Եկեղեցին և հասարակության բարոյական իդեալի կարևորումն արևելահայ լուսավորիչների շրջանում

 

19-րդ դարի արևելահայ լուսավորության շրջանակում քաղաքական մտքի առանցքային մտահոգություններից մեկը եղել է հոգևոր-բարոյական գաղափարների հանդեպ հայության անտարբերությունը։ Լուսավորիչների աչքում հայ հասարակական կյանքի արդիացման, քաղաքական ինքնուրույնության ձեռքբերման և հեռավոր ապագայում պետության հիմնադրման նախագծերը կորցնում են իրենց ռեալությունը, եթե  հայությունը հավատ չի տածում նոր հասարակական կյանքի բարոյական իդեալի հանդեպ։ Այս անվստահության պատճառները մեր լուսավորիչները ավանդաբար տեսել են Հայ Առաքելական եկեղեցու մեջ։ Աչքի առաջ ունենալով Եվրոպայում քաղաքական արդի վերափոխումների և եկեղեցական բարեփոխումների փոխկապակցված ընթացքը՝ 19-րդ դարի հատկապես արմատական հայ լուսավորիչներն իրենց քննադատության սլաքները ուղղել են իր մեջնադարյան կառուցվածքը պահպանած Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հայ Առաքելական եկեղեցին, ըստ նրանց, ունի չափազանց վերացական դավանություն ու կտրված է հայ ժողովրդի իրական կյանքից։ Փոխարենը արմատական մեր լուսավորիչները ոգեշնչված էին եկեղեցու՝ էապես բողոքական իդեալով, համաձայն որի եկեղեցին պետք է խարսխված լինի համայնական կյանքի վրա, ծանրաբեռնված չլինի բազում ծիսակատարություններով ու հետապնդի ժողովրդական լուսավորության նպատակ։ Այս երեք շեշտադրումներն էլ տեսանելի են, օրինակ, Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի ևՐաֆֆու քաղաքական ծրագրերում։ Այս տեսանկյունից հատկանշական է Րաֆֆու Խենթում տեղ գտած Վարդանի երազի այն հատվածը, որտեղ բարենորոգված եկեղեցու իդեալն ուղիղ կապի մեջ է դրված բաղձալի պետության երազանքի հետ։ Պատահական չէ, որ դրանում եկեղեցին ոչ միայն հնարավորինս պարզ  ու անշուք կառուցվածք ունի, մերված է առօրյա կյանքի հետ, այլև միաժամանակ գործում է որպես դպրոց։

Հրապարակվում է ըստ՝ Րաֆֆի, Երկերի Ժողովածու, հ. 3 (Երևան։ Հայպետհրատ, 1955), էջ 364-366։

 

Վարդանի երազը՝ հատված Խենթից  

Վարդանը միայնակ կանգնած էր փողոցի մեջ, զարմացած նայում էր իր շուրջը և չգիտեր դեպի ուր գնալ: Նրա ականջին զարկեց մի անուշ ձայն, դա եկեղեցու զանգակի ձայնն էր: Երևի, առավոտյան ժամը դեռ չէր վերջացել: Սկսյալ այն օրից, որ նա թողեց վանքը և հեռացավ աբեղաների միաբանությունից, այդ առաջին անգամն էր, որ աստուծո տան հրավերքի ձայնը այնպես քաղցր կերպով հնչեց նրա ականջներին: Քարացած սիրտը լցվեցավ մի սրբազան ջերմեռանդությամբ, նա դիմեց եկեղեցին, որի շեմքի վրա տասն տարուց ավելի ոտք չէր կոխել:

Նա զարմացավ: Այդ ինչ պարզ, այդ ինչ անշուք եկեղեցի էր: Ո՛չ բեմ, ո՛չ սեղան, ո՛չ զարդարած տաճար, ո՛չ ոսկեզօծ պատկերներ, ո՛չ արծաթյա խաչեր և ո՛չ թանկագին զգեստներ չկային այնտեղ: Նա զուրկ էր հայկական եկեղեցու բոլոր շքեղություններից, մինչև անգամ դպիրներ, սարկավագներ և տիրացուներ չէին երևում: Երկու պատկերներ միայն տեսավ այնտեղ. մեկը Հիսուս Քրիստոսի պատկերը, մյուսը սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը, երկուսն էլ հասարակ սև շրջանակի մեջ դրված:

Ժողովուրդը նստած երկայն նստարանների վրա այր և կին միասին, յուրաքանչյուրը ուներ ձեռքին մի փոքրիկ երգարան: Քահանան կանգնած ամբիոնի վրա, սուրբ գիրքը առջև դրած, քարոզ էր կարդում: Նա իր հագուստով չէր զանազանվում հասարակ ժողովրդից: Նրա քարոզը այնքան պարզ, այնքան հասկանալի էր, որ բոլորը հասկանում էր Վարդանը: Ինչպես մի վտակ, բխած կենդանի և մաքուր աղբյուրից, աստուծո խոսքը հոսում էր նրա բերանից: Նա բացատրում էր սուրբ գրքի այն խոսքի իմաստը, թե «քո ճակատի քրտինքով պետք է վաստակես քո հացը»: Վարդանը զարմանում էր քահանայի բացատրությունների վրա: Այդ խոսքի իմաստը մինչև այնօր Վարդանին հասկացրել էին այն մտքով, որ դա մի անեծք էր, որով աստված դրոշմեց նախաստեղծ մարդու ճակատը, որ տարածվում էր նրա ամբողջ սերունդի վրա: Իսկ այժմ հասկանում էր, որ դա մի խրատ էր, որ խլում է մարդուց ծուլությունը և պահում է նրան անվաստակելի, աշխատասեր ինքնագործունեության մեջ:

Քարոզը վերջացավ: Բազմության միջից վեր կացավ մի հասարակ գյուղացի, և քարոզի մտքի համեմատ, հանպատրաստից կարդաց մի աղոթք: Նա խնդրում էր աստուծուց, որ շնորհե իրանց առողջություն, խելք և զորություն, որ կարողանան գործել, աշխատել և արդյունավորել նրա ստեղծած երկիրը, որ բովանդակում է իր մեջ անսահման բարիքներ:— «Այդ ի՞նչ աղոթք է,— մտածում էր Վարդանը,— այդ ի՞նչ շահասեր մարդիկ են. դրանք հոգու համար ոչինչ չեն խնդրում. մի՞թե դրանք գերեզմանի մյուս կողմում ոչինչ սպասելիք չունեն և խնդրում են միայն այն, ինչ որ պահանջում է մարմինը, ինչ որ պահանջում է իրական կյանքը»:

Աղոթքը վերջացավ: Բոլոր բազմությունը՝ այր և կին, ծեր և մանուկ, միաձայն սկսեցին երգել մի երգ: Նրա բովանդակությունը առած էր Սաղմոսի հետևյալ տողերից, «շատերը ասում էին, թե ո՞վ ցույց կտա մեզ տերի բարությունը: Մեզ վրա ծագեց քո երեսի լույսը, և մեր սրտերին ուրախություն շնորհեցիր: Ցորենի, գինիի և ձեթի պտուղների առատությունով լիացրիր մեզ»:— «Դարձյալ նույն նյութական նպատակը…— մտածում էր Վարդանը,— դարձյալ հոգեկան ոչինչ չկա… Մշակ մարդը երգում է երկրի առատությունները, որ մշակել էր իր ձեռքով, որ շնորհել էր նրան աստված: Զարմանալի է, ի՞նչպես այդ մարդիկը հարմարացրել են կրոնի վերացականությունը իրական կենցաղավարության պահանջների և պայմանների հետ»…

Բայց ի՞նչ գեղեցիկ երգ էր այդ, որին ներդաշնակում էին երգեհոնի անույշ հնչյունները, ո՜րքան քաղցր, ո՜րքան սքանչելի եղանակով թռչում էր նա հարյուրավոր մարդկանց բերանից: Վարդանին այնպես էր թվում, թե մարդերի ձայնը, միացած անթիվ սերովբեների մեղեդիների հետ, վերամբառնում էր դեպի հավիտենական  աթոռը: Նա իր կյանքում առաջին անգամն էր լսում մի այսպիսի սրբազան երաժշտություն:

Ժամերգությունը վերջացավ: Ժողովուրդը սկսեց դուրս գալ եկեղեցուց: Այժմ նույն ամբիոնի վրա, որտեղից քահանան քարոզ էր կարդում, կանգնեց վարժապետը, և նույն նստարանների վրա, ուր ծնողները երգում էին, աղոթում էին, այժմ շարվեցան նրանց զավակները: Աղջիկ և տղա, խառն միմյանց հետ սկսեցին լսել վարժապետի դասախոսությունը:— «Մի՞թե այդ դպրոց է եղել,— մտածում էր Վարդանը,— մի՞թե եկեղեցին միացրել են դպրոցի հետ: Ա՜խ, այդ ի՞նչ խնայող մարդիկ են, որ չեն կամեցել դպրոցի համար առանձին շենք կառուցանել: Այստեղ ևս դարձյալ նյութականություն»: