Ներկայացվող վավերագիրը հայ արվեստաբանության՝ որպես գիտության կայացման ակունքներում կանգնած արվեստաբան Գարեգին Լևոնյանի՝ Թիֆլիսի Մշակ թերթում տպագրված «Կուլտուրական գործունէութիւն Հայաստանում» վերնագրով հոդվածն է։ Ազգային անկախության հաստատմամբ իբրև հեռանկար ունենալով ազգային մշակույթի զարգացումը՝ մտավորական-գործիչն իր «նախագծերով» մտադիր է սեփական «լուման մտցնել Հայաստանի մօտիկ ապագայի կուլտուրական գործունէության աշխատանքների մէջ»։ Յոթ մասից բաղկացած այս նախագծերի երրորդ՝ «պատմա-հնագիտական» հուշարձանների պահպանությանն անդրադարձող հատվածում Լևոնյանը նորանկախ երկրի կառավարության ուշադրությունն է հրավիրում հնությունների անմխիթար վիճակի վրա։ Անցյալի հնագիտական հուշարձանները կարևորելով հատկապես ներկայի համար, Լևոնյանն, այդուհանդերձ, դրանք արժևորում է ոչ թե բուն մշակութային, այլ քաղաքական հեռանկարների տեսանկյունից։ Նրա համոզմամբ՝ օտար ազգերը «հայ դատը» և «ինքնուրոյն Հայաստանի վերաստեղծումը» պաշտպանում են «շնորհիւ» հենց այդ «պատմական-կուլտուրական» արժեքների։ Ուրեմն՝ եվրոպական լուսավորական ազգերի օրինակով հնությունների պահպանության համար հատուկ կոմիտե կազմավորելու՝ պետությանն ուղղված մտավորական գործչի հորդորի հիմքում նախևառաջ հայերի՝ քաղաքակիրթ ազգերի աչքում իբրև ինքնուրույն պետականության արժանի ազգ երևալու մտահոգությունն է։
Սեփական մշակութային արժեքների յուրացմամբ ազգային ինքնություն ձևավորելու այս իրողությունն իր մտավոր ակունքներն ունի 19-րդ դարի արդի հայ լուսավորական նախագծերում, երբ պետության բացակայության պայմաններում մշակույթն էր հենց ազգի՝ որպես մշակութային միավորի կայացման գրավականը։ Պետության գոյության պայմաններում, այդուհանդերձ, մշակույթը գերարժևորելու Լևոնյանի մոտեցումը, կարծես, վտանգում է պետության կայացման գործում հենց իրական՝ քաղաքական ուժի դերն ու նշանակությունը։
Հրապարակվում է ըստ՝ Գարեգին Լեւոնեան, «Կուլտուրական գործունէութիւն Հայաստանում», Մշակ, 22 փետրվարի 1919 թ.։
Ի՞նչ ժամանակ է պատմութեամբ և հնագիտութեամբ պարապելու — կասեն երևի լրագրական սովորական ընթերցողները: Իսկ մենք կասենք, որ ժամանակ է. ժամանակ է նրա համար, որ աշխարհի իրարանցումից մեր երկիրն էլ քայքայված ու տարուբեր եղած, թշնամիներից ոտնակոխ եղած շատ հնութիւններ ու պատմական թանգարժէք յիշատակարաններ կորուստի ու անհետացման են մատնված: Իսկ թէ ինչ արժէք ունեն այդ հնութիւններն ու պատմութիւնից մեր օրերն հասած յիշատակները թէ ներկայի և թէ ապագայի համար, այդ պէտք է որ ըմբռնէ ամեն մի ինտելիգենտ մարդ: Օտար ազգերը եթէ այսօր որոշ համակրութիւն ունեն դէպի հայի հայրենիքը, եթէ հայ դատը պաշտպանում են լուսաւոր ազգեր ու ժողովուրդներ, ցանկանալով վերաստեղծել ինքնուրոյն Հայաստան, այդ մեծ չափով շնորհիւ այն պատմական կուլտուրական արժէքների, որ մեր պապերը թողել են մեզ, և այսօր մենք պարծենում ենք նրանցով: Եթէ մենք չենք կարողանում նորը ստեղծել, գոնէ պահենք այն, ինչ որ հազար ու մի վտանգի, հրի ու սրի, ժամանակի ու աւերիչ հանգամանքների ժանիքներից ազատվելով հասել են մեր օրերը:
Մեր մատերիալիաստական դարում, մեր անիշխանութեան և բոլշևիզմի դարում գին չունեն կարծէք գեղեցիկ գրականութեան ու գեղարուեստի ստեղծագործութիւնները:
Մեր նախորդները մեզանից շատ լաւ վիճակի մէջ չեն եղել, նոյնպէս գաղթել են բազմաթիւ անգամ ու տեղահան եղել, բայց նրանք գիրք ու գրականութիւն սիրող, իրանց զաւակների հետ հաւասար խնամքով ու նեղութիւններով, ուր էլ որ գնացել են, տարել են իրանց հետ մագաղաթեայ հաստ գրքերը, որոնցից տասնեակ հազար օրինակներ ցրված են այժմ աշխարհի ամեն կողմերում և սրանք ծառայում են այսօր հարուստ աղբիւր մեր կուլտուրայի պատմութեան: Իսկ ճարտարապետական յիշատակարանները, հայ գեղարուեստի այդ հպարտ կոթողները ունե՞ն արդեօք խնամք որևէ մարմնի կողմից, ի հարկէ, ոչ:
Վանքերն ու կիսակործան տաճարները, որ մինչև հիմա էլ մեր հոգևոր իշխանութեան իրաւասութեան տակն են մնում, միշտ էլ եղել են անխնամ ու մեծ մասամբ ապիկար ու անգէտ մարդկանց ձեռքում:
Օրինակ մեզ՝ Անին, Հոռոմոսը, Մարմաշէնը և այլ հազարամեայ յիշատակարանները. ի՞նչ դրութեան մէջ են եղել դրանք և ի՞նչ դրութեան մէջ են գտնվում այժմ:
Եւրոպացիք այդպիսի հնութիւններն ապակիների մէջ են պահում, բայց մենք, «անարժան զաւակներս արժանաւոր հայրերի», չը գիտենք գոնէ նրանց պահպանել իսպառ աւերումից ու փլուզումից: Անիում մի վանահայր կար վերջին տարիներս, Միքայէլ վարդապետ, ոչ գիտուններից, բայց մի բարեխիղճ անձնաւորություն. նա էլ մեռաւ վերջերս, այժմ Անիում մեզ թւում է թէ ոչ ոք չը կայ: Շուտով գարունը բացվում է, այցելուներ և ճանապարհորդներ, երբեմն և քէֆ անողներ, կը սկսեն շարան–շարան գնալ Անի,— պրօֆ. Մառի խնամքն էլ չը կայ գոնէ այժմ, և երևի դեռ շուտ չի լինի. և եթէ այնտեղ մի աչալուրջ հսկող չը լինի,— «ազգասէր հայեր», ամեն մի գնացող, ինչպէս սովորութիւն է, մի քանդակազարդ քար, մի խաչ, մի արձանագրութիւն կը տանի իր հետ որպէս յիշատակ Անի քաղաքի: Ո՞ւր մնացին Անիից տեղափոխած թանգարանի հնութիւնները, ապահով ձեռքերո՞ւմն են արդեօք գտնվում:
Մտածո՞ւմ են արդեօք Հայաստանի կառավարութիւնը և Էջմիածնի իշխանութիւնը խնամքի տակ առնել մեր «յաւիտենական քաղաքը»:
Մենք կը ցանկանայինք, որ ներքին գործերի կամ լուսաւորութեան մինիստրութեան իրաւասութեան տակ կազմվի մի մնայուն հնագիտական մասնաժողով (археологическая комиссiя), որ այդ մասնաժողովը իր ձեռքն առնի Հայաստանի բոլոր հնութիւնների պահպանման գործը, որ ամեն մի պատահական մարդ պեղումներ չանի, այլ նախօրոք թոյլտւութիւն ունենայ կառավարութիւնից: Այդ մասնաժողովը պէտք է իր տրամադրութեան տակ ունենայ որոշ գումար, որ եթէ անհրաժեշտ և անյետաձգելի րեստավրացիայի կամ նորոգման պէտք ունենայ որևէ խարխուլ հնութիւն, իսկոյն նորոգէ և թոյլ չը տայ կործանվելու, ինչպէս անտէր ու անտիրական կործանվել են պատմական ու գեղարուեստական արժէք ունեցող շատ շէնքեր:
Որովհետև, ինչպէս ասացինք, այս պատմա–հնագիտական մասնաժողովը մշտական պիտի լինի կառավարութեան իրաւասութեան տակ, և կից այս կամ այն մինիստրութեան, դրա համար այս մարմնին մենք կը տայինք և ուրիշ գործ, նոյնքան կառավարչական և կարևոր: Մենք աչքի առաջ ունենք շինարարական և գեղարուեստական ֆունկցիաներ. նոր քաղաքներ հիմնելիս, կամ գիւղերը քաղաքների վերածելիս, անհրաժեշտ կը լինի ունենալ յատակագծեր եւրոպական մտքով նպատակայարմար և գեղեցիկ և առողջապահական տներ շինելու, կարգին հրապարակներ ու փողոցներ ունենալու, բուլվարներ և ծառաստաններ սարքելու: Ժամանակ է նոյնպէս, որ նոր տուն շինողներին հրահանգներ արվեն չը շինելու միայն բուրժուական բնակարաններ, այլ և մանր, երկու կամ երեք սենեակից փոքր կացարաններ իր բոլոր յարմարութիւններով, առանձին մուտքով, միջին և ստորին նիւթական վիճակ ունեցողների համար, ինչպէս վաղուց այդ ընդունված է Անգլիայում: Այդ մասնաժողովը նման տների յատակագծեր պէտք է պատրաստել տայ, հետևի քաղաքների գեղեցկութեան, դպրոցական, գրադարանային, բաղանիքի, փուռերի և այլ առաջնակարգ պահանջ զգացվող շէնքերի մակարդակներ ու ֆասադներ պատրաստել տայ և պարտադրօրէն ընդունել տայ շինական և գիւղական հասարակութիւնների համար:
Ի՞նչ ասել կուզէ, որ պատմա–հնագիտական–շինարարական յանձնաժողովի մէջ պիտի մտնեն համապատասխան մասնագիտութիւն ունեցող մարդիկ:
Անցնենք այժմ մեր նախագծի հետևեալ կէտին: