1920-ականների վերջին ստալինյան քաղաքականությունների հաստատումը Հայաստանում տեղի էր ունենում նախընթաց քաղաքական ավանդույթի՝ ազգային կոմունիզմի ոչնչացմամբ: Ազգային կոմունիստները 1920-ականների առաջին տարիներին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ստանձնած այն գործիչներն էին, որոնց մեծ մասը (ինչպես Ալեքսանդր Մյասնիկյանը, Սարգիս Լուկաշինը, Ֆլորա Վարդանյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը և այլք) մեծամասնական կուսակցություն էին անցել ազգային կուսակցություններից: Ներհակ այս կապը նշանակում էր, որ ստալինիզմի հաստատումը ոչ միայն մոռացման ու ջնջման էր ենթարկում իր անմիջական անցյալը՝ ազգային կոմունիզմի ավանդույթը, այլև, ի դեմս դրա, այն քաղաքական մտքի ավանդույթը, որն իրենց մեջ անձնապես կրում էին ազգային կոմունիստները:
Ստորև ներկայացվող վավերագիրը Հայաստանի Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի հետահայաց դատողություններն են Հայաստանում խորհրդային կարգեր հաստատած մեծամասնականների ու նրանց հետագա ճակատագրի մասին: Քաղաքական ու գաղափարական հակառակորդի դիրքից Վրացյանի գնահատմամբ մեծամասնականները «պատմութեան առջեւ յանցաւոր» էին: Միաժամանակ, սակայն, արդեն ստալինիզմի փորձառությունից հետո տրված Վրացյանի գնահատականներում երևան է գալիս ազգային կոմունիստներին ստալինյան քաղաքականությունից անջատ տեսնելու Վրացյանի մոտեցումը: Վրացյանը թվարկում է ստալինյան բռնաճնշումներին զոհ գնացած կոմունիստ գործիչների ու մտավորականության մի ամբողջ ցանկ: Ինքնին բնորոշ է, որ անձնապես ստալինիզմը չփորձառած դաշնակցականի համար առանց տարբերակման ստալինիզմի զոհ են թե՛ ազգային կոմունիստները (ինչպես Սարգիս Լուկաշինը), թե՛ 1920-ականների վերջին քաղաքականապես նրանց ոչնչացրած ստալինիստ քաղաքական գործիչները, որոնք իրենց հերթին ստալինիզմի զոհ դարձան 1930-ականներին (ինչպես Հայկազ Կոստանյանը): Այնուամենայնիվ, ակնհայտը Վրացյանի համար ստալինիզմի ու ազգային կոմունիստների տարբերությունն էր: Իսկ այդ տարբերության պատճառը ազգային կոմունիստների ու հենց իրենց՝ դաշնակցականների միջև եղած կապերն էր: Պատահական չէ, որ Վրացյանը հիշատակում է ազգային կոմունիստներին ուղղված ստալինյան քաղաքական մեղադրանքները՝ «ազգայնական» ու «դաշնակ»: Ի վերջո, Վրացյանի հուշը երևան է բերում ստալինիզմով մոռացության տրված ազգային կուսակցությունների ու ազգային կոմունիզմի միջև առկա ներհակ, բայց կենդանի ժառանգորդական կապերը. ազգային կոմունիստները դուրս էին եկել ազգային կուսակցություններից, նրանք «դաշնակամիտ համայնավարներ» էին:
Հրապարակվում է ըստ՝ Ս. Վրացեան, Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ (երկրորդ տպագրութիւն) (Պէյրութ: Տպ. «Համազգային» ընկերութեան, 1953), էջ 194-197:
***
Այո՛, մինչեւ այժմ յայտնի փաստերից կարելի է վճռական կերպով եզրակացնել, թէ հայ բոլշեւիկները չկարողացան լուծել Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերուող կենսական հարցերը։ Պատմութեան առջեւ նրանք յանցաւոր են։ Ապագայ սերունդները չեն ների նրանց, որ Հայաստանի պատմութեան բախտորոշ օրերին, երբ իրագործւում էին հայութեան դարաւոր իղձերը, նրանք դաւաճանեցին ազգային իդէալներին և միացան օտար ուժերին՝ դաւադրաբար՝ խորտակելու համար երկարատեւ պայքարի և անհաշիւ զոհերի գնով ձեռք բերուած ազատութիւնը։
Գո՞հ են հայ բոլշեւիկները իրենց գործից։ Հանգի՞ստ է նրանց խիղճը։ Չեմ կարծում։
Եթէ լինէին գոհ և խղճով հանգիստ, ապա, ուրեմն, ինչո՞վ բացատրել այն փաստը, որ նրանք այնքա՜ն զոհեր տուին Ստալինեան արիւնռուշտ Մողոքին, որին ուխտել էին հաւատարմօրէն ծառայել։
Հայաստանն ու հայ ժողովրդին այրելուց յետոյ համաշխարհային յեղափոխութեան հրդեհում, հայ բոլշեւիկները իրենք էլ այրուեցին նոյն այդ հրդեհից։
Ո՞ւր են այժմ Հայաստանի դէմ դաւող, ռուսական կարմիր բանակին ապաւինած, օտար սուինների օգնութեամբ Հայաստանի իշխանութեան տիրացած հայ բոլշեւիկները։ Ի՞նչ եղաւ նրանց ճակատագիրը։ Յիշենք միայն մի քանի անուններ մեծերից.
Հայաստանի մի տասնեակ տարիների բռնատէր Աղասի Խանջեան — գնդակահարուած։
Գաղափարական հին բոլշեւիկ, Հայաստանի վարչապետ Սահակ Տէր Գաբրիէլեան — սպանուած բանտում։
Սարգիս Սրապիոնեան-Լուկաշին, ամենից տաղանդաւորը և գաղափարականը հայ բոլշեւիկների մէջ, Հայաստանի վարչապետ — սպանուած բանտում։
Աղեքսանդր Բէգզատեան՝ Հայաստանի Յեղկոմի արտաքին գործավարը և Խորհրդ. Միութեան դեսպան — անհետացած։
Արամայիս Երզնկեան՝ Երեւանի քաղաքագլուխ և նախարար — գնդակահարուած։
Աբրահամ Գուլոյեան՝ Հայաստանի վարչապետ — գնդակահարուած։
Հայաստանի կարմիր բանակի պետ՝ Յ. Ադոյեան — գնդակահարուած։
Հայաստանի ներկայացուցիչ Պոլսում՝ գրագէտ Պօղոս Մակինցեան — գնդակահարուած։
«Խորհրդային Հայաստան» պաշտօնաթերթի խմբագիր՝ Եղիա Չուբար — գնդակահարուած:
Նշանաւոր «Մենք ամենայն հայոց կառավարութիւն չենք» խօսքի հեղինակ, նախարար Եսայեան — գնդակահարուած։
ՀՕԿ-ի նախագահ՝ Գրիգոր Վարդանեան — գնդակահարուած։
Հայաստանի ներկայացուցիչ Փարիզում՝ Սիմ. Փիրումեան — գնդակահարուած։
Աւիս Նուրիջանեան՝ Հայաստանի Յեղկոմի չար ոգին — գնդակահարուած։
Հայաստանի Կենտգործկոմի նախագահ Ա. Անանեան — անհետ կորած։
Յայտնի բոլշեւիկ Հայկ Ազատեան — անհետ կորած։
Լուսաւորութեան գործավար Ա. Եղիազարեան — սպանուած։
Հայկոմկուսի քարտուղար Հ. Կոստանեան — հաշուեյարդարի ենթարկուած։
Հայ բոլշեւիկ Ստ. Բաղդասարեան — գնդակահարուած։
Լենինի զինակից, գաղափարական հին բոլշեւիկ Արշաւիր Մելիքեան — աքսորուած Հայաստանից, անյայտ։
Անհետացած Ս. Մարտիկեան, Բ. Ներսիսեան, Գ. Հանէսօղլեան։ Չեկայի պետեր Մելիք Յովսէփեան, Ամատունի, Մուղդուսի և բազում ուրիշներ։
Սրանք միայն քաղաքական գործիչներ են՝ մէկ փոքրիկ մասը հարիւրաւոր պատժուածներից։ Իսկ ինչքա՜ն է թիւը մտաւորական, գրական դէմքերի, որոնք սպանուել են կամ անհետ կորել — Եղիշէ Չարենց, Ակսէլ Բակունց, Գուրգէն Մահարի, Վահան Թոթովենց, Ալազան, Վաղարշակ Նորենց, Մ. Դարբինեան, Զապէլ Եսայեան, Սուրխաթեան, Ջանան, Սիմոն Յակոբեան, պատմաբան Բորեան. ճարտարապետներ Մ. Մազմանեան, Գ. Քոջար, քննադատներ Գ. Վանանդեցի, Թէրզիպաշեան, Ն. Դաբաղեան, Ը. Վահանեան և շատ ուրիշներ։
Հապա՞ բազմահազար այն համայնավարները, որոնց անունները գիտէ միայն Աստուած — և մէկ էլ Բերիան — անյայտութեան մէջ կորած Սիբիրի սառնամանիքներում, աքսորուած զանազան «թեքումների» յանցանքով։
Չափազանց ծանր եղաւ հայ բոլշեւիկների հատուցումը իրենց մոսկովեան տէրերին մատուցած ծառայութեանց փոխարէն…
Ի՞նչ է պատճառը այս ամենի։
Պատճառը այն է, որ հայ բոլշեւիկներն էլ, ի վերջոյ, հայ են։ Ապրելով Հայաստանում, տեսնելով և իրենց կաշիի վրայ զգալով բոլոր այն անիրաւութիւնները և վատութիւնները, որ Մոսկուան գործում էր Հայաստանի նկատմամբ՝ հայ բոլշեւիկի մէջ էլ զարթնում է ազգային խիղճը և մղում նրան ընդդիմութեան կենտրոնի անիրաւ իշխանութեան դէմ։ Հետեւանքը — անխնայ պատիժ «ազգայնական» կամ «դաշնակ» ամբաստանութեամբ։ Մոսկուան շատ լաւ գիտի, որ Հայաստանի հողից միայն «դաշնակ» կարող է բուսնել և, ինչպէս դիցաբանական Կռոնոսը լափում էր իր զաւակներին, անխնայ ու հետեւողական կերպով բնաջնջում է դաշնակամիտ համայնավարներին։
Բայց միայն Մոսկուայի հատուցումով հարցը չի փակուի։ Կայ և պատմութեան հատուցումը։ Ու նաեւ հայ ժողովրդի հատուցումը։ Եւ յուսանք՝ տասնեակ տարիներով, բոլշեւիկեան մուրճի և թրքական սալի միջեւ ճզմւած, անհուն անիրաւութեանց ու տառապանքների մատնուած բազմաչարչար Հայաստանի ու հայ ժողովրդի հատուցումը կը լինի արդար և անողոք։
Այո՛, արդա՛ր և անողոք։