Հայաստանի կոալիցիոն կառավարությունը «հաւաքական գործակցութեան» և «կողմնակի նպատակներու» միջև

 

Հայաստանի անկախության հռչակումից հետո՝ 1918 թվականի հունիսին, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը դաշնակցական գործիչ Հովհաննես Քաջազնունուն վստահում է կառավարություն կազմելու խնդիրը։ Քաջազնունու կուսակցությունը՝ Դաշնակցությունը, ծնունդ առնելով դարադարձի քաղաքական խմորումների, մասնավորապես՝ արևմտահայ հարցի լուծման հետնախորքին, այդուհանդերձ, օբյեկտիվորեն պատրաստ չէր նորանկախ պետականության իշխանությունը միանձնյա ստանձնելու։

 Այդպիսով առաջնային է դառնում քաղաքական կոալիցիա ձևավորելու անհրաժեշտությունը։ Սա իր հերթին բուռն բանավեճերի առիթ է դառնում ժամանակի քաղաքական դաշտում գործող ազգային կուսակցությունների միջև՝ առաջ բերելով հատկապես Ժողովրդական կուսակցության քննադատությունը։ Վերջինս Դաշնակցությանը մեղադրում էր դարասկզբին հայությանը վրա հասած ազգային մեծ աղետի մեջ։ Հրաժարվելով անդամակցել Դաշնակցության կառավարությանը՝ Ժողովրդական կուսակցությունը միաժամանակ պահանջում էր քաղաքական իշխող դիրքերից նրա հեռացումը։ Դաշնակցության համոզմամբ, սակայն, հայ քաղաքական դաշտում չկար որևէ այլ կարող ուժ երկիրը կառավարելու համար. մի նկատառում, որը, իր հերթին, ուղղված էր Ժողովրդական կուսակցության դեմ, որը «թէև իրեն «ժողովրդական» է կոչում, բայց ժողովրդական մասաների հետ գործ չէ ունեցել»։ Միայն 1918 թվականի նոյեմբերից է, որ Ժողովրդական կուսակցությունը կառավարության մաս է կազմում, հանգամանք, որն այդուհանդերձ չի մեղմում երկու կուսակցությունների միջև եղած գաղափարային սուր տարաձայնությունները։

 Ներկա վավերագիրը երևան է հանում այդ տարաձայնությունների բացասական ազդեցությունը հայ հասարակական ու քաղաքական դաշտի վրա։ Սա մի  կացություն է, որը հոդվածի հեղինակի համոզմամբ՝ «վնասակար կերպով կ՚ անդրադառնայ ժողովուրդի վրայ»։ Հոդվածում քննադատության մեխն ուղղված է քաղաքական կոալիցիայի, ի մասնավորի՝ Ժողովրդական կուսակցության այն գործելակերպի դեմ, որն արտահայտվում է մասնավոր շահը պետական  շահից գերադասելու մեջ։ Պետության համար  «չափազանց վնասակար» և «աղետաւոր» այս իրողությունը հոդվածագրի աչքում սրվում է, երբ նա այն դիտարկում է ժողովրդի իսկ դիրքից։ Այսպես, եթե քաղաքական դաշտում «նախարարներն առանձին միաւոր են նախարարական խորհուրդի մէջ», ապա, հոդվածագրի համոզմամբ, ժողովրդի համար դրանք «անկախաբար և անջատ պատասխանատւութիւններով գոյութիւն չեն կրնար ունենալ»։ Փոխարենը՝ դրանք կազմում են մեկ ամբողջություն, «զոր Կառավարութիւն կը կոչենք մենք»։

Հրատարակվում է ըստ՝ «Կօալիսիոն կառավարութիւնը», Աշխատանք, 8 մայիսի 1919 թ.։

 

ԿՕԱԼԻՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի ներկայ կառավարութիւնը կազմւած է կօալիսիոն սկզբունքի հիման վրայ: Ուրիշ խօսքով երկու քաղաքական կուսակցութիւնները՝ Հ. Յ. Դաշնակցութիւն և Ժողովրդական կուսակցութիւն, միացած, կազմած են այժմւայ կառավարութիւնը:

Նպատակ չունենալով կօալիսիոն և միատարր կառավարութիւնները իրարու հետ բաղդատութեան դնել կամ մեր տեսակէտը պարզել անոնց մասին, այս անգամ, կ’ուզենք միայն ի վեր հանել պետական այն թիւր ըմբռնումը, որ կայ կօալիսիոն կառավարութեան մասին և որ վնասակար կերպով կ’անդրադառնայ ժողովուրդի վրայ:

Կօալիսիոն կառավարութիւնը, իր կոչումով իսկ, պարտաւոր է ի մի հաւաքել, պետական մէկ և միակամ մեքենայի մէջ, մեր հասարակական բոլոր կենսունակ ուժերը և լծել զանոնք հաւաքական լարւած աշխատանքի՝ յանուն Հայաստանի քաղաքական կերպարանաւորման և պետական կեանքի ամրապնդման:

Սակայն այսպէս չէ: Երկու կուսակցութիւնները, կառավարական օրկաներն իրենց միջև բաժնած ըլլալով, թոյլ տւած են որ վերջինները գործեն անկախօրէն, առանց որ մէկ կողմը պատասխանատու զգայ ինքզինքը երկրորդ կողմին համար: Ժողովրդական կուսակցութիւնը ուրախութենէ վեր վեր կը ցատկէ, երբ կը քննադատւին այն նախարարութիւնները, որոնք իրը չեն: Եւ դեռ աւելին, անիկա իր մամուլով այնպէս մը կը խօսի, օրինակ, արտաքին գործոց նախարարութեան մասին, որ կարծես թէ այդ նախարարութենը ոչ թէ Հայաստանի կառավարութեան մէկ մասն է, այլ թշնամաբար տրամադրւած դրացի պետութիւն մը:

Այս պատճառով, ահա, ներկայ կօալիսիոն կառավարութիւնը ոչ թէ համադրութիւնն է քաղաքական և հասարակական ռամկավար տարրերու և կամ արտայայտութիւն հաւաքական գործակցութեան, հասարակաց մէկ նպատակի շուրջ, այլ, այդ պիտակին տակ, ընձեռւած օրինականութիւն մը այն որոշ և ծանօթ իմբակցական ուժերուն, որոնք, ինչպէս ցոյց տւած են անցեալի փաստերը, եթէ մէկ շահ կուտան ընդհանուրին, տասը, անոր թիկունքէն, կ’ուղղեն դէպի մասնաւորն ու խմբակցականը: Ներկայ կօալիսիոնը ինքը չէ որ, գործակցական սկզբունքով, կ’օգտագործէ հասարակական ուժերը, այլ մասնաւոր ուժերն են, որ այդ անւան տակ, հաւաքական գործը կը շահագործեն ի նպաստ կողմնակի նպատակներու:

Այս երևոյթը չափազանց վնասակար է և աղետաւոր: Կօալիսիոնը սայն ատեն միայն կրնայ դրական օգուտ տալ, երբ զինքը բաղկացնող քաղաքական ուժերը, ինչ չափով ալ մասնակցելու ըլլան անոր, հաւասարապէս պատասխանատու ըլլան ամբողջութեան և ոչ թէ այս կամ այն նախարարութեան: Նախարարներն առանձին միաւոր են նախարարական խորհուրդի մէջ, բայց ժողովուրդին համար, անոնք անկախաբար և անջատ պատասխանատւութիւններով գոյութիւն չեն կրնար ունենալ: Անոնք բոլորը միասին կը կազմեն մէկ ամբողջութիւն, զոր Կառավարութիւն կը կոչենք մենք: