Հայաստանում ստալինիզմի հաստատումը սկսվեց ազգային կոմունիստների ղեկավարության դեմ քաղաքական արշավով: Այդ արշավի գլխավոր թիրախը, սակայն, կոնկրետ անձ էր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը: 1927-ի մարտին կայացած կուսակցության IV պլենումն առաջ բերեց Հովհաննիսյանի դեմ ուղղված քաղաքական մեղադրանքների ալիքը:
Սույն վավերագիրը պլենումի ժամանակ Ալեքսանդրապոլի գավառային գործադիր կոմիտեի նախագահ Արսեն Եսայանի ելույթից մի հատված է, որը երևան է բերում 1920-ականների երկրորդ կեսին Հովհաննիսյանի դեմ հնչած առանցքային մեղադրանքներից մեկը՝ Հովհաննիսյանի «սպեցիֆիկյան թեքումը»: Հովհաննիսյանի 1920-ականների պատմաքաղաքականությունը Եսայանը դիտում էր իբրև քաղաքական մակարդակում սպեցիֆիզմը «պատմականորեն արդարացնելու» փորձ: Հենց Հովհաննիսյանի՝ Յերկու բնույթագիր. Ստ. Շահումյան յեվ Ալ. Ռուբենի գրքույկն է Եսայանը վերցնում իբրև «սպեցիֆիկյան, ազգայնական» գրականության ամենավերջին օրինակ:
Գրքույկի դեմ հնչող Եսայանի քննադատությունը պարզ կերպով ցույց էր տալիս, թե ինչպես էր սկսվում քաղաքականության ստալինացման գործընթացը Հայաստանում: Մեծամասնական Շահումյանին ու սպեցիֆիկ Ռուբենիին միմյանց կողք դնելը հակահեղափոխական քայլ որակելու փաստը նշում էր քաղաքականապես սեփական անցյալը «մաքրելու», «զտելու» ստալինյան տրամաբանությունը: Պայքարն ազգային կումունիստների ղեկավարության դեմ պետք է սկսվեր Հովհաննիսյանի դեմ գաղափարական պայքարով: Դա բացահայտ էր այն պարզ պատճառով, որ հենց Հովհաննիսյանն էր հետևողականորեն վեր հանում հայ հեղափոխական քաղաքական մտքի ավանդույթը՝ դրա տարբե՛ր հանգրվանների պատմականացմամբ բացելով ներկայի քաղաքական հեռանկարը:
Հրապարակվում է առաջին անգամ՝ հատվածաբար ըստ՝ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1, ցուցակ 7, գործ 15, թթ․ 33-39:
Մեր կուսակցության մեջ կան հակա–բոյլշևիկյան, հակա–լենինյան տրամադրություններ յեվ տենդենցներ: Յեթե մենք լուրջ ուսումնասիրենք մեր կուսակցական լայն խավերը, մենք այնտեղ կարող ենք պատահել նույնիսկ անարխիական, սինդիկալիստական տրամադրությունների: Յես այստեղ կանգ կառնեմ մի հիմնական հարցի — «սպեցիֆիզմ»–ի վրա, վորով ներկայումս ամենից շատ ե հետաքրքրվում մեր կազմակերպությունը:
Յես կարծում եմ, վոր ընկ. Սուրեն Յերզնկյանը սխալվում եր, յերբ Հայաստանի Կենտկոմը ամբողջովին մեղադրում եր սպեցիֆիզմի մեջ: Այդ խնդրի առթիվ մենք նախագահության մեջ միաձայն վորոշում ընդունեցինք, բայց միևնույն ժամանակ պետք ե շեշտել, վոր շատ ընկերներ այնտեղ ասացին, վոր այս ուղղությամբ կատարվել են խոշոր սխալներ, վորոնք մասսաներում պատճառ են դառել կարծելու, վոր մեր Կենտկոմը սպեցիֆիկյան թեքում ունի: Իհարկե, դա ճիշտ չե: Կենտկոմը սպեցիֆիկյան թեքում չունի: Ուրեմն, կա արդյո՞ք մեզ մոտ սպեցիֆիզմ: Այս հարցին յես ամենայն վճռականությամբ պետք ե պատասխանեմ, այո — կա: Այդ սպեցիֆիզմը գոյություն ունի մեր կուսակցության Անդրկովկասի բանվորական հասարակական շարժման պատմության և գնահատման մեջ: Անցյալը մեզ հրամցվում ե ներկայումս սպեցիֆիկյան գունավորմամբ:
Համարյա բոլոր ընկերները յեվ ինքը զեկուցողն ել շեշտեցին, վոր պայքարը սպեցիֆիզմի դեմ չի տարվել, վոչ միայն պայքար չի տարվել, այլ ընդհակառակը լուրջ աշխատանք ե յեղել սպեցիֆիզմը պատմականորեն արդարացնելու, նրան ժողովրդականացնելու համար, իսկ բոյլշեվիկյան պատմությունը յեվ նրա պատմական դեմքերը ստվերի մեջ են թողնվել: Այս խնդրում մեր կատարած սխալներից մասսաներին ամենից շատ գրգռողը յեվ ջղայնացնողը այն ե, վոր յԵրեվանում չկա Շահումյանի յեվ ուրիշ բոյլշեվիկների արձանները, գոյություն ունի մի սպեցիֆիկի, Ռուբենու արձանը: Սպեցիֆիզմը գոյություն ունի յեվ մասսաների վորոշ շերտերում, կոմսոմոլում վերջերս առաջացած անլեգալ խմբերը, «յերիտասարդ մարքսիստների» կազմակերպությունը յեվ ընդհանրապես յերիտասարդության մեջ առաջացած մենշեվիկո–դաշնակցական շարժումը մեզ մոտ անպայման ունի սպեցիֆիկյան գունավորում:
Ի՞նչ ե վերջապես սպեցիֆիզմը: Դա, իմ կարծիքով, հավասար ե «մարքսիզմ» պլյուս նացիոնալիզմ յեվ մեզ մոտ ներկայումս հակա–հեղափոխական շարժումն այս գունավորությամբ ե ընդհանում: Նրա դեմ պայքարը շատ թույլ ե մղվել:
Մեր հրատարակած գրականության մի մեծ մասը այս գունավորումն ունի, օրինակ, Անանուն, Խանզադյան յեվ այլն: Մենք ինքներս տարածում ենք այդպիսին:
Ասել, վոր սպեցիֆիզմի խնդիրը պատմական հարց ե յեվ նա վոչ մի քաղաքական այժմենական նշանակություն չունի, սխալ ե, խոշոր սխալի շուրջ փորձեր են կատարվում պատմականորեն արդարացնելու սպեցիֆիզմը, ազգայնականությունը, խեղաթյուրվում ե մեր պատմությունը, իսկ մենք այդ պատմությունով ե, վոր դաստիարակում ենք մեր յերիտասարդ սերունդը: Ահա այս խնդրում ե, վոր մեր Կենտկոմի ղեկավար յեդրոյի ղեկավարությունը հետեվողական բոյլշեվիկյան լենինյան չե:
Թույլ տվեք, ի ապացուցումն իմ ասածների, մեր հրատարակած հարուստ սպեցիֆիկյան, ազգայնական գրականությունից վերցնել ամենավերջինը, ընկ. Աշոտ Հովհաննիսյանի վերջին գրքույկը «Յերկու բնութագիր»: Այս գրքույկը կազմված է «հատուկ խնամքով» յեվ հրատարակված ե բացառապես նրա համար, վորպեսզի ապացուցի, վոր ընկ. Սուրենի մեղադրանքները իր դեմ ճիշտ չեն, վոր ինքը սպեցիֆիկյան թեքում չունի, բայց յեվ այնպես պետք ե շեշտել, վոր այս գրքույկը հետեվողական մարքսիստական, բոյլշեվիկյան մտքի արդյունք չե, նրանից նույնպես սպեցիֆիզմի հոտ ե գալիս:
Այս գրքում թերագնահատված ե Շահումյանը յեվ գերագնահատված Ռուբենին: Հենց միայն այն, վոր այս յերկու անունները մի գրքում են լույս տեսնում յեվ համեմատում իրար հետ, ինձ վրա լավ տպավորություն չի թողնում (մոտիկ տեղից — «ճաշակի խնդիր ե»):
Այո, ճաշակի հարց ե, բայց իմ ճաշակը գտնում ե բոլորովին անթույլատրելի Շահումյանի յեվ ինչ–որ Ռուբենու բնութագրերը միմյանց հետ ներկայացնել մեր կուսակցությունը: Այդ յերկու անունները վոչ մի համեմատություն յեվ առնչություն իրար հետ չեն կարող ունենալ:
…. Ազգայնական անցյալը, նրա տրադիցիաները, մեր հասարակության վորոշ սոցյալական խավերում դեռ շատ ուժեղ են յեվ այն ժամանակ, յերբ մենք մոռացության ենք տալիս մեր պատմությունը, չենք կարողացել դեռ յեվս ստեղծել մեր բոյլշեվիկյան հերոսները, սխալ ե դաշնակների մասին նման ձեվով յեվ վոճով արտահայտվելը: Այս գրքույկը ուրիշ շատ հակա-բոյլշեվիկյան տեղեր ունի: Յես բոլորի վրա կանգ չեմ առնի. յես դիտմամբ վերցրի այս գրքույկը, վորովհետեվ սա հատուկ խնամքով ե կազմված, նույնիսկ «ուղղումներով» յեվ հրատարակված ե պլենումից յերեք որ առաջ ի ջախջախումն իր բոլոր հակառակորդներին: