Դաշնակցություն կուսակցության գնահատման հարցում Աշոտ Հովհաննիսյանի առաջ քաշած «եյական խնդիրը»

 

1920-ականների երկրորդ կեսին ստալինիզմը Հայաստանում հաստատվում էր խորհրդային առաջին ղեկավարության վարկաբեկմամբ ու դրա դեմ հնչող քաղաքական մեղադրանքների ալիքով: Ստալինյան իշխանության հաստատումը կատարվում էր մեծամասնականների կուսակցության պատմության «մաքրագործմամբ», պատմություն, որտեղ բարդ քաղաքական կենսագրություն ունեցող ազգային կոմունիստներն (Սահակ Տեր-Գաբրիելյանը, Սարգիս Լուկաշինը, Պողոս Մակինցյանը, Աշոտ Հովհաննիսյանը և այլք) այլևս տեղ չպետք է ունենային: 

1920-ականների սկզբին հայ քաղաքական մտքի կայացման ուսումնասիրությունն Աշոտ Հովհաննիսյանի պատմաբանության առանցքում էր: Իբրև Դաշնակցության նախկին համակիր ու սպեցիֆիկ՝ Հովհաննիսյանի համար արդի հայ քաղաքական մտքի կայացման պատմությունն ըմբռնվում էր իբրև ներքին հակասություններով ծավալվող մի ընթացք, որի մի նոր հանգրվանը մարմնավորում էին հենց իրենք՝ ազգային կուսակցություններից ելած խորհրդահայ առաջին ղեկավար գործիչները: Պատահական չէ, որ կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հովհաննիսյանի համար Դաշնակցության դեմ կռիվը պարզ հռետորաբանությունից այն կողմ էր, քաղաքական ու գաղափարական մի կռիվ, որի հիմքերը Հովհաննիսյանը ձգում էր դեպի Դաշնակցություն կուսակցության կայացման պատմական հետնախորքը: Ի վերջո, 1920-ականների երկրորդ կեսին Դաշնակցությունն իր սոցիալական ծագմամբ մանր-բուրժուական կուսակցություն համարելու Հովհաննիսյանի գնահատականի վիճարկումն ու այն բուրժուական կուսակցություն կարգելու օրակարգն այլ բան չէր, քան պատմությունը քաղաքականապես «մաքրելու» ստալինյան մոտեցման կեսագործումը:  

Ստորև ներկայացվող վավերագիրը հատված է Աշոտ Հովհաննիսյանի՝ Դաշնակցության շուրջ մեկնարկած քաղաքական պայքարի պայմաններում գրված առանցքային անդրադարձերից մեկի՝ «Դաշնակցության սոցիալական ծագումը» հոդվածից: Ինչպես հոդվածի սկզբում ձևակերպում էր Հովհաննիսյանը, Դաշնակցության հարցում էական խնդիրը ոչ թե այն էր, թե ում էր սպասարկում Դաշնակցությունը, այլ թե հասարակական-քաղաքական որ խավերի շահերն էր այն ներկայացնում: Հովհաննիսյանի կողմից հարցադրման այս ճշգրտումը նշանակում էր հաշվի նստել Դաշնակցության ծագման սոցիալ-տնտեսական պայմանների ու գաղափարական հիմքերի բարդ պատմության հետ: Քաղաքական շիկացած պայմաններում գրված այս քննական անդրադարձում Հովհաննիսյանն իր իսկ առաջ քաշած հարցադրման բարդությանն արժանին մատուցելով էր, որ դեմ էր ելնում հայ քաղաքական մտքի կայացման հակասալից ծավալումները պարզեցնելու ստալինյան հրամայականին:  

Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ «Դաշնակցության սոցիալական ծագումը», Նորք, 1927, թիվ 1, էջ 149-158:

 

 

Դաշնակցության սոցիալական ծագումը[1]Ներկա հոդվածը հեղինակի «Դաշնակցության սոցիալական բնույթը» վերնագրած ձեռագիր աշխատության մի գլուխն ե։ Ամբողջ աշխատությունը, ներածական և յեզրափակիչ մասերից զատ․ ամփոփում ե իր մեջ Դաշնակցության սոցիալական ծագմանը, եվոյուցիային և վերասերմանը նվիրված առանձին գլուխներ։

 

I

Դաշնակցության հասարակական-քաղաքական բնույթի խնդիրն առանձնապես զբաղեցրել ե հեղափոխական մարքսիստներին՝ սկսած 1905-6 թվականներից։ Այդ ժամանակներից ե, յերբ մի կողմից կոնկրետանալ սկսեց հեղափոխական մարքսիզմի քննադատական խոսքը մեզ մոտ, իսկ մյուս կողմից Դաշնակցության «կովկասյան գործունեյությունը» ստացավ այնպիսի ծավալ ու ընթացք, վոր անհնարին եր վորևե աշխատանք տանել բանվորական շարքերում, յեթե նախապես հաշվի չնստեյինք այդ աշխատանքի գլխավոր խոչընդոտի՝ Դաշնակցության հետ։ «Վորքան ել վոր տարորինակ, վորքան ել վոր արտառոց թվա այն, վոր Դաշնակցությունը կարող ե վորևե առնչություն ունենալ բանվորական շարժման հետ, բայց այդ փաստ ե և այն ել տխուր փաստ»։ Այսպես եր գրում Դաշնակցության ամենասուր բայլշևիկ քննադատներից մեկը-ընկ․ Ս․ Սպանդարյանը։ «Այդ կուսակցությունը,– շարունակում ե Սպանդարյանը,– վոր ներկայանում եր վորպես մի մեխանիքական ագրեգատ, մի անասելի խառնուրդ բուրժուաների ու բանվորների, գյուղացիների ու ճորտերի և կալվածատերերի, շահագործողների և շահագործվողների, զուտ ազգային շովինիզմի և quasi սոցիալիզմի, այդ հերմոֆրոդիտական կուսակցությունը խանգարում ե բանվորական միությունների կազմակերպությունը և ամենավայրենի ոբստրուկցիաներ ե սարքում իր թշվառ ու մոլորված «զինվորների» աջակցությամբ»։ («Կայծ», 1906, 25):

Դաշնակցությունը ձախողեց ոբստրուկցիաների իր տակտիկայով։ Այդ ճանապարհով խանգարել բանվորական շարժման ընթացքը՝ նա անկարող յեղավ։ Յեվ ահա նա ձեռնարկում եր կազմակերպել իր արհեստակցական միությունները։ Անդրադառնալով այդ յերևույթին, Ս․ Սպանդարյանը գրում եր՝ «Դաշնակցությունն իրան լոզունգ հայտարարեց – զուտ ազգային արհեստակցական միություններ․ գիտե՞ք ինչու… Դաշնակցությունն ամենից ավելի յերկյուղ ե կրում անկուսակցականությունից, նա վախենում ե, վոր այդ անկուսակցական կազմակերպությունների մեջ յերեվան գա իր բուրժուական, նեղ ազգայնական բնույթը, վոր կարող ե խորտակվել այն չինական պարիսպը, վորը նա այնքան ջանքով բարձրացրել ե հայ և մյուս ազգերի միջև․ նա յերկյուղ ե կրում, վոր պրոլետարիատի՝ բոլորին հայտնի պատճառներով մոլորության մեջ գտնվող, հետեվաբար և Դաշնակցության կողմից շահագործվող մասը, ճանաչելով ճշմարտությունը, ձեռք կը կարկառե սոցիալիզմի իսկական դրոշի տակ կռվող յեղբայր պրոլետարիատին» (ն․տ․)։

Դաշնակցությունը բանվորական միություններ կազմակերպողի դերում… Հարցն այն չե, իհարկե, թե հասարակական ի՞նչ խավեր ե ընդգրկում հակաբանվորական այս կամ այն կուսակցությունը կազմակերպչորեն, կամ հասարակական ի՞նչ շերտերի վրա յե տարածում նա իր ազդեցությունը քաղաքականապես։ Հարցն այն չե նույնպես, թե հասարակական վո՞ր դասակարգերն են ոգտագործում բանվորական այս կամ այն կուսակցության ազդեցությունը։ Կաթոլիկ «Ցենտրումը» յենթարկում ե իր ազդեցության բանվորական վորոշ շերտերին, ստեղծում բանվորական միություններ։ Բայց դրանով նա չի յուրացնում տակավին բանվորության դասակարգային տեսակետ կամ դառնում բանվոր դասակարգի կուսակցություն։ Յեվ ընդհակառակը։ Անգլիական բուրժուազիան ծառայեցնում ե իր շահերին ռեֆորմիստ «բանվորական կուսակցությունը»։ «Բանվորական այդ կուսակցության ղեկավարները վարում են բացահայտ բուրժուական քաղաքականություն»։ Սակայն սրանով կուսակցությունը դեռ չի դառնում բուրժուազիայի դասակարգային կուսակցություն։

Դառնալով Դաշնակցության՝ անկախ նրանից, թե ո՞ւմ եր նա կազմակերպում կամ ո՞ւմ սպասարկում ոբյեկտիվորեն՝ եյական խնդիրն այն եր, թե հասարակական-քաղաքական վո՞րպիսի նպատակներ եր հետապնդում նա, հասարակական վո՞ր խավերի շահերն եր ներկայացնում նա։ Կազմակերպչորեն 1905-6 թվականների Դաշնակցության մեջ տեղ եր գտնում ամեն մի յերկոտանի, բուրժուա թե բանվոր, գեղջուկ թե քաղքենի։ Կազմակերպչորեն Դաշնակցությունը դրանից առաջ և դրանից հետո ընդլայնում կամ սեղմում եր իր շարքերը՝ նայած աշխատանքի պայմաններին ու նպակահարմարության։ Սակայն կազմակերպչական ձեվը չեր, վոր նախորոշում եր նրա տարած հասարակական-քաղաքական աշխատանքի բովանդակությունը, այլ ընդհակառակը։ Կազմակերպելով բանվորական պրոֆեսիոնալ միություններ՝ Դաշնակցությունը չեր ղեկավարվում պրոլետարիատի շահերով։ Սակայն անմիջորեն նա չեր ղեկավարվում նաև կապիտալիստական բուրժուազիայի շահերով։ Այլ բան ե, վոր կապիտալիստական բուրժուազիայի տեսակետից ձեռնտու յեր արհեստակցական միությունների կազմակերպչական այդ ձևը, ինչպես և, ընդհակառակը, կազմակերպչական նույն ձևը միանգամայն վնասաբեր եր պրոլետարիատի դասակարգային շահերի տեսակետից։ Կազմակերպչական ձևից անկախ՝ կուսակցությունը յելակետ ուներ մանր-բուրժուական ազգայնական շարժառիթներ, ղեկավարվում եր ըստ ամենայնի մանր բուրժուազիայի դասակարգային տեսակետով, վորը ընդհանուր վոչինչ չունենալով պրոլետարիատի և սոցիալիզմի հետ, անմիջորեն չեր նույնանում նաև կովկասահայ կապիտալիստական բուրժուազիայի հետապնդած նպատակների և նրան ղեկավարող տեսակետների հետ։

Կանգ առնելով Դաշնակցության վրա՝ կովկասահայ բայլշևիկների մի այլ պարագլուխ՝ ընկ․ Ս․ Շահումյանը գրում եր 1906 թվին, վոր այդ կազմակերպությունը չի յեղել յերբեք քաղաքական-հեղափոխական կուսակցություն, այլ «մի ֆիլանտրոպիական (մարդասիրական-բարեգործական) ընկերություն տաճկահայերի համար և վարձկան զինվորների ու բուրժուազիայի թիկնապահների բանակ ռուսահայերի համար» («Նոր Խոսք», 1906, 4)։ Անդրադառնալով Դաշնակցությանը՝ վորպես կովկասահայ խոշոր բուրժուազիայի «վարձկան զինվորների ու թիկնապահների կազմակերպության Ս․Շահումյանը նկատում ե նույն 1906 թ․ մի այլ տեղ՝ «Կովկասահայ բուրժուազիան, բնականաբար, հանձին Դաշնակցության տեսնում եր իր հարազատ զավակին, իր լավագույն դաշնակցին, իր շահերի լավագույն արտահայտչին ու պաշտպանին և այդ պատճառով բոլոր ուժերով, նյութապես ու բարոյապես ոժանդակում ե այդ կուսակցությանը» («Статьи и речи» յերես 86):

Այստեղ ամենուրեք յերևան ե գալիս Դաշնակցության՝ հայ-թրքական ջարդերի ժամանակաշրջանի իրական պատկերը։ Դաշնակցությունն իր վրա ե առել կովկասահայ բուրժուազիայի «անձի ու գույքի» զինական պաշտպանությունը։ Կուսակցությունը հրապարակ ե գալիս վորպես նրա շահերի լավագույն արտահայտիչն ու պաշտպանը, ստանում ե նրանից նյութական և բարոյական ոժանդակություն։ Շահումյանն ընդգծում ե այն կապը, վոր կար այն ժամանակ Դաշնակցության և հայ խոշոր, կապիտալիստական բուրժուազիայի միջև։ Նա բնութագծում ե Դաշնակցությունը վորպես «բուրժուազիայի լավագույն դաշնակցի» և դրանով վեր ե հանում Դաշնակցության ընդառաջած կովկասահայ մանր և խոշոր բուրժուազիայի դաշինfը։

Կովկասահայ խոշոր բուրժուազիայի և իր «վարձկան զինվորների ու թիկնապահների» միջև այնուամենայնիվ կար շահերի տարբերություն ու հակամարտություն։ Այդ յերևաց այն պայքարից, վոր առաջացավ մանր-բուրժուական տեսակետ դավանող դաշնակցականների և կապիտալիստական բուրժուազիայի տեսակետ պաշտպանող մշակականների մեջ այն վայրկյանից, յերբ, դուրս գալով թիկնապահական պարտավորությունների սահմաններից, Դաշնակցությունը փորձ արեց ձեռնամուխ լինել «ազգի» ներfին գործերին։ Ո՞վ եր, վոր պիտի գերիշխեր ազգային-հասարակական հիմնարկներում, ո՞ւմ յետեվից ե, վոր պիտի գնար մասսան, ո՞վ եր, վոր պիտի շահագործեր նրա միտքն ու գրպանը։ Ահա այն հիմնական հարցը, վորի շուրջը պիտի բոլորեր կովկասահայ մանր ու խոշոր բուրժուազիայի և նրա կուսակցությունների ներքին պայքարը։

Ոգտագործելով Դաշնակցությունն «ազգի ինքնապաշտպանության» համար՝ կովկասահայ կապիտալիստները գժտվեցին դաշնակցականների հետ՝ հենց վոր կուսակցությունը ՝ յերես առած ռազմական իր ուժերից՝ փորձ արեց դնել իր թաթը բուրժուազիայի ղեկավարությանը յենթակա հասարակական հիմնարկությունների վրա, ձեռք մեկնել հասարակական գերիշխանության՝ կովկասահայ կյանքում։ Հայ կապիտալիստները վոչինչ չունեյին դաշնակցական «թիկնապահության» դեմ, բայց նրանք ծառացան նրա դեմ, յերբ դաշնակցական «տղերանց» բիրտ վոտքերը կոխեցին «ազգային հաստատությունների» – յեկեղեցու և դպրոցի, մամուլի և գրականության – շեմքերը։ «Զորքը գործ չունի ներքին թշնամու հետ,– գրում եր հայ բուրժուազիայի որգան «Մշակը»,– ինքնապաշտպանության համար ստեղծված զինվորական կազմակերպությունը (իմա՝ Դաշնակցությունը) չպետք ե խառնվի մեր հասարակական գործերի մեջ, չպետք ե թելադրե մեզ իր կամքը»։ Կանգ առնելով «Մշակ»-ի այս հայտարարության վրա՝ Ս․ Շահումյանը համեմատում ե հայ կապիտալիստական տեսակետն այն մտայնության հետ, վոր հայտնաբերում են ռուս միապետության հավատարիմ ծառաները «ամեն անգամ, յերբ զորքն այս կամ այն կերպ արտահայտում եր իր համակրանքը Ռուսաստանի ազատագրական շարժման, յերբ նա դադարում եր կույր գործիք լինելուց բռնակալության ձեռքին»։ («Կայծ», 1906, 46)։

Թե հիրավի Շահումյանը տարբերություն եր դնում Դաշնակցության և կապիտալիստական բուրժուազիայի կուսակցության միջև, այդ յերեվում ե նրանից, վոր նա, անգամ իմպերիալիստական պատերազմի տարիներին, մշակականների դիմաց նախապատվություն եր տալիս դաշնակցականներին, յենթադրելով, թե գալիք հայ մանր-բուրժուական դեմոկրատիան պիտի ժառանգորդը լինի վոչ թե «Մշակ»-ի, այլ՝ դաշնակցականների։ «Մենք Դաշնակցության բարեկամներ չենք,– գրում եր նա,– բայց չենք կարող ժխտել այն պարզ ճշմարտությունը, վոր հայ ժողովրդական ինտելիգենցիան իր ճնշող մեծամասնությամբ գտնվում ե այսոր Դաշնակցության ազդեցության ներքո։ Յեվ, կավելացնենք դրան, մենք չեյինք ել ցանկանա յերբեք, վոր այդ ինտելիգենցիան նորից մշակական դառնար, վորովհետև այդ կլիներ մի խոշոր քայլ․․․ դեպի հետ․․․»։

«Իսկ ի՞նչ ե «Դաշնակցությունը»,– հարց եր տալիս Շահումյանը և պատասխանում,– դա ինքը հայ դեմոկրատիան ե, մոլորված, շշմած, քաղաքականապես ազատ և կույր առաջնորդների ձեռքին խաղալիք դարձած հայ դեմոկրատիան։ Դաշնակցության ազդեցության տակ են այժմ վոչ միայն հայ քաղքենի, մանր-բուրժուական տարրերը՝ ժողովրդական ուսուցիչները, գրողները, հասարակական գործերին նվիրված գյուղական և գավառական յերիտասարդությունը, այլ և դժբաղդաբար, հայ բանվորության անգիտակից մեծամասնությունը։

Մենք գիտենք, վոր այդ բանվորությունը և արմատական յերիտասարդությունը յերես են դարձնելու վաղը Դաշնակցությունից և դառնալու յեն մարքսիստներ (վոչ մշակական մարքսիստներ, իհարկե․․․)։ Մենք գիտենք, վոր հայ դեմոկրատիան բուռն ցասումով դեն ե շպրտելու միանգամից իր այժմյան կույր ու հանցավոր առաջնորդներին, բայց ապագայի նոր, եվոլյուցիայի յենթարկված մանր բուրժուական ազգային դեմոկրատիան լինելու յե համենայն դեպս Դաշնակցության ժառանգը և վոչ «Մշակ»-ի («Պայքար», 1916, 33):

Շահումյանի հասկացողությամբ Դաշնակցությունն այլ ինչ չեր, քան քաղաքական հստակ գիտակցությունից զուրկ և «կույր առաջնորդներին» գերի կովկասահայ մանր բուրժուական դեմոկրատիան։ Դաշնակցության ազդեցության ներքո գտնվող բանվորական տարրերն ու արմատական ինտելիգենցիան, հեռանալով այդ կուսակցությունից՝ հարելու յեն հեղափոխական մարքսիզմին։ Իսկ հայ քաղքենի, մանր բուրժուական դեմոկրատիան, յերես դարձնելով «կույր առաջնորդներից», պիտի ստեղծեր «նոր եվոլյուցիայի յենթարկված մանր բուրժուական ազգային դեմոկրատիա», նոր մանր-բուրժուական ազգային կուսակցություն, վորը պիտի բռներ մանր-բուրժուական ազգային հին կուսակցության՝ Դաշնակցության տեղը։ Հայ մանր բուրժուական ապագա գիտակից, աչքաբաց դեմոկրատիան, Շահումյանի կարծիքով, «եվոլյուցիայի» կարգով դուրս պիտի գար չե թե մշակականների, այլ Դաշնակցության շարքերից։

Շահումյանի միտքն աղճատել կը նշանակեր՝ յեթե յենթադրեյինք, թե հակադրելով Դաշնակցությունը մշակականներին՝ նա հակադրում եր միմիանց վոչ թե մանր ու խոշոր բուրժուազիայի կուսակցությունները, այլ խոշոր բուրժուազիայի յերկու տարբեր կազմակերպությունները՝ արդյունաբերական և առեվտրական բուրժուազիայի կուսակցությունները։ 1914 թվին, «Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին» գրած իր աշխատության մեջ Շահումյանը թվարկում եր կովկասահայ ազգային թերթերը՝ նշելով միաժամանակ նրանց հասարակական-քաղաքական պատկանելիությունն ու բնույթը․ տերտերական «Հովիտը», հայ վաճառականների որգան «Մշակը» և հայ մանր-բուրժուական ու քաղքենիական ինտելիգենցիայի բերան «Հորիզոն»-ը (Այաքս, «Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին», 1914, Թիֆլիս, եջ 3)։ «Հայ մանր-բուրժուական և քաղքենիական ինտելիգեցիայի որգան» – այսպիսի տիտղոս եր տալիս Շահումյանը՝ անգամ Դաշնակցության աջ թեվի որգան «Հորիզոն»-ին, վոր հրատարակվում եր խոշոր հայ կապիտալիստի գումարներով։ Յեվ չի՞ համապատասխանում արդյոք դաշնակցական որգանի նման բնորոշումը այն փաստին, վոր մեր ընկերներից վոմանք նախապատվություն եյին տալիս դաշնակցական «Հորիզոն»-ին կամ «Արև»-ին, յերբ հարկ եր լինում ընտրություն կատարել լիբերալ և դաշնակցական թերթերի միջև։

Դաշնակցության և նրա գրական որգանի սոցիալական բնույթի նմանորինակ ըմբռնումից շատ հեռու չեր նաև մի այլ հեղափոխական մարքսիստ՝ Ամիրանը (Արս․ Ամիրյան)։ «Հայ մանր բուրժուազիայի և մանր բուրժուական հովերով տարված բանվորության քաղաքական առաջին քայլը, նրանց քաղաքական այբն ու բենն ե հորիզոնականությունը»,– գրում եր 1916 թվին Ամիրանը ու շարունակում,– «Մենք գիտենք, վոր յեղել են մոմենտներ, ինչպես որինակ 1905-1907 թվականներին, յերբ հորիզոնականությունն ավելի ազդված ե յեղել պրոլետարիատից, քան խոշոր բուրժուազիայից։ Ընդհակառակը, 1914-16 թվականներին նրա վրա գերակշռում ե խոշոր բուրժուազիայի ազդեցությունը»։ «Հորիզոնականությունը,– շարունակում ե Ամիրանը,– ավելի շուտ յեղել ե մի գործիք ավելի ուժեղ մի դասակարգի ձեռքին, հայ խոշոր բուրժուազիայի․․․ Հին պատմություն ե, վոր «լավ հարձակվել ու լավ պաշտապնվել գիտի» ընդհանրապես հայ վաճառականը, մասնավորապես հայ վաճառականը, առանձնապես նոր իդեոլոգը» (խոսքը «Մշակի» խմբագիր Առաքելյանի մասին ե Ա. Հ.) («Պայքար», 1916, 50)։

Սխալ ե, ի հարկե, Ամիրանի այն միտքը, վոր 1905-07 թ․թ․ «հորիզոնականությունը», այսինքն՝ Դաշնակցությունը, «ավելի ազդված ե յեղել պրոլետարիատից, քան խոշոր բուրժուազիայից»։ 1905-07 թ․թ․պրոլետարիատի ազդեցությունը տարածվում եր կովկասահայ մանր բուրժուազիայի, բայց վոչ նրա կապիտալիստական որիենտացիայի կուսակցության՝ Դաշնակցության վրա։ Պրոլետարիատի ազդեցությունը կովկասահայ մանր բուրժուազիայի վրա անդրադարձնում եյին մանր բուրժուական այլ հոսանքներ «սպեցիֆիկները», «անջատականները», հայ սոցիալիստ-հեղափոխականները և մենշեվիկները։ Դաշնակցությունը հարկադրված եր միայն հաշվի առնել պրոլետարիատի ազդեցությունը կովկասահայ մանր բուրժուազիայի վրա։ Այն ճիգ եր գործադրում վանել մանր բուրժուազիայից «ոտար», «անհարազատ» այդ ազդեցությունը։ Այնուամենայնիվ, ճիշտ ե Ամիրանի հիմնական միտքը «հորիզոնականության» մանր բուրժուական բնույթի մասին։ Յեվ ապա այն, վոր «հորիզոնականությունը» «ավելի շուտ յեղել ե մի գործիք ավելի ուժեղ մի դասակարգի ձեռքին՝ հայ խոշոր բուրժուազիայի» ձեռքին։

 

II

Բնորոշ ե, վոր այս բնութագրումների մեջ վեր ե հանված կովկասահայ առեվտրական բուրժուազիան, կովկասահայ վաճառականությունն ու իր կուսակցությունը, սակայն չի հիշատակվում կովկասահայ արդյունաբերական ու ֆինանսական բուրժուազիան։ Վո՞րտեղ ե գաղտնիքը։ «Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին» հրատարակած իր բրոշյուրի մեջ Շահումյանը կանգ ե առնում միայն կովկասահայ ա՛յն դասակարգերի ու կուսակցությունների վրա, վորոնք «ազգի փրկությունը» տեսնում եյին հայկական ավտոնոմիայի մեջ։ Ունե՞ր արդյոք կովկասահայ արդյունաբերական ու ֆինանսական բուրժուազիան ազգային-քաղաքական ծրագիր։ Վոչ, չուներ և դեռ ավելին՝ նա չեր կազմակերպված նույնիսկ վորպես առանձին դասակարգ կովկասահայ հասարակայնության ծոցում, չուներ վոչ իր ազգային կուսակցությունը, վոչ իր հայերեն որգանը։ Իր դասակարգային գերիշխանության խնդիրը նա չեր մտցնում բացառապես հայկական շրջանակների մեջ։ Ուստի և իր հասարակական-քաղաքական կերպարանքը նա չեր հայտնաբերում հանձին հայկական վորևե կուսակցության։ Այնպես, ինչպես հայ բանվոր դասակարգը, դուրս գալով ազգային սահմանափակության շրջանակներից, մտնում եր Ռուսաստանի բանվորության մեջ, այդ շրջանակներում կազմակերպվում վորպես դասակարգ ու առաջ քաշում իր քաղաքական կուսակցությունը՝ այդպես նաև հայ արդյունաբերական ու ֆինանսական բուրժուազիան, հայ խոշոր բուրժուազիայի ամենաուժեղ շերտը, մտնում եր Ռուսաստանի բուրժուազիայի մեջ և սրա հետ կապում իր քաղաքական բաղդը։ Յեվ այս չե հենց պատճառը, վոր վերը բերած բնույթագրումների մեջ վոչ միայն Դաշնակցությունը, այլև մշակականությունը չեն բնորոշված վորպես կովկասահայ արդյունաբերական կամ ֆինանսական կապիտալի ազգային-քաղաքական կազմակերպություններ կամ հոսանքներ։

Կովկասահայ արդյունաբերական-ֆինանսական բուրժուազիան յերբեք աչքի չի ընկել վոչ քաղաքական ռադիկալիզմով, վոչ վորևե «դեմոկրատականությամբ»։ Նրա պահպանողականությունն ու հետադիմականությունը հին Ռուսաստանում՝ հանրածանոթ ե և գտնում ե իր սպառիչ բացատրությունը նրա կազմի և ընդհանուր դրության մեջ։ Հիրավի, քաղաքական ռադիկալիզմն ու բուրժուական «դեմոկրատիզմը» սովորաբար հատուկ են միայն թեթեվ արդյունաբերության կամ միջին ու մանր առեվտրի ներկայացուցիչներին։ Մինչդեռ հայ առեվտրա-արդյունաբերական կապիտալը կենտրոնացած եր անշարժ գույքի, ֆինանսների, ծանր արդյունաբերության ու խոշոր առեվտրի ներկայացուցիչների ձեռքին։ Ռուսաստանի և Անդրկովկասի մեծահարուստ հայ բուրժուան խոշոր տնատեր եր, բանկիր (Ժամհարյանների «Թիֆլիսի» և «Կովկասյան» բանկերը), բանկային արժեթղթերի կամ առեվտրա-արդյունաբերական ակցիաների սեպհականատեր կամ նավթարդյունաբերող (Մանթաշեվ, Միրզոյեվ, Գուկասով, Տեր-Ակոպով, Լիանոզով, Պիտոյեվ, Ծատուրով, Բուդագով, Մայիլով և այլն)։ Վորպես րանտյե, ֆինանսական կապիտալի ու հանքային հարստությունների սեպհականատեր՝ նրա շահերը հաճախ խաչաձեվում եյին խոշոր կալվածատիրության շահերի հետ։ Վորպես, մասնավորապես, լեռնարդյունաբերող, նա կռվում եր միջազգայնորեն կազմակերպված բանվորության դեմ։ Յեվ այս հանգամանքները շաղկապում եյին իրար հետ հայ խոշոր արդյունաբերական-ֆինանսական կապիտալի և ցարիզմի շահերը։ Ու դեռ ավելին՝ ֆինանսական կապիտալի խողովակով կովկասահայ խոշոր բուրժուազիայի շահերը գալիս եյին միախառնվելու վոչ միայն ռուսական, այլև յեվրոպական կապիտալիստների ու նրանց հովանավորող պետությունների հետամտած ինտերեսների և նպատակների հետ։

Հայ արդյունաբերական-ֆինանսական կապիտալը զետեղված եր Հայաստանից դուրս, զարգանում եր «հարազատ» ազգային-եթնիքական միջավայրից հեռու։ Հայ կապիտալիստը տնտեսապես զորեղ կամ տիրապետող տարր եր Վրաստանում և Ադրբեջանում։ Լեռնարդյունաբերությունից զատ՝ նա շահագործում եր այդ յերկրների հարստությունը վորպես բամբակագործության, շերամապահության, ձկնորսության, գինեգործության, ծխախոտագործության, կաշվեգործության կամ տնտեսության այդ ճյուղերի հետ կապված արդյունաբերական-առևտրական ձեռնարկությունների «պիոներ»։ Նրա տնտեսական ուժի շոշափուկները տարածվում եյին ավելի հեռուները դեպի Հյուսիսային Կովկաս, Անդրկասպյան յերկիրը, Թյուրքեստան, Ռուսաստանի կենտրոնական վայրերը և այլն։ Ամենուրեք եթնիքական փոքրամասնություն կազմելով՝ հայ կապիտալիստը ծածկում եր իր գիշատիչ դեմքը խաղաղության արմավենիով։ Ազգային ագրեսիվ դիրք ընդունել կամ վարել ազգային ակտիվ քաղաքականություն-բնավ ձեռնտու չեր ազգային փոքրամասնության վիճակի մեջ գտնվող խոշոր հայ կապիտալիստներին։ Այս նկատառումը թելադրում ե հայ արդյունաբերական-ֆինանսական կապիտալին շաղկապելու իր բաղդը ռուս բուրժուազիայի և ռուսական պետականության հետ։ Կար և այլ հանգամանք։ Ռուսաստանի հում նյութերի աղբյուրները չեյին սպառված տակավին կապիտալիստական շահագործության համար, իսկ ներքին շուկան խոշոր հնարավորություններ եր ընձեռում կապիտալի կուտակման համար։ Ցարի կառավարությունն ազգային անհաղթահարելի խոչընդոտներ չեր հարուցանում յերկրի ներսում հայ բուրժուազիայի կապիտալիստական զարգացման առաջ։ Նվաճողական քաղաքականության հարցերը հայ արդյունաբերական-ֆինանսական բուրժուազիային հետաքրքում եյին այնքան, վորքան նրանք ռուսական բուրժուազիային եյին հետաքրքրում։ Դուրս չը գալով ռուս բուրժուազիայի հետամտած ծրագրի սահմաններից՝ հայ կապիտալիստը չեր առաջադրում ազգային ավտոնոմիայի խնդիր, իսկ, մասնավորապես թյուրքահայ վիլայեթների վերաբերմամբ նա, ինչպես և ռուս բուրժուազիան, կանգնած եր աննեքսիոնիստական տեսակետի վրա։ Հայ բուրժուազիայի այս շերտն ազգային-քաղաքական գունավորում չեր տալիս «հայկական հարցին»։ Նրա նացիոնալիզմը բնորոշում եր հայ կապիտալիստի պատմական-եթնիքական ծագումը միայն, առանց անդրադարձնելու նրա ուրույն, ազգային, տնտեսական-քաղաքական շահը։ Այստեղից հասկանալի յե այդ նացիոնալիզմի ծիսական, ծխական-յեկեղեցական կամ ազգային-բարեգործական նկարագիրը։ Հայ բուրժուական նացիոնալիզմի այս վարիանտը լիովին և ամբողջությամբ տեղավորվում եր ցարական ինքնակալության ընդհանուր սիստեմի մեջ։ Այդ սիստեմի կարիքը կովկասահայ արդյունաբերական-ֆինանսական բուրժուազիան զգում եր՝ վոչ միայն արտաքին նվաճումների, այլև իր ներքին անդորրն ապահոված տեսնելու համար։ «Վորքան ավելի յենք մոտենում Յեվրոպայի արևելքին՝ քաղաքական տեսակետից՝ նույնքան ավելի յե թուլանում, յերկչոտ և ստորաքարշ դառնում բուրժուազիան»։ Մեր կուսակցության անդրանիկ «Մանիֆեստի» այս խոսքերը կրկնապատիկ ավելի կը ճշտվեն, յեթե մասնավորենք նրա իմաստը հայ կապիտալիստական բուրժուազիայի վերաբերմամբ։ Հեղափոխության դեմ պաշտպանվելու պահանջը նույնքան խոշոր եր կապիտալի համար, վորքան նաև արտաքին շուկաներում իր դիրքն ամրացնելու կարիքը։ Իսկ հայ բուրժուազիայի այս հատվածը իր ներքին անդորրը խանգարող հեղափոխական գործոն եր համարում յերբեմն անգամ դաշնակցականներին։

Պարզ ե, վոր նման պայմաններում Դաշնակցությունը չի կարող կովկասահայ բուրժուազիայի այս հատվածի կուսակցություն նկատվել։ Կար ժամանակ, յերբ այդ բուրժուազիայից դրամ կորզելու համար դաշնակցականները հարկադրված եյին դիմել բռնի միջոցների՝ տերրորի, եքսպրոպրիացիայի և այլն։ Այսպես նշանակալից եր այդ տեսակետից դարի սկզբին Բագվում կազմակերպված տերրորիստական «Փոթորիկ» խմբակի գործունեյությունը։ Ի դեպ ե ասել, վոր դաշնակցական տուրքերի և տերրորի յերեսից տրտնջում եյին նաև գյուղի կուլակները, վաշխառուները և քաղաքային վաճառականները, վորոնք Դաշնակցությունից պաշտպանվելու համար դիմում եյին յերբեմն անգամ կառավարական որգանների ոգնությանը։ Ազգային «բարեգործները» առանձին հանգամանքերում ե միայն, վոր բաց եյին անում իրենց քսակի բերանը Դաշնակցության առաջ։ Բուրժուական գանձարկղից կամավոր մուծումներ եյին արվում ռազմական սուր բաղխումների տարիներին, յերբ բուրժուազիան ոգտագործում եր դաշնակցական «զինվորներին» իր կյանքն ու գույքը պաշտպանելու կամ տիրապետության ու ազդեցության վորևե նոր վայր նվաճելու համար։ Դրանք այն տարիներն եյին, յերբ խոշոր բուրժուազիան մուտք եր գործում Դաշնակցության շարքերը կամ վորոշում իր անմիջական ազդեցությամբ նրա քաղաքականության ընթացքը։ Տարիներ, յերբ մանր ու խոշոր բուրժուազիայի ուժերն իրար հավասարակշռող գործոններ եյին կազմում հայ կյանքում և առաջանում եր նույնիսկ յերկմտանք՝ ո՞վ ե ղեկավարում ում՝ դաշնակցականներն ու մանր բուրժուազիան լիբերալներին ու խոշոր բուրժուազիային, թե ընդհակառակը։ Այսպիսի տարիներ եյին մասնավորապես 1905-07 և 1914-16 թվականները։

Ժամանակ եր սա, յերբ կովկասահայ կապիտալի մագնատները վարձում եյին Դաշնակցության խմբերին ու խմբապետներին՝ նավթարդյունաբերական ռայոնում կոտորածներ կազմակերպելու, գործադուլներ ճնշելու, անարխիստական եքսերից ապահովագրվելու համար։ Կամ ժամանակ, յերբ Դաշնակցությունը զինվորագրվում եր «կամավոր» իմպերիալիստական պատերազմին և ազգային այլ և այլ «բյուրոների» և «խորհուրդների» միջոցով ուղղակի կամ անուղղակի յենթարկվում վոչ միայն տնաբույս հայ վաճառական կապիտալի, այլև, ավելի մեծ չափով, համառուսական արդյունաբերական-ֆինանսական կապիտալի ընդհանուր քաղաքական հրամանատարությանը։ Կուսակցության ներսում նման ժամանակներում ծայր եյին առնում կապիտալիստական-բուրժուականան վերասերման զորեղ պրոցեսներ։ Սակայն կուսակցությունը գերազանցորեն շարունակում եր դեռ մնալ կովկասահայ մանր-բուրժուազիայի կազմակերպություն։ Արտակարգ այս տարիներին կուսակցությունը անդրադարձնում եր հիմնականում կապիտալիստական, իմպերիալիստական բուրժուազիային գործիք ծառայող մանր բուրժուական պատրիոտիզմի և մանր-բուրժուական ռեակցիայի ընդհանուր յերևույթը։

Խոշոր ու մանր բուրժուազիայի վեճը հասարակական քաղաքական գերիշխանության խնդրի շուրջը կովկասահայ կյանքում ևս լուծվում եր վերջին հաշվով ի հարկե միայն հոգուտ խոշոր բուրժուազիայի։ Սակայն չը պետք ե մոռանալ, վոր այս դեպքում ևս հրապարակի վրա յերևացողը կովկասահայ արդյունաբերական-ֆինանսական բուրժուազիան չեր, այլ նրա ռեզերվը՝ կովկասահայ առևտրական բուրժուազիան։ Կովկասահայ բուրժուազիայի այս հատվածի բերանն եր հենց «Մշակ»-ը, վորն ազգային սահմանափակ շրջանակներում համախմբում եր իր շուրջը հայ բուրժուազիայի տնտեսապես հետամնաց, շահագործության գիշատիչ ձևեր կիրառող շերտերին, ճիշտ այնպես, ինչպես հայ «սպեցիֆիկները» կազմակերպչական ազգային սիստեմով ընդգրկում եյին հայ բանվորների դասակարգայնորեն հետամնաց, ազգայնորեն սահմանափակ գիտակցության տեր և շահագործության գիշատիչ ձևերին յենթակա շերտերին։ Յեվ ի դեպ՝ այս ընդհանուր ազգային սահմանափակության մոմենտին չե՞ վոր պիտի վերագրել «սպեցիֆիկներից» վոմանց (այսպես կոչված մշակական մարքսիստների) «հոգևոր կապը» հայ բուրժուազիայի հետամնաց հատվածի քաղաքական որգան «Մշակ»-ի հետ։

Հայ բուրժուազիայի այս հատվածն եր բացառապես, վոր 19-րդ դարի յերկրորդ կեսից յերևան յեկավ ազգային-հասարակական գործերում, վորպես ակտիվ, իր գերիշխանության համար մարտնչող, կամ արդեն իսկ գերիշխանություն բանեցնող գործոն։

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Ներկա հոդվածը հեղինակի «Դաշնակցության սոցիալական բնույթը» վերնագրած ձեռագիր աշխատության մի գլուխն ե։ Ամբողջ աշխատությունը, ներածական և յեզրափակիչ մասերից զատ․ ամփոփում ե իր մեջ Դաշնակցության սոցիալական ծագմանը, եվոյուցիային և վերասերմանը նվիրված առանձին գլուխներ։