հարցին նայել այն տեսակետից, թե ինչպես է որոշ երևույթ պատմության մեջ ծագել, իր զարգացման ընթացքում ի՛նչ գլխավոր էտապներ է անցել այդ երևույթը, և նրա այդ զարգացման տեսակետից նայել, թե տվյալ բանն ի՛նչ է դարձել այժմ»:[1]Լենին, «Երկեր», hատոր XXXIX, էջ 582:>
[i] Ավելացված է «ուսումնասիրություն» բառի փոխարեն:
[ii] Ավելացված է «տեսության մեջ» ձևակերպման փոխարեն:
[iii] Ավելացված է [պատմական պրոցեսի իրական ընթացքը] ձևակերպման փոխարեն:
[iv] Ավելացված է «հակամարտ դիրքավորումը» ձևակերպման փոխարեն:
[v] Ավելացված է «ուսումնասիրություն» բառի փոխարեն:
[vi] Ավելացված է «պիտի հատուկ գլուխ նվիրենք» ձևակերպման փոխարեն:
[vii] Ավելացված է «ուրվագծերի երկրորդ մասի» ձևակերպման փոխարեն:
[viii] Ավելացված է ««կովկասյան գործունեության» ժամանակաշրջանը»] ձևակերպման փոխարեն:
[ix] Ավելացված է «ծանուցանել» բառի փոխարեն:
[x] Ավելացված է «հեղափոխությունից առաջ» ձևակերպման փոխարեն:
[xi] Ավելացված է [որի ընթացքում հայ ժողովրդի պատմությունն» ձևակերպման փոխարեն:
[xii] Ավելացված է «բոլորովին» բառի փոխարեն:
[xiii] Ավելացված է «[ուրվագծերի առաջադրված մասում գերազանցորեն հաշվի ենք առնում հայ ժողովրդի նոր պատմության հասարակական-քաղաքական մտքի ու գործողությունների այն փաստերը, որոնք ընթացք ու ուղղություն էին տալիս հայ ժողովրդի պատմության 1905 թվականը կանխող ժամանակահատվածին]» ձևակերպման փոխարեն:
[xiv] Ավելացված է «միջավայրը» բառի փոխարեն:
[xv] Ավելացված է «տեղադրվել» բառի փոխարեն:
[xvi] Ավելացված է «կատարվող» բառի փոխարեն:
[xvii] Ավելացված է «Անհամեմատ ավելի թույլ չափերով» ձևակերպման փոխարեն:
[xviii] Ավելացված է «բուրժուական տարրերին» ձևակերպման փոխարեն:
[xix] Ավելացված է «ցուցաբերեց» ձևակերպման փոխարեն:
[xx] Ավեացված է «իր հետևանքներով դաշնակցականների» ձևակերպման փոխարեն:
[xxi] Ավելացված է «ռեակցիոն» բառի փոխարեն:
[xxii] Դատելով այս հատվածում Հովհաննիսյանի օգտագործած նշանից (Ú)՝ հեղինակը թերթիկի վրա կատարած հավելում է ունեցել, որը, սակայն, չկա արխիվային նյութում:
[xxiii] Ավելացված է «նոյեմբերին» բառի փոխարեն:
[xxiv] Ավելացված է «ապավինած» բառի փոխարեն:
[xxv] Ըստ ամենայնի առաջաբանի վերջին էջը Հովհաննիսյանը վերցրել է գրքի այլ մեքենագիր օրինակից: Արդյունքում նշված հատվածից սկսվող նոր էջը նախորդ էջի ուղիղ շարունակությունը չի կազմում:
[xxvi] Ավելացված է «իսպառ մարելով իրենց գործունեության սկզբնաշրջանի հակաթուրքական դիրքորոշումը, դաշնակցության մի շարք օրգանների ու ղեկավարների» ձևակերպման փոխարեն:
[xxvii] Ավելացված է «այդ հետագա ուսումնասիրությունների», «մարքիստական պատմագրության», «բոլոր այդ ուսումնասիրությունների» տարբերակների փոխարեն:
[xxviii] Ավելացված է «հասարակական գիտությունների համար Վ. Ի. Լենինի հանձնարարած այն ցուցումը, թե» ձևակերպման փոխարեն: