Ստորև ներկայացված են երկու պատկերներ՝ ստեղծված միևնույն՝ 1827 թվականին, սակայն երկու տարբեր գեղարվեստական միջավայրերում: Առաջինը (նկ. 1) վերցված է Վենետիկում լույս տեսած Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց գրքից: Այն ըստ երևույթին տպագրվել էր Մխիթարյան միաբանության ջանքերով և հավանաբար պոլսահայ, սուլթանական արքունիքի ոսկերչապետ Յակոբ Տիւզի հովանավորությամբ: Գրաֆիկական այս աշխատանքը, ինչպես ստորագրությունն է մատնանշում, կատարվել է Rizz կամ Rizzard ձևավորողի կամ նկարչի (ում ինքնությունը դեռևս մնում է չպարզված) և փորագրվել Bozza-ի կողմից (վերջինս հավանաբար Վենետիկում 1820-ականներին գործող իտալացի փորագրիչ Ադամո Բոցան է): Գործը վերնագրված է՝ Դիակն Բելայ … ի տեսիլ կանանց եւ որդւոց, որը մեջբերում է Խորենացու պատմությունից: Երկրորդ՝ անհայտ նկարչի կողմից արված Հայկի պատկերը (նկ. 2) գտնում ենք Մոսկվայում լույս տեսած Հակոբ և Դավիթ Արզանովների Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ ռուսալեզու գրքում:
Թեև այս երկու գրաֆիկական աշխատանքներն էլ արծարծում են միևնույն թեմատիկան, սակայն տարբեր են իրենց կատարման եղանակով: Վենետիկյան տարբերակում Հայկը մատնացույց է անում իր թշնամու՝ Տիտանյան Բելի գերեզմանին, որը, ինչպես Խորենացին է պատմում, նա կառուցել էր տվել Հարք կամ «Թորգոմի տան սերնդի՝ հայերի» բնակավայրում՝ ի տես «իր կանանց և որդիների»: Այս գործողությունը պատկերին դինամիկություն է հաղորդում, կերպարները կենդանի ու շարժուն են և կարծես բանաստեղծորեն միահյուսված: Չնայած կերպարները գտնվում են առաջին պլանում, այնուամենայնիվ հեռանկարով ձուլվում են բնապատկերի հետ և ամբողջացնում ողջ առասպելը: Լույսի ու ստվերի օգնությամբ նկարիչը կարծես շեշտում է բարու ու չարի, հաղթանակողի ու պարտվողի հակադրությունը՝ Բելի գերեզմանն ամբողջովին թողնելով ստվերում: Եվ չնայած այս հակադրությանը՝ գերեզմանին քանդակված է խորհրդանշական զինահագուստ, որով ընդգծվում է հակառակորդի հաղթանդամ ռազմիկ լինելը:
Սրան խիստ հակադիր պատկեր է ներկայացնում ռուսահայ միջավայրում ստեղծված Հայկի կերպարը: Հայկը, որպես կենտրոնական ֆիգուր, իր վրա է կենտրոնացնում դիտողի ուշադրությունը, որտեղ բնապատկերը կարծես երկրորդական նշանակություն է ստանում: Նա կանգնած է պաթետիկ դիրքով՝ պահելով իր կերպարին բնութագրող խորհրդանշանները և ինքնին վերածվելով խորհրդանշական հերոսի: Ի տարբերություն առաջին պատկերի, որտեղ դինամիկ ընթացք ենք տեսնում, այստեղ Հայկը ցուցադրում է պատմության հանգուցալուծումը՝ պատմությունից անտեղյակ դիտողին թողնելով գուշակությունների մեջ: Եթե առաջինում Հայկի հերոսականությունն ի հայտ է գալիս բռնակալ միապետի տապալման ու հաղթանակի ցուցադրման մեջ, ապա երկրորդում Հայկը ներկայանում է իբրև ազգի տիպականացված հերոսի խորհրդանիշ:
18-19-րդ դարերի եվրոպական գրաֆիկական պատկերագրական ավանդույթն է, որ ընկած է երկու պատկերների հիմքում: Սակայն եթե առաջինը դրա անմիջական կրողն է, ապա ռուսահայ իրականության մեջ այդ ավանդույթը ստանում է նոր նրբերանգներ: Այստեղ հռոմեացի զինվորի հագուստով ներկայացող Հայկը հառնում է իբրև միապետի «արժանի» կերպար՝ իբրև անցյալում հայերի ինքնակալ իշխանության խորհրդանշական վկա:
Առաջին պատկերը հրապարակվում է ըստ՝ Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց (Ի Վենետիկ, 1827), երկրորդը՝ ըստ Яков и Давид Арзановы, Опыт написания истории Армянского Царства (Ваан, 1997):

