«Զոհողութեան և զրկանքի» գաղափարն Առաջին հանրապետությունում. հայ մտավորականությանն ուղղված Յ. Պարսամեանի կոչը

 

1918-ին անկախ պետականության հռչակմամբ զարգացած մշակույթի գոյությունը կապվեց հայերի՝ քաղաքակիրթ ազգերի շարքում սեփական տեղն ունենալու նվիրական երազանքի հետ՝ գրավական դառնալով միաժամանակ հայության քաղաքական ինքնուրույնության։ Այս շրջանակում են դիտելի նաև Առաջին հանրապետության տարիներին մամուլում արտասահմանի հայ մտավորականությանն ուղղված բազմաթիվ կոչերը՝ Հայաստան վերադառնալու և նորանկախ երկրի պետական ու մշակութային կյանքի կայացմանը ներգրավվելու հորդորով։ Դրա մի օրինակ է  1919-ին Աշխատանք թերթում տպագրված Յ. Պարսամեանի՝ «Մտաւորականները դէպի Հայաստան» վերտառությամբ հոդվածը։ Հեղինակը, ողջունելով «դէպի երկիր» հայ մտավորականության սկզբնավորած շարժումը, իր պարտքն է համարում «մէկ քանի թելադրանքներով առաջքը առնել այն հիասթափութեան», որին, ըստ հեղինակի, կարող էին բախվել նորանկախ երկիր վերադարձող մշակույթի գործիչները։

Այսպես, ազգային պետականության նորաստեղծ լինելու փաստը հեղինակին ստիպում է ասել, որ Հայաստանը «այսօր ալ, երէկւայ այն երկիրն է, որ կը պահանջէ զոհողութիւն և գաղափարական աշխատանք»։ Ավելին՝ հեղինակի համոզմամբ՝ անկախ Հայաստանում «կայ մէկ իրաւունք միայն՝ զոհողներու իրաւունքը»։ Ներկայի ծանր կացությունը «գաղափարական աշխատանքով» դարմանելու ու մտավորականության առջև «զոհողության»՝ ընդհուպ մինչև բարոյական պահանջ դնելով՝ հեղինակը կյանքից վեր դասված բարձր գաղափարի՝ ազգային պետականության համար նահատակության գնալու կոչ է անում։ Սա մի կացություն է, որը,  կտրելով պետական ու մշակութային կյանքի զարգացումն իր նյութական պայմաններից, երևան է հանում միաժամանակ պետության ու առօրյա կյանքի միջև՝ Առաջին հանրապետությանը ներհատուկ լարումները։

Հրապարակվում է ըստ՝ Յ. Պարսամեան, «Մտաւորականները դէպի Հայաստան», Աշխատանք,  22 հուլիսի 1919 թ.։

 

 

Վերջին օրերս բազմաթիւ մտաւորական տարրեր Արտահայաստանէն Երևան լեցւեր են: Երևոյթը ինքնին գնահատելի է և արժանի քաջալերութեան: Հայ երկիրը Հայու այն դժբաղդ հայրենիքն է եղած, որ, իր պատմական գօտեմարտի ամբողջ ընթացքին, միշտ ալ զուրկ է մնացեր իր հարազատ երկու տարրերնէն. մտաւորականէ և բուրժուազիայէ: Ներկայ հասարակագի մէջ ներգործօն և յառաջադիմական մեծ դեր կատարող սոյն զոյգ դասերը միշտ ալ խոյս տւած են մեր մայր Երկրէն ու իրենց դիրքն ու բարեկեցութիւնը հաստատած արտասահմանի և գաղութներու մէջ: Երկուքն ալ — բացառութիւնները միշտ բացառութիւն համարելով — դաւաճանօրէն լքեր են հայ գեղջուկն ու հայ հողը, թափառելով աներկիր «ազգասիրութեան» և անգետին «համահայութեան» գաղափարներուն շուրջը:

Այժմ երբ հայ երկրի անդաւաճան զաւակը՝ հայ գեղջուկը իր արեան գնով Հայաստանի մէկ մասին վրայ հաստատեր է իր ազատագրութեան շէնքը, և գերմարդկային ճիգ ու ջանք ի գործ կը դնէ ամրապնդելու և ընդարձակելու զայն, ինչ խօսք որ պէտք ունի օգնութեան՝ ֆիզիքական, բարոյական և տնտեսական օժանդակութեան, որուն համար իր աղաղակներն ու ճիչերը ողջ աշխարհն են բռներ: Արտասահմանեան հայ բուրժուազիան — հայ երկիրը արդէն բուրժուազիան չունի — նոյնիսկ ներկայ պատմական օրերուն կը զլանայ ամենադոյզն օգնութիւն և կըսպասէ համաշխարհային իրերու վերջնական դասաւորման և բնականոն կեանքի հաստատման՝ իր դրամագլուխը «ազգասիրաբար» Հայաստան մուծելու համար: Կըսպասէ, որովհետև անիկա չի ուզեր նոյնպէս «ազգասիրաբար» մէկ կոպէկ անգամ իր միլիոններէն րիսկի ենթարկել՝ այն պահուն երբ հայ ժողովուրդի ողջ գոյութիւնը վտանգի տակ կը գտնւի: Ահա հայ բուրժուազիայի դաւաճան դերը, որ անցեալէն սկսեալ կը շարունակւի այս օր ալ և պիտի շարունակւի վաղն ալ: Աւելի զգայուն կը թւի ըլլալ մեր մտաւորական դասը՝ հարկաւ որոշ դրդապատճառներով բացատրելի:

Մենք կ’ողջունենք հայ մտաւորական դասի սկսած շարժումը, որու նշանաբանն է «դէպի երկիր»: Ու Երևան, Հայաստանի մայրաքաղաքը, անյիշաչարօրէն ուրախ է ի տես մտաւորական տարրի այս շարժումին: Սակայն, մեր պարտք կը համարենք մէկ քանի թելադրանքներով առաջքը առնել այն հիասթափութեան, որուն կրնան ենթարկւիլ բոլոր անոնք, որք հայ բուրժուազիայի մտայնութեամբ սնած Հայաստան կուգան:

Վստահ ըլլալով հանդերձ որ Հայաստանի կառավարութիւնը պիտի ջանայ համապատասխան գործ և աշխատանք տալ Հայաստանին եկող ձեռնհաս և կարող ուժերուն և ընդհանրապէս օգտագործելու հետզհետե ժամանող մտաւորական տարրերը, մենք վերջիներուս ուշադրութիւնը կը հրաւիրենք հետևեալ պարագայի վրայ: Հայաստանը, այսօր ալ, երէկւայ այն երկիրն է, որ կը պահանջէ զոհողութիւն և գաղափարական աշխատանք: Անիկա ի վիճակի չէ բաւարարելու մտաւորական տարրի պահանջները այնպէս՝ ինչպէս կազմակերպւած ուրիշ պետութիւնները: Հայ մտաւորականն ալ պէտք է արիութիւն ունենայ հայ գեղջուկի հետ կրելու տակաւին բաղդի այն դառն խաղերը, որք կը հարւածեն տակաւին մեր հաւաքական մարմինը: Անիկա ալ հայ հողին վրայ պէտք է համբերութեամբ բաժնէ մեր կեանքի բոլոր դառնութիւններն ու զրկանքները և խոնարհօրէն, դիրքի և փառքի խնդիրը մէկ կողմ նետած, նւիրւի հայ երկրի վերականգնումին բոլոր աշխատանքներուն: Գործի մէջ ընտրութեան և խտրութեան խնդիր բնաւ գոյութիւն չպիտի ունենայ եկող մտաւորականին համար: Անիկա պարտաւոր է խոնարհելով բարձրանալ և զոհաբերելով ձեռք բերել այն, որուն արժանի կը համարէ ինքզինքը այսօր, թերևս իրաւացիօրէն: Բայց ներկայ Հայաստանի մէջ կայ մէկ իրաւունք միայն — զոհողներու իրաւունքը:

Զոհողութեան և զրկանքի այս գաղափարն ու գաղափարականութիւնը պէտք է ունենալ, զուր տեղ չհիասթափւելու համար:

______________

Ձեր շուտափոյթ ու վճռական յառաջխաղացութիւնն է, որ հող պիտի պատրաստէ մեր թափառական փախստականութեան վերադարձին, պիտի փրկէ Երկրին մէջ մնացած հայութիւնը, և իրապէս պիտի վճռէ Միացեալ Հայաստանի Անկախութեան խնդիրը:

Յառա՛ջ, դէպի Երկի՛ր:»