Ներածություն
Ինչպիսի՞ն է հայաստանյան իրականությունը: Թվում է, այս հարցադրումն անխուսափելի է, եթե մեզ հետաքրքրում է հայաստանյան իրականության պայմաններում գործադրվող քաղաքականությունների բնույթը, դրանց գործադրության չափն ու ձևը: Սակայն այս հարցին դժվար թե հնարավոր լինի պատասխանել, եթե հետամուտ չլինենք պարզելու, թե ինչ քաղաքականության արդյունք են ինքնին իրականությունը հասկանալու մեր ձևերը: Ուրեմն, եթե փորձում ենք հասկանալ հայաստանյան իրականությունը, անխուսափելիորեն պետք է փորձ անենք հասկանալ հայաստանյան քաղաքական մտքի պատմությունը:
Հայաստանյան պատմությունն ու պատմագիտությունը, սակայն, իրենց առանձնահատկությունն ունեն: Դրանք իրենց կայացման կոնկրետ շրջանում ուղիղ կերպով քաղաքականացվել են: Այդ բեկումնային շրջանը 1920-ականների երկրորդ կեսն էր, երբ ստալինիզմի հաստատմամբ ստալինացվեց նաև պատմությունն ու պատմագիտությունը:[1]Պետք է նշել, որ ստալինիզմի հաստատմամբ պատմության ու պատմագիտության ստալինացումը միայն Հայաստանի փորձը չէ: Այդ գործընթացը 1920-ականների երկրորդ կեսին խորհրդային երկրի կենտրոնում՝ Ռուսաստանում կատարվող քաղաքական այն բեկումների ուղիղ հետևանքն էր, որոնք չշրջանցեցին խորհրդային երկրներից և ոչ մեկին: Մասնավորապես Հայաստանի պատմության ու պատմագիտության ստալինացման վավերացումներից է, օրինակ, 1928-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահության ընդունած «Հակախորհրդային գաղափարախոսության (դաշնակցական, մենշևիկյան, … կարդալ ավելին Այս կերպ, հայաստանյան իրականության մասին բարձրացված մեր հարցը դառնում է պատմականորեն կոնկրետ. ինչպե՞ս է հաստատվել ստալինյան քաղաքականությունը, հայաստանյան իրականության ի՞նչ պատմություն է ժառանգել մեզ ստալինիզմը:[2]Ինքնագիտակից պատմաբանական նման մոտեցման արդյունք պետք է համարել Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի գործունեությունը: Ինստիտուտի հրատարակություններից, օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), Միսաք Խոստիկյան, Դավիթ փիլիսոփան (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2020), Նորա Ն. Ներսեսյան, Որբաքաղաքը. նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ», Ալեքսանդրապոլ/Լենինական, 1919-1931 (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2018) գրքերը տարբեր … կարդալ ավելին Սակայն գործ ունենալ ստալինիզմի հետ նշանակում է գործ ունենալ մի քաղաքականության հետ, որը 1920-ականների երկրորդ կեսին հաստատվում էր նախընթաց քաղաքական մտքի ավանդույթի վերացման ու դրա պատմության «ջնջման» գնով: Հայաստանյան իրականության պատմության ուսումնասիրումն այդ կերպ դառնում է առերեսում ոչ միայն ստալինիզմի, այլև քաղաքական ու պատմագիտական այն ավանդույթի հետ, որից մեզ զրկել է ստալինիզմը:
Հայաստանում ազգային կոմունիզմն էր այն ավանդույթը, որի դեմ պայքարում և որի հաղթահարմամբ տասնամյակի երկրորդ կեսին հաստատվեց ստալինյան քաղաքականությունը: Ո՞վքեր էին ազգային կոմունիստները: Նրանց մեծ մասն ազգային կուսակցություններից դեպի մեծամասնական կուսակցություն անցած այն հայ գործիչներն էին (ինչպես Ալեքսանդր Մյասնիկյանը, Սարգիս Լուկաշինը, Ֆլորա Վարդանյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը և այլք), որոնք 1920-ականների առաջին տարիներին ստանձնեցին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը:[3]Հայ քաղաքական գործիչների ազգային կուսակցություններից դեպի կոմունիզմ անցման քննարկումը տե՛ս, օրինակ, Վարդան Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն». Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը», ըստ՝ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը, էջ 567-709; Վահագն Հակոբյան, «Ալ. Մյասնիկյանի հասարակական-քաղաքական գործունեության ազգային-«սպեցիֆիկյան» շրջանը (1901-1917)», Բանբեր Հայաստանի արխիվների, 2007, թիվ 1-2, էջ 167-176: 1920-ականներին ազգային կոմունիստների գործունեությունը հայաստանյան քաղաքական մտքի պատմության մեջ հատուկ կետ է այն պարզ պատճառով, որ մի կողմից կապված է նախընթաց շրջանի ազգային կուսակցությունների պատմության հետ, մյուս կողմից այդ գործունեությունն առերեսել է ստալինիզմի հաստատումը: Այս կապերը, սակայն, նշանակում են, որ ստալինիզմի հաստատումը ոչ միայն մոռացման ու ջնջման էր ենթարկելու իր անմիջական անցյալը՝ ազգային կոմունիզմի ավանդույթը, այլև, ի դեմս դրա, այն քաղաքական մտքի ավանդույթը, որն իրենց մեջ անձնապես կրում էին ազգային կոմունիստները: Մեծ հաշվով, ուրեմն, պետք է ընդունել պատմական այն փաստը, որ այն, ինչ մենք գիտենք ստալինիզմին նախորդած քաղաքական մտքի մեր պատմության, ազգային կուսակցությունների ու ազգային կոմունիզմի միջև կապերի պատմության մասին, մի զգալի մասով հենց այդ պատմությունն աղճատած ստալինիզմի պատմությունն է:
Ինչպե՞ս է, ուրեմն, հնարավոր շրջանցել ստալինիզմը քաղաքական մտքի մեր ջնջված պատմությունն իմանալու, հայաստանյան իրականության հետ քաղաքականապես հարաբերման մեր պատմական նախաստալինյան փորձին հասու դառնալու համար: Այս հարցի պատասխանը հստակ է. անհնար է շրջանցել ստալինիզմը: Հայաստանյան քաղաքական մտքի պատմությանը հասու լինելու միակ ձևը, թվում է, այդ պատմությունը հասկանալն է՝ անցնելով ստալինիզմի միջով. մի ձեռնարկ, որը հաջողելու քիչ հնարավորություններից մեկը պետք է կապել Աշոտ Հովհաննիսյանի ու նրա պատմաքաղաքական ժառանգության հետ:[4]Աշոտ Հովհաննիսյանին ու նրա պատմաքաղաքական ժառանգությունը վերագնահատելու գործում առանցքային կարևորություն ունի 2016-ին լույս տեսած Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»», ըստ՝ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը, էջ 567-709: Այն հրատարակվել է իբրև Հովհաննիսյանի ավարտաճառի վերահրատարակությունը համալրող հետազոտություն: Իրականում, սակայն, Ազատյանի ուսումնասիրությունը, առանցքում պահելով Հովհաննիսյանի ավարտաճառը, վեր է հանում վերջինիս պատմաքաղաքականության կայացման բարդ … կարդալ ավելին
Հովհաննիսյանն ու Դաշնակցություն կուսակցության գնահատման հարցը
Ստալինիզմի հաստատման ու հայաստանյան քաղաքական մտքի պատմության ջնջման ու աղճատման գինն անձնապես ազգային կոմունիստների ոչնչացումն էր: 1920-ականներին Խորհրդային Հայաստանի լուսավորության առաջին կոմիսար, ապա Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Աշոտ Հովհանիսյանը 1937-ին ենթարկվեց բռնաճնշումների ու աքսորվեց:[5]1937-ին Հովհաննիսյանին առաջադրված մեղադրականը տե՛ս Համլետ Միրզոյան, Հայաստանի խորհրդային տիրակալները. Գևորգ Ալիխանյանից մինչև Սուրեն Հարությունյան (Երևան: ՎՄՎ-պրինտ, 2013), էջ 24-25: Հովհաննիսյանը, սակայն, վերապրեց ստալինյան աքսորը. այսօր արդեն նրա ողջ մնալն ու շարունակած աշխատանքը ստալինիզմի միջով նախաստալինյան հայաստանյան իրականությանը հասու դառնալու ճանապարհն են բացում: Հովհաննիսյանի գործունեությունը սկիզբ է առել 19-րդ դարի վերջին ու անցել հայ քաղաքական մտքի ընթացքը բյուրեղացնող հանգրվաններով (Դաշնակցություն, սպեցիֆիզմ, կոմունիզմ): Նա ապրել է Հայաստանի Առաջին, ապա խորհրդային հանրապետությունների հաջորդման պատմական շրջանը, եղել Խորհրդային Հայաստանի հիմնադիր գործիչներից, փորձառել ստալինիզմն ու ստալինյան աքսորը, վերապրել ստալինիզմն ու գործել հետստալինյան՝ խրուշչովյան ձնհալի ու բրեժնևյան լճացման շրջանների խորհրդային երկրում: Հովհաննիսյանն այս կերպ խտացնում է հայաստանյան քաղաքական մտքի ավանդույթն ու այդ ավանդույթի մոռացման պատմությունը, ուրեմն և, հնարավորություն տալիս իրենով բացահայտել թե՛ այդ ավանդույթը, թե՛ դրա մոռացումը:
Հովհաննիսյանի արժեքը, սակայն, չի սահմանափակվում իրենով՝ իբրև պատմական մի դեմք: Հովհաննիսյանի կարևորությունն է, որ ինքը միաժամանակ նույն այդ ավանդույթի ուսումնասիրողն էր, հայաստանյան արդի քաղաքական մտքի պատմաբանը: Բայց լինել հայ արդի քաղաքական մտքի պատմաբան Հովհաննիսյանի դեպքում նշանակում էր զբաղվել ինքնահետազոտմամբ, պատմականացնել ոչ միայն անցյալը՝ իբրև ներկայից հստակորեն տարանջատված մի ժամանակափուլ, այլ պատմականացնել ներկան: Ներկայի պատմականացումն է, որ թույլ չի տալիս ներկան ըմբռնել իբրև ժամանակը մոռացության մատնող այժմեականություն, այլ ժամանակի մեջ անընդհատ կայացող մի ընթացք. կայացում, որտեղ թե՛ պատմական անցյալ ժամանակը, թե՛ պատմական գալիքը կենդանի ներկայություն են ձեռք բերում հենց ներկայում:[6]Պատահական չէ, որ 1920-ականներին Հովհաննիսյանին մեծապես զբաղեցնում էր Հայաստանի խորհրդայնացման պատմությունը գրելու հարցը, այսինքն՝ իր իսկ ներկայի պատմականացումը: Տե՛ս, օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը (Յերեվան: Պետհրատ, 1923); Աշոտ Հովհաննիսյան, «Նվաճում, թէ՞ հեղափոխություն», Խորհրդային Հայաստան, 29 սեպտեմբերի 1923 թ.; Աշոտ Հովհաննիսյան, «Համազգային կրիզիսը». Նոյեմբերյան հեղափոխության հինգերորդ տարեդարձի առթիվ (Յերեվան: Պետհրատ, 1926): Հովհաննիսյանի պատմաբանության մեջ ժամանակի ըմբռնման մասին տե՛ս Ազատյան, … կարդալ ավելին
Հովհաննիսյանի 1920-ականների թե՛ քաղաքականությունը, թե՛ պատմագիտությունը ներհակ կերպով կապված է եղել իր դաշնակցական ու սպեցիֆիկյան անցյալի հետ:[7]Հովհաննիսյանի դաշնակցական նախկին հարումների ու Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությանը (պեցիֆիզմին) անդամակցելու պատմությունն է բացահայտում Վարդան Ազատյանն իր հետազոտության մեջ: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 569-609: Նոր՝ խորհրդային Հայաստանի քաղաքական ղեկավարման համար պատասխանատու առաջին դեմքերից մեկը լինելով՝ Հովհաննիսյանը միաժամանակ պատմաբանի իր օրակարգով «ռեվիզիայի [էր] յենթարկում» հայ ազատագրական շարժումը՝ հին Հայաստանի անցյալը:[8]Աշոտ Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով (Մոսկվա: Հրատարակություն հեղինակի, 1929), էջ 11: 1923-ին իր խմբագրությամբ հրապարակվող Նորք հանդեսում Հովհաննիսյանը գրում էր. «Նոյեմբերյան հեղափոխությունը նոր Հայաստանի կազմակերպման առաջին գործողությունը չեր միայն, այլ և հնի կազմալուծման վերջին արարը»: Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը», Նորք, 1923, թիվ 2, էջ 98 Հովհաննիսյանի համար հին ու նոր Հայաստանների կազմակերպման ու կազմալուծման գործողությունը զուտ քաղաքական գործողություն չէր, դա ներկայում հայ ազատագրական շարժման ու դրա վերաքննման պատմաբանական գործողությունն էր միաժամանակ:
Հովհաննիսյանի 1920-ականների գործունեությունն ինքնին նշում էր քաղաքականության ու պատմաբանության այս անքակտելիությունը: Պատահակա՞ն է, ուրեմն, որ 1920-ականներին Հովհաննիսյանի թե՛ պատմաբանության, թե՛ քաղաքականության առանցքում հայտնվեց Դաշնակցություն կուսակցության հարցը: Այսօր այս հարցին հնարավոր չէ պատասխանել՝ մնալով հայաստանյան պատմագիտության սահմաններում: Հայաստանյան պատմաբանության մեջ Հովհաննիսյանի գործունեությունը կա՛մ համարվում է զուտ քաղաքական ու հռետորաբանական, կա՛մ լայն իմաստով տեղավորվում է իր պատմաբանական ժառանգության ուղեծրում:[9]Օրինակ՝ ըստ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հրապարակած մի նյութի՝ Հովհաննիսյանը «հակահայ» գործունեություն ծավալած մեծամասնականների շարքում է: Նույն՝ քաղաքական մակարդակում, բայց իբրև «հայրենասեր ու գիտակ» գործիչ է Հովհաննիսյանին համարում Արամ Մանուկյանը: Հակառակ քաղաքական գնահատականների՝ Հովհաննիսյանի պատմաբանական ժառանգությունը գնահատելու փորձ է ձեռնարկում Նորայր Սարուխանյանը: Տե՛ս ««Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը՝ արագացնել Հայաստանի պարտությունը». 1920 թ. սեպտեմբեր», https://shorturl.at/abdPR, այց՝ 24 դեկտեմբերի 2023 թ.; Արամ … կարդալ ավելին Արդյո՞ք, սակայն, չպետք է մտածել այն ուղղությամբ, որ ստալինիզմի հետևանք է հենց այն, որ մենք ի վիճակի չենք ո՛չ Հովհաննիսյանի, ո՛չ նրա պատմաքաղաքականության մեջ երևացող մեր անցյալը տեսնել իր բարդությամբ հանդերձ, առանց այն պարզեցնելու: Թվում է, եթե մեր այդ անկարողությանը լուրջ վերաբերվենք գուցե հնարավորություն կունենանք բացահայտել մեր այն ժառանգությունը, որը պատմաքննական մոտեցմամբ քաղաքականապես հարաբերվել է մեր իրականության հետ: Հովհաննիսյանի՝ Դաշնակցության շուրջ պատմաքաղաքական գործունեությունն այս ժառանգության մի գիծն է բացում: Դաշնակցության պատմաքաղաքական «ռեվիզիան» գործնական ու տեսական մակարդակում բյուրեղացնում էր հին ու նոր Հայաստանների կազմավորման ու կազմալուծման գործողությունը: Ուրեմն, Դաշնակցության պատմաքննական վերաքննումը հայաստանյան իրականության վերաքննումն էր:
1920-ականների ողջ ընթացքում Դաշնակցություն կուսակցության հարցը, մասնավորապես դրա գնահատման հարցը՝ իբրև «մանրբուրժուական» կուսակցություն, Հովհաննիսյանի պատմաքաղաքականության առանցքում էր:[10]Տե՛ս, օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», Նորք, 1923, թիվ 3, էջ 162-185; «Ընկ. Աշոտ Հովհաննիսյանի զեկուցումը դաշնակցության ներկա քաղաքականության մասին», Խորհրդային Հայաստան, 4 հոկտեմբերի 1923 թ.; «Ընկ. Աշոտ Հովհաննիսյանի զեկուցումը. դաշնակցության ընթացիկ մտայնությունը», Բանվոր, 10 նոյեմբերի 1923 թ.; Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով; Աշոտ Հովհաննիսյան, «Դաշնակցության սոցիալական ծագումը», Նորք, 1927, թիվ 1, էջ 149-174։ Քաղաքականապես հայաստանյան իրականության գնահատման շուրջ 1920-ականներին ծավալված պայքարը համընկնում էր Դաշնակցություն կուսակցությանը տրվող գնահատականի համար պայքարին: Հովհաննիսյանի պատմաբանական հայացքում թե՛ դաշնակցականները, թե՛ իրենք՝ հայ մեծամասնական գործիչները պատկանում էին միևնույն իրականությանը: Այս հիմնարար ելակետն էր պայմանավորում հանգամանքը, որ դրանց միջև առկա էին ժառանգորդական կապեր. ազգային կոմունիստները ելած էին ազգային կուսակցություններից: Հետևաբար գնահատել Դաշնակցությունը նշանակում էր գնահատել այն իրականությունը, որի ծնունդն էր Դաշնակցությունը և որին պատկանում էին իրենք՝ ազգային կոմունիստները:[11]Ուշագրավ է այս իմաստով Վարդան Ազատյանի՝ Հովհաննիսյանի հեղափոխականության ու ժառանգված ավանդույթի հետ հարաբերման մասին դիտարկումը. «Հեղափոխականն այդքան դյուրությամբ չի ընդունում ժառանգվածը, որպեսզի պարզապես հակադրվի վերջինիս. նա նույն այդ ժառանգությունը բացահայտում է նորից՝ իբրև մեկը, ով սերում է նրանից, ինչը փոխում է»: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 637: Այդ իրականությունը հասկանալու ընթացքն, ուրեմն, Հովհաննիսյանի համար արտաքին գործողություն չէր: Դաշնակցության ու դաշնակցականների՝ իբրև քաղաքական առաջնակարգ թշնամու հետ խոսակցությունը ներքին խոսակցություն էր, հայաստանյան քաղաքական միտքն իր ծավալման ներհակ ընթացքի մեջ տեսնելու գործողություն:
Հովհաննիսյանի Դաշնակցության մանրբուրժուականության տեսությունը տանում էր դեպի հայաստանյան մանրբուրժուական իրականությունը: Ո՞րն էր այդ մանրբուրժուական իրականությունը. դա քաղաքային և գյուղական մանր սեփականատերերի, մանր վաճառականի, քաղաքի ու գյուղի մտավորականության, արհեստավորի ու գյուղացու իրականությունն էր: Այդ իրականությունից էր, որ ծնունդ էր առել Դաշնակցությունը:[12]Հաճախ առանց մարքսիստական գնահատողական ձևակերպումների դաշնակցականներն իրենք էլ բնութագրում էին իրենց գործունեության ասպարեզ դարձած իրականությունն ու հասարակական այն խավերին, որոնց հետ կապված էր կուսակցության գործունեությունը: Օրինակ, Գառնիկ Գյուզալյանն իր Հայ քաղաքական մտքի զարգացումը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը (Փարիզ: Հրատ. Հ. Յ. Դաշնակցութեան, 1927) գրքում գրում էր. «Սկզբից և եթ հայկական ազատագրական շարժումը վարակում է ռամկավար տարրերին – գիւղացիներին, արհեստաւորին, մանր վաճառականին….: Հայ հարուստը միշտ հեռու մնաց մեր քաղաքական … կարդալ ավելին Պարզ է, ուրեմն, թե ինչու էր Հովհաննիսյանը հետևողականորեն պաշտպանում Դաշնակցությունը՝ իբրև մանր բուրժուազայի կուսակցություն գնահատելու դիրքորոշումը: Համարել Դաշնակցությունը բուրժուական, այսինքն՝ խոշոր արդյունաբերական կապիտալիստների կուսակցություն կնշանակեր կտրել Դաշնակցությունը ժողովրդական խավերի մանրսեփականատիրական հատվածից, կտրել ապրվող կյանքից ու իրականությունից: Հակառակը՝ պաշտպանել Դաշնակցության մանրբուրժուականության տեսությունը, նշանակում էր տեղայնացնել կուսակցությունը, տեսնել Դաշնակցությունն իրեն ծնած իրականության հետ կապի մեջ: Ուրեմն, եթե Դաշնակցությունը գնահատվեր իբրև բուրժուական կուսակցություն, այն կդադարեր լիներ տեղային, չէր նշի իրեն ծնունդ տված տեղի իրականության սոցիալական առանձնահատուկ բնույթը: Այս կերպ, Դաշնակցության քաղաքական գնահատականը միաժամանակ բացահայտում էր հայաստանյան իրականության մանրբուրժուական բնույթը: Քանի դեռ Դաշնակցությունն իր սոցիալական ծագմամբ գնահատվում էր իբրև մանրբուրժուական, խորհրդային քաղաքականությունը Հայաստանում պետք է հաշվի նստեր հայաստանյան իրականությանը հատուկ մանրսեփականատիրական բնույթի հետ:
Վարկաբեկված պատմությունից անդին
Խոսակցություն բացել հայաստանյան իրականության Հովհաննիսյանի վերլուծության ու դրան տրված գնահատականի մասին առանց վերապահումների ու ճշգրտումների այսօր հնարավոր չէ: Դրա պարզ պատճառն այն է, որ թե՛ Հովհաննիսյանը, թե՛ հայաստանյան իրականության իր տեսությունը մեծապես վարկաբեկված խորհրդային երկրի ու խորհրդային մարքսիստական պատմաբանության մաս են: Երկրորդ՝ Հովհաննիսյանն իր տեսությունն առաջ է քաշել մի պետության գոյության պայմաններում, որը 30-ից ավել տարի այլևս գոյություն չունի:[13]Ինչպես հետևողականորեն ցույց է տալիս Վարդան Ազատյանը Հովհաննիսյանը «մասնագիտությամբ պատմագետ առաջին մարքսիստ պատմաբաններից է ընդհանրապես»: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 671: Խորհրդային մարքսիստական պատմաբանությունը, սակայն, ենթակա ստալինացման քաղաքականություններին, հետահայաց հավասարապես վարկաբեկված է այսօր որքան և խորհրդային երկրի պատմությունը: Ազատյանի հետազոտությունն այս իմաստով առանցքային է հայ քաղաքական ու պատմագիտական մտքի պատմության մեջ մարքսիստական ավանդույթը վերաբացահայտելու խնդրում: Նշանակում է, ուրեմն, որ բաց հարց է՝ արդյո՞ք եթե խորհրդային պետությունը գոյություն չունի, ուրեմն, համարժեքորեն այդ տեսությունը ևս մեզ համար արժեք չի կարող ներկայացնել: Այս հարցը մի իմաստով արդեն ելնում է կանխադրույթից, որ քաղաքական կարգերի փոփոխությունների հետ արմատապես փոփոխվել է այն իրականությունը, որտեղ վերջիններս կայացել են: Իսկ գուցե՞ հարցին պետք է մոտենալ հակառակ կողմից. պետք է հասկանալ այն իրականությունը, որտեղ կայացել են այդ քաղաքականությունները, որպեսզի հնարավոր լինի հասկանալ դրանց անկայունությունն ու քայքայումը, լինի դա Առաջին հանրապետությունը, Խորհրդային Հայաստանը, թե մեր 30-ամյա պետությունը, որ կանգնած է ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առջև: Հարցի նման վերաձևակերպման պարագայում է, որ Հովհաննիսյանի հայաստանյան իրականության տեսությունն իր ողջ խորհրդային բառապաշարով հանդերձ դառնում է կարևոր: Կարևոր է դառնում այն պատճառով, որ իրականությունը քաղաքական կոնկրետ օրակարգի ներսից երևալով հանդերձ, այդ քաղաքական օրակարգի գործադրման հնարավորությունը կամ անհնարինությունը բացահայտում է հայաստանյան իրականության ու դրա պատմական կայացման հետ հարաբերության մեջ: Այս պարագայում է, որ Հովհաննիսյանի առաջ քաշած տեսության կապակցությամբ քաղաքական հարցը հառնում է պատմաբանական իր ողջ հրատապությամբ. ինչպիսի՞ն է հայաստանյան իրականությունը:
Այսօր մեզ քիչ բան է ասում այն, որ Հովհաննիսյանը հայաստանյան իրականությունը բնորոշել է նախևառաջ իբրև մանրբուրժուական: Այս տերմինաբանության պատմատեսական ասպեկտը բացահայտելու կարևորությունը հասկանալով հանդերձ՝ այն չենք դարձրել մեր հետազոտության առանցքային խնդիրը: Սա մեծապես պայմանավորված է նաև հենց Հովհաննիսյանի՝ հետազոտական նյութի հետ հարաբերվելու մեթոդաբանությամբ: Հովհաննիսյանն առանձին տեսական մեկնաբանություն չունի մանրբուրժուականության կամ քաղքենիության մասին: Հովհաննիսյանի պարագայում ըստ էության դրանք բացահայտվում են հետազոտական նյութի ծավալման ընթացքում և ոչ տեսական ու գործնական հատվածների բաժանման մեթոդով:[14]Դեռ 1922-ի իր հոդվածներից մեկում Հովհաննիսյանը հստակ ձևակերպում էր, թե գիտության ու իրականության ինչ նոր կապ էր առաջադրել Հոկտեմբերյան հեղափոխությունը. «Մենք նույնացնում ենք մի գիտական սինթեզի մեջ գիտության անմիջականությունը գործնական խնդիրների հետ և տալիս ավելի ձիգ միություն…. Հոկտեմբերը ձուլեց գիտությունը կյանքի մեջ…. Հոկտեմբերը խորհրդանիշն ե գիտության և կարիքի միության և համադրության»: Տե՛ս Աշ. Հովհ., «Կուլտուրա յեվ Հոկտեմբեր», Խորհրդային Հայաստան, 7 նոյեմբերի 1922 թ.: Հովհաննիսյանն այս մոտեցումն առաջադրում էր ելնելով Մարքսից: … կարդալ ավելին Գործուն պատմագիտության այս ըմբռնումն էական է Հովհաննիսյանի առաջ քաշած հայաստանյան իրականության ու դրանից ծնված կուսակցության՝ Դաշնակցության մանրբուրժուականությունը հասկանալու համար:[15]«Գործուն պատմագիտություն» է ձևակերպում Հովհաննիսյանի պատմագիտությունը Վարդան Ազատյանը: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 667: Այս կերպ, առանց տեսական վերադրումների հետազոտական նյութի ծավալմամբ փորձել ենք հավատարիմ մնալ Հովհաննիսյանի մեթոդաբանությանն ու կիրառվող հասկացությունների իմաստները հասկանալի դարձնել հետազոտական նյութի ներսից:
ՆԷՊ-ի կամ Հովհաննիսյանի Լենինը
Հովհաննիսյանի պատմաքաղաքականության տեսաբանական հենակետերն ու տերմինաբանությունը մարքսիստական են: Ըստ մարքսյան սահմանման՝ մանր բարժուազիան «անցումային դասակարգ» է, որտեղ հատվում ու «լղոզվում» են կապիտալիստական հասարակության հիմնական դասակարգերի՝ բուրժուազիայի և պրոլետարիատի շահերը:[16]Տե՛ս «Petite bourgeoisie», Oxford Reference, https://shorturl.at/opsF9, այց՝ 25 դեկտեմբերի 2023 թ.: Մանր բուրժուազիայի շահերն ու սոցիալական դիրքն ըստ այդմ ևս այս երկու դասակարգերի միջև են։[17]Հմմտ. Կարլ Մարքս, Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը (Յերեվան։ Պետհրատ, 1931); Annette Leppert-Fögen, Die deklassierte Klasse: Studien zur Geschichte und Ideologie des Kleinbürgertums (Frankfurt: Fischer, 1974), էջ 39-70։ Մանր-բուրժուական տնտեսական խավի «տատանվող» բնույթի շուրջ ավելի ժամանակակից քննարկումներումների համար տե՛ս, օրինակ, Geoffrey Crossick, Hienz-Gerhard Haupt, «Introduction: Shopkeepers, master artisans and the historian: the petite bourgeoisie in comparative focus», ըստ՝ Geoffrey Crossick, Hienz-Gerhard Haupt (խմբ.), Shopkeepers and Master Artisans in Nineteenth-Century Europe (London, New York։ Methuen, 1984), էջ 3-10; Geoffrey Crossick, Hienz-Gerhard Haupt, «Introduction», ըստ՝ Geoffrey Crossick, Hienz-Gerhard Haupt (խմբ.), The Petite Bourgeoisie in Europe 1780-1914: Enterprise, … կարդալ ավելին Մանր բուրժուազիայի այս միջանկյալ, «տատանվող» դիրքը վճռական նշանակություն ձեռք բերեց 1920-ականների սկզբին խորհրդային երկրում Լենինի որդեգրած ներքին քաղաքականության համար: Իր հերթին Հովհաննիսյանը 1920-ականներին մանրբուրժուականության խնդրին անդրադառնալիս մեծապես ելնում էր լենինյան դրույթներից: Նոր տնտեսական քաղաքականության (ՆԷՊ) ներդրման տարիներին Լենինը գրում էր.
Մեր գյուղն այս ժամանակամիջոցին ավելի յե մանր-բուրժուական դարձել: Սա ինքնուրույն դասակարգ ե, այն դասակարգը, վոր կալվածատերերի, կապիտալիստների վոչնչացումից, անհետանալուց հետո, մնում ե միակ դասակարգը, վոր ընդունակ ե դիմադրելու պրոլետարիատին (ընդգծումը՝ Ա. Հ.):[18]Լենինի երկերից մեջբերումները տալիս ենք ըստ Հովհաննիսյանի թարգմանության: Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Մեր հեռանկարները յեվ լենինիզմը (Երևան: Պետհրատ, 1926), էջ 50: Տեքստից հետագա մեջբերումները` տողամիջում:
Առանցքայինն, ինչում Հովհաննիսյանը միանշանակ հետևում էր Լենինին, մանր բուրժուազիայի դիմադրության ուժի բնույթի ձևակերպումն էր: Լենինը նշում էր. «Դուք գիտեք թե ինչ ե այդ ուժն իր քաղաքական տրամադրության տեսակետից: Դա-«տատանման ուժն ե»» (ընդգծումը՝ Ա. Հ.) (էջ 51): 1920-ականներին՝ Նոր տնտեսական քաղաքականության շրջանում սոցիալիզմի համար տնտեսական պայքարի պայմաններում մանր բուրժուազիան և մասնավորապես միջակ գյուղացիությունը տատանվում էր զարգացման սոցիալիստական և կապիտալիստական ուղիների միջև: Ի՞նչն էր, սակայն, որ գյուղացուն քաղաքականապես դարձնում էր «տատանվող»: Հարցի պատասխանը Լենինը տալիս էր ելնելով հենց գյուղացու նկարագրից.
Գյուղացու մեջ ապրում ե տնտեսատիրոջ բնազդը, յեթե վոչ այսորվա, գեթ վաղվա տնտեսատիրոջ: Այդ տնտեսատիրական, մասնատիրական բնազդը վանում ե գյուղացուն պրոլետարիատից, ծնում ե գյուղացու մեջ պատրանք ու ձգտում՝ մարդ դառնալ, բուրժուա դառնալ, մեկուսանալ ամբողջ հասարակությունից իր հողաբաժնի վրա, իր ինչպես չարաբար ասել ե Մարքսը՝ թրքակույտի վրա (էջ 57):
Լենինի այս դիրքորոշումը գյուղացիության հարցում առանցքային էր գլխավորապես գյուղացիական խորհրդային երկրների ողջ քաղաքական կուրսը որոշելու հարցում: Պարզ ասած, Լենինի տված գնահատականը զգուշացնում էր գյուղացիությանը անմեղացնելու, նրա սեփականատիրական բնույթը հաշվի չառնելու վտանգների մասին. «Գյուղացիները սոցիալիստներ չեն: Կառուցել մեր սոցիալիստական պլաններն այնպես, վոր ասես թե գյուղացին սոցիալիստ լինի,-նշանակում ե կառուցել ավազի վրա, նշանակում ե չը հասկանալ մեր խնդիրները» (էջ 57):
Լենինի ըմբռնմամբ սա նշանակում էր համաչափություն չպահել մեծամասնականների քաղաքական ծրագրերի ու այն «վողորմելի իրականության» միջև, որտեղ այդ ծրագրերը գործադրվում էին (էջ 57): Քաղաքականապես գնահատել գյուղացիության սոցիալական վիճակը, ուրեմն, նշանակում էր սահմանել քաղաքական ծրագրերի ու իրականության միջև կոնկրետ հարաբերություն, քաղաքականություն գործադրելիս հաշվի առնել իրական պայմանները:[19]Լենինի նախազգուշացումն այս մասին ուղենշում էր ՆԷՊ-ի քաղաքական օրակարգը. «Մեր նպատակն ե վերականգնել զոդումը, գործերով ապացուցել գյուղացուն, վոր մենք սկսում ենք նրանից, ինչ հասկանալի յե նրան, ծանոթ ե նրան և մատչելի՝ չնայած իր աղքատ վիճակին և վոչ թե սկսել գյուղացու համար ինչ վոր հեռավոր, ֆանտաստիկ բաներից,-ապացուցել, վոր մենք կարողանում ենք ոգնել նրան, վոր կոմունիստները քայքայված, աղքատացած, սոսկալի սովահար մանր գյուղացու ծանր վիճակում՝ նրան հիմա գործով ոգնում են: Կամ այդ մենք կապացուցենք, կամ նա մեզ դուրս կը վռնդի» (էջ 58):
Հովհաննիսյանի համար մանր բուրժուազիայի ու հատկապես գյուղացիության խնդրի լենինյան ըմբռնումը որոշում էր խորհրդային քաղաքականության սոցիալական բովանդակությունը. «Հասարակական վո՞ր ուժն ե, վորի դեմ կենտրոնացնում ենք այսոր մեր պայքարը սոցիալիզմի ճանապարհին: Անկասկած մանր բուրժուազիան, մանրբուրժուական տարերքը: Այդ ուժն ե, վոր պետք ե հաղթահարենք, այդ ուժն ե, վոր պետք ե մտցնենք մեր շինարարության ուղիների մեջ» (էջ 62-63): Այդ կազմակերպչական աշխատանքը Հովհաննիսյանը համարում էր միակ միջոցը, որով պետք է հաղթահարվեր «մանր-բուրժուական տարերքը». Հովհաննիսյանի ձևակերպմամբ՝ ««խաղաղ» մարտադաշտ», որտեղ փոխադրվում էր ՆԷՊ-ի շրջանում մեծամասնականների պայքարի ծանրությունը (էջ 63):
Հայ մանրբուրժուականության կուսակցության՝ Դաշնակցության քաղաքական տատանումներն, ուրեմն, հենց մանր բուրժուազիայի տատանումներն էին: Հովհաննիսյանը հետահայաց այդ տատանումների ուղեգծով էր տեսնում Դաշնակցության անցյալը.
Դաշնակցությունը վորպես մանր բուրժուազիայի կուսակցություն անցյալում՝ գտնվել ե շարունակ կովկասահայ առևտրական, ավելի ուշ՝ արդյունաբերական-ֆինանսական բուրժուազիայի ազդեցության, նրա գաղափարական գերիշխանության ներքո: Մանր-բուրժուական միջավայրում Դաշնակցությունը հանդես ե յեկել վորպես նրա բուրժուական որիենտացիայի կուսակցություն:[20]Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով, էջ 23: Ըստ Հովհաննիսյանի՝ մեծամասնականները Դաշնակցությունը համարել են գիտակից գործիք խոշոր առևտրա-արդյունաբերական բուրժուազիայի և դրան հովանավորող իմպերիալիստական ուժերի ձեռքին. «Չժխտելով Դաշնակցության մանր-բուրժուական ծագումը, նրա մանր-բուրժուական անցյալը, բայլշևիկներն այս իմաստով ե, վոր կովկասահայ մարտական բուրժուազիայի կուսակցություն են համարել Դաշնակցությունը»: Տե՛ս Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով, էջ 24:
Ստալինյան իրականությունը
Հովհաննիսյանի՝ Դաշնակցության մանրբուրժուականության տեսության արժեքը հատկապես սկսեց երևալ 1920-ականների երկորդ կեսին նույն այդ տեսության դեմ բարձրացված քննադատական ալիքի շրջանակում: 1928-ին քննադատներից մեկին արձագանքելով Հովհաննիսյանը գրում էր.
Անգիտանալով մարքսիզմի ուսմունքը մանր-բուրժուազիայի մասին, Դաշնակցության մասին, իմ ասածը ջրելու համար՝ նա հարկադրված ե ժխտել միաժամանակ կովկասահայ մանր բուրժուազիայի հանրածանոթ անցյալը, իդեալականացնել մանր-բուրժուազիան ու նրա անցյալը հրամցնել վորպես արատներից զերծ մի պատմություն:[21]Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով, էջ 27:
1928-ին մանր բուրժուազիայի իդեալականացման, այն իբրև դասակարգ անմեղացնելու այս դիրքորոշումը ստալինյան դիրքորոշումն էր: 1920-ականների սկզբին անժամկետ ներդրված ՆԷՊ-ի քաղաքականությունն այլ բան չէր, քան միջին խավերին՝ մանր բուրժուազիային ու մասնավորապես գյուղացիությանը սիրաշահելու, նրա տատանումները մեղմելու ու դեպի պրոլետարիատ հակելու քաղաքականություն: Լենինյան գծի մեծամասնականների համար երկրի ներսում երկրորդ հեղափոխությունը բացառված էր. հնարավոր չէր վերացնել գյուղացիությունն իբրև դասակարգ՝ հանուն քաղաքական իշխանության անսասանության:[22]Ստալինիզմի հաստատումից առաջ՝ դեռ 1925-ին Հովհաննիսյանը երկրորդ հեղափոխության մասին գրում էր. «Խոսք չի կարող լինել այստեղ և նոր, յերկրորդ հեղափոխության մասին: Մեր դասակարգային պայքարը բուրժուական ներքին տարերքի դեմ գնալու յե տնտեսական մեր շինարարության գծով, տնտեսական մեր քաղաքականության գծով»: Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Մեր պայքարը, նվաճումները յեվ անելիքը (Յերեվան: Պետական հրատարակչություն, 1928), էջ 8: Լենինի մահից հետո, սակայն, այս դիրքորոշումը սկսեց սասանվել: 1920-ականների երկրորդ կեսին կուսակցության ներսում իշխանության համար պայքարն ի վերջո պետք է ավարտվեր Ստալինի հաղթանակով: 1928-ին ստալինյան առաջին հնգամյակով մեկնարկած տնտեսության արդյունաբերականացումն ու կոլեկտիվացումը միաժամանակ ազդարարում էին ՆԷՊ-ի ավարտը:[23]Տե՛ս, օրինակ, Sheila Fitzpatrick, Stalin’s Pesants: Resisitance and Survival in the Russian Village After Collectivization (New York, Oxford: Oxford University Press, 1994), էջ 48-79; Moshe Lewin, Russian Peasants and Soviet Power: A Study of Collectivization (New York: W. W. Norton and Company, 1975), էջ 214-513; Jonathan Daly, Hammer, Sickle, and Soil: The soviet Drive to Collectivize Agriculture (Stanford: Hoover Institution Press, 2017); Maurice Hindus, Red Bread: Collectivization in a Russian Village (Bloomington, Indianapolis: Indiana University Press, 1988): Քաղաքական, տնտեսական այս շրջադարձը նշանակում էր, որ Միության մասշտաբով որդեգրված ստալինյան նոր կուրսը հավակնում էր «վերևից հեղափոխություն» իրականացնել: Դրա նպատակն էր չեզոքացնել գյուղացիության, մանր բուրժուազիայի «տատանումները», իսկ դրա գինը վերացնելն էր գյուղացիությունն իբրև դասակարգ: 1929-ին «Մեծ բեկման տարին» հոդվածում Ստալինը կոլեկտիվացման մասնակի ու փոքր նվաճումների հիման վրա եկավ այն ընդհանուր եզրակացության, թե իբր «միջակ գյուղացիությունը» շրջվել է կոլտնտեսությունների կողմը:[24]Иосиф Сталин, Сочинения, հ. 12 (Москва: Государственное издательство политической литературы, 1952), էջ 124: Նույն 1929-ին մարքսիստ ագրարագետների կոնֆերանսում ՆԷՊ-ի մասին Ստալինը մասնավորապես նշեց. «Եթե մենք ՆԷՊ-ի կողմնակից ենք, ապա այն պատճառով, որ այն ծառայում է սոցիալիզմի գործին: Իսկ երբ այն դադարի ծառայել սոցիալիզմի գործին, մենք այն գրողի ծոցը կնետենք» (բնագիրը՝ ռուսերեն):[25]Сталин, Сочинения, հ. 12, էջ 171: Ստալինի համար այդ ժամանակն արդեն եկել էր: Համամիութենական կոմունիստական կուսակցության Կենտկոմի 1929 թ. նոյեմբերյան պլենումը, ստալինյան մոտեցմանը համապատասխան, արձանագրեց, թե «կոլեկտիվիստական շինարարության արդյունքներն ի հայտ են բերում գյուղատնտեսության արտադրական ուժերի աճի վիթխարի հնարավորություններ», թե «կոլխոզային շարժումն արդեն առանձին շրջանների առջև դնում է համատարած կոլեկտիվացման խնդիր»:[26]Коммунистическая партия Советского Союза в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, հ. 5 (Москва: Издательство политической литературы, 1984), էջ 29, 31: Այսպես ազդարարվում էր «գյուղատնտեսության սոցիալիստական վերափոխման նոր պատմական էտապը» (բնագիրը՝ ռուսերեն):[27]КПСС в резолюциях, էջ 31:
Գյուղացիությանն իբրև դասակարգի քաղաքական վերացումը ստալինիզմը կատարում էր իդեոլոգիապես այն իդեալականացնելով: Իսկ իդեալականացնել հնարավոր էր միայն հերքելով մանր բուրժուազիայի ու հատկապես գյուղացիության «տատանվող» բնույթը, որը քաղաքական իրական վտանգ էր պարունակում: Քաղաքական վտանգի կանխումը ստալինիզմը վճռեց ոչ թե ՆԷՊ-ի ուղենշած տնտեսական պայքարով, այլ վերևից քաղաքական ուժի ուղիղ կիրառմամբ: Գյուղացիության դեմ հայտարարված քաղաքական այս կռիվը բացահայտ է դարձնում, թե ինչու 1928-ին Կոմունիստական կուսակցությունը պաշտոնապես Դաշնակցության ծագումը մանրբուրժուականի փոխարեն հռչակեց բուրժուական: Դաշնակցության բուրժուական բնույթի հռչակումը, նրան մանր սեփականատիրական իրականությունից կտրելն էր, որ թույլ էր տալիս միաժամանակ անմեղացնել գյուղացիությանը, այն դիտարկել իբրև գլխավորապես աշխատավորական տարր: Մյուս կողմից Դաշնակցությունը՝ որպես խոշոր բուրժուական կապիտալի մարտնչող կուսակցություն հայտարարելը մեծացնում, ուռճացնում էր Դաշնակցության ուժը: Այն դառնում էր «հայ իրականության հակահեղափոխական կուսակցություններից ամենաազդեցիկն ու ամենավտանգավորը»՝ թույլ տալով արդարացնել քաղաքական ուժի ուղիղ ու կոպիտ գործադրությունը (ընդգծումը՝ բնագրի):[28]ՀԱԱ, ֆ. 1, ց. 8, գ. 8, թ. 161:
1920-ականներն այս անկյան տակ դիտված կնճռոտ մի շրջափուլ են հայաստանյան պատմության մեջ, երբ իրապես բեկվում էր մեր երկրի իրականությունը:[29]Վարդան Ազատյանն, օրինակ, բացահայտելով 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայ երիտասարդության բարդ ու հակասալից գաղափարական հենքը պայմանավորած իրականությունը, միաժամանակ նշում է, թե «ստալինացման արդյունքում, բախումներով ու ներթափանցումներով լի այս շարժուն մթնոլորտը պետք է հետահայաց «մաքրվեր» ու անշարժացվեր, որպեսզի հարիր լիներ ինքն իրեն երիցս մաքուր հռչակած կուսակցական ղեկավար գծին»: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 588: Հովհաննիսյանի համար Դաշնակցությունը խորհրդային երկրի իրական քաղաքական թշնամին էր, բառի ուղիղ իմաստով, քանի որ այն հայաստանյան իրականության կուսակցությունն էր: Ստալինիզմի համար քաղաքական հրահանգի ուժով իրականությունը ենթակա էր վերափոխման, իսկ Դաշնակցությունը կուսակցություն էր, որը չէր ճանաչում տեղ ու պայման:
Սույն հետազոտությամբ փորձ ենք արել քայլ անել դեպի մեզ մեր իրականությանը հասու լինելու հնարավորությունից զրկելու պատմական կոնկրետ դրվագի: Այս ուղղությամբ գնալն է, որ հնարավորություն է տալիս բացահայտել հայաստանյան իրականության հանդեպ քաղաքական տարբեր դիրքավորումները (դաշնակցական, ազգային կոմունիստական, ստալինյան): Բայց ինչը թերևս առավել կարևոր է թվում, հայաստանյան իրականության գնահատման շուրջ 1920-ականներին ծավալված պայքարը թույլ է տալիս բացահայտել քաղաքական տարբեր օրակարգերի միջև բարդ, համընկնող ու տարամիտվող այն կապերը, որոնք այսօր մեզ գրեթե հայտնի չեն: Այլ կերպ ասած, բացահայտել այդ կապերը նշանակում է փորձ անել հասկանալ հայաստանյան իրականության պատմությունը, հասկանալ հայաստանյան իրականությանը տրված այն գնահատականը, որի ժառանգն ենք մենք այսօր: Ի վերջո, ստալինիզմի հաստատումը նշանավորեց ոչ միայն հայաստանյան իրականության մանրբուրժուական գնահատականի մոռացումը: Ստալինիզմի հաստատումը մոռացության տվեց նաև 1920-ականների բարդ ու բեկբեկումներով ծավալված քաղաքական այն պայքարը, որը մեր քաղաքական մտքի պատմության բեկումնային կետերից է: Այս կերպ, 1920-ականներին հայաստանյան իրականությունը գնահատելու շուրջ ծավալված կռիվը բացահայտելու փորձը միաժամանակ մարտահրավեր է հարաբերվելու հայաստանյան քաղաքական մտքի պատմության հետ՝ իր բարդությամբ հանդերձ:
Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ
Սույն հետազոտության թեման ինձ վստահելու և հետազոտական աշխատանքի ընթացքում ուղղորդելու համար շնորհակալ եմ Մշակույթ և արդիականացում ծրագրի ղեկավար Վարդան Ազատյանին: Շնորհակալ եմ ծրագրի մասնակիցներ Աշոտ Գրիգորյանին, Նարե Սահակյանին, Սիրանուշ Դվոյանին, Լուսին Շաբոյանին, որոնց գիտական ու ընկերական աջակցությունը մեծապես նպաստել է հետազոտության կայացմանը: Առանձնակի շնորհակալ եմ ծրագրի համակարգող Լիաննա Աղամյանին, որի աշխատանքը հնարավոր է դարձրել նախագծի իրականացման բնականոն ընթացքը: Շնորհակալ եմ ընտանիքիս ինձ մշտապես սատարելու համար:
Ծանոթագրություններ
↑1 | Պետք է նշել, որ ստալինիզմի հաստատմամբ պատմության ու պատմագիտության ստալինացումը միայն Հայաստանի փորձը չէ: Այդ գործընթացը 1920-ականների երկրորդ կեսին խորհրդային երկրի կենտրոնում՝ Ռուսաստանում կատարվող քաղաքական այն բեկումների ուղիղ հետևանքն էր, որոնք չշրջանցեցին խորհրդային երկրներից և ոչ մեկին: Մասնավորապես Հայաստանի պատմության ու պատմագիտության ստալինացման վավերացումներից է, օրինակ, 1928-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահության ընդունած «Հակախորհրդային գաղափարախոսության (դաշնակցական, մենշևիկյան, սպեցիֆիկյան և այլն) դեմ պայքարի ճակատում աշխատանքի ուժեղացման առաջարկությունները» (բնագիրը՝ ռուսերեն): Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆոնդ 1, ցուցակ 8, գործ 16, թթ. 12-13: Դրանց մեջ առանձին մի կետ նշում էր. «Ուշադրություն դարձնել Գիտության և արվեստի ինստիտուտին՝ հարմարեցնելով պատմա-գրական բաժանմունքի աշխատանքը հակախորհրդային և հակակոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի խնդիրներին»: Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 8, գ. 16, թ. 12: |
---|---|
↑2 | Ինքնագիտակից պատմաբանական նման մոտեցման արդյունք պետք է համարել Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի գործունեությունը: Ինստիտուտի հրատարակություններից, օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), Միսաք Խոստիկյան, Դավիթ փիլիսոփան (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2020), Նորա Ն. Ներսեսյան, Որբաքաղաքը. նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ», Ալեքսանդրապոլ/Լենինական, 1919-1931 (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2018) գրքերը տարբեր անկյուններից վեր են հանում ստալինիզմով ջնջված հայ արդի պատմության ու գիտության մեր ավանդույթը: Ստալինիզմի ջնջած պատմության վերաբացահայտման ուղղությամբ են տարվել նաև Հովհաննիսյան ինստիտուտի Հայկական արդիություններ նախագծի շրջանակում իրականացրած մեր հետազոտությունները: Տե՛ս Իրինա Շահնազարյան, Հարատևող հնի և հավակնոտ նորի միջև. կենցաղի ու արվեստի արդիականացման փորձը 1920-ականների առաջին կեսին (2021), https://shorturl.at/hknKV, այց՝ 24 դեկտեմբերի 2023 թ.; Իրինա Շահնազարյան, «Մաքրության» քաղաքականությունը. ստալինյան մշակութային հեղափոխությունը 1920-ականների երկրորդ կեսին (2022), https://shorturl.at/abevw, այց՝ 24 դեկտեմբերի 2023 թ.: Տե՛ս նաև նախագծի շրջանակում իրականացված Աննա Գալստյանի Ադո Ադոյանի որբական կոմունիզմը (2021) հետազոտությունը (https://shorturl.at/iAIY5, այց՝ 24 դեկտեմբերի 2023 թ.): Ստալինիզմի փորձառությունը քննելու ձեռնարկներից տե՛ս նաև Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի վերջին տարիներին լույս տեսած հատորները՝ Հրանուշ Խառատյան, Գայանե Շագոյան, Հարություն Մարության, Լևոն Աբրահամյան, Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա (Երևան: Գիտություն, 2015) և Տիգրան Սարգսյան, Չմատնող կանայք. 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ) (Երևան: ՀԲՀ և ՀԱԻ հրատ., 2022): Տե՛ս նաև Վլադիմիր Ղազախեցյանի 1937-ը Հայաստանում (Երևան: Զանգակ, 2005) մենագրությունը: |
↑3 | Հայ քաղաքական գործիչների ազգային կուսակցություններից դեպի կոմունիզմ անցման քննարկումը տե՛ս, օրինակ, Վարդան Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն». Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը», ըստ՝ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը, էջ 567-709; Վահագն Հակոբյան, «Ալ. Մյասնիկյանի հասարակական-քաղաքական գործունեության ազգային-«սպեցիֆիկյան» շրջանը (1901-1917)», Բանբեր Հայաստանի արխիվների, 2007, թիվ 1-2, էջ 167-176: |
↑4 | Աշոտ Հովհաննիսյանին ու նրա պատմաքաղաքական ժառանգությունը վերագնահատելու գործում առանցքային կարևորություն ունի 2016-ին լույս տեսած Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»», ըստ՝ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը, էջ 567-709: Այն հրատարակվել է իբրև Հովհաննիսյանի ավարտաճառի վերահրատարակությունը համալրող հետազոտություն: Իրականում, սակայն, Ազատյանի ուսումնասիրությունը, առանցքում պահելով Հովհաննիսյանի ավարտաճառը, վեր է հանում վերջինիս պատմաքաղաքականության կայացման բարդ հյուսվածքներն ու դրանց նույնքան բարդ հետագիծը հայ պատմագիտական ու քաղաքական պատմության մեջ: Հովհաննիսյանի պատմագիտական ժառանգությունն իր գործունեության մեջ կարևորում էր նաև Նորայր Սարուխանյանը, որը Պատմության ինստիտուտում եղել է Հովհաննիսյանի ասպիրանտներից: Տե՛ս Նորայր Սարուխանյան, Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական ժառանգությունը (Երևան: Պատմության ինստիտուտ, 2015); Նորայր Սարուխանյան, Մտորումներ և հուշեր ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի մասին (Երևան: Գիտություն, 2012): Պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանը պատրաստել է Հովհաննիսյանին առնչվող արխիվային փաստաթղթերի ժողովածու, որը դեռևս մնում է անտիպ: |
↑5 | 1937-ին Հովհաննիսյանին առաջադրված մեղադրականը տե՛ս Համլետ Միրզոյան, Հայաստանի խորհրդային տիրակալները. Գևորգ Ալիխանյանից մինչև Սուրեն Հարությունյան (Երևան: ՎՄՎ-պրինտ, 2013), էջ 24-25: |
↑6 | Պատահական չէ, որ 1920-ականներին Հովհաննիսյանին մեծապես զբաղեցնում էր Հայաստանի խորհրդայնացման պատմությունը գրելու հարցը, այսինքն՝ իր իսկ ներկայի պատմականացումը: Տե՛ս, օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը (Յերեվան: Պետհրատ, 1923); Աշոտ Հովհաննիսյան, «Նվաճում, թէ՞ հեղափոխություն», Խորհրդային Հայաստան, 29 սեպտեմբերի 1923 թ.; Աշոտ Հովհաննիսյան, «Համազգային կրիզիսը». Նոյեմբերյան հեղափոխության հինգերորդ տարեդարձի առթիվ (Յերեվան: Պետհրատ, 1926): Հովհաննիսյանի պատմաբանության մեջ ժամանակի ըմբռնման մասին տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 650-654: Ազատյանը մասնավորապես նշում է, որ Հովհաննիսյանի համար «պատմագիտությունն իմաստ ունի միայն որպես պատմական շարժուն ժամանակի գիտություն, որն իր հերթին ներհայտ կապված է այդ ժամանակի հետ» (էջ 651): |
↑7 | Հովհաննիսյանի դաշնակցական նախկին հարումների ու Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությանը (պեցիֆիզմին) անդամակցելու պատմությունն է բացահայտում Վարդան Ազատյանն իր հետազոտության մեջ: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 569-609: |
↑8 | Աշոտ Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով (Մոսկվա: Հրատարակություն հեղինակի, 1929), էջ 11: 1923-ին իր խմբագրությամբ հրապարակվող Նորք հանդեսում Հովհաննիսյանը գրում էր. «Նոյեմբերյան հեղափոխությունը նոր Հայաստանի կազմակերպման առաջին գործողությունը չեր միայն, այլ և հնի կազմալուծման վերջին արարը»: Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը», Նորք, 1923, թիվ 2, էջ 98 |
↑9 | Օրինակ՝ ըստ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հրապարակած մի նյութի՝ Հովհաննիսյանը «հակահայ» գործունեություն ծավալած մեծամասնականների շարքում է: Նույն՝ քաղաքական մակարդակում, բայց իբրև «հայրենասեր ու գիտակ» գործիչ է Հովհաննիսյանին համարում Արամ Մանուկյանը: Հակառակ քաղաքական գնահատականների՝ Հովհաննիսյանի պատմաբանական ժառանգությունը գնահատելու փորձ է ձեռնարկում Նորայր Սարուխանյանը: Տե՛ս ««Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը՝ արագացնել Հայաստանի պարտությունը». 1920 թ. սեպտեմբեր», https://shorturl.at/abdPR, այց՝ 24 դեկտեմբերի 2023 թ.; Արամ Մանուկյան, Քաղաքական կուսակցությունների լուծարումը Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներին, ատենախոսություն (Երևան: Պատմության ինստիտուտ, 2012), էջ 38; Սարուխանյան, Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական ժառանգությունը: |
↑10 | Տե՛ս, օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», Նորք, 1923, թիվ 3, էջ 162-185; «Ընկ. Աշոտ Հովհաննիսյանի զեկուցումը դաշնակցության ներկա քաղաքականության մասին», Խորհրդային Հայաստան, 4 հոկտեմբերի 1923 թ.; «Ընկ. Աշոտ Հովհաննիսյանի զեկուցումը. դաշնակցության ընթացիկ մտայնությունը», Բանվոր, 10 նոյեմբերի 1923 թ.; Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով; Աշոտ Հովհաննիսյան, «Դաշնակցության սոցիալական ծագումը», Նորք, 1927, թիվ 1, էջ 149-174։ |
↑11 | Ուշագրավ է այս իմաստով Վարդան Ազատյանի՝ Հովհաննիսյանի հեղափոխականության ու ժառանգված ավանդույթի հետ հարաբերման մասին դիտարկումը. «Հեղափոխականն այդքան դյուրությամբ չի ընդունում ժառանգվածը, որպեսզի պարզապես հակադրվի վերջինիս. նա նույն այդ ժառանգությունը բացահայտում է նորից՝ իբրև մեկը, ով սերում է նրանից, ինչը փոխում է»: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 637: |
↑12 | Հաճախ առանց մարքսիստական գնահատողական ձևակերպումների դաշնակցականներն իրենք էլ բնութագրում էին իրենց գործունեության ասպարեզ դարձած իրականությունն ու հասարակական այն խավերին, որոնց հետ կապված էր կուսակցության գործունեությունը: Օրինակ, Գառնիկ Գյուզալյանն իր Հայ քաղաքական մտքի զարգացումը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը (Փարիզ: Հրատ. Հ. Յ. Դաշնակցութեան, 1927) գրքում գրում էր. «Սկզբից և եթ հայկական ազատագրական շարժումը վարակում է ռամկավար տարրերին – գիւղացիներին, արհեստաւորին, մանր վաճառականին….: Հայ հարուստը միշտ հեռու մնաց մեր քաղաքական շարժումից, բաւականացաւ՝ խոհեմութեան, հնազանդութեան քարոզներ կարդալով հայ յեղափոխութեան: Յեղափոխութեան գլուխ անցաւ ժողովրդից ծնած մտաւորականութիւնը: Այսպիսով հայոց ազատագրական շարժումը ստացաւ ժողովրդական, բայց ոչ ազգային բնոյթ» (ընդգծումը՝ Գ. Գ.) (էջ 119): Առաջին հանրապետության տարիներին Հայաստանում «հայ գեղջուկի» հաստատած «ազատագրութեան շէնքը» «ամրապնդելու և ընդարձակելու» համար անհրաժեշտ օգնության մասին դաշնակցական Աշխատանք թերթի հոդվածագիր Պարսամյանը գրում էր. «Արտասահմանեան հայ բուրժուազիան — հայ երկիրը արդէն բուրժուազիան չունի — նոյնիսկ ներկայ պատմական օրերուն կը զլանայ ամենադոյզն օգնութիւն և կըսպասէ համաշխարհային իրերու վերջնական դասաւորման և բնականոն կեանքի հաստատման՝ իր դրամագլուխը «ազգասիրաբար» Հայաստան մուծելու համար: Կըսպասէ, որովհետև անիկա չի ուզեր նոյնպէս «ազգասիրաբար» մէկ կոպէկ անգամ իր միլիոններէն րիսկի ենթարկել՝ այն պահուն երբ հայ ժողովուրդի ողջ գոյութիւնը վտանգի տակ կը գտնւի: Ահա հայ բուրժուազիայի դաւաճան դերը, որ անցեալէն սկսեալ կը շարունակւի այս օր ալ և պիտի շարունակւի վաղն ալ»: Տե՛ս Յ. Պարսամեան, «Մտաւորականները դէպի Հայաստան», Աշխատանք, 22 հուլիսի 1919 թ.։ |
↑13 | Ինչպես հետևողականորեն ցույց է տալիս Վարդան Ազատյանը Հովհաննիսյանը «մասնագիտությամբ պատմագետ առաջին մարքսիստ պատմաբաններից է ընդհանրապես»: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 671: Խորհրդային մարքսիստական պատմաբանությունը, սակայն, ենթակա ստալինացման քաղաքականություններին, հետահայաց հավասարապես վարկաբեկված է այսօր որքան և խորհրդային երկրի պատմությունը: Ազատյանի հետազոտությունն այս իմաստով առանցքային է հայ քաղաքական ու պատմագիտական մտքի պատմության մեջ մարքսիստական ավանդույթը վերաբացահայտելու խնդրում: |
↑14 | Դեռ 1922-ի իր հոդվածներից մեկում Հովհաննիսյանը հստակ ձևակերպում էր, թե գիտության ու իրականության ինչ նոր կապ էր առաջադրել Հոկտեմբերյան հեղափոխությունը. «Մենք նույնացնում ենք մի գիտական սինթեզի մեջ գիտության անմիջականությունը գործնական խնդիրների հետ և տալիս ավելի ձիգ միություն…. Հոկտեմբերը ձուլեց գիտությունը կյանքի մեջ…. Հոկտեմբերը խորհրդանիշն ե գիտության և կարիքի միության և համադրության»: Տե՛ս Աշ. Հովհ., «Կուլտուրա յեվ Հոկտեմբեր», Խորհրդային Հայաստան, 7 նոյեմբերի 1922 թ.: Հովհաննիսյանն այս մոտեցումն առաջադրում էր ելնելով Մարքսից: Մեջբերելով Մարքսին Հովհաննիսյանը գրում է. «Կարլ Մարքս իր աշխատություններից մեկում գրում ե, վոր պրոլետարիատը հեղափոխության սիրտն ե, իսկ փիլիսոփայությունը նրա գլուխը, Մարքսը Ենգելսի հետ, ասում ե Ստանիսլավ Բորինիսկին, փիլիսոփայությունը իր հին հասկացողությամբ ոչնչացրին և միացրին նրան գիտության հետ, այժմ մենք կարող ենք ասել Մարքսի ավելի հասուն տերմինով պրոլետարիատը հեղափոխության սիրտն ե, իսկ գիտությունը նրա գլուխը»: Տե՛ս Հովհ., «Կուլտուրա յեվ Հոկտեմբեր»: |
↑15 | «Գործուն պատմագիտություն» է ձևակերպում Հովհաննիսյանի պատմագիտությունը Վարդան Ազատյանը: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 667: |
↑16 | Տե՛ս «Petite bourgeoisie», Oxford Reference, https://shorturl.at/opsF9, այց՝ 25 դեկտեմբերի 2023 թ.: |
↑17 | Հմմտ. Կարլ Մարքս, Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը (Յերեվան։ Պետհրատ, 1931); Annette Leppert-Fögen, Die deklassierte Klasse: Studien zur Geschichte und Ideologie des Kleinbürgertums (Frankfurt: Fischer, 1974), էջ 39-70։ Մանր-բուրժուական տնտեսական խավի «տատանվող» բնույթի շուրջ ավելի ժամանակակից քննարկումներումների համար տե՛ս, օրինակ, Geoffrey Crossick, Hienz-Gerhard Haupt, «Introduction: Shopkeepers, master artisans and the historian: the petite bourgeoisie in comparative focus», ըստ՝ Geoffrey Crossick, Hienz-Gerhard Haupt (խմբ.), Shopkeepers and Master Artisans in Nineteenth-Century Europe (London, New York։ Methuen, 1984), էջ 3-10; Geoffrey Crossick, Hienz-Gerhard Haupt, «Introduction», ըստ՝ Geoffrey Crossick, Hienz-Gerhard Haupt (խմբ.), The Petite Bourgeoisie in Europe 1780-1914: Enterprise, Family and Independence (London, New York: Routledge, 2016), էջ 1-15։ |
↑18 | Լենինի երկերից մեջբերումները տալիս ենք ըստ Հովհաննիսյանի թարգմանության: Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Մեր հեռանկարները յեվ լենինիզմը (Երևան: Պետհրատ, 1926), էջ 50: Տեքստից հետագա մեջբերումները` տողամիջում: |
↑19 | Լենինի նախազգուշացումն այս մասին ուղենշում էր ՆԷՊ-ի քաղաքական օրակարգը. «Մեր նպատակն ե վերականգնել զոդումը, գործերով ապացուցել գյուղացուն, վոր մենք սկսում ենք նրանից, ինչ հասկանալի յե նրան, ծանոթ ե նրան և մատչելի՝ չնայած իր աղքատ վիճակին և վոչ թե սկսել գյուղացու համար ինչ վոր հեռավոր, ֆանտաստիկ բաներից,-ապացուցել, վոր մենք կարողանում ենք ոգնել նրան, վոր կոմունիստները քայքայված, աղքատացած, սոսկալի սովահար մանր գյուղացու ծանր վիճակում՝ նրան հիմա գործով ոգնում են: Կամ այդ մենք կապացուցենք, կամ նա մեզ դուրս կը վռնդի» (էջ 58): |
↑20 | Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով, էջ 23: Ըստ Հովհաննիսյանի՝ մեծամասնականները Դաշնակցությունը համարել են գիտակից գործիք խոշոր առևտրա-արդյունաբերական բուրժուազիայի և դրան հովանավորող իմպերիալիստական ուժերի ձեռքին. «Չժխտելով Դաշնակցության մանր-բուրժուական ծագումը, նրա մանր-բուրժուական անցյալը, բայլշևիկներն այս իմաստով ե, վոր կովկասահայ մարտական բուրժուազիայի կուսակցություն են համարել Դաշնակցությունը»: Տե՛ս Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով, էջ 24: |
↑21 | Հովհաննիսյան, Դաշնակցության առիթով, էջ 27: |
↑22 | Ստալինիզմի հաստատումից առաջ՝ դեռ 1925-ին Հովհաննիսյանը երկրորդ հեղափոխության մասին գրում էր. «Խոսք չի կարող լինել այստեղ և նոր, յերկրորդ հեղափոխության մասին: Մեր դասակարգային պայքարը բուրժուական ներքին տարերքի դեմ գնալու յե տնտեսական մեր շինարարության գծով, տնտեսական մեր քաղաքականության գծով»: Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Մեր պայքարը, նվաճումները յեվ անելիքը (Յերեվան: Պետական հրատարակչություն, 1928), էջ 8: |
↑23 | Տե՛ս, օրինակ, Sheila Fitzpatrick, Stalin’s Pesants: Resisitance and Survival in the Russian Village After Collectivization (New York, Oxford: Oxford University Press, 1994), էջ 48-79; Moshe Lewin, Russian Peasants and Soviet Power: A Study of Collectivization (New York: W. W. Norton and Company, 1975), էջ 214-513; Jonathan Daly, Hammer, Sickle, and Soil: The soviet Drive to Collectivize Agriculture (Stanford: Hoover Institution Press, 2017); Maurice Hindus, Red Bread: Collectivization in a Russian Village (Bloomington, Indianapolis: Indiana University Press, 1988): |
↑24 | Иосиф Сталин, Сочинения, հ. 12 (Москва: Государственное издательство политической литературы, 1952), էջ 124: |
↑25 | Сталин, Сочинения, հ. 12, էջ 171: |
↑26 | Коммунистическая партия Советского Союза в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, հ. 5 (Москва: Издательство политической литературы, 1984), էջ 29, 31: |
↑27 | КПСС в резолюциях, էջ 31: |
↑28 | ՀԱԱ, ֆ. 1, ց. 8, գ. 8, թ. 161: |
↑29 | Վարդան Ազատյանն, օրինակ, բացահայտելով 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայ երիտասարդության բարդ ու հակասալից գաղափարական հենքը պայմանավորած իրականությունը, միաժամանակ նշում է, թե «ստալինացման արդյունքում, բախումներով ու ներթափանցումներով լի այս շարժուն մթնոլորտը պետք է հետահայաց «մաքրվեր» ու անշարժացվեր, որպեսզի հարիր լիներ ինքն իրեն երիցս մաքուր հռչակած կուսակցական ղեկավար գծին»: Տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 588: |