«Լոյսը գալիս է արևելքից». հայերի ազգային-քաղաքական կողմնորոշման շուրջ Գարեգին Լևոնյանի դիրքորոշումը

 

Հայ արվեստաբանության հիմնադրման ակունքներում կանգնած մտավորական գործիչներից Գարեգին Լևոնյանը Առաջին հանրապետության տարիներին Մշակի էջերում ազգային մշակութային հարցերին զուգահեռ հանդես էր գալիս նաև ներկայի քաղաքական խնդիրներին առնչվող հոդվածներով։ 1918 թվականին Մշակի՝ հունիսի 16-ի համարում տպագրված Լևոնյանի՝  «Մեր ներկան» հոդվածն արձագանքում է ժամանակի քաղաքական դաշտում անկախության հռչակմամբ վերստին առաջ եկած առանցքային խնդիրներից մեկին՝ հայերի ազգային-քաղաքական «օրիէնտացիային», որին հեղինակն անդրադառնում է կովկասյան քրիստոնյա ազգերի քաղաքական կողմնորոշման ընդհանուր համատեքստում։

Այսպես արևի՝ կենսատու, ֆիզիկական լույսին կարծես հակադրելով քաղաքակրթության «մտաւոր, հոգեկան և կուլտուրական» լույսը՝ Լևոնյանը կովկասյան ազգերի մշակութային-քաղաքական զարգացումը պատմականորեն կապում է նրանց՝ դեպի քաղաքակրթության բարձր դիրքերում կանգնած պետությունները կողմնորոշման հետ։ Եթե հին դարերում ի դեմս Հունաստանի, Հռոմի, Ասորիքի, Պարսկաստանի ու Բյուզանդիայի այս ազգերը քաղաքակրթության իրենց լույսը, հեղինակի համոզմամբ, ստանում էին արևելքից, ապա մոտիկ անցյալում՝ նախևառաջ Ռուսաստանի միջոցով եվրոպական երկրներից։

Հետաքրքրականն այն է, որ Լևոնյանը ազգային-քաղաքական կողմնորոշման այս հարցում միաժամանակ առանձնակի կարևորություն է տալիս ժողովրդի մեջ իշխող կրոնական, ցեղային, էթնիկ ու մշակութային հակումներին՝ այդպիսով ժողովրդի քաղաքական կողմնորոշումը հաճախ հակառակ տեսնելով «տիրող պետութիւնների» ազգային «օրիէնտացիային»։ Իր ներկայում նորովի բացված այս հարցում Լևոնյանը, կովկասյան ազգերի «քաղաքական ու պետական շահերի պաշտպանութեան համար» նախապատվություն տալով թուրքական «օրիէնտացիա» ընդունելուն, այն, հետաքրքրականորեն, որպես լուսավոր Արևմուտքի հետ կապվելու յուրատեսակ միջոց է նկատում։

 Հրապարակվում է ըստ՝ Վաղինակ, «Մեր ներկան», Մշակ, 16 հունիսի 1918 թ.։

 

 

ՄԵՐ ՆԵՐԿԱՆ

 ՕՐԻԷՆՏԱՑԻԱ

Լոյսը ծագում է արևելքից. մինչդեռ ամբողջ Փոքր Ասիան, Մօտիկ Արևելքը, Կովկսսը վերջին դարերի ընթացքում իրանց քաղաքակրթական ու մտաւոր–բարոյական զարգացման լոյսը սպասում էին ստանալ և ստանում էին Արևմուտքից:

Նախնական արևելեան ազգերը երբ իրանց սեփական բարձր քաղաքակրթութիւնն ունէին, Չինաստանը, Հնդկաստանը, Պարսկաստանը, Բաբելաստանն ու Ասորեստանը երբ մեզանից երեսուն–քառասուն դարեր առաջ իրանց ծաղկուն և բարգաւաճ կեանքն էին ապրում, Եւրօպայի անունն անգամ չէր լսվում. այնտեղ ազգեր ու պետութիւններ չէին կազմակերպված ու ժողովուրդները դեռ կանգնած էին քաղաքակրթութեան ամենից ստորին խաւերի վրա կամ կիսավայրենի դրութեան մէջ էին:

Յետագայում Արևելքը իր հզօր պետութիւններով ու բարձր քաղաքակրթութիւնով՝ ընկաւ, Արևելքը ծերացաւ, առաջ եկաւ երիտասարդ Եւրօպան, ու քաղաքակրթութեան, լուսաւորութեան կենտրօնը տեղափոխվեց Արևմուտք: Արևմտեան ազգերը լոյսն ստանալով Արևելքից՝ իրանք ապա այդ լոյսը աւելի պայծառացրած ճառագայթներով արձակեցին դէպի արևելք, թէ՛ դէպի հարաւ և դէպի հիւսիս:

Օրիէնտ, կամ օրիանտ այսինքն արևելք, ահա որտեղից է ծագել «օրիէնտացիան», մեր լրագիրներում ու միտինգներում համարեա ամեն օր գործածվող այս բառը, որի մասին կուզենայի այսօր խօսել ընթերցողների հետ:

Ինչպէս ծաղիկներն իրանց երեսը միշտ դարձրած ունեն դէպի լոյսըմ դէպի արևը, այնպէս էլ մարդկային ազգերն ու ժողովուրդներն իրանց պատմութեան ընթացքում քաղաքականապէս կամ կուլտուրապէս իրանց դէմքն ուղղել են դէպի այն կողմը, որտեղից ստանում են լոյսի աղբիւրը, քաղաքակրթութեան արևի ճառագայթները: Ֆիզիքական լոյսը բոյսերին, ծաղիկներին ու թիթեռնիկներին է իր կողմը քաշում, ազգերին ու ժողովուրդներին՝ մտաւոր, հոգեկան և կուլտուրական լոյսը:

Կովկասեան ազգերը հին դարերում, երբ դեռ Արևելքը չէր իջել իր կուլտուրական բարձրութիւնից եւ այժմեան Եւրօպան կամ Ռուսաստանը դեռ յետամնաց և անկազմակերպ վիճակի մէջ էին, իրանց երեսը դարձրած ունէին արևելք կամ հարաւ, ու մէջքերը դէպի Կովկասեան լեռները, այսինքն ունէին հարաւային օրիէնտացիա, Պարսկաստանից, Ասորիքից, Յունաստանից, Հռօմից, աօա Բիւզանդիայից էին ստանում իրանց մտաւոր լոյսը, կամ քաղաքականապէս նրանց հետ էր կապած իրանց երկիրների շահը: Անցան դարեր. ինչպէս ասացինք, Մօտիկ Արևելքն ու հարաւը կորցնելով իրանց բարգաւաճ պետութիւններն ու մշակոյթը՝ բնակութեան վայր դառան Միջին Ասիայից եկած կիսավայրենի սելջուկեան ու այլ մօնղօլական հօրդաների: Հայաստանում, Վրաստանում և կովկասեան այլ երկլիրներում եղած կուլտուրան էլ ոտի տակ տրվեց այդ եկւոր ցեղերի կողմից ու ժողովուրդը ուժասպառ եղաւ, քայքայվեց քաղաքականապէս և կուլտուրապէս: Դարձեալ մի քանի դար, և ահա Արևմտեան Եւրօպայում, Ռուսաստանում ծաղկեց նոր, ուրոյն կուլտուրա, ուրոյն քաղաքակրթութիւն: Ահա այդ ժամանակվանից կովկասեան քրիստոնեայ ազգերը փոխեցին իրանց դիրքը, մէջքերը դարձրին դէպի հարաւ, այսինքն Թիւրքիա և Պարսկաստան, և երեսներն ուղղեցին դէպի Ռուսաստան և նրա միջոցով հեռու արևմուտք, այսինքն ընդունեցին ռուսական–եւրօպական օրիէնտացիա:

Բանն այն է, որ պետութեան սահմանները անզօր են հանդիսանում ժողովրդին պահելու այս կամ այն օրիէնտացիայի մէջ ըստ ցանկութեան տիրող պետութիւնների: Այստեղ մեծ դեր են խաղում հարևան ժողովուրդների ցեղային, կրօնական, ազգագրական և այլ պատճառներ, և իւրաքանչիւր ժողովուրդ բնազդմամբ է ընտրում իր օրիէնտացիան, նայելով թէ նրա մէջ այդ պատճառներից ո՛րն է գիտակցվողը: Թիւրքաց–Հայաստանի հայերը, հակառակ իրանց քաղաքացիական շահերի հակումն են ցոյց տուել ռուսական օրիէնտացիայի, որովհետև Կովկասումն են ապրել իրանց ցեղակիցները, անցեալով, կուլտուրայով, լեզուով ու կրօնով իրանց միացած: Մինչդեռ Կովկասում ապրող աջարացիները, որոնք ազգով վրացի են բայց մահմեդական կրօնի, դարձեալ հակառակ իրանց քաղաքացիական շահերի՝ փոխանակ ռուսական կամ վրացական օրիէնտացիա ընդունելու՝ թեքվել են Թիւրքիայի կողմը, որովհետև նրանց համար ազգայնից, քաղաքականից, կուլտուրայից աւելի գերակշիռ է հանդիսանում կրօնը,  մահմեդականութիւնը: Այդ կողմից աւելի թերևս իրաւունք ունեն թիւրքական օրիէնտացիա ընդունելու Կովկասի թուրքերը, ադրբէյջանցիք կամ դաղստանցիք, որոնք ծագումով, ցեղով ու կրօնով միացած են օսմանցիների հետ, նրանցից տարբեր լինելով միայն դաւանական հանգամանքներով:

Ահա, այժմ մեր օրերում կովկասեան ազգերի համար նորից ծագել է օրիէնտացիայի խնդիր: Թիւրքիան ցանկանում է որ Հայաստանը և Վրաստանը թողնեն իրանց ռուսական օրիէնտացիան և մէջքերը դարձնելով դէպի Կովկասեան լեռները՝ երեսներն ուղղեն դէպի հարաւ: Ըստ երևոյթին այսպէս է պահանջում ներկայումս նրանց քաղաքական շահը: Ինքը Թիւրքիան, առաւելապէս մայրաքաղաքը, կուլտուրապէս ֆրանսիական և քաղաքականապէս գերմանական օրիէնտացիա ունի, հետևապէս թէ մենք կովկասեան ազգերս մեր քաղաքական ու պետական շահերի պաշտպանութեան համար ընդունենք հարաւային օրիէնտացիա, մենք Թիւրքիայի միջոցով մեր լոյսը պիտի ստանանք Գերմանիայից և Ֆրանսիայից, ինչպէս որ նոյն այդ ազգերի կուլտուրական բարիքները մենք վայելում էինք Ռուսաստանի վրայով կամ միջոցով:

Քաղաքական խնդիր է և մօմենտի պահանջ, ասում են՝ լոյսը գալիս է արևելքից:

 

Վաղինակ