Հայ կանայք՝ «զինուորեալ սրբուհիք». Եղիշեի «փափկասուն տիկնանց» արդիացումը Րաֆֆու պեմում

 

Հայերի քաղաքական արդիացման ճանապարհին Րաֆֆին անկյունաքարային է։ Ազգային ինքնության ձևակերպման 19-րդ դարի հանգրվանում գրողի ստեղծագործությունը կարևոր հիմք էր․ հիմք, որն այնուհետև պարբերաբար պետք է վերահառնեցվեր հայերի քաղաքական կյանքի շրջադարձերում։ Հանրային և գրական ասպարեզ իջնելով 1860-ական թվականներին՝ հայերի ազգային ինքնության ձևակերպման և քաղաքական ազատագրման գործին լծված գրողը նախ չափածո փորձեր էր անում։ Ներկա վավերագիրն այս փորձերից մեկն է, որ տպագրվել է Րաֆֆու բանաստեղծությունների առաջին՝ 1874 թվականին լույս տեսած Փունջ ժողովածուում։

«Հինգերորդ դարու հայոց աշխարհի տիկինները և Եղիշէ Աւարայրի դաշտումը» պոեմը բանաստեղծորեն գունավորում է Եղիշեի Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկի վերջին հատվածն, ուր պատմիչը ներկայացնում է Ավարայրից հետո գերեվարված հայ ազատների կանանց, ովքեր «իրենց կյանքում նմանվեցին մեռած քաջ նահատակներին»։ Րաֆֆու գործը զրույց է «ծերունի հայրիկ» Եղիշեի և իրենց փափուկ կենցաղը թողած անձանձրույթ աղոթող կանանց միջև։ Նկարագրելով անցյալում նախարարական տների ճոխ կյանքի երանավետ մի տեսարան՝ գրողը երևան է բերում դրանց կորստի հոգը չտանող և կրոնի, լեզվի ու ազգության բարձր գաղափարներին զինվորագրված կանանց օրինակելի բարոյականությունը։ Պոեմում կանանց մխիթարող Եղիշեի ձևակերպած «զինուորեալ սրբուհիք» Րաֆֆու գրական արարքով հառնում են իբրև 19-րդ դարի երկրորդ կեսից արդեն գլուխ բարձրացնող ազատագրական պայքարում հայ կնոջ իդեալներ։ Հայ «փափկասուն տիկնանց» եկեղեցական ու միաժամանակ ազգային արդիացված այս չափանիշի վերագործարկումներին հաճախ կարելի է հանդիպել հայերի պատմության մեջ շրջադարձային պահերին։ Սրա մի օրինակ է 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտին ընդառաջ զորավար Մովսես Սիլիկյանի կոչը, որ կենաց մահու կռվի ժամին հայուհիներին հիշեցնում է փափկասուն տիկնանց՝ այդ թվում և Րաֆֆիով հաստատված այս բարձր չափանիշը։ 

Հրապարակվում է ըստ՝ Րաֆֆի, Փունջ (Թիֆլիս։ Հ. Էնֆիաճեանց և ընկ, 1874), էջ 37-50։

 

 Հինգերորդ դարու հայոց աշխարհի տիկինները և Եղիշէ Աւարայրի դաշտումը

 «Տիկնայք փափկասունք հայոց աշխարհին, որ գրգեալք և գգուեալք էին յիւրաքանչիւր բաստեռունս և ի գահաւորակս, հանապազ բոկ և հետի երթային ի տունս աղօթից, անձանձրոյթ խնդրեալ ուխտիւք, զի համբերել կարասցեն մեծի նեղութեանն»

Եղիշէ

 

Ա.

— Տիկնայք հայոց փափկասուն,
Մատաղ լինեմ ձեր հոգուն,
Ի՞նչու ձեր սև աչերէն
Դառն արտասուք էք հոսում։

Ա՛խ. մի՛ լացէք, նազելիք,
Մի՛ այրէք ձեր վարդ թշեր,
Զի ձեր աչեր չեն սորված
Թափել աղի կաթիլներ։

Բայց ինձ ասէք, թէ ո՞ւր են
Ձեր փառքը, զարդը նախկին,
Ի՞նչու այդպէս տխուր էք,
Որպէս սգուոր այրի կին։

Տիկնայք հայոց փափկասուն,
Ձեր ձեռքը, դէմքը սիրուն՝
Այլ ևս անուշահոտ
Օճառը չէ մաքրում։

Ո՛չ ձեր գանգուր խոպոպիք
Օծանվում են տօն օրին,
իւրեանց ախորժ բուրմունքով
Ոգի շնորհեն հանդիսին։

Եւ վարդապսակ ձեր գլուխ,
Կուրծք, պարանոց, բազուկներ,
Զարդարում չեն մարգարտով՝
Հիւսած ոսկի հոգարներ։

Եւ հագուստով խշխշուն,
Ուշիկաքայլ նազելով,
Չէք հրապուրում աչերը
Սիրելեաց ձեր կարոտով։

Իսկ հայ տիկնայք խմբովին՝
Եղիշէի հարցերին՝
Այդպէս տուին պատասխան
Եւ ճիչ բարձին լալագին։

 

Բ.

— Ծերունի դու մեր հայրիկ,
Դժուար է մեզ տալ համար,
Թէ քանի՛ վիշտ և չարիք՝
Կրեցինք ազգի համար,

Երբ իւր կրօնք մոգական՝
Անհաշտ Պարսիկը – Սասան՝
Կամենումէր ներս բերել
Մեր հայրենիք սրբազան։

Երբ մեր արի ամուսինք,
Սուրբ հաւատքի պաշտպան,
Հաճեցան սուրբ արիւնով՝
Մարել Զենտի ատրուշան։

Նոքա Պարսից աշխարհի
Տանջվումեն բանտումը
Եւ կամ անկան քաջի պէս
Աւարայրի դաշտումը։

Մենք մեր ականջով լսանք
Ճիչ սիրելեաց չարաչար,
Երբ շղթայած դէպ աքսոր
Տանէին Պարսից աշխար։

Իսկ մենք գերի, անտերունչ՝
Մնացինք արտսուք հոսելով,
Բռնակալի ահ դառնաշունչ
Մեր կեանքը մաշելով։

Որո՞յ համար զարդարուինք,
Որո՞յ սիրտը ուրախցնենք,
Մի՞թէ մեր գերիչների
Շնական աչեր հրապուրենք …

Մեր ամօթխած երեսէն
Երբէք չէր անկել շղարշ,
Եւ գլխի քօղ ծալեծալ
Գետնից գնում էր միշտ քարշ։

Արևի ոսկի շողքը
Կարօտ էր մեր երեսին,
Գուցէ մի տաք համբոյր տար
Ծածկուած, համեստ թշերին։

Այժմ այնպէս անխնայ
Նորա շրթունք բոցավառ
Այրեցին թարմ վարդերը
Մեր այտերի ալ, պայծառ։

Մեր առագաստ, սրսկապան՝
Մնացին անտէր, և վերան
Փոշին դրեց իւր պատան,
Սարդը հիւսեց իւր ոստայն։

Մեր ապարանք կորուսին
Կահ – կարասիք փառաւոր,
Մեր տաճարքը զրկուեցան
Իւրեանց զարդէն բիւրաւոր։

Մեր շադրուան փողփողուն
Չէ ցայտում ցօղը մարգարտին,
Ուսկից ջուրը հովասուն
Հովիկ շնչէր մեր սրտին։

Ծերունի հայր սրբազան,
Ո՞ւր բուրաստանք մեր սիրուն,
Ո՞ւր վարդ, նարգիզ և շուշան
Մեր գլուխն էր զարդարում։

Ո՞ւր պարտէզք մեր հովասուն
Ստուերախիտ որթերով,
Որոց ախորժ հովանին
Տալիս էր մեզ հանգիստ զով։

Ո՞ւր սիրելեաց մեր համբոյր
Ծաղիկները բարեբոյր
Նախանձուելով դիտէին
Եւ փառք տային Աստծուն բիւր։

Ու թփերի ոստերէն,
Գիշերային խոր պահուն,
Մեր երգերին դաշնակից
Սիրուն սոխակն էր լինում։

Կորա՛ն ամենը չարաչար …
Դադարեցան մեր երգ, պար,
Մեր բամբիռը չէ հնչում,
Լռե՛ց անուշ մեր քնար …

Այժմ լաց, սուգ, հառաչանք
Միշտ ախուվախ դառնաշունչ՝
Եւ սաղմոսի մեղեդիք՝
Են հոգևոր մեր մրմունջ։

Ի՞նչը մնաց մեր փառքից,
Ի՞նչով այժմ պարծենանք,
Ո՞վ մեր վշտին կարեկից,
Ո՞ւմ ապաւէն ունենանք…

Ո՞ւր մեր նաժիշտք ձեռնասուն,
Ո՞ւր մեր ծառայք, աղախին,
Մեր զաւակունք սիրասուն
Զուրկ գգուանաց դաեկին։

Ո՞ւր մանուկ մանկլաւիկներ,
Ո՞ւր մեր վարպետ խոհարար,
Անուշահամ խորտիկներ,
Որ պատրաստէր մեզ համար։

Ո՞ւր մեր հացթուխ տիրական,
Խմորեղէնք համեմած՝
Մեր սեղանի ճոխութեան
Պատրաստում էր՝ մաքուր հաց։

Ո՞ւր մեր դրան նուիրակ,
Ո՞ւր գինեբաշխ մատռուակ,
Որ փրփրուն և անուշ
Մատուցանէր մեզ բաժակ։

Կերա՛ն ամենը անդարձ …
Թողին տխո՛ւր յիշատակ,
Եղանք գերի, ստրուկ
Մենք օտարի լծի տակ։

Եվ Աստուծոյ ողջ գիշեր
Քնից զուրկ են մեր աչեր,
Որպէս սգուոր այրի կին
Մութ է մեզ լոյս ցերեկին։

Մենք մոռացանք մեր նախկին
Քնքուշ կենաց ճոխութիւն,
Սովորեցանք վշտերի
Տանել դառն ծանրութիւն։

Հայրենեաց փառքի յոյսը
Է մեր միակ մխիթար,
մենք ատումենք աշխարհի
Թոյլ հեշտութիւնքը վատթար։

Մենք զոհեցինք մեր անձը
Սուրբ կրօնքի փրկութեան,
Եւ շահեցինք մեծ գանձը
Երկնքի արքայութեան։

Մենք մերկացանք մեր նախկին
Դիպակ, կերպաս և սամոյր,
Եւ զգեցանք մեր հագին
Մաղէ քուրձը սևաթոյր։

Մենք թողեցինք մեր մանեակ –
Մարգարիտ, գոհար և ոսկի,
Եւ կրեցինք մեր վզին
խաչն անմահ զինուորի։

Մենք թողեցինք մեր փափուկ,
Ճոխ և հանգիստ քնարան,
Ուր հրեշտակ սփռում էր
Անուշ քունը մեր վերան։

Եւ ընտրեցինք մահճակալ
Այն կոշտ և սառը գետին,
Ուր խոտեղեն փսիաթը
Է զինուորի անկողին։

Մենք տիկնայք ազատազգի
Քնքուշ կեանքին սորված,
Մենք առանց պատգարակի
Չէինք գնում տնից բաց։

Այժմ բոբիկ, մերկ ոտքով՝
Գնումենք աղօթքի տուն,
Մեր հայրենեաց փրկութեան
Խնդրել Տէրից օգնութիւն։

Մի ժամանակ մեր մէջքը
Սեղմէր փառաւոր գօտին,
Այժմ կաշեայ քամարից
Սուրը հասնում է գետին։

Մեր գլուխն էլ չունի
Իւր պսակը ծաղկազարդ,
Այժմ ամուր երկաթի
Ծածկէ նորան սաղաւարտ։

Եւ մեր կուրծքը մշտապահ՝
Մի սրբարան գեղեցիկ՝
Պատում է թանձր զրահ,
Ոչ նուրբ շապիկ թափանցիկ։

Այլ ևս մեր դայիրան
Չէ պտտվում մեր ձեռքում,
Այժմ ծանր, լայն վահան
Մեր անձն է պաշտպանում։

Այլ ևս մեր մատները
Չեն կրում թանգ մատանի,
Ոչ ապարջան զարդարէ
Մեր բազուկը հոլանի։

Նոցա տեղակ մեր ձեռքում՝
Սուր և նիզակ են շողում,
Գուցէ մի օր պարսկին
Տա՛նք մեր վրէժ դառնագին։

Գուցէ մի օր ազատենք
Կրօն, Լեզու, Ազգութիւն
Զրադաշտի կրակէն,
Եւ մեր շքեղ յաղթութիւն՝ —

Սիրելեաց հետ միասին,
Այո՛, մի օր երկնքում,
Մեր քաջ Վարդանի հետը՝
Տօնենք մեր Հայկ հօր գրկում։

Յայնժամ ծերուկ Եղիշէն,
Նոցա վշտին մխիթար,
Այդ խօսքերով տիկնայքը
Քաջալերեց մեղմաբար.

— Տիկնայք հայոց փափկասուն,
Գողտրիկ ոգիք իմ սիրուն,
Այո՛, ձեզնից քերովբէք
Ստացան անմահութիւն։

Դո՛ւք, զինուորեալ սրբուհիք,
Ահա՛, անթառամ պսակ՝
Բերում է ձեզ երկնքից՝
Հայոց պահպան հրեշտակ։

Դուք կանգնեցիք մի արձան
Անմահութեան Աստըծուն,
Որ դարերի մինչ վախճան
Պէտք է պաշտէ Հայաստուն։

Վկայուհիք դուք հայոց,
Միշտ օրհնեալ է ձեր անուն,
Քանի կ’ապրէ հայ ազգը,
Եւ քանի կայ Հայաստուն։