1846 թվականին նկարիչ Ստեփանոս Ներսիսյանը Պետերբուրգում մոտ տաս տարվա դեգերումներից հետո վերադառնում է կովկասահայության մշակութային կենտրոնը՝ Թիֆլիս։ Այս մասին լուր առնելով՝ Ներսիսյան դպրոցում իր պատանեկության ուսուցիչ, հայ լուսավորական անդրանիկ գործիչներից Ստեփանոս Նազարյանցը մի բարեկամական նամակ է հղում նախկին աշակերտին։ Երկու գործիչների մահից տարիներ անց՝ 1888 թվականին, Արձագանք թերթը հրապարակում է նամակը։
Ներկայացվողն այս հրապարակումն է, որտեղ թերթի առաջաբանի հեղինակը կարիք է զգացել պարզաբանելու իր ընթերցողին, թե ով է Ներսիսյանը։ Կարծես արձագանքելով Նազարյանցի՝ Ներսիսյանին տրված «զճարտարս գիտնապէս» բնորոշմանը՝ առաջաբանը շեշտում է, որ նա լավ տեղյակ էր իր արհեստին և կովկասահայերի մեջ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի առաջին շրջանավարտն էր։ Այս հանգամանքն է հիմք հանդիսացել մեզանում Ստեփանոս Ներսիսյանին դիտարկելու իբրև հայ արդի առաջին արհեստավարժ նկարիչը։
Ջերմ սիրով ու համախոհության զգացմամբ տոգորված Նազարյանցի նամակը միտված է վերականգնելու իր աշակերտի հետ ունեցած նամակագրական կապը։Այն միաժամանակ Ռուսական կայսրության հպատակ հայերի միջից «ուսումնականս և արուեստականս» արժանավոր անձանց ի մի բերելու և «’ի Ռուսաստանեայս հասարակութիւն կամ ընկերութիւն» հիմնադրելու Նազարյանցի ջանքերի ծիրում պետք է դիտել՝ իբրև մի տեսակ հրավեր գալիք այս ընկերության անդամակցության։ Ռուսահպատակ հայերի մշակութային արդիացման իր տեսլականի ետնախորքին արևելահայության լուսավորման գործի առաջամարտիկ Նազարյանցը շատ է կարևորում նկարչի մասնագիտական կրթությունը։Նամակի տոնն ակնհայտորեն հուշում է այն հարգանքը, որ ինքը տածում է նկարչի կրթության ու ստացած հմտության հանդեպ և նույնպիսի վերաբերմունքի ակնկալիքը, որ ունի թիֆլիսյան հասարակությունից։
Հրապարակվում է ըստ՝ «Ստեփաննոս Նազարեանցի մի նամակը», Արձագանք, 1888, թիվ 2, էջ 26-27:
Ստեփաննոս Նազարեանցի մի նամակը։
Մեր թղթերի մէջ գտնվում է հանգուցեալ Ստեփաննոս Նազարեանցի ձեռքով գրած մի նամակ, որ ուղղել է նա 1847 թուին Ղազան քաղաքից թիֆլիսաբնակ նկարիչ Ստեփաննոս Ներսիսեանին։ Վերջինս, որ սորանից մի քանի տարի առաջ վախճանեցաւ, շատերին ծանօթ էր իբրև լաւ տեղեակ իւր արհեստին և, որքան գիտեմ, առաջինն է եղած մեր Կովկասոց հայերից, որ ուսած է Պետերբուրգի Գեղարուեստից ճեմարանում։ Երիտասարդ նկարիչը մայրաքաղաքից նոր էր վերադարձել Թիֆլիս, երբ ստանում է հանգուցեալ Նազարեանցի յետագայ նամակը՝
Գիտնական և հմուտ Արուեստականի
Պարոն Ստեփաննոսի Ներսիսեան
Ողջո՛յն սիրոյ և յարգանաց
’Ի Ս. Նազարեանց։
Լուր եղև ինձ ’ի բանից մեծապատիւ վարժապետի Արարատեանց եթէ ’ի ժամուս գտանիք ’ի Տփղիս և ողջունէք զիս զողջոյն բարեկամական. զայս ընկալեալ սրտի բաղձանօք ողջունեմ զձեզ զանդրադարձն ողջոյն, և ցաւիմ ապաքէն՝ զի ժամանակս հարուստս չեղև մեզ տեղեկանալ որպիսութեան միմեանց. բայց այսմ պարտաւոր եմք երկոքին մեք միապէս, բայց ես քան զձեզ առաւել՝ զի ելեալ ’ի Պետերբուրքէ չառի ընդիս զհասցէն ձեր, և զի անդրէն դարձեալ ’ի Դօրպատայ ’ի Ս. Պետերբուրք՝ անտեղեակ միշտ մնացի զգործոց ձերոց խոյս տուեալ ’ի Ղազան. բայց այս ամենայն եղև յո՛չ կամայս, վասն զի շտապ տագնապի գործոց պաշտամանս բարձեալ յինէն զամենայն այդպիսեաց մտադրութիւն՝ անհնարաւոր զիս արարին մատչիլ ընդ ձեզ ’ի նամակախօսութիւն, որ ’ի ցանկալեացն էր ինձ միշտ իբրև ընդ առն արուեստականի և յազգէ մերմէ։ Ցանկամ դիտել՝ թէ յորմէ՞ հետէ կեայք ’ի Տփղիս, և ո՞ր է պաշտօն ձեր, արքունի՞ արդեօք՝ թէ՞ մասնաւոր, և ո՞ր յառաջադիմութիւն գործոց ճարտարութեան. կամ թէ սիրէ՞ արդեօք հասարակութիւն տփխիսեան և մեծարէ՞ զճարտարդ համազգի. զայնմ ամենայնէ գրել ինձ աղաչեմ, վասն զի՝ որպէս գիտէք քաջ, սիրեմ և պատուեմ յոյա ճարտարութիւն, նոյն ևս զճարտարս գիտնապէս, մանաւանդ եթէ այդպիսիք առ մեզ իցեն. բայց յայտնի է ձեզ՝ որպէս ճարտարութիւն, նոյնպէս և ուսմունք ամենայն՝ անգիտաց անպէտ են և միմիայն ’ի գիտնոց և յիմաստնոց ծանուցանել պատուասիրին։ Ո՛չ առանց խորհրդոյ զայսպիսիս խօսիմ ընդ պատուականիդ՝ այլ ցաւիմ՝ զի կոյր ազգ մեր ոչ կամի ճանաչող լինել արժանաւորութեան Հայկազնեայ առանց, և զոր ինչ ընդիս առնեն, ’ի հարկէ, և ընդ ձեզ առնել ոչ դանդաղեսցին։ Միմիայն ցանկութիւն էր իմ յաշխարհիս յայսմիկ, մինչդեռ չէին երեկոյացել աւուրքս կենացս և մինչդեռ խաղայր յերակունս իմ արիւն հայրենասիրական սրտի՝ հիմնարկել ուր և իցէ ’ի Ռուսաստանեայս հասարակութիւն կամ ընկերութիւն ինչ ուսումնական և հաւաքել անդանօր զամենայն արժանաւոր անձիս մերոյս ազգի ուսումնականս և արուեստականս միանգամայն և աշխատեցուցանել զնոսա յօգուտ և ’ի փառս Հայկազեան անուան, ոչինչ հոգացեալ՝ թէ կան առ մեզ եպիսկոպոսք և հայրապետք, իշխանք և իշխանապետք՝ որ ձեռս ’ի գոգս ամփոփեալ առնեն և ոչինչ յականաւորացն և յազնուականագունիցն։ Պաշտպանութիւն և մեծարանք՝ ասէ Կիկերոն՝սնուցանեն զարհեստն. ուր արժանիք պատուոյ չստանան քաջալերս ննջին …․[1]Թղթի մաշուելու պատճառաւ մի ամբողջ տող չէ կարդացվում։ և մեծարանօք վառեալ բորբոքին մարդիկ ’ի նախանձաւորութիւն այնոցիկ՝ որք լաւքն են և գեղեցիկ. բայց այսպիսիք անհասկանալի են տկար և հիւանդ մտաց մերայնոց։ Ազգ Հայոց չի՛ք, և որք մնան, չեն՝ բայց միայն տխուր աւերակք և կղկղանք բանագէտ Հայոց հայկական հնութեան։ Զմխիթարեանս ոչ դասեմ ընդ մեզ. զի նոքա ոչ մեզ վաստակին, այլ իւրեանց, և առնեն և արարին որչափ ինչ կարէ. բայց մեք ողորմելիքս զի՞նչ. լռեմ և լռեցից միշտ, ուր գործք մեր յայտնաբարբառ քարոզեն զանպիտանութիւն և զողորմելի վիճակ հայոցս՝ առ ’ի պակասութենէ բանագէտ հայրենասիրաց։ Եւ ուստի՞ հայրենասէրք, առողջամիտ և առատաձեռն հայրենասէրք՝ ուր չիք ուսումն, ուր չիք լուսաւորութիւն ոչ ’ի գիտութիւնս և ոչ յարուեստ, այլ յամենայն տեղիս խաւար թանձրամած։
Խնդրեմ գրել առիս զամենայն հանգամանաց ձերոց և մնալ միշտ ընդիս ’ի նամակախօսութեան. սիրեմ և պատուեմ զձեզ իբրև գիտուն արուեստական և ճարտար հայոցս ’ի Ռուսաստանեայս՝ և կամիմ զի ճանաչեցէք և դուք զիս իբրև բարեկամ և բարեացակամ որպէս քեզ նոյնպէս և սխրալի ճարտարութեանդ, իսկ եթէ տացէ Տէր՝ յուսամ և պաշտպան քեզ և քեզանմանեաց.
ո՛ղջ լեր
վասն արժանաւորաց քեզ
և քոյոյ հարազատի
Ս. Նազարեանց։
’Ի 11 յունիսի 1847
’ի Ղազան
Կամելով գրել առիս՝ կարես ստանալ
զհասցէն իմ ’ի պարոն Արկադեայ Արարատեանց։
Ծանոթագրություններ
↑1 Թղթի մաշուելու պատճառաւ մի ամբողջ տող չէ կարդացվում։