Դավիթ և Հակոբ Արզանով եղբայրները՝ Լազարյան ճեմարանի սաներ. դպրոցի կրթական համակարգի սկզբնավորումը

 

Պետականության ի՞նչ ըմբռնումներ է մեզ ժառանգել 19-րդ դարասկզբի ռուսահայ հասարակական-քաղաքական միտքը. մի ժամանակաշրջան, երբ իրատեսական էր դարձել Ռուսական կայսրության օգնությամբ հայերի՝ հայրենիքն այլադավան տիրապետողներից ազատագրվելու դարավոր բաղձանքը: Այս համատեքստում կարևոր նշանակություն էր ստացել սեփական պատմությունն ուսումնասիրելու և ռուսական հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը: Այդպիսի մի փորձ էր 1827 թվականին Մոսկվայում տպագրված Հակոբ և Դավիթ Արզանովների Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ ռուսալեզու գիրքը, որը գիտական մի հրատարակություն էր՝ ձոնված ռուսաց կայսր Նիկոլայ առաջինին: Արզանով եղբայրների աշխատանքն ու գաղափարական հենքը հասկանալու մեր փորձը ստիպում է մեզ հետազոտել նրանց միտքը ձևավորող միջավայրը: Վերջինիս մոտենալու եզրեր է տալիս ներկա վավերագիրը, որը հատված է Լազարյան ճեմարանի՝ 1895 թվականի շրջանավարտ, հասարակական գործիչ Հովսեփ Թադևոսյանի Պատմութիւն Լազարեան տոհմի եւ Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց գրքից՝ հրատարակված Վենետիկում 1953 թվականին:

Հեղինակը ներկայացնում է ճեմարանի ձևավորման շրջանը՝ 19-րդ դարի առաջին կեսը: Արժեքավոր են Թադևոսյանի տեղեկությունները դպրոցի կրթական ծրագրի, ուսուցչական կազմի և ուսանողության վերաբերյալ: Լեզուների, գրականության ու պատմողական առարկաների առատությունը կիրառական, նաև գեղագիտական նշանակություն ունեցող առարկաների հետ միասին դպրոցը դարձնում էր արդի մի կրթական հաստատություն, ինչը դարեր շարունակ եկեղեցու պատերի ներսում սաղմոսներ սերտող հայ ազգի կյանքում նորություն էր: Մյուս կողմից՝ այն ոչ միայն հայ հանրության, այլև ռուսական կառավարության ու մամուլի ուշադրության կենտրոնում էր որպես մի կառույց, որը ռուսական կյանքի ու մշակույթի մեջ գոյության հնարավորություն էր տալիս հայ որբին՝ կրթելով նրան կայսերական գիմնազիաների դրվածքով: Կրթական այս հիմքերն էին, որ ձևավորել էին Արզանով եղբայրների մտավոր հորիզոնը: Նրանք այն հինգ աշակերտներից երկուսն էին, ովքեր, ավարտելով ճեմարանը, ընդունվել էին Ռուսաստանի կայսերական համալսարան և ստացել պատմաբանասիրական բարձրագույն կրթություն: Կրթական այս ուղին, որ բացվել էր 19-րդ դարի սկզբին ռուսաստանաբնակ հայ երիտասարդության առջև, հագեցնում էր նրանց՝ լուսավորվելու ու արդիանալու մղումը: Մի ճանապարհ էր սա, որը Հայոց թագավորությունը վերականգնելու բաղձանքի իրագործման համար պահանջում էր խոնարհություն ռուսաց ցարին՝ առանց որի «ամուր թիկունքի ու հովանավորության» հայրենիքի փրկությունը չէին պատկերացնում երիտասարդ եղբայրները:

Հրապարակվում է ըստ՝ Յովսէփ Թադէոսեան, Պատմութիւն Լազարեան տոհմի եւ Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց (Վիեննա, Մխիթարեան տպարան, 1953), էջ 346-349:

 

Լազարեան Ճեմարանը իր զարգացման առաջին շրջանում (1815-1837)

Լազարեան Ճեմարանը իր կենաքի առաջին ժամանակաշրջանում, որ ընդգրկում է 1815-1837 թուականները, չի ունեցել ոչ մի իրավունք, ոչ մի առանձնաշնորհում. նա եղել է սոսկ մի համեստ մասնաւոր դպրոց՝ «Տեարց Լազարեանց Ճեմարան»:

Այս շրջանում նրա հիմնադիրն ու կառուցանողը՝ աղա Յովակիմ Ղազարեան Լազարեանը հետամուտ է եղել շատ համեստ կրթական նպատակի՝ յագեցնել Ռուսաստանի հայ ազգաբնակութեան մատաղ սերունդի ուսման ծարաւը, գլխաւորապես հայ որբ ու չքաւոր երեխաների շարքից, եւ տալ նրանց պատշաճ դաստիարակութիւն:

Բնական էր, որ Յովակիմ աղան բաւարարուէր այդքանով, որովհետեւ իր դպրոցը դեռ չէր ճանաչուած կառավարութիւնից, իրաւազուրկ էր եւ բացի այդ դժուար էր գտնել ուսուցչական հմուտ կազմ:

Հազիւ է յաջողում նրան Ճեմարան բերել նախ Յարութիւն քահ. Ալամդարեանին, որ արդեն 1824 թ. փոխադրւում է նորաբաց Ներսիսեան դպրոցը Թիֆլիսում, եւ ապա Սերովբէ վարդ. Պատկանեանին ու Միքայէլ Ծ. Վ. Սալլանթեանին, որոնք դպրոցի կրթական գործը արդեն դնում են պատշաճ բարձրութեան վրայ:

Այդ ժամանակ Ճեմարանը ունեցել է միայն չորս դասարան, ինչպէս ընդունուած էր կայսրութեան այդ ժամանակուայ գիմնազիոններում:

Դասաւանդուող առարկաներն են եղել՝ Կրօն (ռուս ուղղափառ եւ հայ լուսաւորչական եկեղեցիների), Տրամաբանութիւն, Հայերէն (հայ երեխաների համար), Ռուսերէն, Լատիներէն, Ֆրանսերէն, Գերմաներէն հանդերձ գրականութեամբ, Մաթեմատիկա, Պատմութիւն, Աշխարհագրութիւն եւ Վիճակագրութիւն (ստատիստիկա), Նկարչութիւն, Վայելչագրութիւն եւ Պար:

Ճեմարանը այս ծրագրով եւ փոքրաթիւ աշակերտներով գործել է ամբողջ 12 տարի:[1]Պրոֆ. Զինովեւը հիշատակում է նաեւ «Իրաւունքներ», մինչդեռ Ք. Քանանեանի տուած ծրագրի մէջ այդ առարկան բացակայում է: Մենք գերադասեցինք հետեւել Գ. Քանանեանին, քանի որ «Իրաւունքներ» բառը շատ անորոշ է, յայտնի չէ՝ թէ խօսքը ո՞ր իրաւունքի մասին է՝ Ռուսական թէ՛ Հռովմէական իրաւունքի կամ թէ իրաւունքի ընդհանուր տեսութեա՞ն:

Թէեւ Յովակիմ աղան, ի նկատի առնելով իր ծերութիւնն ու սպառւող ոյժերը, Ճեմարանի կառավարութիւնը արդէն 1818 թուին յանձնել էր իր երկու աւագ որդիներին՝ Յովհաննէսին եւ Խաչատուրին, առաջինին նշանակելով հոգաբարձու, իսկ երկրորդին՝ նրա օգնական եւ Ճեմարանի առաջին վերատեսուչ (դիրեկտոր), այնուամենայնիւ շարունակում է մինչև իր մահը բերել իր խնամքն ու մասնակցութիւնը Ճեմարանի գործերին:

Շնորհիւ այս երեք Լազարեանների եռանդուն ու գուրգուրալից գործունէութեան, Ճեմարանը իր գոյութեան հենց առաջին վեց տարում ցոյց է տալիս կրթական գործում այնքան նշմարելի յաջողութիւն, որ գրաւում է հայ հասարակութեան ուշադրութիւնն ու պատճառում մեծ ուրախութիւն: Դրան մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ շրջանաւարտների քննութիւնները տեղի էին ունենում հրապարակաւ, ներկայութեամբ Մոսկուայի հայ եւ ռուս հասարակութեան ներկայացուցիչների, Մոսկուայի համալսարանի ուսուցչապետների ու նաեւ ժողովրդական լուսաւորութեան նախարարութեան տեղական բարձր պաշտօնեաների:

1821 թուի աւարտական քննութիւնները, օրինակ, ինչպէս վկայում է այն ժամանակուայ ռուս մամուլը[2]«Մոսկուայի Վէդոմոստի» թերթը 1821 թ. Փետրուար 9, նաեւ «Ակտերի ժողովածու», հտր. Գ, էջ 44. մատնանշուած են Գ. Քանանեանի ճառի մէջ Ճեմարանի 50ամեակի առթիւ ասուած:, առանձնապէս մեծ ուրախութիւն էր պատճառում հայ հասարակութեան, ի տես այն աչքի զարնող յառաջադիմութեան, որ ցուցադրել էին Հայաստանի հեռաւոր անկիւններից եկած հայ երեխաները: Այդ տարին Ճեմարանը տալիս է 12 շրջանաւարտ Գիմնազիոնական ընդհանուր կրթութեամբ, որոնցից 5 հոգի յատուկ քննութիւններ տալով մտնում են Մոսկուայի համալսարանը ստանալու բարձրագույն կրթութիւն:

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Պրոֆ. Զինովեւը հիշատակում է նաեւ «Իրաւունքներ», մինչդեռ Ք. Քանանեանի տուած ծրագրի մէջ այդ առարկան բացակայում է: Մենք գերադասեցինք հետեւել Գ. Քանանեանին, քանի որ «Իրաւունքներ» բառը շատ անորոշ է, յայտնի չէ՝ թէ խօսքը ո՞ր իրաւունքի մասին է՝ Ռուսական թէ՛ Հռովմէական իրաւունքի կամ թէ իրաւունքի ընդհանուր տեսութեա՞ն:
2 «Մոսկուայի Վէդոմոստի» թերթը 1821 թ. Փետրուար 9, նաեւ «Ակտերի ժողովածու», հտր. Գ, էջ 44. մատնանշուած են Գ. Քանանեանի ճառի մէջ Ճեմարանի 50ամեակի առթիւ ասուած: