Պետություն հասկացությունը փիլիսոփայորեն դիտարկել նշանակում է մտորել հասարակական այն կարգի, այսինքն, արդարության այն պատկերացման շուրջ, որն ընկած է պետության տվյալ ըմբռնման հիմքում։ Ուրեմն, եթե ցանկանում ենք փիլիսոփայորեն շոշափել արդի պետության արդի արևելահայ ընկալման առանձնահատկություններն ու ներքին հակասությունները, օգտակար է 19-րդ դարի արևելահայ լուսավորականների ծրագրերը դիտարկել դրանցում հասարակական կարգի ըմբռնման տեսանկյունից։
Այս առումով հետկանշական են արևելահայ ազգային կուսակցությունների և հայկական արդի հանրապետությունների գաղափարական ակունքներում ընկած Րաֆֆու քաղաքական պատկերացումները։ Նրա վեպերն առանցքային նշանակություն են ունեցել մեզանում քաղաքական գաղափարին նվիրվելու ձևի և գաղափարի նվիրյալի մեր ընկալման ձևավորման գործում։ Րաֆֆու պարագայում հետաքրքրականն այն է, որ քաղաքական գործունեության ձևը, դրա առաջամարտիկներն իրենք բնույթով հակասում են այդ գործունեության նպատակին, այն է՝ ինքնուրույն հասարակարգի հիմնադրմանը։ Րաֆֆու վեպերում գաղափարական մարտիկներն իրեց էությամբ կարգազանցներ են։ Նրանք հայ տնտեսական կյանքի՝ մանր տնտեսությունների քայքայումը մարմնավորող մանրավաճառներ կամ ժողովրդական լեզվով ասած՝ «չարչիներ» են։ Նրանք քայքայվող աշխարհի քայքայվող բարոյականության կրողներ են՝ խաչագողներ։ Գաղափարին նվիրվելու ձևն իր հերթին այս առաջամարտիկների պարագայում դուրս է կյանքի կարգից։ Երբ վերջիններս թողնում են խաչագողությունը և նվիրվում գաղափարական գործունեությանը, նրանք դառնում են հանուն գաղափարի կյանքից հրաժարվող մարտիրոսներ ու նահատակներ։ Ուրեմն, որքան էլ հակասական կարող է թվալ, Րաֆֆու ծրագրի ներսում հասարակական նոր կարգի հիմնադիրները ոչ այլ ոք են, քան կարգազանցներ։ Վերջիններիս այս կարգազանցության մի խտացված պատկեր ենք գտնում Րաֆֆու Խաչագողի հիշատակարանում։
Հրապապակվում է ըստ՝ Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 2 (Երևան։ Հայպետհրատ, 1955), էջ 306-307։
Խաչագողը բովանդակում է յուր մեջ մարդկային ամբողջ հասարակության բնավորությունները: Նա ընկերային կյանքի ամեն ելևէջների վրա զարմանալի ճարպկությամբ բարձրանում և իջնում է: Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուրս է գալիս: Հարմարվելու անհամեմատ ընդունակություն ունի: Ժողովրդի բարձր դասի հետ նա մի հպարտ, փառասեր, թեթևամիտ, պերճախոս ազնվական է, ազնվականի բոլոր փայլով: Ժողովրդի ստոր դասի հետ, նա մի բարի, միամիտ և անկիրթ ռամիկ է, բոլոր ռամկական պարզություններով: Գիտնականի հետ նա մի գեղախոս հռետորի նման վիճում է, ամեն առարկայի վրա դատում է և հանրամարդկային բարձր ու վսեմ գաղափարներ է հայտնում: Մոլլաների հետ նա խավարամիտ է, որպես գիշեր և մոլեռանդ, որպես հնդկական ֆադիր: Խաչագողը մի օր լույս է, մյուս օր խավար: Մի օր բարի է, մի օր չար:
Խաչագողը մի գարշելի տիպ է: Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է: Նա նեխած ջրի մրուրն է:
Երբեմն նա փողոցային սրիկա է. գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից: Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում: Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած արբեցողությամբ է անցկացնում: Այդ ժամանակ նա մոլի ստահակ է: Մի այլ տեղ, ամենափառավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեջ: Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է:
Խաչագողը չափազանց առաձգական է և դյուրաթեք: Նա դեպի ամեն կողմ ծռվում է: Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում է, բայց երբեք մի հատկանիշ ձև չէ պահպանում: Նա կատարյալ քամելեոն է: Նա այն առասպելական էակներից է, որ ամեն մի անգամին մի այլ տեսակ են երևում:
Խաչագողը գիտե կեղծել, գիտե խաբել, գիտե ձեռքից սպրդիլ և աներևույթ լինել: Ոստիկանի ամենատես աչքերը չեն կարող նորա հետքերը հետազոտել: Նա անհայտանում է որպես դև, և հայտնվում է որպես հրեշտակ: Բայց երբ որ բախտը դավաճանում է նրան,— բանտը յուր պապենական օթևանն է: Շղթաներից երկյուղ չէ կրում նա, իսկ դահճի առջև արհամարհանքով է խոնարհեցնում յուր պարանոցը:
Խաչագողը նայում է տիեզերքի վրա, որպես յուր հունձքի արտի վրա: Նա գիտե կորզել մարդկային ընդհանուր աշխատանքից ինչ որ իրան պետք է: Նա չէ ցանում, բայց հնձում է: Նա չէ արդյունաբերում, բայց սպառում է: Նա ապրում է ուրիշի վաստակով: Իսկ այդ նպատակին հասնելու համար, գործ է դնում յուր հնարագիտության ամենակարող հմտությունները: Ուր չէ հաջողվում նրան խաբուսիկ միջոցներով որսալ,— այսպիսի դեպքերում պատրաստ է նրա արյունահեղ ձեռքը…:
Խաչագողը ամեն բան ունի, բայց ոչինչ չունի: Նա նմանում է այն գիշակեր մեծ գազանին, որ խորտակում է մի ամբողջ ցուլի մեջքը, լերդը ուտում է, արյունը խմում է, իսկ մնացածը թողնում և հեռանում է: Այնուհետև օրերով մնում է սոված, երբ ուրիշ որս գտնել չէ կարողանում: Խաչագողը մի օր կուշտ է, մյուս օր քաղցած: Մի օր հարուստ է, մյուս օր աղքատ: