Ժամանակակի՞ց, թե՞ պատմական վեպ. Րաֆֆու պատասխանը Ա. Հայկունուն

 

1883 թվականին Մեղու Հայաստանի թերթի աշխատակից Ա. Հայկունու Կայծեր վեպին ուղղված կծու քննադատությունը և դրան հաջորդած գրողի տնային կալանքը բորբոքում են Րաֆֆու մտավորական ինքնասիրությունը: Կալանքից անմիջապես հետո գրողը Փավստոս կեղծանվամբ Մշակի հաջորդական համարներում հանդես է գալիս պատասխան ընդարձակ հոդվածով` պաշպանելով  իր գործը հոդվածագրի «անարդարացի» քննադատությունից:

Սուր բանակռվի մեջ Րաֆֆին իրեն դիրքավորում է որպես արդի լուսավորիչ` իր հակառակորդին բացատրելով, թե ինչ է ժամանակակից վեպը և թե ինչպես է այն կապված արդի կյանքի հետ: Ստորև ներկայացվող հատվածում գրողն իր հակառակորդի ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ «մեր գործնական դարում այլ ևս չէ պահանջվում գեղարուեստը միայն գեղարուեստի համար» մոտեցումը, այլ «պահանջում են գեղեցկի մէջ գտնել և օգտաւէտ և կենսականը»: Գործնական դարի ցուցիչներ հանդես եկող օգտակարն ու կենսականը Րաֆֆու մտքում կապվում են արվեստի ուսուցողական կողմի հետ և հերքում Հայկունու մեղադրանքը, թե Կայծերը կտրված է իրականությունից: Մյուս կողմից` ժամանակակից վեպը Րաֆֆին արդի կյանքը պատկերող մի այնպիսի հեղափոխական նախագիծ է ըմբռնում, որտեղ վճռվում են բարու ու չարի հարաբերությունները, վիճարկվում են ճշմարտությունները, իրավունքն ու բարոյականությունը` հանուն հասարակական բարեկեցության համար միջոցներ գտնելուն: Այս համատեքստում է Րաֆֆին գալիս նրան, որ ժամանակակից վեպը պաշտպանում է հարստահարյալի անհատական իրավունքը: 

Հոդվածը հրատարակվել է Մշակ հանդեսի 1883 թվականի 141-150 համարներում: Հրատարակվում է ըստ` Փաւստոս, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը»», Մշակ, 1883, թիվ 148, էջ 1-2:

 

 

Պ. Հայկունին սխալ է հասկացել, կամ չէ կամեցել հասկանալ, որ «Կայծերը» ժամանակակից վէպ է, ժամանակակից վէպի կատարեալ նշանակութեամբ: Մեր կարծիքը հաստատելու համար, հարկաւոր ենք համարում մի քանի խօսքով ցոյց տալ, թէ ի՛նչ բան է ժամանակակից վէպը:

Մեր գործնական դարում այլ ևս չէ պահանջվում գեղարուեստը միայն գեղարուեստի համար, այլ պահանջում են գեղեցկի մէջ գտնել և օգտավէտը և կենսականը: Ժամանակակից վէպը չէ կարող բաւականութիւն տալ առասպելական պատմութիւններով, երևակայական հերոսների անհաւատալի գործողութիւններով, և չի պիտի ապշեցնի ընթերցողին միայն զարմացք, հիացում ու սոսկում ազդող տեսարանների անբնական նկարագիրներով: Կարող է նա զուարճացնել, զբաղեցնել մեր միտքն ու հոգին, բայց մի և նոյն ժամանակ պէտք է մի բան սովորացնէ մեզ: Ամենադժուարին հարցերը, որ փիլիսոփայութիւնը և գիտութիւնը իրանց չոր ու ցամաք թէօրիաներով դժուարանում են լուծել,– լուծում է ժամանակակից վէպը բանաստեղծութեան աւելի գրաւիչ, աւելի հասկանալի և աւելի շօշափելի շրջանակի մէջ:

Ժամանակակից վէպի իր նիւթը առնում է իրական աշխարհից, որով շրջապատուած ենք մենք: Նրա մէջ պատկերանում է ընթացող կեանքը, թէ ընտանիքի և թէ հասարակութեան մէջ, իր բոլոր լաւ կամ երևոյթներով: Նրա մէջ վճռվում են ամեն տեսակ հարցեր թէ բարոյական, թէ քաղաքական, թէ կրօնական և թէ տնտեսական, որոնք զբաղեցնում են քաղաքակիրթ աշխարհի մտքերը: Նրա մէջ քննութեան են ենթարկվում այն գաղափարները, այն հասկացողութիւնները, այն հիմնարկութիւնները, որոնք թէև դարերով ընդունված էին որպէս օգտաւէտ, բայց հնանալով և ներկայ ժամանակի պահանջներին անհամապատասխան համարվելով, կորցնում են իրանց հեղինակութիւնը: Նրա մէջ երևան են հանվում, մշակվում են այն հրապուրիչ նորութիւնները, որոնք խօստանում են ապագայում բախտաւոր հետևանքներ և այդ նորութիւններով խորտակվում է ինչ որ հին է, ինչ որ վաղուց արդէն կորցրել է իր նշանակութիւնը: Նրա մէջ քննվում են հարաբերութիւնները ժողովրդի զանազան դասակարգերի մէջ, հարվածվում է հարստահարիչը և պաշտպանվում է հարստահարյալի անհատական իրաւունքը և նրա բարեկեցութեան համար միջոցներ է առաջարկվում: Նրա մէջ քննվում են ընտանեկան կեանքի հիմունքները, որոնք խախտված են, որոնք նոյն դրութեան մէջ մնալով չեն կարող ընտանիքի բարօրութիւնը պահպանել և առաջարկում են աւելի լավ պայմաններ ամուսնի և կնոջ, ծնողների և որդիների հարաբերութեան համար:

Այդ բոլորը, որպէս մի կախարդական հայելի, ամփոփում է իր մեջ «Կայծերը» և երևան է հանում Պարսկաստանի և Տաճկաստանի հայերի կեանքի տխուր պատկերները:

Ես ինձ հեռու եմ պահում «Կայծերի» քննությունից, որովհետև «Կայծերը» քննելու, «Կայծերը» բացատրելու համար պէտք է մի և նոյն չափով գիրք գրել և այդ աւելի ձեռնհաս, աւելի հմուտ անձինքների գործ է: Բայց այսքանը կասեմ, որ Րաֆֆիի այդ նոր աշխատութիւնը իբրև ժամանակակից վէպ իր ընդարձակ նշանակութեամբ, ամենաճիշտ ֆօտօգրաֆիայի նման, մի կողմից պատկերացնում է մեզ Տաճկաստանի հայերի հասարակական հիւանդութիւնը իր բոլոր փտեցնող, օրըստօրէ լուծվող և քայքայվող կողմերով,– իսկ միւս կողմից, ցոյց է տալիս այն դարմանները, որոնցմով պէտք է բժշկել հիւանդին: Այդ դարմանները գուցէ շուտով չեն օգնի, գուցէ առաջին անգամ բոլորովին անաջող կանցնեն, բայց դրանով պէտք չէ հուսահատվել, թէ դարմանները անօգուտ են: Դարևոր հիւանդութիւնը մի ժողովրդի կեանքի մէջ երկարատև բժշկութեան պէտք ունի: Բայց դարմանները փորձված են: Այդ հիվանդությունը ունեցող ժողովուրդները միշտ դիմել են նոյն դարմաններին: Ուրիշ հնար չկա, հրաշքներով մեր դարում մարդիկ չեն բժշկվում: