Հայրենիքի ու հայրենասիրության Րաֆֆու վաղ պատկերացումները

 

Ազգային կյանքին վերաբերող 1870-ական թվականների Րաֆֆու մտահոգությունների մեջ առանցքային տեղ է գրավում այն, թե ինչու և ինչպես է ժողովուրդը կապվում իր հող ու ջրին: Այս հարցին հետամուտ 1875 թվականին գրված ընդարձակ մի հոդվածում նա այն միտքն է առաջ քաշում, որ ժողովուրդը կապվում է աշխարհագրական տարածությանը` դրանում իրեն հասած մշակութային կոթողների և ավանդությունների միջոցով: Հոդվածից ստորև ներկայացվող հատվածներում աշխարհագրական տարածության ու ժողովրդի միջև մշակույթով ամպրապնդվող այս կապն է քննարկում նա` դրանից դուրս բերելով նաև հայրենասիրության մի ըմբռնում, որն, ըստ նրա, ելնում էր ժողովրդական կյանքից: 

Նայելով ընչազուրկ հայի կյանքին, թե ինչպիսի զոհողություններով, աղքատությանը տոկալով էր նա պահում ու պահպանում իրեն ժառանգված մշակույթը` Րաֆֆին նկատում է, որ ժողովուրդը դա անում էր ոչ այնքան դրանց նյութական արժեքից ելնելով, որքան այն պատճառով, որ նա հուզականորեն կապված էր դրանց: Իրեն ավանդված  մշակույթի մեջ պարզ մարդը տեսնում էր իր նախնիների փառքի ու մեծագործության, ինչպես նաև առօրյա պարզ կյանքի հիշողությունը և, կապվելով դրանց հազար ու մի սնահավատություններով, ուժ էր առնում ապրելու նույն հողի վրա և շարունակելու իրեն ավանդված կյանքը: 

Պարզ մարդու հավատալիքների և նրան ժառանգված մշակույթի միջև այս ուղիղ կապով է Րաֆֆին սահմանում հայրենիքը: Ուշագրավն այն է, որ նա չի զլանում նկատել, որ պարզ մարդն իր ըմբռնումներից ելնելով սրբացնում է  ինչպես ձեռակերտ հուշարձանները, այնպես էլ բնական աշխարհագրական իրողությունները` գետը, հերոսի կերպարանք առած ժայռն ու քարը` իր հերթին դրանց մեջ տարրալուծված տեսնելով իր դյուցազուն նախնիներին: Այս պայմաններում է, ըստ Րաֆֆու, որ աշխարհագրական տարածությունը վերածվում հայրենիքի, իսկ զոհողություններով դրանք պահելու ձգտումը` հայրենասիրության:  

Հոդվածը լույս է տեսել Մշակ հանդեսի 1875 թվականի 19 և 20 համարներում: Հրատարակվում է հատվածաբար ըստ` Մելիքզադէ, «Տարոնի և Վասպուրականի անցեալ և արդի վիճակը», Մշակ, 1875, թիվ 20, էջ 1-3: 

 

 

Բայց ի՞նչ էր, որ կապում էր հային մի այնպիսի երկրի հետ, ուր նրա կեանքը հանապազօրեայ վտանգի մէջ էր, ուր նրա կայքը ապահովված չէր. ուր նրա ապրուստը խառն էր արեան և արտասուքի հետ. ուր նրա ընտանեկան պատիւը արատաւորվում էր. ուր նրա կրօնը, և ամեն ինչ որ նուիրական էր իւր համար, սրբապղծվում էր:

Ինչ էր որ կապում էր հային մի այսպիսի երկրի հետ:– Հայրենիքը:

Հայրենիքը լի էր անթիւ յիշատակարաններով, որոնք ասում էին հային՝ «դա քո երկիրն է, այստեղ էին ապրում քո պապերը և այստեղ մեռան նրանք. դու էլ պէտք է այստեղ մեռնես ու քո ոսկերքը խառնես նրանց փոշիների հետ»:

Վանայ բերդի պարսպաքարերի վերա, և Վասպուրականի մէջ զանազան բլուրների գագաթներում, հայը տեսնում էր անթիւ արձանագրութիւններ, սկսեալ սեպաձև բևեռագրներից մինչև այն  տառերը, որ հնարեց իւր ազգի համար Մեսրոպը, որոնք, հազարաւոր տարիներ պատերազմելով ժամանակների հետ, պահել էին նրա վաղեմի մեծութեան յիշատակները:

Այն երկրում, Հայոց-ձորով անցնելու միջոցին, հայը միշտ յիշում էր իւր նահապետի – Հայկ դիւցազնի, այն մեծ հսկայի կռիւը Նեբրովթի հետ: Նա ցոյց էր տալիս իւր զաւակներին Նամրութայ (Նեբրովթի) սարը, ուր մեր նախապապը վեր հանեց տիտանների որդւոյ դիակը նրան սպանելէն յետոյ և այնտեղ այրեց: Եւ հայը միշտ պարծենալով էր յիշում հին աւանդութիւնը, և հպարտանում էր, որ ինքը մի այնպիսի մեծ մարդու սերունդիցն է, որ շառաւիղում էր աստուածների արիւնից:

Տարոնի և Վասպուրականի մէջ դեռ չէին ցամաքել չորս գետերը, որոնք բխում էին Աստուծոյ Դրախտից, և Բինգեօլի ծաղկաւէտ դաշտին նայելով, հայը ասում էր իւր որդուն՝ «տես, այստեղ էր մեր նախահօր  – Ադամի և նախամօր  – Եւայի բնագաւառը»: Նա ցոյց էր տալիս «Կայենի ծառերը», որոնց հովանոյ տակ հագստանում էր առաջին երկրագործը. նա ցոյց էր տալիս «Ղամեքայ բերդը»  – ամրոցը այն քաջ որսորդի, որ սպանեց Ադամի անդրանիկ, բայց դատապարտեալ որդուն: Նա ցոյց էր տալիս դաշտերը, ուր առաջին խաշնարած Աբէլը արածեցնում էր իւր ոչխարները:

Հայը տեսնում էր, որ առաջին հօր և առաջին մօր ժամանակից ինքը մնացել է անբաժան այն երկրից, ուր ապրում էր մարդկութեան նախաստեղծ զոյգը:

Ջրհեղեղը մինչև անգամ իւր աշխարհաւեր սասանմունքով չը կարողացաւ դուրս մղել հային հայրենի երկրից: Հայի աւանդութիւնն ասում էր, թէ ինքը խօսում է նոյն լեզուով, որով խօսում էր Նոյը, թէ Աստուծոյ բարկութիւնը անցնելէն յետոյ մարդկութեան երկրորդ նախահայրը կրկին հայոց երկրի վերա հիմնեց իւր բնակութիւնը: Եւ Գրգուռ սարին նայելով, նա իւր միտքն էր բերում այն հին զրոյցը, իբր թէ Նոյի տապանը, այս սարին քսվելով, անցաւ դէպի Սիփան լեռը, խնդրեց նրանից ընդունել իրան իւր գագաթի վերա: Սիփանը համեստութեամբ պատասխանեց, թէ ինքը հայոց լեռների ամենակրտսերն է, և ցոյց տուաւ իւր անդրանիկ եղբայրը  – հսկայ Արարատը, ասելով՝ «գնա՛ իմ Մասիս, որ բարձր է քան զիս»:

Ահա՛ այսպիսի բազմաթիւ աւանդութիւններով և յիշատակներով կապված էր հայրենիքը հայի սրտի հետ, յիշատակներ, որոնք սկսեալ ամենախորին հեթանոսական դարերից, յիշեցնում էին նրա հին և փառաւոր անցեալը:

 ….

Հայը չէր կարող բաժանվել հայրենիքից: Հայրենիքը նրա սրբարանն էր: Այնտեղ ամեն մէկ քար, ամեն մէկ աւերակ յիշեցնում էր նրա վաղեմի մեծութիւնը: Դեռ բոլորովին չէին անհետացել բերդերի, ամրոցների փլատակները, ուսկից մի ժամանակ նրա ազգի պետերը տարածում էին իրանց իշխանութիւնը: Դեռ մնում էին հին քաղաքների աւերակները, որոնց փշրանքի մէջ երևում  էին հայ մարդու արհեստը և ճարտարութիւնը, որոնք քարոզում էին՝ թէ որքան հանգիստ էր քաղաքացու կեանքը, որքան զարգացած էր նրա մէջ գիտութիւնը: Դեռ բոլորովին չէին անհետացել հետքերը բազմաթիւ ջրանցքների, ստորերկրեայ խողովակների, որոնք ցանցաձև հիւսուածքով տարածվել էին ընդարձակ դաշտերի վերա, անցնում էին ամենադժուարին լեռների և բլուրների միջով, որոնք ցոյց էին տալիս, թէ մի ժամանակ որքան ծաղկած էր մշակ մարդու գործը, որքան նա սերտ կերպով կապված էր բնութեան և երկրի հետ:

Այս երկրի վերայով անցան Յոյները, Պարսիկները, Մանգօլները, Արաբացիք, Թուրքերը՝ իսկ վերջին ժամանակ Քրդերը, և ամեն ինչ ոչնչացաւ նրանց ոտքերի տակ: Այժմ տիրում էր անապատ և ամայութիւն:

Մի բան, որ մնաց անջնջելի թէ ժողովրդի սրտի մէջ և թէ երկրի վերա իւր արտայայտող յիշատակարաններով,– դա էր կրօնը, իւր վանքերով և եկեղեցիներով: Ամեն տեղ, մինչև անգամ անմարդաբնակ և խուլ ձորերի մէջ, լեռների ու բլուրների վերա, հանդիպում են հոյակապ վանքեր, փոքրիկ մատուռներ, որոնց մէջ վաղուց լռել է եկեղեցականի ձայնը, միայն տօնական հանդէսների ժամանակ հաւաքվում է ուխտաւորների բազմութիւնը, նուիրելու իւր զոհերը երկրի հին սրբարանին: Իսկ մեծ մասը վանքերից դեռ պահպանում են աբեղաների միաբանութիւն, որոնք դեռ վայելում են ժողովրդի ջերմ համակրութիւնը: Մինչև այսօր լեռների անմատչելի տեղերում տեսնվում են մթին քարանձաւներ, ուր միայնակեացները, հեռանալով աշխարհի աղմուկից, նուիրում են իրանց անձները Աստծուն: Շատ գիւղեր, որոնք բաղկանում են մի քանի գետնափոր խրճիթներից, ունեն մի փառաւոր եկեղեցի, մնացած այն ժամանակներից, երբ բնակիչները բազմաթիւ էին և ապահոված:

….

Տարօնի և Վասպուրականի վանքերում բացի նրանից, որ գտնվում են հայոց նշանաւոր մարդերի շիրիմները, այլ շատերի մէջ պահվում են և նրանց մարմնի «սուրբ մասունքները»: Օրինակ, Վանայ սուրբ Վարդան եկեղեցումն է Մամիկոնեան Վարդանի մէկ մատը: Մշոյ Սուրբ Կարապետայ վանքումն է Ս. Ղևոնդայ մասունքները: Հաղբակայ Բարդուղիմէոս առաքելոյ վանքումն է նոյն առաքեալի աջը: Մի խօսքով, վանքերը և եկեղեցիները լիքն են այսպիսի սրբութիւններով, ամփոփած արծաթի և ոսկու մէջ, զարդարած թանգագին քարերով: Եթէ աւելացնենք դրանց վերա արծաթի բուրվառները, սկիհները,  աշտանակները, ջահերը, արծաթակազմ աւետարանները և արծաթից շինված այլ եկեղեցական անօթները, կարելի է ասել, որ ազգի հարստութիւնը կենդրօնացած էր գլխաւորապէս վանքերի մէջ: Մի այսպիսի առձեռն գանձը շատ անգամ գրաւում էր մահմետական աւարառուների շահասիրութիւնը, և քիչ չէր պատահում, որ վանքերի սրբութիւնները գերի էին ընկնում: Քուրդերը յարգում էին իրանց ձեռքն ընկած սրբութիւնները և չէին ոչնչացնում: Քուրդի համար քրիստոնէական տաճարի սրբութիւնը նոյն նշանակութիւնն ունէր, որպէս իւր շէյխի տուած թիլիսմանը, որը նա կապում է իւր աջ թևին թշնամու զէնքերից անխոցելի մնալու համար: Քուրդը դարձնում էր սրբազան կողոպուտը միայն ծանրագին փրկանք ստանալէն յետոյ: Պարսիկները և թուրքերը այն ակնածութիւնը չունէին դէպի քրիստոնեաների սրբութիւնները. նրանք կը ոչնչացնէին, եթէ տեսնէին նրանցից գոյացած ոսկին կամ արծաթը կարող էր աւելի գին բերել, քան այն գումարը, որ ստանալու էին որպէս փրկանք: Իսկ փրկանքը լինում էր միշտ աւելի բարձր, քան սրբութեան վերա գտնված, ոսկու և արծաթի արժէքը: Օրինակի համար, Բարդուղիմէոս առաքելոյ աջը, որ գտնվում էր Հաղբակայ նոյն անունով վանքում, գերի է ընկնում պարսիկների ձեռքում: Ժողովուրդը վճարեց տասն անգամ սուրբ աջի ծանրութեամբ ոսկի և փրկեց գերին: Ամբողջ գաւառի կանայքը զրկվեցան իրանց ոսկի և արծաթի զարդերից. նրանք իրանց մատանիները, քամարները, գլխի պաճուճանքը, պարանոցի մանեակները թափում էին վանահօր մօտ, որ վաճառէ, ոսկի շինէ և փրկէ հայոց առաքեալի աջը իրանց երկրի պաշտպանը – անօրէնների ձեռքից: Բայց սուրբ առաքեալի բազուկը, ամփոփած արծաթի մէջ, իւր հսկայական մեծութեամբ, չափազանց ծանրութիւն ունէր…

Ինչու ժողովուրդը իւր աղքատ դրութեան մէջ դարձեալ զոհում էր իւր ունեցածը, միայն թէ չը զրկվէր իւր վանքերի սրբութիւններից: Նրանցից իւրաքանչիւրը հռչակված էր ամբոխի մէջ իւր հրաշագործ զօրութիւններով: Մէկը դուրս էին բերում երաժշտութեան ժամանակ, «անդաստան» էին անում, թափօր էին կատարում, և նրա բարեխօսութեամբ երկինքը ներում էր մարդիկների յանցանքը, և անձրև էր թափում: Մէկին զոհ էին մատուցանում խօլերայի և ժանտախտի ժամանակ և ժողովրդի միջից դադարում էր Աստուծոյ պատուհասը: Մէկը բժշկում էր դիւահարներին, միւսը անդամալոյծներին… Ահա այսպիսի սնահաւատութիւններով կապված էր ժողովրդի սիրտը իւր սրբութիւնների հետ:

…. 

Մտաբերելով Տարոնի և Վասպուրականի փառաւոր անցեալը, և տեսնելով այնտեղ հայերի աղքատութիւնը և նրանց ստրկութիւնը քրդերի ձեռքում, յակամայից ծագում է մարդի գլխում մի այսպիսի հարց – ինչու մինչ այս աստիճան ընկան հայերը, ինչու նրանք գերի դարձան քրդերի ձեռքում, երբ իրանք բազմութեամբ մի քանի անգամ շատ էին քան քրդերը:

Այդ հարցին պատասխանելը հեշտ կը լինի, երբ մտաբերենք Տարոնի և Վասպուրականի մէջ գտնված այնքան բազմաթիւ վանքերի և աբեղաների ազդեցութիւնը ժողովրդի վերա: Արդարև, վանքերը մի կողմից պահպանեցին հայերի կրօնը, կապեցին նրան իւր հայրենիքի հետ, միւս կողմից, խլեցին նրանից քաջութիւնը, մտցրին նրա մէջ կոյր հնազանդութիւնը խոնարհվելու օտարի լծի տակ, և մեռցրին նրա աշխատասէր հոգին: Հայը չէր կարող իրական կէտից նայել կեանքի վերա, երբ տեսնում էր իւր վանքերի մէջ ճգնաւորների և աբեղայների բազմութիւնը, որոնք մտածում էին միայն երկնքի մասին, որոնք քարոզում էին այս աշխարհի ոչնչութիւնը և նրա ունայնութիւնը: Այստեղից ծագեց հայի մէջ մի սաստիկ ատելութիւն դէպի կեանքը և հետևապէս դէպի նրա ապահովութիւնը: «Փո՛ւչ աշխարհ, անցաւո՛ր աշխարհ» – այդ իւրաքանչիւր հայի սովորական խօսքն է:

Հայի մէջ չը կար գոյութեան պատերազմ, որովհետև նրա գոյութիւնը այս աշխարհում իւր համար ոչինչ նշանակութիւն չունէր, նա մտածում էր միայն հանդերձեալ կեանքի մասին: Ով որ արհամարհում է իւր գոյութիւնը, նա և հոգս չէ տանում նրան պահպանող պայմանների համար: Քուրդը խլում էր նրա հացը, կողոպտում էր նրա անասունները, զրկում էր նրան օրական ապրուստից, թափում էր նրա արիւնը,– այս բոլորին համբերում էր նա, համարելով վերին Նախասահմանութեան տնօրէնութիւն: Հայը վրդովվում էր այն ժամանակ միայն, երբ այլադաւանի ձեռքը դիպչում էր իւր եկեղեցական սրբութիւններին: Որովհետև դա միակ բանն էր, որի վերա կայանում էր նրա կեանքի նպատակը:

Բայց կեանքը ամենասաստիկ կերպով պատժում է մարդուն, երբ նա արհամարհում է նրան: Աշխարհը չէ կարող համբերել այն մարդերին, որոնք չեն սիրում իրան և չեն աշխատում իւր պարգևած բարիքներից օգուտ քաղել:

Հայը սիրում է իւր հայրենիքը, և չը նայելով, որ ինքը ամենաթշուառ կերպով նեղված էր այնտեղ, դարձեալ չէր ուզում բաժանվել նրանից: Բայց նա սիրում էր ոչ այն պատճառով, որ համարում էր հայրենի երկիրը որպէս հաստատուն հող, որի վերա պէտք է հիմնէր իւր կեանքի ապահովութիւնը, այլ նրա համար միայն, որ նա չէր ուզում բաժանվել իւր վանքերից, որոնց մէջ դրած էին իւր սրբութիւնները: Այս, թէև խիստ վնասակար սէրը, ունեցաւ այն օգուտը, որ պահեց հային հայրենի հողի վերա, և չը թողեց նրան ցրվիլ: Բայց յայտնվեցաւ մի աւելի սարսափելի թշնամի, աւելի բարբարոսական քան քուրդը, պարսիկը և թուրքը, որ սկսեց հետզհետե դուրս մղել հային հայրենի երկրից – դա էր աղքատութիւնը, որի զօրութեան դէմ ոչինչ նշանակութիւն չունէր սէրը դէպի վանքերը և եկեղեցական սրբութիւնները…