Հայոց լեզվի, պատմության ու գրականության վերհառնեցումն իբրև ռուսական «արևելասիրական» նախագիծ

 

 

Հայոց թագավորության պատմության ակունքներն արդի պատմագիտական մեթոդներով վեր հանելու և ռուսաց լեզվով հանրությանը ներկայացնելու խնդիրն էին իրենց առջև դրել մոսկվայաբնակ երիտասարդ հայ գիտնականներ Դավիթ և Հակոբ Արզանով եղբայրները: Այս նախագիծն առաջ էր եկել դեռևս Լազարյան ճեմարանում ուսումնառության տարիներին և արմատապես տեղավորվում էր ճեմարանի՝ հայոց թագավորությունների երբեմնի փառքը հավերժացնելուն ուղղված ծրագրերում: Վերջիններս իրենց հերթին մասն էին Ռուսաստանում 19-րդ դարասկզբին պաշտոնական մակարդակում լայն թափ ստացած Արևելքն ուսումնասիրելու միտումների՝ իբրև արևելյան մշակույթը «յուրացնելու» նախագիծ: Ի դեմս սրա՝ ճեմարանը պատրաստում էր շրջանավարտներ, որոնք պետք է դառնային ցարական Ռուսաստանին արժան քաղաքացիներ: Նրանցից շատերը ներգրավված էին ճեմարանի ներքո գործող Հնասերների ընկերության աշխատանքներին՝ համալրելով Արևելքն ուսումնասիրողների շարքերը: Այդ շրջանավարտների թվում էին Արզանով եղբայրները, որոնց արևելքի հանդեպ գիտական հայացքն առավելապես ամրապնդվել էր Մոսկվայի բարձրագույն կրթական համակարգում ներգրավվածության պայմաններում:

Քաղաքակիրթ-լուսավորյալ աշխարհում հայերի՝ որպես արևելյան ազգի լեզվի, գրականության ու պատմության հայտնության հարցն է բարձրացնում Դավիթ Արզանովն իր դասախոս Միխայիլ Կաչենովսկու խմբագրությամբ լույս տեսնող Вестникь Европы ամսագրի՝ 1824 թվականի համարներից մեկում: Ներկայացված Դիտարկումներ Հայաստանի և հայերի մասին ռուսալեզու հոդվածում նա փորձ է անում ցույց տալու, որ, թեպետ պետականության կորստից հետո հայերը ստիպված են եղել բնակություն հաստատել աշխարհի տարբեր ծայրերում, և հայերի բանավոր խոսքում տեղ են գտել տարբեր ազգերի լեզվական արտահայտություններ ու միավորներ, այնուամենայնիվ հայերը՝ մասնավորաբար գրավոր խոսքում կիրառում են իրենց՝ դարերի խորքից եկող «բնիկ լեզուն»: Վերջինս, այլ արևելյան լեզուների հետ հավասարապես, ըստ հեղինակի, ուներ համաշխարհային նշանակություն: Մի կողմից՝ օտարների համար հայոց լեզվի իմացությունը կարևոր էր հայերի հետ վաճառականական արդյունավետ համագործակցություն հաստատելու տեսակետից: Իսկ մյուս կողմից՝ դրա իմացությունը կարևոր էր գիտության ասպարեզում: 5-րդ դարի հայ պատմագիտական ժառանգությունը հարուստ էր ինչպես արևելյան, այնպես էլ եվրոպական պատմության մասին տեղեկություններով: Եվրոպացի գիտնականի՝ այս ժառանգության ընթերցումը լույս կսփռեր համաշխարհային գրականության ու պատմագիտության «մութ էջերի» վրա:

Այսպես՝ թե՛ հայոց լեզուն, թե՛ հայ գրականությունն ու պատմությունը Արզանովը դարձնում էր արևմուտքն ու արևելքը կապող նշանակալի մի օղակ, որի վրա պետք է իր ուշադրությունն ուղղեր լուսավորյալ աշխարհը: Սրանով հեղինակը կարծես մի իմաստով արձագանքում էր 19-րդ դարասկզբի ռուս հեղինակների՝ արևելյան ազգերին՝ այդ թվում հայերին տված կարևորությանը: Ի վերջո Արևելքը՝ որպես լուսավորյալ աշխարհի ակունքներում տեսնելու հարցն էր բարձրացրել ցարական Ռուսաստանը՝ նպատակ դնելով ճանաչել և հնարավորություն տալ այս ազգերին ճանաչելի դարձնել իրենց լեզուն, գրականությունն ու պատմությունը:

Հրապարակվում է ըստ՝ Д. Арзанов, «Замечанiя обь Арменiи и Армянахь», Вестникь Европы, 1824, թիվ 12, էջ 241-247:

 

 

Դիտարկումներ Հայաստանի և հայերի մասին

 

Մեծ Հայքի՝ երեք մասի բաժանված բնակիչները այժմ գտնվում են ռուսների, թուրքերի և պարսիկների իշխանության ներքո։ Նրանց հայրենի երկիրը տարածվում է արևմուտքից արևելք շուրջ 300 մղոն՝ Եփրատի ափերից մինչև Կուրի գետաբերանը, իսկ հյուսիսից հարավ՝ շուրջ 250 մղոն՝ ձգվելով Վրաստանից և Կովկասյան լեռներից մինչև Դիարբեքիրի հարավային սահմանները։ Հայերը կիրառում են իրենց բնիկ լեզուն: Սակայն Թուրքիայի հայերից շատերը, որոնք, ըստ նշանավոր ֆրանսիացի ճանապարհորդների վկայության, ունեն իրենց սեփական բարբառը և բնակվում են հեռավոր գյուղական վայրերում, խոսում են այնպիսի առօրեական հայերենով, որն ի հայտ է եկել երկու լեզուների՝ հայերենի և թուրքերենի խառնուրդից: Նույնը կարելի է ասել նաև Փոքր Ասիայի կամ այլ կերպ ասած՝ Փոքր Հայքի բնակիչների մասին:

Հայերը, կորցնելով իրենց քաղաքական անկախությունը, տեղափոխվեցին ասիական և եվրոպական տարբեր երկրներ։ Իրենց երբեմնի հայրենիքից դուրս` նրանք այժմ մեծ թիվ են կազմում՝ ցրված Անատոլիայում, Սիրիայի հյուսիսային քաղաքներում, Միջագետքում, Գիլանում, Մազանդարանում, Սպահանի շրջակայքում, Վրաստանում, Աստրախանում, Ղրիմում, Դոնի մերձակա որոշ քաղաքներում, Լեհաստանում, Թուրքիայի տարբեր վայրերում և բազմաթիվ եվրոպական պետություններում։ Աշխատասիրությունն ամենուր ուղեկցում է նրանց. հայերը զբաղվում են ոչ միայն առևտրով, այլև երկրագործությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ և հասարակական կյանքին անհրաժեշտ կամ առնվազն օգտակար այլ արհեստներով ևս։

Այս վերաբնակների զբաղեցրած հսկայական տարածքներն ու նրանց իրականացրած լայնածավալ առևտուրն ուսումնասիրելիս եզրահանգում ենք, որ նրանց լեզվի իմացությունը բավականին օգտակար է՝ նրանց հետ առևտրային կապեր պահպանելու համար, հատկապես եթե հավելենք, որ թուրքական և պարսկական դրամական կարողություններն այժմ գրեթե ամբողջովին գտնվում են հայերի ձեռքում։ Հայոց լեզվի ուսումնասիրությունը պահանջում է նախնական ծանոթություն արաբերենին, պարսկերենին և թուրքերենին, քանի որ հայերը, ունենալով սերտ շփումներ արաբների, պարսիկների և թուրքերի հետ, փոխառել են բազմաթիվ այնպիսի բառեր, որոնց սկզբնակունքները պետք է որոնել այս ժողովուրդների լեզուներում: Սակայն այդ բառերի մեծ մասը մտել է միայն խոսակցական լեզվի մեջ, քանի որ գրավոր հայերենը, լինելով բավական հարուստ, նոր արտահայտությունների կարիք չունի։

Այս լեզվի ուսումնասիրությունը կարող է չափազանց կարևոր ծառայություններ մատուցել պատմությանը և բանասիրությանը, քանի որ Հայաստանը դարեր շարունակ ունեցել է բազմաթիվ լավ գրողներ, որոնց գործերում պատմաբաններն ու բանասերները կարող են գտնել շատ հետաքրքիր, նույնիսկ անհրաժեշտ նյութեր՝ հին գրականության մութ անկյունները բացատրելու և նոր բացահայտումներ անելու համար: Հայերի հակումը դեպի գիտությունը ցանկացած վայրում չի անհետանում նրանց կյանքից: Վերջինիս ապացույց են նրանց հիմնարկած տպարանները՝ մայրենի լեզվով գրքեր տպագրելու համար: Դրանցից հայտնիները գտնվում են Ամստերդամում, Լայպցիգում, Վենետիկում, Լիվոռնոյում, Լվովում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Մոսկվայում, Պետերբուրգում, Աստրախանում։

Հայ գրականությունը գրեթե նույնչափ հարուստ է, որքան արաբականը, պարսկականը, հնդկականը և չինականը։ Այն արժանի է յուրաքանչյուր իսկապես լուսավորված ժողովրդի ուշադրությանը։ Վեց, յոթ, ութ և իններորդ դարերում եղել են գրողներ, որոնք պատիվ բերին հայ գրականությանը գիտնականների շրջանում։ Հատուկ ուշադրության են արժանի հայ պատմագիրները նրանք, իրենց սեփական պատմագրությունից բացի, թողել են նաև արժեքավոր տեղեկություններ արևելյան ժողովուրդների մասին, որոնք բացատրում են հնագույն և միջին դարերի պատմության բազմաթիվ մութ կետերը։ Նրանք հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել Կոստանդնուպոլսի հույների մասին, պարսից Սասանյան թագավորների, արաբների, սելջուկ թուրքերի, խաչակրաց արշավանքների, մոնղոլների, ինչպես նաև այն կարևորագույն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Արևելքում՝ սկսած 4-րդ դարից: Ասորեստանցի թագավորների աղյուսակը, որ գտնվում է Մովսես Խորենացու տարեգրություններում, հավանաբար վերցված է հույն պատմիչներից. սրա ապացույց են հատուկ անունների վերջավորությունները։ Քանի որ գրեթե ոչինչ չի մնացել այն հեղինակներից, որոնց հիշատակում է Խորենացին, մենք առավել ևս պետք է գնահատենք այն պատառ վկայությունները, որոնք պահպանել է մեզ համար պատվելի Մովսեսը։ Հայ պատմագիրների հաղորդած տեղեկությունները, ցավոք, բավարար չեն միայն պարսից Արշակունիների նկարագրությունների դեպքում, որոնց մասին նրանք կարող էին շատ ավելին հաղորդել, քանի որ հայերը միշտ քաղաքական սերտ կապեր են ունեցել այդ տոհմի հետ։ Իսկ այն ժամանակ, երբ պարսից գահին բարձրացան Սասանյանները, Արշակունիներից շատերն անցան Հայաստան և տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրին։ Հայ պատմագիրներն արժանի են ուշադրության նաև այն պատճառով, որ իրադարձություններ նկարագրելիս խիստ ընտրություն էին կատարում: Եվ այս առումով նրանք, ինչպես պարսիկ և արաբ հեղինակները, գերազանցում էին բազմաթիվ բյուզանդացիների։ Սակայն արտահայտման ձևի մասին պետք է նկատել, որ հայերը ջանադրաբար խուսափում էին տարօրինակ համեմատություններից և ճոխ ու երկմիտ փոխաբերություններից, որոնք արաբական ու պարսկական ճարտար խոսքի գլխավոր բնորոշիչներն են։ Ես վճռորեն կարող եմ ասել, որ Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Հայրապետ Հովհաննես VI-ը և շատ այլոք լիովին արժանի են եվրոպացի գիտնականների հարգանքին։ Նրանց խոսքը ճարտար էր, մաքուր, ժամանակաշրջանները հմտորեն փոխկապակցված միմյանց: Ֆրանսիացի գիտնականները, ում հայտնի են հայ հեղինակները, արդարադատ են նրանց հանդեպ: Ահա նրանց վկայությունը. ils pourroient encore se faire lire avec intéré après les grandes modèles, que nous possedons, et après ceux meme, que Rome et la Grece ont produits.[1]Նրանք կարող են հետաքրքրությամբ ընթերցվել այն մեծագույն օրինակներից հետո, որոնք մենք ունենք, և նույնիսկ նրանցից հետ, որոնք ստեղծել են Հռոմն ու Հունաստանը (թրգմ. ֆրանսերենից՝ Ա.Հ.):

Հին հայերի՝ հռոմեացիների և հույների հետ ունեցած քաղաքական հարաբերությունների հաշվին Հայաստանում տարածում գտավ հունաց լեզուն ու գիտությունը՝ քրիստոնեության ընդունումից շատ ավելի վաղ, և հայերը, ընդօրինակելով սիրիացիներին, եգիպտացիներին և այլ արևելյան ազգերին, գրում էին հունաց լեզվով։ Պատմությունից ակնհայտ է, որ Արտավազդ արքան՝ Տիգրանի որդին, որին գերեվարել էր Անտոնիոսը, հորինում էր ողբերգություններ և պատմություններ՝ հունարեն լեզվով։

Մեզ են հասել որոշ հայկական մեդալներ՝ հունական արձանագրություններով։

Չորրորդ դարի սկզբում, երբ Հայաստանը, ընդունելով սուրբ քրիստոնեական հավատը, սերտ կապեր ստեղծեց Հռոմեական կայսրության հետ, այդ ժամանակ բազմաթիվ հույներ և սիրիացիներ, տեղափոխվելով Հայաստան, ոչ պակաս նշանակալիորեն նպաստեցին հունաց լեզվի տարածմանը ազդեցիկ ոլորտներում: Ի վերջո վրա հասավ պարսից պատերազմների ժամանակը, որն արագացրեց գեղեցիկ արվեստների անկումը: Սակայն մարդկանց միտքը կրկին զարթնեց խոր քնից՝ նախկին գործունեությանը վերադառնալու համար։ Սահակ Հայրապետը, որն ապրում էր հինգերորդ դարի սկզբում, Հայաստանում կրթական գործի ջերմեռանդ հովանավոր էր իմաստուն Մեսրոպի՝ հայոց գրերի գյուտարարի օգնությամբ նրանց հաջողվեց նպաստել հունական գրականության տարածմանը Հայաստանում։ Այս նույն ժամանակ կառավարությունը երիտասարդներին ուղարկում էր հռոմեական բնակավայրեր՝ կատարելագործվելու գեղեցիկ գրականության և գիտությունների մեջ։ Երիտասարդները, ավարտելով ուսումը, վերադառնում էին հայրենիք և ջանասիրությամբ լծվում հունարեն գրքերի թարգմանությանը։ Նրանք հայերեն թարգմանեցին Յոթանասնից թարգմանների Աստվածաշունչը, Եվսեբիոսի Սուրբ Պատմությունը, բազմաթիվ Սուրբ Հայրերի աշխատություններ, ինչպես նաև Պլատոնի և Արիստոտելի ստեղծագործությունները։ Ֆրանսիացիները, որ իրենց գրադարաններում ունեն հայ գիտունների այս թանկարժեք կոթողները, հավաստում են, որ վերջիններս կարող են ծառայել բացատրելու հին դասական ստեղծագործությունների՝ արտագրողների կողմից արված բազմաթիվ աղավաղումները:

 

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Նրանք կարող են հետաքրքրությամբ ընթերցվել այն մեծագույն օրինակներից հետո, որոնք մենք ունենք, և նույնիսկ նրանցից հետ, որոնք ստեղծել են Հռոմն ու Հունաստանը (թրգմ. ֆրանսերենից՝ Ա.Հ.):