1960-ականներին՝ բրեժնևյան լճացման տարիներին, հետաքսորական իր գործունեությամբ Աշոտ Հովհաննիսյանը բախվեց պատմագիտության ու քաղաքականության մեջ բարձրացած ստալինիզմի նոր ալիքին: 1960-ականներին Հովհաննիսյանը գաղափարապես շարունակում էր հրապարակ բերել 1920-ականներին առաջ քաշած հայաստանյան քաղաքական մտքի կայացման պատմությունը: Այդ պատմությունն էր, որ բացահայտում էր հայ կուսակցությունների ծագման գաղափարական հիմքերն ու սոցիալ-տնտեսական պայմաններն՝ իրանց հակասական ծավալումներում: Բայց այդ նույն պատմությունը բացահայտող 1920-ականների քաղաքական ու պատմագիտական ավանդույթի ջնջմամբ էր, որ 1930-ականներին հաստատվել էր ստալինիզմը: Այսպես, 1960-ականներին ստալինիզմի նոր ալիքը պետք է դեմ ելներ 1920-ականների ավանդույթը կրկին վերհանող Հովհաննիսյանի պատմաքաղաքականությանը: 1967-ին հրատարակության պատրաստված Ուրվագծեր արևելահայ հասարակական–քաղաքական մտքի պատմության մենագրության շուրջ սկսված քաղաքական ու պատմագիտական քաշքշուկը բյուրեղացրեց Հովհաննիսյանի դեմ սկսված ստալինիզմի պայքարը:
Ստորև ներկայացվող վավերագիրը Հայաստանի Կենտրոնական կոմիտեի բյուրոյին ուղղված Հովհաննիսյանի դիմումն է: Այն պարզում է, թե 1967-ին հրատարակության ներկայացվելուց հետո, ինչ ձևերով ու մեթոդներով էր ստալինյան պատմագիտությունը վիժեցնում Հովհաննիսյանի գրքի հրատարակությունը: Մենագրության մեջ Հովհաննիսյանը հայ կուսակցությունների ծագման պատմությունը բացահայտում է իբրև հայաստանյան իրականությունից ու դրան բնորոշ սոցիալ-տնտեսական պայմաններից ծնունդ առած քաղաքական մտքի բարդ ու հակասալից զարգացման պատմություն։ Այնինչ բարդ «կապերով ու փոխանցումներով» հատկանշվող այդ պատությունը հետահայաց աղճատած ստալինյան պատմագիտությունն այն վերածել էր քաղաքական պարզ հակադրությունների մի պատմության: Պատահական չէ, ուրեմն, որ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Գալուստ Գալոյանը, ում գործելակերպին է անդրադառնում իր դիմումում Հովհաննիսյանը, պետք է մեղադրեր վերջինիս իր գրքում Դաշնակցություն կուսակցությանը «ռեաբիլիտացնելու» փորձի մեջ: Հովհաննիսյանի պատմաքաղաքականությունը ենթադրում էր «բարդ երևույթների պատմագիտական լուրջ պարզաբանություն»: Այնինչ պատմությունը քաղաքականությանը ծառայեցնող ստալինյան պատմագիտությունը Հովհաննիսյանին պետք է առաջադրեր պարզ քաղաքական հարց, թե «ո՞ւմ հետ է քայլում» Հովհաննիսյանը՝ Կոմունիստական կուսակցությա՞ն, թե՞ Դաշնակցության:
Վավերագիրն աշխատանքային վիճակում եղած, ուղղումներով ու հավելումներով ձեռագիր նյութ է: Հնարավորինս քիչ միջամտություններով փորձել ենք վավերագիրը բերել ամբողջական տեսքի: Հրապարակվում է ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24416, վավ. 491 բ, թթ. 1-4:
Հայաստանի կենտկոմի բյուրոյին
Հայկական Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի դիրեկտոր Գ. Ա. Գալոյանը ունի ղեկավար լինելու հավակնություններ, բայց չունի այդպիսին լինելու տվյալներ: Երկար տարիներ է արդեն, որ նա ղեկավարում է Ինստիտուտի գիտական աշխատանքները, բայց Ինստիտուտը տակավին չի դարձել գիտության հեղինակավոր կենտրոն կամ արել գիտական առաջադիմության լուրջ քայլեր, քանի որ դիրեկտորը մինչ հիմա դրսեվորել է աքլորամարտի պատրաստ բնավորության գծեր միայն:
Թե ո՞րն է Գ. Գալոյանի բնավորությունը հատկանշող ուղղությունն ու ոճը, այդ ակներև է նրա թափած ջանքերից վարկաբեկելու իմ «Ուրվագծեր արևելահայ հասարակական–քաղաքական մտքի պատմության» մենագրությունը, որի մասին նա գրել է, թե դա այլ ինչ չէ, քան դաշնակցությանը ռեաբիլիտացնելու փորձ:
Այդպես կարող էր գրել այդ աշխատության մասին մի ղեկավար, որը հաշվի չառնելով իր աշխատակցի ավելի քան վաթսունամյա գիտահետազոտական փորձը, իրեն նպատակ է դրել վարկազրկելու նրա աշխատանքի դրական կողմերը:
Մինչդեռ իրողությունն այն է, որ ջանալով վեր հանել աշխատությանս գաղափարական կոնցեպցիան, մենագրությանս մեջ ցանկացել եմ ցույց տալ, որ արևելահայերի հասարակական–քաղաքական միտքը զարգացել է 19 դարի համադեմոկրատական հեղափոխության էտապով և ի վերջո հասել ռուսական հեղափոխության պրոլետարական կամ սոցիալիստական ծրագրին:
Անկարող իրարից տարբերանշելու այս կապերն ու փոխանցումները, որոնց միջոցով շաղկապվել են պատմական զարգացման երկու էտապների իմ տեսությունը, Ինստիտուտի դիրեկտոր Գ. Գալոյանը հնարավոր է համարել աշխատությունս քննարկվելու պահին սոսկ հարց ուղղել ինձ այն մասին, թե ո՞ւմ հետ եմ քայլում ես, կոմունիստական կուսակցության, թե՞ դաշնակցության: Թվում է, թե Գ. Գալոյանի հարցման մեջ ակնառու կերպով դրսեվորվել է դիրեկտորի ողջ էությունն ու մտածելակերպը:
Բարդ երևույթների պատմագիտական լուրջ պարզաբանության փոխարեն Գ. Գալոյանը իր սովորության համաձայն սոսկ փորձ է արել ահաբեկելու ինձ: Այնուամենայնիվ ինձ ուղղած հարցումից ես չահաբեկվեցի և մինչ այսօր իսկ շարունակում եմ աշխատել ինձ զբաղեցրած պատմագիտական խնդիրների լուսաբանման վրա:
Կարծում եմ, որ այս կապակցությամբ անտեղի չէ վերհիշել Լ. Ի. Բրեժնևի վերջերս արած տեսական այն դիտողությունը, թե կարևոր է, որ յուրաքանչյուր գիտական կոլեկտիվում գոյություն ունենա ստեղծագործական որոնումների, բեղմնավոր դիսկուսիաների, ընկերական պահանջկոտության մթնոլորտ: Նույն այդ միտքն էր շեշտում կուսակցության առաջին քարտուղարը նաև, երբ ավարտի հասցնելով իր խոսքը ասաց, թե հին ֆորմուլաները կրկնել այնտեղ, երբ նրանք սպառել են իրենց, կամ որ նոր պրոբլեմներին նորովի մոտենալ չկարողանալը վնաս են բերում գործին և լրացուցիչ հնարավորություններ ստեղծում մարքսիզմ–լենինիզմի փոխարեն զանազան ռևիզիոնիստական խեղաթյուրումներ տարածելու:
Կարծում եմ, որ գիտական քարացած դոգմաների հաղթահարման համար բնավ ավելորդ չեն մարքսիզմի ոգուն և բառին համապատասխանող կուսակցության առաջին քարտուղարի վերը բերված հուշարկումները:
Թե ի՞նչ վիճակի են ներկայիս հասել Ինստիտուտում տարվող աշխատաքները, ակներև է նաև այն վիճակից, որի մեջ ներկայիս գտնվում են Ինստիտուտի գիտական կադրերը:
Ամենայն անկեղծությամբ պիտի ասել, որ Գ. Գալոյանի օրոք Ինստիտուտի կադրերը գնահատվում են ոչ թե ըստ իրենց գիտական որակի, այլ սոսկ ղեկավարվելով նրանով, թե ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են գտնվում նրանք Ինստիտուտի դիրեկտորի հետ: Գալոյանը գնահատում է կադրերին ոչ թե ըստ նրանց գիտական որակի, այլ տեղ է տալիս մարդկանց, որոնք կարող են զբաղվել դիրեկտորի մեծարանքով: Նրա համար առավել հարգի են անորակ այն կադրերը, որոնց վրա կարող է հենվել ինքը: Այդպիսիներն են, որ կարևորություն ունին նրա աչքում և նրանց շուրջն է, որ նպաստավոր տրամադրություններ են ստեղծվում Ինստիտուտում: Հենց դրանով էլ պիտի բացատրել այն, որ վերջերս վերանայվեց Ինստիտուտի գիտխորհուրդի անձնակազմը, արմատական փոփոխության ենթարկելով այն: Հետևանք եղավ այն, որ Ինստիտուտի ղեկավար կազմի մեջ մտան մարդիկ, որոնք որևէ կապ չունին նրանում տարվող գիտական աշխատանքների հետ: Ներկայիս գիտխորհուրդի մեջ մտնում են 36 գիտաշխատողներ, որոնց նշանավոր մասը աճել է Ինստիտուտից դուրս և որևէ կապ չի ունեցել նրա գիտահետազոտական աշխատանքների հետ: Պարզ է ինքյան, որ հենվել այդպիսիների վրա որևէ օգուտ չի կարող բերել գիտությանը: Հենվելով նման տարրերի վրա, Գալոյանը կարող է գլուխ բերել այն, ինչ ձեռնտու է անձնապես իրեն, առանց որևէ շահ բերելու Ինստիտուտի գիտական աշխատանքներին: