Բեքոնը և մարդկային կրքերի մեխանիկան

 

Քաղաքական մտքի մեր ավանդույթի շրջանակներում բարիք գործելու և չարիքից խուսափելու պարտականությունը հանգեցվում է մարդու գաղափարական համոզմանը։ Այս ավանդույթի շրջանակներում է, որ պետության «տեսությունը» հանգում է բարոյական իդեալի հանդեպ այնպիսի պարտքի կանխադրմանը, որը հակադրված է նյութական իրականությանը։ Այս մոտեցումը պատմական բարդ ոլորաններով ու միջնորդումներով, հասել է մեզ ֆրանսիական լուսավորությունից և դրա հետագա վերթնըերցումներից։

Այս ավանդույթի ներսում ձևավորված մեր քաղաքական մտքի հորիզոնն ընդարձակելու գործում օգտակար պետք է համարել բրիտանական վաղարդի բարոյափիլիսոփայությունը։ Վերջինս թե՛ առանցքային դեր է խաղացել՛ արդի պետության կայացման գործում, թե՛ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հենց ֆրանսական լուսավորության համար։ Այս փիլիսոփայական ավանդույթի շրջանակում բարոյական բարիքն ու չարիքն ի սկզբանե անքակտելիորեն կապված են նյութական իրականությանը, իրերին և դրանց հարուցած ազդումներին։ Այս իմաստով քաղաքական մտքի բրիտանական ավանդույթի հիմքում, դրա բարոյափիլիսոփայության ակունքում ընկած է բնափիլիսոփայական աշխարհայացք։ Սա լավագույնս տեսանելի է ավանդույթի հիմնադրի՝ Ֆրենսիս Բեքոնի փիլիսոփայության մեջ, որտեղ մարդու ձգտումներն ու վարքը միևնույն հասկացական հարթության վրա են դիտարկվում, ինչ նյութական իրերի շարժումները, փոխազդեցություններն ու դրանք պայմանավորող ֆիզիկական օրենքները։ Ավելին, մարդու և իրերի վարքը բնորոշող բառապաշարն անգամ նույնական է իրերի շարժումներն ու օրինաչափությունները նկարագրող բառապաշարին։ Թե՛ մարդիկ, թե՛ իրերը ազդվում են, դրանք, համաձայն իրենց բնության, ունեն ազդումներ ու ձգտումներ և հենց այդ ազդումներն են, որ որոշում ու պայմանավորում են տվյալ կերպ շարժվելու և վարվելու թե՛ իրերի, թե՛ մարդկանց պարտքը։ Անսպասելիորեն այս անկյան տակ պարտքն ու պարտականությունը ոչ թե հակառակ են մարդու նյութական իրականությանը, այլ՝ հատուկ են վերջինիս։ 

Ստորև ներկայացվող կտորը Բեքոնի` «Գիտության առաջմղումը» երկի այն հատվածից, է որտեղ հեղինակը բարձրաձայնում է փորձառական հիմքով նոր բարոյափիլիսոփայական գիտություն հիմնելու անհրաժեշտությունը։  

Հրապարակվում է առաջին անգամ, թարգմանությունը՝ Աշոտ Գրիգորյանի։ Թարգմանությունն ըստ՝ Francis Bacon, The Major Works, խմբ. Brian Vickers (Oxford: Oxford University, 2008), էջ 246։

 

Բարիքի բնությունը

Յուրաքանչյուր իրի մեջ դրված է բարիքի կրկնակի բնություն։ Մի կողմից, ամեն իր ինքն իր մեջ ամբողջություն է ու գոյական, մյուսը կողմից այն առավել մեծ մարմնի մաս է կամ անդամ։ Սրանցից վերջինն առավել բարձրակարգ ու արժեքավոր է, քանի որ ձգտում է ավելի ընդհանուր ձևի պահպանմանը։ Այսպես տեսնում ենք երկաթը մասնավոր համակրանքով (sympathy) շարժվում է դեպի ապրախիլը (lodestone), բայց եթե երկաթը գերեզանցում է որոշակի քանակը, այն մի կողմ է թողնում ապրախիլի հանդեպ ազդումն ու իբրև լավ հայրենասեր՝ շարժվում է դեպի Երկիր, որը ստվար մարմինների շրջանն ու հայրենիքն է։ Շարունակելով տեսնում ենք, որ ջուրն ու ստվար մարմինները շարժվում են դեպի երկրի կենտրոն, բայց բնության շարունակականության խզումը չհանդուրժելով՝ դրանք [փոխարենը] կշարժվեն երկրի կենտրոնից վեր՝ մի կողմ թողնելով երկրի հանդեպ իրենց պարտքը՝ հանուն աշխարհի հանդեպ պարտքի։ Բարու այս կրկնակի բնույթն ու դրա բաղդատականությունը, շատ ավելի դրոշմված է մարդու վրա, եթե նա ապականված չէ։ Վերջինիս համար պետք է հանրության հանդեպ պարտքի պահպանումն առավել թանկ լինի, քան կյանքի ու գոյության պահպանումը։