2009 թվականին շրջանառության է դրվում Հայաստանի կենտրոնական բանկի կողմից հաստատված հարյուր հազար դրամանոց թղթադրամը: Թղթադրամի մի երեսին որպես կենտրոնական ֆիգուր պատկերված է Աբգար հինգերորդ թագավորը (նկ. 1), որի շուրջը զետեղված են առաջին հայ քրիստոնյա թագավորի իշխանությունը հավաստող տարաբնույթ ատրիբուտներ, իսկ ֆոնը, բանկի խորհրդի կողմից թղթադրամը շրջանառության մեջ դնելու որոշման համաձայն, լրացված է Ա դարի քարտեզով: Նույն որոշումը նկարագրում է նաև թղթադրամի հակառակ կողմի պատկերը՝ «Թադեոս առաքյալի կողմից Աբգարին Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը» (նկ. 2): Ի՞նչ պատկերներ են սրանք, որ ներկայացնում են Հայաստանի երրորդ՝ անկախ հանրապետության խորհրդանիշ թղթադրամը:
Աբգար թագավորի այս պատկերը քաղված է 19-րդ դարի սկզբներին Թիֆլիսում գործող նկարիչ Մկրտում Հովնաթանյանի՝ յուղաներկով կտավի վրա արված պատկերի բնօրինակից: Հռոմեական զինվորի համազգեստով, արքունական պատմուճանով հանդես եկող սրբի կերպարանք առած միապետի այս մոնումանտալ ֆիգուրին մի իմաստով հակադրվում է թղթադրամի դարձերեսի տեսարանը: Վերջինս, ինչպես պարզ է դառնում, Հռոմ տեղափոխված ֆլամանդացի նկարիչ Մատեիս Բրիլի Հուդա Թադեոսը դաստառակով բժշկում է Աբգար թագավորին վերնագրով հայտնի որմնանկարն (1581 թ.) է (նկ. 3), որը գտնվում է Վատիկանի թանգարանային համալիրում: Ակնհայտորեն տարբեր են սույն պատկերի հայկական պատճենի ու բնօրինակի բովանդակությունները: Թղթադրամից դուրս են մնացել բնօրինակի աջ և ձախ անկյունները ներկայացնող տեսարանները, որոնք առանցքային են և ամբողջացնում են ողջ գործը: Մասնավորապես բնանկարի աջ հատվածում լույսերի մեջ ամփոփված են Քրիստոսի և նրա մոր՝ Մարիամի գրկախառնության տեսարանը, որի պատկերման ընթացքի մեջ է մոտակայքում նստած նկարիչը: Գործողությունը տեղի է ունենում մի փոքրիկ աղքատիկ հյուղակի մոտ, որն իր ճարտարապետական հորինվածքով հակասության մեջ է կենտրոնում նկարված արքունական շինության հետ: Այս տեսարանով արքունական փառքն ու տիրակալությունն իրենց տեղը կարծես զիջում են քրիստոնեական հավատքին և դրա բժշկող ուժին՝ ձուլվելով լուսավորչական լույսով հագեցած խաղաղ բնանկարի մեջ: Բնության անդորրը նկարիչը շեշտում է թավ դեղին ու կանաչ գույների՝ աչքի զարնող համադրությամբ՝ խառնվելով Քրիստոսից ու Մարիամից ճառագող լույսին: Թղթադրամի վրա պատկերի կիսատությունը զրկում է նրան իր լիությունից՝ թագավորին ու Թադեոս առաքյալին շեշտակիորեն դարձնելով կենտրոնական ֆիգուրներ: Աջ հատվածից դուրս են մնացել նաև գետի ընթացքով լողացող կարապները, փոփոխվել է հեռանկարը՝ դառնալով սխեմատիկ և անկենդան, իսկ բնանկարի շրջանակի վերարտադրումն ավելի ցայտուն՝ փոխելով դրա միջով դեպի հեռուն գնացող տեսարանի մեր ընկալումը: Եվ չնայած այս կիսատությանը՝ դարձերեսի պատկերը, հակասության մեջ լինելով Աբգարի մոնումենտալ ու խորհրդանշաններով հագեցած կերպարին, լրացնում է վերջինիս՝ կոտրելով այդ նույն մոնումենտալությունը:
Այսպիսով՝ 19-րդ դարի ռուսահայաստանյան կերպարվեստի ու 16-րդ դարի իտալական նկարչության հետքերով ընթացող եվրոպական արվեստի ավանդույթներ է միավորում պետությունը ներկայացնող թղթադրամը: Առանձին ոճերն ու սկզբունքներ են, որ գալիս են տալու հայերի արդի անկախ պետության պատկերը: Եվ ուրեմն էութենականորեն տարբեր այս ավանդույթները մեր առջև խնդիր են դնում հասկանալու այն հիմքերը, որոնց վրա խարսխված են պետության մասին մեր պատկերացումները:
Պատկերը հրապարակվում է ըստ՝ https://surl.li/rzcqfs էլեկտրոնային կայքի լուսանկարի:
Նկար 1
Նկար 2
Նկար 3
Մատեիս Բրիլ, Հուդա Թադեոսը դաստառակով բժշկում է Աբգար թագավորին, 1581 թ.