Ավանդաբար հայ լուսավորական քաղաքական մտքի բնորոշ գծերից մեկն այն է, որ վերջինս իր նախագծերը սահմանելիս, որպես կանոն, հակադրվում է իբրև հետամնաց ու բռնատիրական ընկալված արևմտաասիական քաղաքական իրականությանը՝ որդեգրելով փոխարենը այս կամ այն արևմտյան քաղաքական իդեալներ։ Սրա վառ օրինակներից են Ռուսոյով ոգեշնչված հայ քաղաքական նախագծերը, որոնց առանցքային նպատակներից մեկն է, «ռուսոյական» Միքայել Նալբանդյանի ձևակերպումամբ, կտրել մեզնից ամեն «ասիականն» ու «բարբարոսականը», բնորոշումներ, որոնք առաջին հերթին վերաբերում են Օսմանյան կայսրության ու Իրանի իսլամական քաղաքակրթական ազդեցություններին։ Այսպիսով Ռուսոյի գաղափարները հանդես են գալիս իբրև մեր տարածաշրջանային քաղաքակրթությունների հետ անհամատեղելի քաղաքական մտքեր։
Այս սուր հակադրումը առնվազն ճշգրտելու կարիք է զգացվում, երբ առավել մոտիկից ենք ծանոթանում, օրինակ, նույն Իրանում Ռուսոյի երկերի ընդունելության հարուստ պատմությանը։ Հետաքրքրական է, որ համաձայն Նահիդ Ռազաիի, ով հետազոտել է Ռուսոյի երկերի տարածումը Իրանում, Ռուսոն վերջին մեկ ու կես դարվա ընթացքում Իրանում զգալի տարածում է գտել։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ թեև քիչ չեն իսլամական կրոնական սկզբունքների դիտակետից Ռուսոյի մտքերի տարատեսակ քննադատությունները, միևնույն ժամանակ իրանցի նույն քննադատները, համաձայն Ռազաիի, գտել են իսլամի ու Ռուսոյի քաղաքական ու կրթական ուսմունքների հատման կետեր ու այդպես կարևորել փիլիսոփայի մտքերը։
Թարգմանությունն ըստ՝ Nahid Rezaei, La fortune littéraire de Jean-Jacques Rousseau en Iran (Paris: L’Harmatan, 2023), էջ 266-270։ Թարգմանությունը՝ Աշոտ Գրիգորյանի։ Հրապարակվում է առաջին անգամ։
Հատված Ժան-Ժակ Ռուսոյի գրական ճակատագիրն Իրանում գրքի եզրակացությունից
Ռուսոյի երկերը մուտք գործեցին Իրան, երբ վերջինս լուրջ ճգնաժամ էր ապրում։ Դրանց արձագանքը քաղաքական պատմության մեջ խիստ առանձնահատուկ է, քանի որ համընկնում է հասարակարգի փոփոխության հետ։ Արևմտյան մտքերի ազդեցության ներքո մտավորականները ցանկանում են բարելավել երկրի հասարակական և քաղաքական համակարգը։ 1906 թվականին Իրանը ենթարկվում է խորքային քաղաքական փոփոխության՝ անցնելով բացարձակ միապետությունից սահմանադրական միապետության։ Հեղափոխականների ու կենտրոնական կառավարության միջև բանավեճերն ու հակամարտություններն ապակայունացնում են իրադրությունը։ Հիասթափված հեղափոխության գաղափարներից՝ վերնախավերը, արևմտյան մտածողներից ոգեշնչվելով, փորձում են հակամարտություններին ու խոչնդոտներին հանդիման բարելավել հասարակական իրադրությունը։
Ռուսոյի ուսմունքի հեղափոխական միտումը բուռն հետաքրքրություն է առաջացնում իրանցիների շրջանում։ Այլ կերպ ասած, Ռուսոյի ըմբռնումների ավյունն ու եռանդը գրավում են ժամանակի մտավորականներին։
Ընթերցողները (թարգմանիչներ, նախաբանի հեղինակներ, համալսարանականներ և այլոք), ըստ հասարակական դրության, Ռուսոյի երկերում փնտրում են քաղաքական փիլիսոփայություն։ Ազատության, հավասարության և ժողովրդավարության վերաբերյալ վերջինիս հեղափոխական գաղափարները սնում էին քաղաքական բանավեճերն ու բռնակալության դեմ պայքարը։ Իրանցիների համար Հասարակական դաշինքը փիլիսոփայի ամենակարևոր երկն է։
….
Ի մի բերելով՝ Հասարակական դաշինքի ընդունելության առանձնահատկությունը կախված է Իրանի քաղաքական և հասարակական իրադրությունից։ …. Հեղափոխության տեսաբան, Ռուսաստանում իրանցի գրող Աբդոլրահիմ Թալեբզադե Թաբրիզին (Թալիբովը), ազատության մասին մի փորձասիրության մեջ գրում է Ռուսոյի ազդեցության մասին։ Նա հասցեագրում է իրանական և իսլամական մշակութային համատեքստում ազատության հարցը՝ կենտրոնում դնելով կրոնական սկզբունքներով օրենսդրությունը։ Կրթական վեպի տարրեր պարունակող Մասէլ-ոլ Հայաթ փորձասիրությունում նա քաղաքականությանը մոտենում է մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման նոր հեռանկարի դիտակետից։
Հոդվածների վերլուծությունը ի հայտ է բերում կրոնական մեկնաբանությունների հետ կապված Հասարակական դաշինքի պարսկական պատկեր։ Քաղաքացիական կրոնը, օրենքն ու օրենսդիրը սնուցում են այն մեկնությունները, որոնք նպաստում են իսլամին հետևող օրենքի որոշակի առասպելի կայացմանը։ Այսպիսով ընդունելով իսլամական կառավարումը, ինչպես նաև փիլիսոփայի կրոնական ուսմունքը, հետազոտողները հղում են Մուհամեդի հիմնադրած սկզբունքներին։ Ինչ վերաբերում է իսլամական քաղաքականությանը, [հիշյալ] հղումն ամրապնդում է կրոնի հետ կապված քաղաքականության առաջնահերթությունը` դիտարկելով այն իբրև վերլուծության ելեկտ։ Բնության տեսությունը, որը համապատասխանում է իսլամում մարդու զուտ բնության հասկացությանը ապացուցում է իսլամական մտքի ինքնատիպությունը։
Այնուամենայնիվ, ռուսոյական միտքը միշտ չէ որ հաղթական է։ Հիրավի, ժողովրդի սուվերենությունը հարցադրվում է մտավորականների կողմից։ Աստծուց ստացված սուվերենի/միապետի իշխանությունը չի կարող ոտնահարվել, այնինչ Ռուսոն ժողովրդին է համարում սուվերեն և դրվատում ապստամբելու նրա իրավունքը։
Ազատության հասկացությունն առաջ է քաշում երկու հակասական ասպեկտ. մի կողմից հետազոտողները գովերգում են Ռուսոյի ազատության հասկացությունը, մյուս կողմից քննադատում են այն՝ ավտորիտար կառավարությունն արդարացնելու համար։
Էմիլ կամ կրթության վերաբերյալ երկի՝ Թալիբովի գրած վերամշակումը՝ Սաֆինե-յե Թալեբի Քեթաբե Ահմադ երկը հրապարակվել է Ախթարում՝ սահմանադրական հեղափոխությունից քսան տարի առաջ։ Իրանական այս ամենահին ամսագիրն ընդդիմանում էր վարչակարգին և հեռու էր տեղակայված Սեֆյանների դարաշրջանի գրաքննությունից` ջանալով ժողովրդին արթնացնել և առաջնորդել դեպի հասարակական բարենորոգություն։ Թալիբովի երկերի ազդեցությունը Իրանում ինչպես հեղափոխությունից առաջ, դրա ընթացքում և հետո գերիշխող է. դրանք ուղղորդում էին կրթական ու քաղաքական համակարգի բարենորոգումը և համապատասխանում կրոնական սկզբունքներին։ Ահմադը՝ հայտնի ինչպես իրանական Էմիլը, արդյունքն է Թալիբովի մեծարած կրթական համակարգի, որը հիմնված է փորձարարական գիտության վրա։ Այնուամենայնիվ, Թալիբովի նորարարական մտքերը Իրանում կրոնական գրաքննության են ենթարկվում։
….
Իրանցի հետազոտողները համեմատում են Ռուսոյի՝ բնությանը դիմող մանկավարժական սկզբունքները՝ իսլամական բարոյականության վրա հիմնված միջնադարյան պարսկական անվանի փիլիսոփաների մոտեցումների հետ։ Հետազոտողները մեծարում են Օնսորօլմաի միտքը, որը պարզաբանում է երեխաների դաստիարակության մեջ ծնողների դերը. մի բան, որից խուսափում է Ռուսոն։ Խաջե Նասր-Էդին Թուսին առաջարկում է ուսանել բարոյականություն և տարբերակել մանկության ժամանակ լավը վատից։ Նրա մեթոդն առավել լավ կլինեն, քան Ռուսոյինը։ Համաձայն Ալ-Ֆարաբիի կրթությունը պետք է հենված լինի Ղուրանի սկզբունքների վրա։ Հետազոտողները Ռուսոյի մանկավարժական մոտեցումներից առավել նախընտրում են Մոլլա Սադրայի մոտեցումները՝ ընդգծելով ինքդ քեզ, հասարակությունը և Աստծուն ճանաչելու անհրաժեշտությունը։ Շեյխ Էշրաքը շեշտում է աստվածային օրենքի անհրաժեշտությունը երջանկության հասնելու գործում։
Համալսարանի դասախոս Ֆերեշտե Մահջուբը վերլուծում է Ռուսոյի և Ալ Ղազալիի (Քիմիայե Սադաթ, 12-րդ դար) մանկավարժական մտքի նմանությունը։ Ըստ նրա Ռուսոն Էմիլում պետք է որ ազդված լիներ Ալ Ղազալիի կանանց նկարագրությամբ։
Իրանցի հետազոտողները համարում են, որ Ռուսոյի մանկավարժական մեթոդները պակաս գործնական են, քան իսլամական մեթոդները, քանի որ դրանցում բացակայում է [իրանական] բարոյականության փորձառումը։ Ավելին, այն մերժում է ոչ միայն ծնողների մասնակցությունը կրթության մեջ, այլև հասարակության և Աստծո ճանաչումը։ Այնուամենայնիվ, նրանք միաժամանակ գնահատում են փիլիսոփայի մանկավարժական մոտեցումը, որը նպատակ ունի զարգացնել երեխայի անհատական որակներն ու քննադատական միտքը, որոնք օգնում են նրան ինքնուրույն փնտրել կենսական խնդիրների պատասխաններ։ Նրանք դրվատում են Ռուսոյի մանկավարժական համակարգում մարդու մաքրության հասկացությունն ու բնությանը դիմելու նրա հորդորը։