Բարձր մշակույթի և առօրյա կյանքի միջև երկփեղկումները. Առաջին հանրապետության առաջին ցուցահանդեսը

 

1918-ին շատ առումներով հարկադրաբար հռչակված անկախ պետականությունն արդեն կանխորոշում էր ազգային ինքնուրույն կյանք վարելու անհրաժեշտության և դրան մեծապես անպատրաստ ժողովրդական լայն խավերի միջև լարումները։ Թե՛ Առաջին հանրապետության ղեկավար գործիչների՝ Ալեքսանդր Խատիսյանի, Սիմոն Վրացյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի հուշագրությունները և թե՛ պատմական ու արխիվային վավերագրերը վկայում են, որ Հայաստանի ինքնուրույն հանրապետության ստեղծումից հետո էլ անկախությունը դեռ «չէր մարսվել» շատերի կողմից և զուտ անվանական կամ ձևական բնույթ էր կրում։ Սա, իր հերթին, Առաջին հանրապետության ղեկավարներին ստիպում էր կատարված քաղաքական իրադարձի՝  Նիկոլ Աղբալյանի բնորոշմամբ՝ անկախության «խօսքի բարձրութեան հասցնել» թե՛ ներկա անմխիթար իրականությունը և թե՛ քաղաքական նոր սուբյեկտին՝ Հայաստանի ժողովրդին։ Այսպես ազգային ինքնուրույն պետականության բարձր գաղափարները նաև ու գուցե նախևառաջ մշակույթի միջոցով է, որ պետք է կապվեին առօրյա նիստուկացով ապրող ժողովրդի մեծամասնության հետ։ Զարգացած մշակույթի գոյությունը ոչ միայն գրավականը կլիներ հայերի՝ որպես ինքնուրույն պետականություն ունեցող ազգի, այլև քաղաքակիրթ ազգերի շարքում հանդես կբերեր նրան իբրև մի նոր մշակութային գործոն։

Ստորև ներկայացվող վավերագիրը անդրադարձ է 1919-ի մայիսին անկախության տարելիցի առթիվ Երևանում բացված Թիֆլիսի Հայ արվեստագետների միության ցուցահանդեսին։ Նորանկախ Հայաստանի գեղարվեստական առաջին ցուցահանդեսը պատմամշակութային կարևորություն ներկայացնելուց բացի, հետաքրքիր է նաև այլ տեսանկյունից։ Այն դիտարկվում էր որպես ներկա թշվառ  իրականությունից վեր ելնելու, «առօրեան, կոնկրետն ու եզակին մոռանալու» «սրբազան պահանջի» իրագործում . հանգամանք, որն ի հայտ է բերում առօրյա կենցաղավարության և մշակույթի միջև երկփեղկումներն Առաջին հանրապետությունում։ Այսպես որքան բարձր էր զարգացած քաղաքակրթության մեջ լինելու ձգտումն, այնքան սուր էր դառնում այն կենցաղից կտրելու և բարձր ու ներփակ մշակութային ձևերի մեջ տեսնելու ցանկությունը։ Սա է պատճառը, որ ցուցահանդեսով հոդվածագրի ոգևորությունը միաժամանակ մոտենում է զայրույթի, երբ նա նկատում է, որ «ներսը քիչ են դիտողները», փոխարենը՝ «շոգի մէջ հազարաւորները ամենօրեայ միակերպութեամբ մաշում են մայթերը փողոցի մաշւած ու անատամ սրախօսութիւններով»։ Սա մի կացություն էր, որը հոդվածագրի սուր քննադատությանն արժանանալուն զուգահեռ՝ ժողովրդին իր առօրյա կենցաղավարությամբ դնում է բարձր մշակութային գաղափարներին հակառակ բևեռում՝ ցուցահանդեսն ընդհուպ մինչև նույն այդ ժողովրդի բարքը «լավացնելու» միջոց դիտարկելով։

Հրապարակվում է ըստ՝ Գ. Շահինեան, «Հայ արւեստագէտների նկարահանդէսը Երեւանում», Հայաստանի աշխատավոր, 6 հունիսի 1919 թ.։

 

 

 

ՀԱՅ ԱՐՒԵՍՏԱԳԷՏՆԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆԴԷՍԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ

 

Մուտք

Գ․ Շահինեան

 

Հայաստանի մայրաքաղաքը իր ծոցում հիւրընկալելու բախտն ունի հայ արվեստագէտներին: Ծնւել ու սնւել են նրանք, հայ ստեղծագործ ոգու զաւակները, աստ ու անդ. և այժմ որպէս հասուն արտադրողներ՝ իրենց հոգու և գեղարւեստական կարողութեան արտադրութիւնները հանդէս են բերել Երևանում: Որքան էլ նշմարելի բացեր ունենայ այս ցուցահանդէսը, բայց և այնպէս հայկական տոկունութեան չափանիշը կարող է լինել: Այս օրերում, հաղորդակցութեան այսպիսի ծանր պայմաններում, հէնց նկարների փոխադրութիւնը Թիֆլիսից–Երևան՝ գործը պաշտել է նշանակում. իսկ ուր պաշտամունքը կայ, կայ նաև գնահատելի և ուշիմ վերաբերում դէպի գեղեցիկն ու ստեղծագործութիւնը:

Գնահատանքի անկեղծ խօսք ունինք ասելու հայ վրձինին, որ հայրենորէն գեղեցիկն են բերել մեր երկիրը, իրենց երկիրը:

Ծարաւի է հայ մտաւորականը, բանւորն ու արհեստաւորը հայրենի գեղեցիկին, իսկական անշահախնդիր պաշտամունք: Մեռելների և սովի այս երկրում դժւար է մտածել ու բոլորանւէր անձնատուր լինել գեղեցիկի վայելումին, բայց որքան խոշտանգւի մեր ժողովրդի հոգին ու մեր հոգին, բայց և այնպէս կայ մի սրբազան պահանջ մոռանալու առօրեան, կոնկրետն ու եզակին և ապրել մի բարձր հոգեվիճակ, որի անունն է գեղարւեստական արբումն: Շատ ենք յետ մնացել. մեր աչքերը բացի դիակից ուրիշ բան չեն տեսել, մեր ականջները բացի հրանոթների պայթիւնից, ոչինչ չեն լսել, ասել է և մեր հոգին գեղեցիկ ոչինչ չունի ստացած: Մեր զգայութիւնները ոչինչ նոր ու գեղեցիկ չեն հասցրել մեր հոգուն և մենք ենթակայ ենք գեղարւեստական գոսացման, էսթետիքական պարալիզէի է ենթարկւել մեր ողջ հոգեկառուցւածքը: Մտնում ես Երևանի գիմնազիայի նոր շէնքը, ակամայ հանում ես գլխարկդ, ուզում ես, որ քեզ ոչ ոք չխանգարի, ձգտում ես առանձնութեան, կարծես մի թանկ բան ես գտել, ուզում ես բաժանել ինքդ քեզ հետ քո հոգու գիւտը, հաշիւ ես տեսնում ներսինիդ հետ, զարթնում է ներքին իսկական Մարդը, աստւածայինն ու դիտում ես անյագ… Ցանկանում ես մի հայեացքով նայել, ընդգրկել ամենը. հապճեպ, սպառող կարողութեամբ, ուզում ես ձուլւել անխտիր բոլոր ցուցադրւած նկարների հետ, վասն զի բոլորը հոգուդ համար անխտրական գեղեցիկ են, հարազատ. երկու և աւելի տարիների ընթացքում և ոչ մի նման բան չես տեսել, դատարկել ես ուղեղդ լաւից, գեղեցկից:

Կամաց–կամաց ուշքի ես գալիս, զննում ուշիմութեամբ, մաղում ընտրում, գնահատում: Ինդուիցիադ դառնում է կարող ու հրամայում: Սևեռւում ես այս անգամ հոգուդ համընթաց նկարին, դիտում, դիտում, մօտենում ու հեռանում. ընտրում ես ու դաս–դասում, մերժում ես և հիանում և բոլորէն ետքը ձգտում ես արդէն հասկանալ, տարրալուծել գոյներն ու ձևերը, շկոլաներն ու վրձինների կարողականը: Մանուկ դիտողից անցնում ես վայելող մտաւորականին և ապա գեղագէտ քննադատին:

Տարօրինակ է. հոգու հակասական և տարրամերժօրէն գեղարտենչութիւն: Դուրսը հինգ քայլի վրայ, վարը փողոցը փոշու ծով է, փերեզակներն ու սպեկուլեանտները բզկտում են իրար, քահանաները մի յոգնած մռմռոցով ուղեկցում են մեռելին, կառքերը Երևանին յատուկ թամբալութեամբ աղմկում են փողոցում, շոգի մէջ հազարաւորները ամենօրեայ միակերպութեամբ մաշում են մայթերը փողոցի, մաշւած ու անատամ սրախօսութիւններով… Դոցանից և ոչ մէկը չի անցնում ներս, ուր նկարները հրամայում են քեզ: Շատ ենք քայլել, յոգնած ենք, ծարաւ և նիհրի մէջ ենք ներսում, նկարներին քով ի քով. բայց կայ մի զայրոյթ հոգումդ, որ ներսը քիչ են դիտողները, իսկ փողոցում, շոգի և փոշու մէջ թաղւում են զո՜ւր ի զո՜ւր այնքան անիմաստ, այնքան բռնազբոս կատակախաղերով հիւանդ հոգիներ, որոնք ներսը կը մեղմանային, կը լաւանային, կը մարդանային: