Հայ պատմագիտական աղբյուրները՝ ռուսահայերի մշակութային գործունեության առանցքում. Հնասերների ընկերության գաղափարաբանությունը

 

 

19-րդ դարասկզբի մոսկվայաբնակ երիտասարդ հայ գործիչներ Դավիթ և Հակոբ Արզանով եղբայրների մշակութային գործունեության մեր ուսումնասիրությունը նշանակալի է հայ պետականության ավանդույթն ըմբռնելու տեսակետից: Հայոց պատմական աղբյուրները վեր հանելու և դրանք ռուս հանրությանը հասու դարձնելու նպատակն էր հետապնդում նրանց՝ 1827 թվականին հրատարակած Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ գիրքը: Վերջինս իրագործելի էր դարձել իրենց կրթօջախի՝ Լազարյան ճեմարանի ներսում ուսումնառության և հետագայում ճեմարանի հետ համագործակցության շնորհիվ: Եղբայրները ներգրավված էին ճեմարանին կից 1823 թվականից գործող Հնասերների ընկերության աշխատանքներին, որոնցից մասնավորապես Դավիթ Արզանովը մասնակցություն էր ունեցել հայկական ձեռագրերի հավաքագրմանը: Վերոհիշյալ գրքի ստեղծման գործում ըստ երևույթին ուղենշային էին եղել ընկերության՝ հայկական պատմագիտական ժառանգությունն ուսումնասիրելու կարևորության ըմբռնումները: Վերջիններս ներկայացված են բերված վավերագրում, որը հատված է ընկերության մշակած դրույթներից:

Պատմական աղբյուրների ուսումնասիրությունը ճեմարանական ընկերության համար կարևոր էր նախ Հայոց թագավորությունների անկման պատճառները հասկանալու առումով: Երբեմնի փառք վայելող քաղաքակիրթ երկիրը, որ ժամանակին կարող էր ոտք մեկնել Հռոմի ու Հունաստանի հետ, արժանացել էր «թշվառ ճակատագրի»՝ հայտնվելով երկու «բարբարոս» ցեղերի արանքում և արժանանալով նրանց նախանձին: Սա մի երկիր էր, որ ծաղկել էր գիտությամբ, իմաստնությամբ ու բարեկեցիկ կյանք ապահովել իր բնակիչների համար, և որի փառավոր անցյալը պետք է զբաղեցներ իր արժանվույն տեղը արդի աշխարհում: Ընկերության անդամները՝ որպես «հայկյան ժառանգներ», նվիրվել էին այս գործին՝ ընդունելով վերջինս որպես իրենց նվիրական պարտք՝ կորսված հայրենիքի հանդեպ: Պատմական կարևորագույն դրվագների վերհանումը, իբրև «լուսատու ճրագ», հետապնդում էր մի կողմից ճանաչողական նշանակություն՝ գիտելիքի «ուղիներ» բացում ուսումնասիրողի համար: Մյուս կողմից՝ այդ գիտելիքը պետք է թույլ տար արդի հային «արժանապատվորեն հիշել իր նախնիներին և մեծարել նրանց սխրանքները»: Հայոց պատմական իրադարձությունների վերհանումն ուներ նաև ոչ պակաս համաշխարհային կարևորություն, քանի որ դրանք նշանակալի հետք էին թողել այլ պետությունների պատմության վրա ևս: Հնասերների ընկերությունն այսպիսով հետապնդում էր «բարեմիտ մի նպատակ»՝ հաճելի հիշողություններ պահպանել հայի սրտում իր կորսված հայրենիքի մասին, արժանապատվորե՛ն հիշել այն և պահել հայրենիքի պատիվը: Պատմության՝ ոչ թե որպես գործնականում կենսական գիտելիքի, այլ «կարոտաբաղձ» հուշի ըմբռնումը, որի կրողն էին Մոսկվայում ծնված, մեծացած և կրթություն ստացած երիտասարդ հայ գործիչները, ծնողն է հայոց պատմության մերօրյա ըմբռնումների և անբաժան մասը՝ լուսավորական մտքի մեր ավանդույթի:

Հրապարակվում է ըստ՝ Собрание актовъ, относящихся къ обозрению истории Армянского народа, հ. 3 (Москва: Въ типографiи Лазаревыхъ Инстиута Восточныхъ языковъ, 1838), էջ 62-64:

 

 

Պարոնայք Լազարյանների Հայոց ուսումնական հաստատության ներքո հիմնադրված Հնասերների ընկերության կարգադրությունը

 

Ժամանակն է հնարավոր դարձրել թագավորությունների գոյությունը: Վերջիններիս կայունությունը պայմանավորված էր ազգի մեծ թվաքանակով, օրենքների ուժով և զինական կառույցների ամրությամբ: Ինչո՞ւ մեծագույն միապետությունները, որոնք ամուր էին իրենց կառուցվածքով, անսասան էին և փառքով վեր էին խոյանում, իսկ փոքրերը ուժերի, օրենքների պակասության, թշնամիների գերազանցության պատճառով ենթարկվեցին փոփոխությունների և բոլորովին անկում ապրեցին. ի վերջո զրկվելով սեփական գոյությունից՝ կորան դարերի խորքերում: Սակայն տեղի ունեցած իրադարձությունները չեն ջնջվում պատմությունից, իսկ դրանց թողած վկայություններից չի ջնջվում երբեմնի ունեցած իշխանության կնիքը:

Այս թշվառ ճակատագրին արժանացավ Հայաստանը: Այս պետությունն ունեցել էր իմաստուն արքաներ, կառավարման կազմակերպված ձև, և ծաղկում էր աշխատասիրության, արդյունաբերության ու բարեկեցության շնորհիվ: Այս սրբազան ազգը, որը հայտնի է Հին կտակարանում բազմաթիվ նշանավոր իրադարձություններով, վայելում էր Հռոմի ու Հունաստանի հարգանքը: Այս ազգը հեշտությամբ կարող էր ոտք մեկնել այս տերությունների հետ իր մեծությամբ, եթե դժբախտաբար այն հիմնադրված չլիներ երկու ուժեղ ազգերի՝ պարսիկների և օսմանների միջև: Այս բարբարոսները, նախանձոտ աչքով նայելով հայերի բարեկեցությանը, բազմակի անգամներ հարձակումներ էին գործում նրա վրա, կեղեքում ներքին կյանքը և ծանր վերքեր հասցնում: Այս կերպ թագավորությունը, ճնշված երկու հզոր ցեղերի կողմից, դարձավ անուժ և հայտնվեց իր թշնամիների լծի տակ:

Հայկյան ժառանգները, զգալով անցյալում երբեմնի հռչակ վայելող հայրենիքի կորուստը, իրենց պարտքն են համարում վերակենդանացնել նրա հիշատակը՝ փառավոր դեպքերի ուրվագծմամբ։ Հայաստանն արժանի է այս պատվին շատ առումներով, քանզի այս թագավորության գործերը նշանակալի ազդեցություն են ունեցել որոշ տերությունների վրա։ Սերը և նախանձախնդրությունն անհրաժեշտաբար պետք է ոգեշնչեն հայոց զավակներին՝ որոնելու իրենց հայրենիքի կարևոր իրադարձությունները, հանելու դրանք ժամանակների մթության խորքերից՝ իբրև թաքստոցում պահված լուսատու ճրագ, և ցույց տալու, որ այս պետությունն իր ժամանակին ծաղկել է փառքով իր դարաշրջանի այլ պետությունների հետ միասին։ Հայաստանի շուրջ որոնումները հնությունների ճանաչողության հետաքրքրական ուղիներ կվերհանեն և կոգեշնչեն իր հետնորդներին արժանապատվորեն հիշել իրենց փառապանծ նախնիներին և մեծարել նրանց սխրանքները։

Այս բարեմիտ նպատակի համար Մոսկվայում պարոնայք Լազարյանների Հայոց ուսումնական հաստատության ներքո ստեղծվել է Հնասերների ընկերությունը: Այն նպատակ ունի հետազոտելու Հին Հայաստանի փառավոր իրադարձությունները: Ընկերության աշխատանքներում պատմության սիրահարը բազմաթիվ հետաքրքրական նյութեր կգտնի, իսկ հին հայերի շառավիղները կտեսնեն թագավորության ծագումը, հասունությունը, փառքը, զորությունը և դրա անկման պատճառները: Այս գիտելիքների շնորհիվ նրանց սրտերում առավելապես կամրապնդվի հայրենիքի մասին հաճելի հիշողությունը: