Արամազդի աչքերով սուրբ նահատակը. Ղևոնդ Ալիշանը նկարագրում է Վարդանին 

 

Հայերի՝ որպես արդի ազգ կայանալու 19-րդ դարի հանգրվանում հայ մտավորականության տարբեր ներկայացուցիչներ վերահառնեցնում էին Եղիշեի Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկն ու դրա հերոս Վարդան Մամիկոնյանին՝ իբրև նահատակ ազգասիրության վառ օրինակ։ Ներկայացվող վավերագիրը Մխիթարյան միաբանության հայր, բանաստեղծ, պատմահայրենասիրական ռոմանտիզմի նախահայրը համարվող Ղևոնդ Ալիշանի՝ 1869 թվականին հրապարակված Յուշիկք հայրենեաց հայոց գրքից մի հատված է, ուր Նահապետն իր հերոս-զրուցակից պատանի Հայկակին նկարագրում է պատերազմի մեկնող հայոց զորքի սպարապետ Վարդան Մամիկոնյանին։ 

Չնայած ըստ հեղինակի իր պատմությունը հիմնված է Եղիշեի և Փարպեցու երկերի վրա՝ դրվագն ինքնին վերնագրված է Կարմիր Վարդան. հերոսի այն պատվանունը, որը չենք գտնում պատմիչների տեքստերում, այլ հանդիպում ենք միայն ժողովրդական ավանդազրույցներում։ Քրիստոնյա հայրերի ավանդածի, ժողովրդական կյանքի կենդանի ծալքերում ապրող առասպելի ու երևակայական պատկերների միախառնման մի հատկանշական դեպք է երևում Ալիշանի նկարագրությունը։ Այստեղ շիկակարմիր վրանից դուրս է գալիս հերոս նահատակն ու ճանաչվում «Հայոց Թագաւորը, առաջնորդը, յոյսը և փառքը»։ Այս առումով թերևս ամենահետաքրքրականը Վարդանի մեծաշուք հագուկապի նկարագրությունն է․ «Պարսից թագաւորին անգամ՝ քաջութեամբն դեռ սիրելի և հարկաւոր անձին», պարսից տերության հպատակ զորավարին Ալիշանը ներկայացնում է արքունական ամեն նշանով զարդարված։ Ոսկեքանդակ գարգմանակով արծաթախառն սաղավարտը հագին, ուսերի ծիրանին ակնակուռ ճարմանդով կրծքին ամրացված, «բոլոր գերագոյն իշխանութեան նշանը՝ աշխարհաւանդ ըսուած հանգոյցը» գլխին այս հերոսն, այդուհանդերձ, Ալիշանի պատկերում հայերի հին հեթանոս աստված Արամազդի ամրոպային աչքերն ունի։ 

Վանական հոր ներկայացրած այս պատկերը վառ արտահայտում է արդի հայերիս հասած հերոսականության՝ բարդ հակասություններով կայացած մի ըմբռնում, որտեղ հանուն Քրիստոսի հավատի նահատակության պատրաստվող սուրբ սպարապետը՝ իբրև «ամեն ժամանակի զօրավարաց օրինակ», միաժամանակ իր հետ ապրեցնում է հին հավատալիքների դյուցազունին՝ հայոց կորսված թագավորության նշանը՝ ծիրանին ուսին։    

Հրապարակվում է ըստ՝ Ղևոնդ Ալիշան, Յուշիկք հայրենեաց հայոց (Վենետիկ։ Ի Ս. Ղազար Վենետիկոյ, 1869), էջ 255-258։

 

Յուշիկք Հայրենեաց հայոց

Ժ

Կարմիրն Վարդան
2 Յունիսի, 451

Դ

Բայց հոս չուշանանք, վասն զի ահա լուսացեր է պատերազմական օրն, օրն մեծ, օրն անմոռանալի։ Երկու բանակներն իրենց հրամայուած տեղը և կարգը կու բռնեն. Պարսից սպարապետն իւր երեսուն բիւր զօրաց և փղաց բազմութեան դիմաց՝ կու տեսնէ գրեթէ հաւասար երկայնութեամբ շարուած բանակ մը. բայց գիտէ այլ որ իրենին պէս թանձր չէ նա. հազիւ քանի մը կարգ զօրաց կան ետևէ ետև. զայն այլ գիտէ (մեր ցաւովը) որ անոնցմէ այլ ոմանք բոլոր սրտով միացած չեն բուն ուխտապահ Հայոց, այլ Վասակայ հրապուրանօք պղտորած. և եթէ վարպետ խաղ մը խաղայ՝ կրնայ զանոնք իր զօրաց հետ խառնել, կամ պատերազմէ դուրս հանել. գիտէ որ իր նիզակակից սևցած Հայերն՝ այն օր Վասակայ հետ իրենց միամտութիւնը Պարսից ցուցընելու համար աւելի քան զՊարսիկս քաջութեամբ պիտի կռուին, կամ աւելի ատելութեամբ. ինչպէս որ կ’ընեն թշնամացեալ բարեկամք։ Ասոնք իրեն մէկ մէկ յոյս մեծ մեծ մխիթարութիւնք են. բայց քանի որ կու մտածէ թէ իր բուն թշնամեաց, թէ և քիչուոր այլ հաւատարիմ Հայոց՝ սպարապետն է Վարդան, այն ժամանակի (ըսեմք ամեն ժամանակի) զօրավարաց օրինակ, և Պարսից թագաւորին անգամ՝ քաջութեամբն դեռ սիրելի և հարկաւոր անձ մը, Մուշկանայ բոլոր պատրաստութիւնն և բազմութիւնն տարակուսելի կ’երևի, ու կու տագնապի։ Բայց ժամն կռուոյ կու մօտենայ. կու ժողովէ գնդապետները ու զօրավարները, կու յիշեցընէ իրենց պարտքը, Վարդանանց կտրճութիւնը, քաջութեան և յաղթութեան վարձքերը, վատութեան և փախստեան պատիժները և դատապարտութիւնը. և կու խաւրէ իւրաքանչիւր իր կարգին։

Այս բաները լսելու կարօտ չէին Հայք, բաւական լցուած Վարդանայ, Ղևոնդի և Քրիստոսի հոգւով, որ դեռ սրտներնուն մէջ կու խօսէր. կրնար ուրեմն իրենց սպարապետն այլ քիչ մը այն գիշերուան վերջին պահին՝ առանձնանալ իր վրանին տակ. նախ խօսիլ ընդ Աստուծոյ և յանձնել իր կեանքը և մահը, որոց երկուքն այլ ստուգիւ կու փափագէր, և կու հաւատայր այն օր փոխել յանմահութիւն. ապա երկրիս վրայ հարկաւոր եղած բաներուն համար յետին կամքը աւանդել ’ի կտակ կամ ’ի սիրտ մտերմաց. մինչ սպասաւորքն և թիկնապահք զէնքերը և զարդերը կու պատրաստէին։

Ահա հագաւ, հեծաւ, զուարթացաւ Վարդան, արևէն աւելի զանկալի և սպասելի այն օր՝ իր սիրելեացն. ամենուն աչքն՝ ոչ այնքան թշնամեաց բազմութեանը վրայ սոսկմամբ կու նայէին, որքան սիրով կու դառնային այն բարձրասուր կաթողիկէաձև շիկակարմիր վրանին, որոյ դրան վերև ոսկի արծուին թևատարած, չորս բոլորն կարմիր-կանաչ-սպիտակ դրօշներ հովէն ծալլուելով ու բացուելով՝ իբր ծափ ծափի տուած կու հրաւիրէին զՎարդան. զՎարդան հրաւիրելով՝ վրանին եզերքը պար առած պահապան ու պատուոյ գունդն՝ նշան տուին, և սկսան շարժիլ. յանկարծ վրանին փեղկերն վերնալով բացուեցան, թիկնապահք և սպայք, հեծեալք և հետևակք՝ փայլ փայլ զէնքերով իբրև ամպէ մը սկսան դուրս թափիլ. և խումբ մը ծաղկազգեստ կայտառ երիտասարդաց՝ 25 տարուընէ վեր՝ լռած ձայն մը ձգեցին, որոտալուր, ահաւոր, վսեմ և քաղցր ձայն մը, որ մեր յետին Արշակունի Արտաշէս թագաւորին սև օրէն վեր չէր լսուած …։ Արքունական երաժշտաց դասն էր. որ այն օր ’ի Վարդան կու ճանաչէր Հայոց Թագաւորը, առաջնորդը, յոյսը և փառքը. և երբ մեծամեծ ոսկեփայլ գալարուն և անգալար պղինձներն լայնաբոլոր բերաննին յերկինք շտկած՝ իբրև յետ երկայն հառաչանաց՝ հայկական պատերազմի եղանակը հնչեցին, ո՜հ, բոլոր բանակն, գետին ու լերինք թնդալով դոփելով որոտացին, Փա՜ռք Հայոց, Սուրբ սպարապէտ, Վարդան քաջ։ Եւ ահա յերևան եկաւ քաջն այն, Կարմիր այն Վարդան, ճառագայթներուն ետևէն դուրս վազող արևուն պէս, իր նախապապուն Մուշեղի նման՝ ճերմակ, ճարտուկ, ճախրասլաց, բարձրապինչ բարձրափռինչ ձիուն վրայ յարմարած՝ քան թէ հեծած կամ նստած. վասն զի ձին գրեթէ սանձի անկարօտ և տիրոջը տակ աւելի թեթևցած քան թէ առաջ՝ չես գիտեր կու խաղա՞յ թէ կու թռչի. իսկ տէրն իբրև եզեկիէլեան անուի մը վրայ հանգչած՝ թեթևութեամբ ամեն դի կու դառնայ, կու թռչի, կու հասնի։ Ոսկեխառն արծաթակուռ սպառազինութեան վրայ՝ ձգած է մեծ ծիրանի ու ոսկէթել սամոյր-օձիք վերարկուն, զոր արևակերպ ակնակուռ ապիզակ կամ ճարմանդ մը կուրծքէն վեր կու միացընէ, օղակներէն յակունթներ կախուած, և ինչուան նռնագոյն կօշիկները կ’իջնէ. գլուխն արծաթախառն սաղաւարտ՝ ոսկէքանդակ գարգմանակաւ, որոյ կռնակէն դէպ ’ի գագաթն ոսկի արծուի մը կայ, և վարի եզերքը բոլորած պսակաձև թագ մը, անոր վրայ այլ պլլուած բոլոր գերագոյն իշխանութեան նշանը՝ աշխարհաւանդ ըսուած հանգոյցը, որոյ ծայրերն զզունքազարդք՝ ուսոց վրայ կ’իջնեն։ Բայց արդարև տեսութեան արժանի մասն՝ այն հանգուցին ներքև էր. բոլորակերպ, կարմրայտ գրեթէ ճառագայթարձակ, զուարթ դէմքմը. նման եգիականն Արամազդայ, բայց Ամպրոպայնոյն աչքերով։ Խաչգլուխ և խնձորգլուխ ձողերու և նիզակաց վրայ՝ բաց յեռագոյն դրօշից կու ծածանին զանազան գունով և նշանով վառեր, Մամիկոնէից տէրութեան, Հայոց սպարապետութեան, Յունաց ստրատելատութեան և Հայ թագաւորի տեղակալութեան, զորս ուրախութեամբ ողջունելով 66,000 բերան՝ Պարսից անհուն բանակին և անճոռնի փղերուն ձայնն այլ կու խափանեն պահ մը։ Վարդան յառաջ անցնելով իր սպայից գնդէն՝ մէկ մը ճերմակովը կու թռչի բանակին մեկ ծայրէն ինչուան մէկայլը, ողջունելով, խրախուսելով, գրեթէ նոր ոյժ մը փչելով, և … նշան կու տայ սկսելու զպատերազմն։ Ահա մէկէն կու սկսին զէնք ձգել վեց բիւրքն Հայոց. ոմանք սպառազէնք (այսինքն բոլոր զրահ հագած), ոմանք մերկք (այսինքն անզրահ), և ասոնք ե աղեղնաւորք և սուսերաւորք. աւելի շատն հեծեալք ծանր կամ թեթև զրահով։