1888 թվականին նորաբաց Հնչակ թերթի հաջորդական համարներում Րաֆֆու մահվան առիթով հրատարակված հոդվածներում թերթի ակտիվ հեղինակներից, Z. ծածկանունով հանդես եկող հոդվածագիրը փորձում է Րաֆֆու գործունեությունը գնահատել ոչ այնքան գեղարվեստական, որքան քաղաքական անկյան տակ: Ընդարձակ նյութից վերահրատարակվող այս փոքրիկ հատվածում հոդվածագիրը Րաֆֆու ազգային ազատագրության պատկերացումներից քաղում է այն հիմնական կետերը, որոնք գործնականորեն համընկնում էին նոր-նոր ձևավորվող Հնչակյան կուսակցության ծրագրային մոտեցումներին:
Հեղինակի հայացքում Րաֆֆին ազգային ազատագրությունը պատրաստող այն հեղինակներից է, որի խոսքը կարող է գործի փոխվել` հայ երիտասարդության մեջ հայրենասիրության և ազատագրության զգացումներ արթանցնելով: Հոդվածագիրը չի անտեսում, որ Րաֆֆու գրականության մեջ բյուրեղացած և տարբեր կերպարների բերանով հնչող գաղափարներն ու կոչերը սերում են իրենց կյանքը տնօրինելու հնարավորությունից զրկված հայության կյանքի պայմաններից: Ազգային հեղափոխության գաղափարը կոնկրետ ժամանակի ու կոնկրետ պայմանների մեջ խմորված իրողություն համարելով` նա Րաֆֆուն հայության ձգտումները «հայրենասիրական խօսքի» մեջ բյուրեղացրած հեղինակ է նկատում:
Րաֆֆու և ժողովրդական ձգտումների միջև այս սերտ կապը նկատելով` հոդվածագիրը միևնույն ժամանակ ազդարարում է Րաֆֆու «շրջանի» ավարտը: Ըստ նրա, վիպասանի գործերով առաջ քաշված գաղափարները կարող են խոսել հայ երիտասարդության այն մասի հոգու հետ, ովքեր «լրջության», «անձնազոհության» ու հարազատ ժողովրդի հանդեպ անկեղծ սիրո զգացումներով տոգորված` պատրաստ կլինեն նվիրվել հայությանը ստրկության շղթաներից ազատագրելու սրբազան գործին: Նրա ըմբռնմամբ այս ճանապարհով «հայրենասիրական խօսքը» «կմիաւորվէ կենդանի գործի հետ»: Այս է պատճառը, որ թեև հոդվածի բուն շեշտադրումը Րաֆֆու գրական գործունեության գնահատումը չէ, բայց ստացվում է այնպես, որ Րաֆֆու ստեղծած գրական կերպարները հեղինակը ոչ թե ինքնամփոփ գեղարվեստական տիպեր է ըմբռնում, այլ ազգային հեղափոխության իդեալն իրենց մեջ բյուրեղացրած գործուն խառնվածքներ, որոնք իրենց մեջ խտացնելով ապրվող կյանքից եկող խնդիրները` միևնույն ժամանակ ուղենշում են դրանց քաղաքական լուծման ճանապարհները:
Րաֆֆուն նվիրված այս գրության առաջին մասը «Րաֆֆի» վերնագրով հրատարակվել է Հնչակ թերթի 1888 թվականի 6-րդ համարում (էջ 2-6), իսկ շարունակությունը` հաջորդ համարի «Տէռօրիզմ» վերտառությամբ առաջնորդող հոդվածում: Հրապարակվում է ըստ` Z., «Տէռօրիզմ», Հնչակ, 1888, թիվ 7, էջ 7-9:
Այսպէս՝ իբրև վնասակար, փթած ու անբարոյական տարր հայութեան վերածնութեան համար Րաֆֆին համարում է հայ դրամատէրներին, վաճառականներին, հայ կառավարչական պաշտօնեաներին «սկսեալ գիւղական չնչին մուլթէգիմից մինչև Բ. Դռան այն խոշոր ամիրաները» և վերջապէս հայ եկեղեցականներին: Դրանք բոլորը ժողովրդի մօլի հարստահարիչներն են, նրա ստրկութեան պաշտպանն ու յենարանն են: Դրանք ձեռք ձեռքի տուած թիւրք կառավարութեան հետ, գործակից են այս վերջինի բռնապետական գործողութիւններում, քաջալեր և մի և նոյն ժամանակ գործիք են նրա ձեռքին ի վնաս հայ ժողովրդի. դրանք հայ ժողովրդի մոլեգին թշնամիներն են:
Սակայն հայութեան մէջ որո՞նք են ժողովրդի բարեկամները, նրա պաշտպանը, նրա վիճակի բարելաւութեան վրայ մտածողը: Որո՞նք են կազմում այն ոյժը, որը կարող լինի պատրաստել և առաջացնել յեղափոխութիւնը, ժողովրդի փրկութեան այդ միակ միջոցը:
Երիտասարդութիւնը հայութեան մէջ այդ օգտակար տարրերից մէկն է, պատասխանում է Րաֆֆին: Բայց ո՛չ այն երիտասարդութիւնը, որին երիտասարդութիւն անունը տալ չենք կարող: Ո՛չ այն երիտասարդութիւնը, որ, ինչպէս ասում է Րաֆֆին, «մենք ունենք Կ. Պօլսում՝ մի քանի տգէտ և ամեն կրթութիւնից զուրկ զէվզէկներ որոնք ուրիշ ոչինչ չեն, եթէ ոչ շաղակրատ տիրացուներ»: Ո՛չ այն երիտասարդութիւնը, որը ոչ միայն շա՜տ հեռու է բարձր ձգտումներից, անձնուիրութեան զգացումից, գաղափարականից, իդէալից, այլ և ուղղակի կամ անուղղակի կերպով հակառակորդ, հալածող, թշնամի է վերոյիշած յատկութիւններին: Ո՛չ այն երիտասարդութիւնը, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար շռայլում է իր երիտասարդ ոյժերը բամբասանքի, նախանձի, անձնական հանգստի, անգործութեան, թմրութեան նախատելի ու դատապարտելի կրքերում: Ո՛չ այդ վաղահաս ծերունիները, այդ՝ ոչ միայն անպէտք, այլ և հասարակութեան համար վնասակար, հոգւով՝ ապականված վաշխառու, խելքով՝ կամ բորբոսնած եսամոլ զգացումներից և կամ մեծ գնտասեղի գլխի չափ՝ երիտասարդութիւնը,– ո՛չ, դրա վրայ չէ Րաֆֆին դրել իր յոյսը, դա չէ՛ նրա խօսած երիտասարդութիւնը և երիտասարդ ոյժը: Նրա կոչած երիտասարդութիւնը՝ Ասլանները, Կարօները, Վարդանները, Սալմաններն են, առաւել կամ պակաս զօրութեամբ օժտված հարուստ ու անարատ հոգւով, օժտված լրջութեամբ, անձնազոհութեան զգացումով, անկեղծ սիրով նուիրված հարազատ ժողովրդին և նրա գործին: Րաֆֆիի խօսածն այդ երիտասարդութիւնն է, որ վսեմ, սուրբ գործում կհանդիսանայ ժողովրդի քաջալերը, առաջնորդը և ընկերը:
Բայց երիտասարդութեան կից կայ և մէկ ուրիշ ոյժ, մէկ ուրիշ տարր, ժողովրդի վիճակի բարելաւութեան գործում նմանապէս օգտաւէտ ու գործունեայ, թէպէտ անմշակ: Այդ երկրորդ ոյժն ինքը ժողովուրդն է, ամբոխն է, որ երիտասարդութեան հետ միասին ընդունակ է յեղափոխական գործի ձեռնարկութիւնն աջողութեամբ պսակել:
«Թէ ի՞նչ հետևանք կունենայ մեր ձեռնարկութիւնը, ասում է Ասլանը, մենք այժմից նախագուշակել չենք կարող, միայն վստահ ենք նրա աջողութեան մէջ, որովհետև մենք հետևում ենք բնութեան ընդհանուր օրէնքներին: Թէ բնութեան մէջ և թէ մարդկային կեանքում ոչինչ բան առանց պատճառի չէ կատարվում: Մենք տեսնում ենք ամեն մի ճնշուած և սահմանափակված զօրութիւն որքան աւելի սեղմվում է, այնքան աւելի զարգանում է նրա մէջ ընդդիմահարութեան ուժը: Այնուհետև նա պիտի պայթի, նա պիտի խորտակէ իրան սահմանափակող պատուարը և իր բնական ազատ ծաւալականութեանը պիտի հետևէ: Ժողովուրդը, ամբոխը նոյնպէս մի զօրութիւն է: Նա երկար չէ կարող համբերել իրան ճնշող և ստրկացնող կոպիտ ձեռքին: Նա վերջապէս պիտի խլրտի, պիտի խորտակէ իր շղթաները և պիտի թօթափէ բռնակալի լուծը: Րօպէն հասել է… այս դրութեան մէջն է այժմ մեր ժողովուրդը»:
Խօսելով նրա մասին, որ հայ երիտասարդութիւնը փչացած, ապականուած է և չէ կարող իւրացնել բարձր ձգտումները, Ասլանը բացականչում է.– Այսուամենայնիւ, մենք բոլորովին յուսահատ չենք, մենք ունենք մի, թէև անմշակ, բայց մեծ զօրութիւն – ամբոխը – դա բաւական է…
Այսպէս, ժողովրդի ու հայրենիքի ազատութեան մեծ գործում օգտաւէտ, գործող այդ երկու տարրերն են, թարմ ու նորահաս երիտասարդութիւնն և ժողովուրդն, ամբոխը: Այդ երկու մեծ զօրութիւններն են միայն կարող, միավորվելով «խորտակել ստրկական շղթաները և թօթափել բռնակալի լուծը». հայութեան միւս տարրերից «ո՛չ մի բարիք ժողովրդին սպասել չէ կարելի»:
Բայց այդ անմշակ տարրը, ամբոխը, պէտք ունի առաջնորդի, որը «նրան այն շաւղի մէջ դնէր, նրան ուղղութիւն տար, որ ամբոխը վերջապէս հասկանար, թէ ո՜րքան վատ է օտարի կոպիտ ոյժի տակ ճնշված դրութիւնը, թէ ո՛րքան լաւ է սեպհական հողի վրա իր քրտինքով ազատ ապրելը»:
Րաֆֆին այդ առաջնորդին կոչում է դէպի գործ. կոչում է հայ ժողովրդի կեանքը հիմնել հասարակական հաստատուն պայմանների վրայ, որոնք տանէին նրան դէպի հանրական բարօրութիւն: Այդ առաջնորդը Րաֆֆիի ըղձած ու նկարագրած թարմ ու նորահաս երիտասարդութիւնն է, որի ուսուցիչն էր ինքը և որին նա օրինակ յայտնվեցաւ իբրև հայրենիքի ու ժողովրդի ազատութեան ջատագով և յեղափոխութեան նշանաւոր պրօպագանդիստ, պրօպագանդիստ-վիպասան, որի միակ իղձը, միակ երազը հետևեալն էր.
«Արդեօ՞ք գալու է մի օր ժամանակ
Տեսնել Մասիսի գլխին մի դրօշակ
Եւ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դէպ իրանց սիրուն հայրենիք»:
***
«Րօպէն հասել է… հայ ժողովուրդը երկար չէ կարող համբերել իրան ճնշող և ստրկացնող ձեռքին: Նա վերջապէս պիտի խլրտի, պիտի խորտակէ իր շղթաները և պիտի թօթափէ բռնակալի լուծը». նշանաւոր ուսուցչի այդ բացարձակ գոչիւնը, գիտութեան և ժողովուրդների պատմութեան վրայ հիմնված այդ մարգարէութիւնն արդեօք ե՞րբ պիտի իրականանայ: Արդեօք ե՞րբ մեր թարմ ու նորահաս երիտասարդութիւնը վեր կթռչէ, բարձր ոգով կազդուրված և, որպէս երիտասարդ արծիւ՝ լի զօրութեամբ ու էնէրգիայով, բաց կանէ իր հոգեկան ու մտաւոր թևերը հայրենիքի դաշտերի, լեռների, ջրերի, շէների, ժողովրդի վրայ, իբրև նրան պաշտպան ու ջատագով: Արդեօք ե՞րբ նա կիրագործէ իր ուսուցչի յոյսը, հայ հասարակութեան լաւագոյն մասի յոյսը, հայ ամբոխի, հայ ժողովրդային ընդհանրութեան յոյսը… Մենք ունեցել ենք և ունենք ազատութեան ու յեղափոխութեան գրաւոր պրօպագանդայի ժամանակը, այդ անհրաժեշտ պայմանը՝ մեծ, կենդանի գործից առաջ ծագող: Նոյն ինքը Րաֆֆին հայութեան ժամանակիս անհրաժեշտ արտադրութիւնն էր. նոյն ինքն անհրաժեշտ էր գործից առաջ, զինւորված տաղանտաւոր բարբառով ու մեծ խօսքով, որով զարկ տուեց ու առաջ տարաւ ժամանակը, մօտեցրաւ գործի օրւան: Բայց ե՞րբ կիրագործվէ այդ խօսքը. ե՞րբ կգայ այն ժամանակը, երբ կենդանի գործն ունենայ իր կենդանի զինւորներին, երբ Ասլանները, Կարօները, Սալմանները, Վարդաններն իսկապէս գոյութիւն ունենան մեր մէջ, մեծ գործում ձեռք ձեռքի տւած ամբոխի զաւակներին՝ Հայրապետներին, [անընթեռնելի]պօներին:
Հայ հասարակութեան մէջ պէտք է յայտնվեն այդպիսի անձեր և հաւանական է իրենց շատ սպասեցնել չը տան: Մեր ընդհանուր կեանքի բոլոր կերպերն այնչափ փթած են, մեր քաղաքական, տնտեսական, սօցիալական կացութեան կերպերն այնքան վնասակար ու խոչնդոտ են յայտնվում մեր բազմակողմանի զարգացման ու առաջադիմութեան համար, այնպիսի կործանիչ ու քայքայող ազդեցութիւն ունեն մեր ամբողջ էութեան վրայ, որ դրանց դէմ բողոքողներ կառաջանան և պէտք է առաջանան յեղափոխական գործունէութեամբ: Հայութեան ներկայ հասարակական պայմաններն կառաջացնեն այդպիսի անձեր, որոնք և լիովին կհանդիսանան արտայայտիչ հայ հասարակութեան ամենալաւ մասի, հասարակական բարձր ու բնական ձգտումների: Այդպիսիների յայտնվելովը լոկ հայրենասիրական խօսքի շրջանը կանցնէ, էլ առանձին ու մենակ չի մնալ և կմիաւորվէ կենդանի գործի հետ. այդ ժամանակը կսկսվէ բուն գործի շրջանը, ունենալով իրեն հետևեալ նշանաբանը. «Հպարտացիր, հպարտացիր, ո՛վ մարդ, քո վսեմ կոչումով. կեանքը գործել է նշանակում, իսկ գործելը պատերազմ է. յաղթի՛ր եսականութիւնը, զոհի՛ր ամեն բան բարեկամի, հայրենիքի, մարդկութեան բարօրութեան համար: Առանց պատերազմի չկայ ծառայութիւն, առանց ծառայութեան չկայ վարձադրութիւն, իսկ չգործելը կեանք չէ»:
Ամեն բան, ամեն երևոյթ, ամեն իրարանցում հայոց կեանքում զգացնել է տալիս նոր օրուայ առաւօտեան օդի թարմութիւնը, նոր օրուայ արշալոյսի մօտ լինելը և հայ ժողովրդի բարօրութեան վրայ անկեղծ մտածողի սիրտը դողով բաբախում է և գործի ծարաւ է զգում, այն մեծ օրուայ գալուստը զգալով: Մինչև այժմ մեծ խօսքի օրն էր: Իսկ ե՞րբ կգայ գործի օրը: Նա հեռու չէ… «րօպէն հասե՛լ է»…