«Դաշնակցության մանր-բուրժուական ծագման տեսության պաշտպանողը». Աշոտ Հովհաննիսյանի դիմումը

 

Ստալինյան աքսորն ու բռնաճնշումները վերապրած Աշոտ Հովհաննիսյանը 1950-1960-ականներին մարմնացնում էր ստալինիզմով ջնջնված ու մոռացված 1920-ականների քաղաքական մտքի ավանդույթը: Հետաքսորական իր գործունեությամբ Հովհաննիսյանը երևան էր բերում հայ քաղաքական մտքի զարգացումներն իրենց սոցիալ-տնտեսական բարդությամբ քննելու 1920-ականների պատմական մոտեցումը: Այդ մոտեցումն էր հատկանշում Հովհաննիսյանի՝ հայ կուսակցությունների, մասնավորապես Դաշնակցություն կուսակցության ծագմանն ու գործունեությանը տված գնահատականը: Դաշնակցությունն իբրև մանրբուրժուական՝ հայ մանրսեփականատիրական ժողովրդական խավերի հետ կապված կուսակցություն գնահատող Հովհաննիսյանի հայացքում կուսակցությունը բացվում էր իր բարդ ու բազմաշերտ հասարակական հիմքերի առավել լայն հեռանկարում: 1920-ականնների վերջին հաստատվող ստալինիզմի պայմաններում հայ քաղաքական մտքի կայացման պատմությունը սկսեց սահմանվել համաձայն քաղաքական օրակարգի: Դաշնակցությունը որակվեց իբրև բուրժուական կուսակցություն՝ այդ կերպ կտրվելով իրեն ծնունդ տված հայաստանյան կոնկրետ սոցիալ-տնտեսական պայմաններից ու կապվելով տեղ չճանաչող արդյունաբերական խոշոր բուրժուազիայի հետ: 1960-ականներին` բրեժնևյան լճացման տարիներին բարձրացած ստալինիզմի նոր ալիքի պայմաններում Հովհաննիսյանը կրկին պետք է պայքարեր 1920-ականներին Դաշնակցությանը տված իր գնահատականի համար:       

Ստորև ներկայացվող վավերագիրը Պատմության ինստիտուտի և Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հրատարակության ներկայացրած Հայաստանի կոմունիստական պարտիայի պատմության ուրվագծեր հատորի վերաբերյալ Աշոտ Հովհաննիսյանի գրությունն է: Գրության մեջ Հովհաննիսյանը հետևողականորեն պահանջում է գրքի հեղինակներից հաշվի նստել 1920-ականների պատմաքաղաքական իրողությունների հետ: Ըստ այդմ է, որ Հովհաննիսյանն առանցքային է համարում 1926-1927 թվականներին Դաշնակցության դասակարգային ծագման հարցի մասին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար մարմինների ու պաշտոնական մամուլի հնչեցրած մեղադրանքներն ուղղել ոչ թե «անորոշ «ոմանց»», այլ անձնապես իրեն՝ Հովհաննիսյանին, ով 1920-ականներին պաշտպանել է Դաշնակցության մանրբուրժուական ծագման տեսությունը: Հովհաննիսյանի գրությունն ակներև է դարձնում, թե ինչպես է ստալինիզմով հետահայաց վերանայված 1920-ականների պատմությունը 1960-ականներին երևան գալիս աղճատված ու այլափոխված կերպով: Պաշտպանելով Դաշնակցության մանրբուրժուականության տեսությունը՝ Հովհաննիսյանը ոչ միայն հետ էր բերում 1920-ականների պատմաքննական ավանդույթը, այլև պաշտպանում հայ կուսակցությունների ծագման պատմությունը՝ իբրև հայաստանյան իրականությունից ու դրան բնորոշ սոցիալ-տնտեսական պայմաններից ծնունդ առած քաղաքական մտքի բարդ ու հակասալից զարգացման պատմություն։

Հրապարակվում է ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24412, վավ. 248, թթ. 1-3:

 

Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի
դիրեկտոր ընկ. Ծ. Աղայանին

Ծանոթանալով «Հայաստանի կոմունիստական պարտիայի պատմության ուրվագծերի»-ի նոր մակետին, ես չէի կարող հատուկ ուշադրություն չդարձնել մակետի 367-368 էջերին, ուր շարադրված են 1926-1927 թվականներին դաշնակցության դասակարգային ծագման հարցի մասին ՀԿՊ-ի ղեկավար օրգանների ու պարտիական մամուլի կողմից ինձ առաջադրված մեղադրանքները:

Երբ այս ամառը Կենտկոմի քարտուղար ընկ. Հ. Բաղդասարյանի մասնակցությամբ, «Ուրվագծեր»-ի խմբագրական նիստում հարց եղավ այդ էջերի մասին, ես մատնանշեցի, որ վերոհիշյալ մեղադրանքները հարկ է հասցեագրել ոչ թե անորոշ «ոմանց», այլ անձնապես ինձ, որչափ 1926-1927 թվականներին հատկապես ես եմ եղել դաշնակցության մանր-բուրժուական ծագման տեսության պաշտպանողը: Կարող եմ միայն շնորհակալ լինել, որ մակետում հաշվի է առնվել իմ արած այդ դիտողությունը:

Այնուամենայնիվ, որչափ մակետի շարադրանքի մեջ հանդիպում են մի շարք անճշտություններ, անհրաժեշտ եմ համարում, որ «Ուրվագծեր»-ի խմբագրությունը, հատուկ քննության նյութ դարձնելով դրանք, վերոհիշյալ մեղադրանքները ձևակերպի այնպես, ինչպես դրանք արձանագրված են եղել ժամանակի պարտիական օրգանների կողմից՝ առանց հետսամուտ հավելումների: 

  1. Վերոհիշյալ էջերը շարադրելիս, «Ուրվագծեր»-ի հեղինակը հիմք է ընդունել 1926 թվականին դաշնակցության մասին գրած իմ համառոտ թեզիսները, որոնք ոչ մի տեղ չեն հրապարակվել և քննության նյութ չեն եղել ոչ մի անգամ, հետևաբար, և չէին կարող նյութ հանդիսանալ իմ դեմ եղած մեղադրանքներին: Մի կողմ եմ թողնում այն, որ այդ թեզիսները հեղինակին մատչելի է դարձել աղճատ մեքենագրությամբ ու բացթողումներով: Ինչպես միանգամայն ճիշտ արձանագրում է հեղինակը, դաշնակցության մասին ժամանակին ես հաճախ եմ հանդես եկել մամուլում: Հիշեցնում եմ, որ դաշնակցության սոցիալական ծագման հարցին 1927 թվականին «Նորք» հանդեսում հոդված եմ զետեղել, իսկ 1930 թվականին Մոսկվայում բրոշյուր հրապարակել «Դաշնակցության առիթով» խորագրով: Իմ տպագիր այդ ելույթներն [են], որ ժամանակին ուշադրության են առնվել ու քննադատության նյութ դարձել թե մամուլի էջերում և թե պարտիական տարբեր ինստանցիաներում: Այդ ելույթներն [են] հենց, որ հիմք են ծառայել իմ դեմ եղած մեղադրանքներին: Ուղղամտությունը պահանջում էր, որ հեղինակը զանց չառներ իմ այդ գրվածքները և դրանց հիման վրա շարադրեր կամ լուսաբաներ իմ դեմ եղած մեղադրանքները: 
  2. Հեղինակը ոչ միայն շրջանցել է իմ այդ գրվածքները, այլև սխալ լույսի տակ դրել իմ դեմ եղած մեղադրանքները:

Ինչպես իր օգտագործած թեզիսներում, այնպես նաև դաշնակցության մասին իմ տպագիր գրվածքներում ես մանրբուրժուական եմ համարել դաշնակցության ծագումը և նրա զարգացման նախահոկտեմբերյան էտապը՝ միաժամանակ շեշտելով նաև այդ պարտիայի հետագա դասակարգային վերասերման պրոցեսը: Այդ պրոցեսի սկիզբը ես նշմարել եմ տակավին դաշնակցության 1903-1905 թվականների գործունեության մեջ: Դաշնակցության գաղափարական վերասերմանն են նվիրված նույնիսկ 1924 թ. իմ հրապարակած «Դաշնակցությունը և պատերազմը» բրոշյուրը և «Դաշնակցության իդեական էվոլյուցիան» «Նորք» հանդեսում տպագրված հոդվածը: Ճիշտ է միայն այն, որ 1924 թ. խոսելով դաշնակցության կողմնորոշման կամ նրա իդեոլոգիայի ֆաշիստական էվոլյուցիայի մասին, ես չէի բաժանում այն ընկերների կարծիքը, որոնք պնդում էին, թե դաշնակցությունը իր սկզբնավորման օրից իսկ հանդիսանում էր ֆաշիստական կուսակցություն, իմպերիալիզմի կամ նույնիսկ ցարական պրովակացիայի գործակալ:   

«Ուրվագծեր»-ի շարադրանքի մեջ այն միտքն է շեշտված, թե իբր ես դաշնակցությունը համարել եմ հայ գյուղացիության շահերի պաշտպանը: Մինչդեռ անգամ հեղինակի կողմից միակողմանիորեն օգտագործած իմ թեզիսների մեջ այդպիսի միտք չկա: Ես պնդում էի այն իրողությունը, որ մինչև 1917-1918 թվականները հայ մանրբուրժուական հոծ մասսաները գնում էին դաշնակցության ետևից, որ այդ պարտիան իր ձեռքերում ուներ հայ մանրբուրժուազիայի և մասնավորապես գյուղացիության պաշտպանության մենաշնորհը՝ հակադրվելով և՛ հայ արդյունաբերական բուրժուազիային և՛ հայ արդյունաբերական պրոլետարիատին, կամ ինչպես ասված է իմ թեզիսներում «выражая столкновение интересов этой социальной категории /т.е. мелкой буржуазии/ с интересами крупной бужуазии, с одной стороны, и с интересами пролетариата, с другой»:[1]«Արտահայտելով այդ սոցիալական կատեգորիայի /այսինքն՝ մանր բուրժուազիայի/ շահերի բախումը մի կողմից խոշոր բուրժուազիայի, մյուս կողմից՝ պրոլետարիատի շահերի հետ»: Այստեղից չի կարելի, իհարկե, հետևցնել ինձ վերագրված այն միտքը, թե դաշնակցությունը իրոք պաշտպան էր հանդիսանում հայ գյուղացիության, լուծում էր նրա կենսական խնդիրները կամ արդարացնում էր նրա հույսերը, ինչպես այդ չէին անում նաև դաշնակցականներին բավականին մոտ կանգնած ռուս էսեռները, չնայած որ մինչև Հոկտեմբերյան ռևոլյուցիան նրանց հետ էր քայլում ռուս մանրբուրժուազիայի և ռուս գյուղացիության հոծ մասսան:

  1. Որքան գիտեմ, մինչև հիմա ինձ չեն մեղադրել իմ այն մտքի համար, որ հայ խոշոր արդյունաբերական բուրժուազիան չի ունեցել «ոչ կուլտուր-ազգային ավտոնոմիայի ծրագիր, ոչ իր ազգային պարտիան և ոչ էլ իր հայերեն օրգանները»: Շարադրանքի հեղինակը տրամադիր է ըստ երևույթին հարստացնել լենինիզմի ուսմունքը նոր այն դրույթով, թե կուլտուր-ազգային ավտոնոմիայի ծրագիրը ինքյան խոշոր կամ արդյունաբերական բուրժուազիայի ծնունդ էր. մինչդեռ, որքան հայտնի է, ոչ միայն հայ իրականության մեջ, այլև Ռուսաստանում և Ավստրիայում, կուլտուր-ազգային ծրագիրը առաջ էր քաշվում ոչ թե արդյունաբերական բուրժուազիայի, այլ բացառապես մանրբուրժուական պարտիաների, այդ թվում նաև ռևիզիոնիստական կողմնորոշում ունեցող սոցիալ-դեմոկրատական տեսաբանների կողմից:

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 «Արտահայտելով այդ սոցիալական կատեգորիայի /այսինքն՝ մանր բուրժուազիայի/ շահերի բախումը մի կողմից խոշոր բուրժուազիայի, մյուս կողմից՝ պրոլետարիատի շահերի հետ»: