1874 թվականին լույս տեսած հայ բանահյուսական նյութերի անդրանիկ ժողովածուներից մեկի` Գարեգին վարդապետ Սրվանձտյանցի Գրոց և բրոց կամ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ ժողովածուն աննակտ չի մնում այդ տարիներին Մշակ հանդեսի բանասիրական էջը վարող Րաֆֆուց: Հանդեսի հաջորդական երկու համարներում երկար և հանգամանալից մի հոդվածով նա ներկայացնում է թե՛ ժողովածուի բովանդակությունից և թե խոսում նրա նշանակությունից:
Գրքույկը Րաֆֆու ուշադրությանը արժանացել էր մի քանի պատճառով: Հոդվածից ստորև ներկայացվող հատվածից երևում է, որ Րաֆֆին առանձնապես կարևորում էր ժողովրդի ներքին կյանքին` պետական կառավարման ձևերին, ժողովրդական կենցաղին ու վարքուբարքին վերաբերող տեղեկությունները, իսկ ժողովրդական ստեղծագործությունները, ըստ նրա, այն աղբյուրն են, որոնք «խորին կապ» ունենալով մեր «ամենահին անցեալի հետ» լրացնում են հայ պատմագրության այս բացը: Մյուս կողմից` գրքույկը նրան կարրևոր է թվում նաև մեկ այլ առումով: Մի կողմից` կարևորելով Սրվանձտյանցի ժողովրդական կենցաղն հատկանշող բառաշերտի հավաքումը, մյուս կողմից` ժողովածուում պատկերված ժողովրդական կյանքը հատկանշող իրողությունները` Րաֆֆին այս երկուսի համադրման ճանապարհով էր տեսնում ժողովրդական նոր գրականության ուղին: Թեմատիկ առումով մնալով առօրյա կյանքը պատկերելու Աբովյանով բացված շրջագծում` Րաֆֆին ժողովրդական կենցաղից եկող բառաշերտը գրական նոր լեզվին մերելու մեջ էր տեսնում ժողովրդական նոր գրականության զարգացումը:
Հոդվածը լույս է տեսել Մշակ հանդեսի 1875 թվականի թիվ 1, 2 համարներում: Հրատարակվում է ըստ` Մելիքզադէ, «Գրոց ու բրոց կամ Սասունցի Դաւիթ գրքոյկի առիթով, տպուած Կ. Պօլսում, 1874 ամի Գ. Վ. Սրուանձտեանցի աշխատասիրութեամբ», Մշակ, 1875, թիվ 2, էջ 1-2:
Կարդալով Խորենացու խօսքերը, որով նա մեղադրում է իւր նախորդների անհոգութիւնը, թէ նրանք չը թողեցին որ և իցէ յիշատակարան հայերի պատմական անցեալից, ընթերցողը բոլորովին իրաւացի է գտնում ծերունի պատմագրի գանգատը։ Բայց նոյն իսկ Խորենացին չը կարողացաւ իրան ազատ պահել մի այդպիսի անհոգութիւնից, որի դէմ բողոքում էր տասն ու իններորդ դարու սերունդը։
Խորենացին մեզ աւանդեց մեր նախնեաց պատմութիւնը, իսկ այդ ուրիշ ոչինչ չէր, եթէ ոչ լոկ ազգահամար իշխող տների։ Խօսվում է նրանց գործունէութեան մասին, երբ պատերազմ կայ, երբ յաղթում են, կամ յաղթվում են։ Իսկ թագաւորի ներքին գործերի, նրա օրէնսդրութեան և կառավարչական ձևերի մասին գտնում ենք խիստ աննշան տեղեկութիւններ։ Պետութիւնը կազմող մարմինը – ամբոխը – չէ մտնում նրա պատմութեան մէջ. ժողովրդի ընտանեկան և քաղաքական կեանքից մենք ոչինչ չենք գտնում։
Նոյն մետօդին հետևեցին մեր և միւս պատմագրները։
Թողեալ այդ, Խորենացին,– ակնարկելով իւր ժամանակի «գողթան, թուելեաց, ցցոց, վիպասանաց» երգերի մասին, յիշելով հին զրոյցները և աւանդութիւնները,– տալիս է մեզ մի քանի կտորիկներ միայն այն թանգագին ժառանգութիւնից, որոնց ամբողջութիւնը կարող էր լոյս քցել մեր ազգի խորին առասպելա-վիպական անցեալի վերա։
***
Արդեօք, մենք ևս նոյն մեղադրանքներին չենք ենթարկվելու, ինչով դատապարտում ենք մեր նախնիքներին, եթէ զրկենք ապագայ սերունդը գրականութեան այդ մասնից։
Մի այնպիսի անշարժ ազգ, որպէս եղել է և է հայը, նրա կեանքի ձևերը շուտով չեն փոխվում։ Մինչև այսօր պահպանել է նա իւր հին սովորութիւնները, մինչև այսօր նրա կեանքը լի է նախապաշարմունքներով։
«Գողթան երգիչների» բամբիռը դեռ ոչ բոլորովին լռել է Հայաստանում. աշուղները և այսօր յիշեցնում են հին վիպասաններին։ Այդ կոյր հոմերոսները[1]Աշուղ պարսից էշղ բառիցն է, որ նշանակում է բանաստեղծական ոգևորութիւն։ Աշուղներ կոչվում են և ժողովրդական երգիչները կամ սիրահարները։ Հայոց աշուղները մեծ մասամբ լինում են կոյր մարդիք, երևի նորա համար, որ կեանքի մէջ ուրիշ պարապմունք չը գտնելով, իրանց նուիրում են բանաստեղծութեան։ (հեղ.) ժողովրդական բանաստեղծներ են։ Աշուղը, ժողովրդի սիրելին, իւր սազն առած, թափառում է գիւղից գիւղ, քաղաքից քաղաք, երգում է ու հեքեաթներ է ասում։ Աշուղը գրագէտ մարդ չէ, բայց նա բերանացի գիտէ ամբողջ վէպեր. նա յանպատրաստից յօրինում է ամբողջ երգեր, նրա հոգու բխմունքը արտայայտութիւն է ժողովրդական ոգևորութեան։
Մտածո՞ւմ են արդեօք մեզանում հաւաքել և գրի անցուցանել աշուղների, այդ կենդանի հնադարանների մէջ պարունակված վէպերը և երգերը, որոնց նրանք մի օր իրանց հետ գերեզման կը տանեն։
Բացի դրանից, մեր ժողովրդի մէջ մինչև այսօր իրանց սկզբնական պարզութեամբ պահպանվել են՝ զանազան աւանդութիւններ, սնոտիապաշտութիւններ, առասպելներ, զրոյցներ, երդումներ, անէծքներ, առածներ, առակներ, երգեր և այլ ծէսեր ու սովորութիւններ,– դրանք այնպիսի խորին կապ ունեն մեր ամենահին անցեալի հետ, որ մասամբ կարող են լրացնել այն թերութիւնները, ինչ որ նկատվում են մեր պատմագրութեանց մէջ։
Որպէս բնագէտը մի կենդանու քարացած ժանիքից կազմում է մի ամբողջ գաղափար նրա մարմնի կազմուածքի մասին, նրա ցջրհեղեղեան գոյութեան մասին, այնպէս և հետախոյզ հնագէտը մի ժողովրդական աւանդութիւնից կարող է եզրակացնել նոյն ազգի անցեալ կեանքի այս և այն ձևերը։
Թողեալ այդ, ժողովրդական աւանդութիւնները, նրա առասպելները և զրոյցները ծնունդ են ժողովրդի երևակայութեան, նրանց հաւաքածուն նպաստում է նոյն ազգի բանաստեղծութեանը։ Որովհետև մի ազգի բանաստեղծութիւնն այն ժամանակ միայն կենդանանում է և նոյն ազգի բնաւորութեան յատկանիշ կերպարանքն է ստանում, երբ նա ծագում է նրա աւանդութիւններից։
Մի կտորիկ ժողովրդական լեգենտայի վերա պօետը կարող է հիմնել իւր հոյակապ ստեղծագործութեան շինուածքը։
***
Դառնալով Գ. Վ. Սրուանձտեանցի գրքոյկին, մենք գտնում ենք նրան մինը այն աշխատութիւններից, որ իւր պարունակութեամբ բոլորովին համապատասխանում է մեր վերոյիշեալ մտքերին։ Գրքոյկը բաղկացած է 192 երեսից. յառաջաբանից յետոյ հեղինակը խօսում է հայոց գաւառական բարբառների մասին (առաւելապէս Տարօնի և Վասպուրականի նահանգների) և ցոյց է տալիս օգտաւէտութիւնը ժողովրդական բառեր հաւաքելու, այժմեան մեր գրականական լեզուն հարստացնելու համար։
Բոլորովին համակրելով հեղինակին, մենք աւելի կընդարձակենք նրա միտքը, ասելով, որ միանգամայն սխալ է դատողութիւնը այն պարոնների, որոնք պնդում են՝ թէ մեր այժմեան կենդանի լեզուն պէտք է կազմուի հին գրաբարից, և թէ միմիայն գրաբարից պէտք է առնենք այն ամեն բառերը, որոնք հարկաւորվում են մեր այժմեան գրականութեան մէջ։
Այդ կարծիքը խաբէական է այն պատճառով, որ մի հին, գործածութիւնից ընկած լեզուի մէջ չեն կարող գտնուել այն բոլոր բառերը, որոնցմով կարելի լինէր արտայայտել մեր ժամանակակից գաղափարները։
Մի ազգի լեզուն աճում է և զարգանում է ներդաշնակաբար նոյն ազգի կեանքի և մտաւոր զարգացման հետ։ Որքան ընդարձակվում է նրա գիտութիւնը և արհեստը, այնքան աւելի առարկաների հետ ծանօթանում է նա և այնքան աւելի անուններ ու բառեր է հնարում։ Այդ է պատճառը, որ վայրենի ազգերը հազար անգամ աւելի քիչ բառեր ունեն, քան թէ քաղաքակրթուած ազգերը։
Մեր գրաբար լեզուն ժողովրդի բերանով մեզ հասած կենդանի լեզուն չէ, որ նա կարողանար աճել, մշակվել և կատարելագործվել նրա կեանքի պայմանների հետ։ Մեր գրաբար լեզուն մի քանի տասնեակ դարերով առաջ մեռած լեզուն է, որ հասել է մեզ գրուած հին մատենագրութեան դագաղների մէջ։ Ուրեմն արտայայտութիւն է այն ժամանակուայ դրութեան, որպէս մտածում էր և գործում էր հայը։
Թողեալ այդ, նոյն գրքերը, որոնց միջոցով հասել է մեզ գրաբար լեզուն, չեն պարունակում նկարագրներ իրանց ժամանակի կենսական բոլոր երևոյթների։ Մեր հին մատենագրութիւնը կազմուած է պատմական և կրօնական գրքերից, որոնց պարունակութիւնն այնքան միակողմանի և համանման է, որ մի և նոյն բառերին հանդիպում ես ամեն տեղ։ Նրանց մէջ պակաս են, օրինակ, բառեր տնտեսական և ընտանեկան կեանքի, նրանց մէջ շատ չը կան գիտնական, արուեստագործական և հոգու զգացմունքներ արտայայտող բառեր, որովհետև այդ առարկաների մասին խօսվում է կամ խիստ սակաւ, կամ ամենևին ո՛չ։
Բառերի մի փոքր ընդարձակ հաւաքածու տալիս է մեզ Աստուածաշունչի թարգմանութիւնը, որովհետև նրա պարունակութիւնն աւելի բազմակողմանի է։
Իսկ ժողովրդական լեզուի մէջ մեծ մասամբ կարելի է գտնել այն բառերը, ինչ որ պակասում են մեր հին գրքերից հաւաքած բառարաններում։ Մտի՛ր գիւղացու խրճիթը, նրա տնտեսական բոլոր կահ-կարասիքը նրա լեզւում ջոկ-ջոկ անուններ ունեն։ Գնա՛ երկրագործի մօտ, նա իւր գութանի և արօրի բոլոր պարագաների անունները կասէ քեզ. նա կասէ քեզ ժամանակների անունները երբ նա ցանում է, նա կասէ քեզ այս և այն յատկութիւն ունեցող հողերի անունները։ Ուզում ես ծառերի, թփերի, պտուղների անուններ գիտենալ, գնա անտառների մէջ բնակվող շինականի մօտ, նա բոլորը կասէ քեզ։ Ուզում ես ծաղիկների և խոտերի հետ ծանօթանալ, հարցրու խաշնարած հայից, նա կասէ քեզ՝ ոչ միայն իւր սարերի և դաշտերի բոյսերի անունները, այլ և նրանց բժշկական յատկութիւնները։ Մի խօսքով, դու գիւղացի հայի լեզուի մէջ կը գտնես՝ նրան շրջապատող բնութեան շատ առարկաների անունները և կը լսես նրա կարծիքը իւրաքանչիւրի մասին։
Ծանոթագրություններ
↑1 | Աշուղ պարսից էշղ բառիցն է, որ նշանակում է բանաստեղծական ոգևորութիւն։ Աշուղներ կոչվում են և ժողովրդական երգիչները կամ սիրահարները։ Հայոց աշուղները մեծ մասամբ լինում են կոյր մարդիք, երևի նորա համար, որ կեանքի մէջ ուրիշ պարապմունք չը գտնելով, իրանց նուիրում են բանաստեղծութեան։ (հեղ.) |
---|