1924-ին Անդրկովկասյան երկրամասային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Մյասնիկյանն ընդարձակ զեկույցով հանդես է գալիս Երևանում: Տարածաշրջանային ու հայաստանյան արտաքին և ներքին քաղաքականությունների քննարկումը չէր շրջանցում նաև Դաշնակցություն կուսակցության ընթացիկ քաղաքականության խնդիրները: Ակնհայտ է, որ Մյասնիկյանի քննադատական խոսքը Դաշնակցության մասին հնչում է բացահայտ քաղաքական հակառակորդի դիրքից: Միաժամանակ, սակայն, այդ քննադատությունը երևան է բերում Մյասնիկյանի քայլը՝ քաղաքականապես գնահատելու Դաշնակցության դերն ու նշանակությունը հայ իրականության մեջ:
Ազգային կուսակցություններից ելած ազգային կոմունիստ գործիչներից շատերի պես, նախկին դաշնակցական Մյասնիկյանը քաղաքական ժառանգն էր այդ կուսակցության: Ազգային քաղաքական մտքի ժառանգորդական ներհակ այս կապը 1920-ականներին կենդանի ձևով էր դրսևորվում: Այդ կապով էր պայմանավորված և Դաշնակցության հանդեպ Մյասնիկյանի դիրքորոշումը, որ բխում էր ոչ այնքան քաղաքական հռետորաբանությունից, որքան Դաշնակցության սոցիալական ծագմանը տրված գնահատականից: «Ամեն հայ կուլակի, չարչիի, դուքանչիի, ինտելիգենտի»՝ նույն ինքը հայաստանյան քաղքենիության, մանր-բուրժուազիայի հոգեբանությունը, Մյասնիկյանի գնահատմամբ, «դաշնակցական հոգեբանություն» էր: Չկտրել Դաշնակցությանը նրան ծնունդ տված հայաստանյան մանր-բուրժուական պայմաններից, նշանակում էր հաշվի նստել այդ պայմանների ռեալության հետ: Հնարավոր չէր Դաշնակցությունը քաղաքականապես քայքայելով՝ ակնկալել մանր-բուրժուականության քայքայում: Պատահական չէ, որ Մյասնիկյանի համար դաշնակցական հոգեբանությունը վերացնելու խնդիրը «կենցաղի հարց» էր և, հենց դրանով պայմանավորված, այն վերացնելը՝ «դժվար»: Քաղաքականությունն ի զորու չէր վերացնել իրականությունը՝ կենցաղը: Ազգային կոմունիստների քաղաքական սթափությունն էր, որ թույլ էր տալիս թերահավատ գտնվել հենց քաղաքական ուժի գործադրման հանդեպ, տեղ տալով ապրվող կյանքին, կենցաղին, որը դեռ շարունակում էր իր սոցիալական նկարագրով մնալ նույն մանր-բուրժուական իրականությունը:
Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ «Ընկ. Մյասնիկյանի զեկուցումը Յերևանի կուսակցական պրոֆեսիոնալ յեվ Լ. Կ. Յերիտմիության քաղկազմակերպությունների արտակարգ ժողովում. 1924 թ. սեպտեմբերի 29-ին», Խորհրդային Հայաստան, 2 հոկտեմբերի 1924 թ.:
Դաշնակցականների բարբաջանքները
Դաշնակցականներն արտասահմանում շարունակ գրում են, թե հայ յերկրում կուլտուրան առաջ չի տարվում, վոր ազգային աշխատանք չի կատարվում, վոր ռուսական մի նահանգ ե Հայաստանը և նման մտքեր: Ճիշտ ե, ազգային աշխատանքն այնպես չի տարվում մեզ մոտ, ինչպես վոր նրանք կուզեն: Մենք այդպիսի ազգային հարց չենք հասկանում և մեր ազգային հարցը տրամագծորեն տարբերվում ե դաշնակցականների ազգային խնդրից: Մենք գիտենք, թե ինչ արեց այդ ազգային հարցը Հայաստանի ժողովրդի գլխին: Նրանք ասում են, թե Հայաստանի ազգաբնակությունը յերկրի ներսում բռնարարված ե և ազատություն չունի: Մենք գիտենք, վոր դրանք խոսքեր են, վորոնցով դաշնակցականները կուզեն դուրս գալ և դավեր սարքել, բայց այդ նրանց յերբեք չի հաջողվի: Դաշնակցական թերթերն արտասահմանում այսքան քարոզներ են կարդում, բայց մենք գիտենք, թե դրանով նրանք մուրճը վոր կողմն են խփում: Նրանք ցանկանում են վարկաբեկել խորհ. իշխանությունը և աշխատում են թուլացնել այն խոշոր աշխատանքը, վոր տանում ե խորհ. իշխանությունը:
Յերկու հոսանք դաշնակցության մեջ
Վերջին տեղեկությունների համաձայն, դաշնակցությունը, վոր հոկտեմբերի 15–ին համագումար ե հրավիրում, այդ համագումարին նրանք գալիս են ջլատված ուժերով: Այժմ նրա մեջ գոյություն ունի 2 հոսանք. մեկը կողմնակից ե Ռուսաստանին, իսկ մյուսը՝ Տաճկաստանին և չափազանց ծիծաղելի յե, վոր այն հոսանքն [է] կողմնակից Տաճկաստանին, վոր յերկար տարիներ հայ–թուրք կոտորածներ ե սարքել՝ Վրացյանի, նախկին մինիստր Ռուբենի. Ռուբենի, վոր փաշա յե կոչվում յերևի իր թրքասիրության համար: Նրանք նոր են սթափվում, վոր խաղաղ պիտի ապրել Տաճկաստանի հետ, բայց մենք գիտենք, վոր դա մի ժամանակավոր յերևույթ ե, վոր վաղը նրանք կը թշնամանան Տաճկաստանի հետ:
Ռուսաստանի կողմնակիցները հետաքրքիր են (պետք ե հասկանալ Խ. որիենտացիա), նրանք բաղկացած են տաճկահայերից, նրանք թուրքական որիենտացիայի հակառակ են, վորովհետև գիտեն, վոր նորանոր արկածների յե տանում այդ քայլը և կապվում են Ռուսաստանի հետ, վորպեսզի Հայաստանը լինի Խ. Միության մեջ: Տաճկահայերն ասում են, թե բավական ե, վոր մեր ջոջերը խաբեն մեզ: Իսկ ռուսահայ դաշնակցական ինտելիգենցիան՝ գիտեք թե ինչ վոճիր ե կատարել հայության նկատմամբ: Նա բնաջնջել ե տաճկահայությունը, դրա մեղքն ընկնում է ռուսահայ դաշնակցական ինտելիգենցիայի վրա: Այդ արել են Ռուբեն փաշա, Ահարոնյան, Վրացյան և այլն, վորոնց դեմ դուրս յեկողները միանգամայն իրավացի յեն և կը փրկեն հայությունը դաշնակցությունից:
Ընկերնե՛ր, գուցե յես դաշնակցության մասին յերկար խոսեցի: Այդ դիտմամբ եմ անում, վորովհետև գիտեմ, վոր նա հայության համար վոչ թե միայն կազմակերպություն ե, այլ մի հոգեբանություն: Ամեն հայ կուլակ, չարչի, դուքանչի, նույնիսկ ինտելիգենտ՝ դաշնակցական հոգեբանություն ունի: Մենք քայքայել ենք դաշնակցությունը, բայց նրա բուրժուական հոգեբանությունը դեռ կա մեր մեջ. պետք ե այն վերացնել: Դա կենցաղի հարց ե և վերացնելը դժվար ե, մանավանդ տարիքավորների և հին սերնդի միջից, իսկ մեր հեղափոխական յերիտասարդությունն ամենքից առաջ ե հրաժարվել դրանից (ծափեր):
Չպիտի մոռանալ, վոր մեր դժվար րոպեներին, իսկ այդպիսի դժվար րոպեների մենք որեր, շաբաթներ և ամիսներ շարունակ ունեցել ենք և կունենանք, վորովհետև խ. իշխանությունն ամեն ինչ չի տալիս պատրաստ, այդ դժվար րոպեներին:
Դաշնակցությունը, դարձյալ, վորպես մի ոձ, իր գլուխը կը բարձրացնի. նա տուրք տալու դեպքում կասի, թե ծանր ե հարկը և այլն, ապրանքը վաճառելու դեպքում կասի թանգ ե, թե դա խ. իշխանությունն ե արել և այլ բամբասանքներ:
Վա՜յ զենք բարձրացնողին
Յեթե դժվար րոպեներ լինին նա չի վարանի զենք բարձրացնել և դրա համար մենք պարզ ասում ենք, թե դա նրա համար վայ կլինի (ծիծաղ): Զգույշ յեղեք, վոր շուտով հրաժարվեք դաշնակցությունից, վորովհետև այդ հոգեբանությունը դաշնակցությունը վերջում զենք կը դարձնի իր ձեռքում: