Հայ քաղաքական մտքի ստալինյան «մաքրումներից» անդին. Աշոտ Հովհաննիսյանի պատմաքաղաքականությունը

 

Հայ քաղաքական մտքի պատմության և պետականության մեր ընկալումների ձևավորման մեջ ստալինիզմը վճռական նշանակություն է ունեցել: Այդ նշանակությունը մերօրյա քաղաքական և պետական ընկալումներում ու կողմնակցություններում շոշափելու, մեր քաղաքական մտքի ստալինյան փորձը հասկանալու մի ձեռնարկ է սույն հետազոտական աշխատանքը: Սակայն այդ ձեռնարկը սկզբից ևեթ առաջադրում է իր խնդրականությունը. ուսումնասիրել մեր քաղաքական մտքի ու պետականության ընկալումների ստալինյան փորձը նշանակում է ուսումնասիրել մի պատմություն, որը կայացել է իր նախընթաց պատմությունը հետահայաց մաքրումների ենթարկելու գնով: Ուրեմն հարց է, թե ինչ պետության ու պետության ինչ պատմության հետ ենք գործ ունենում, երբ դրանց հիմքերում ընկած է նախընթաց շրջանի քաղաքական միտքն ու նրա ներկայությունը ջնջած ստալինիզմը:    

Հայ քաղաքական մտքի ստալինացման պատմությունը մեզ տանում է շուրջ հարյուր տարի հետ, երբ 1920-ականների երկրորդ կեսին ստալինյան քաղաքականությունների հաստատումը նշում էր քաղաքականապես կամայական անցյալ ստեղծելու իրողությունը: Պատմությունը վերստին գրելու ստալինյան հայտը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քաղաքական գործիչների մի ամբողջ սերնդի ոչնչացում, որոնք անձնապես նախընթաց շրջանի քաղաքական մտքի կրողներն էին: Հայաստանում այդ սերունդը 1920-ականների սկզբին երկրի ղեկավարությունը ստանձնած ազգային կոմունիստ այն գործիչներն էին, որոնց քաղաքական հայացքներն ու հարումները ձևավորվել էին դարասկզբի բարդ պատմաքաղաքական շրջափուլում և որոնցից շատերն ի վերջո հարել էին սոցիալ-դեմոկրատական շարժմանը՝ իրենց թիկունքում թողնելով ազգային կուսակցությունների հանդեպ երբեմնի քաղաքական համակրանքները (ինչպես Ալեքսանդր Մյասնիկյանը՝ նախկին դաշնակցական և սպեցիֆիկ, Ֆլորա Վարդանյանը՝ նախկին հնչակյան, Աշոտ Հովհաննիսյանը՝ Դաշնակցության նախկին համակիր և սպեցիֆիկ և այլք): Այս կերպ, ստալինիզմը հաստատվում էր այս քաղաքական գործիչների ներկայացրած բարդ փորձի մաքրմամբ, փորձ, որը քննաբար ապրեցնում էր հայաստանյան քաղաքական մտքի ավանդույթը։ Այսպես ջնջվում էր ողջ 1920-ականների պատմությունը, որտեղ այդ ավանդույթը գտել էր իր նոր՝ խորհրդային հանգրվանը:

Ստալինյան այս «մաքրումներից» ստացած մեր ժառանգությունը հայ քաղաքական մտքի ու պետականությունների պատմությունը զտված ու դրա արդյունքում պարզեցված կապերով, այլ ոչ թե բարդ անցումներով հասկանալու մեր ձևերն են: Ուրեմն, այսօր պետականության մեր ընկալումները մեծապես պայմանավորված են ստալինիզմով, որը զրկում է մեզ մեր քաղաքական մտքի պատմությունն իր բարդությամբ հասկանալու հնարավորությունից: Հասկանալու այդ փորձը սակայն անհնար է ձեռնարկել ստալինիզմը շրջանցելով: Ստալինիզմի փորձը դառնում է հենց այն ճանապարհը, որով միայն հնարավոր է դառնում մոտենալ դրա իսկ կողմից ջնջված ու մաքրված նախընթաց պատմությանը: 

Ստալինյան «մաքրումների» միջով ստալինյան մաքրումներից անդին անցնելու և մեր քաղաքական մտքի պատմությունն ըստ այդմ տեսնելու հնարավորությունները նույն այդ մաքրումների պատճառով խիստ սահմանափակ են: Այսօր մեզ հասու քիչ հնարավորություններից մեկը պետք է կապել Աշոտ Հովհաննիսյանի ու նրա պատմաքաղաքական ժառանգության հետ: 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի քաղաքական մտքի խմորումներում ձևավորված Հովհաննիսյանի պատմաբանական հայացքում արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմությունն ըմբռնվում էր իբրև 1920-ականներին խորհրդային երկրում հաստատված հեղափոխական մեծամասնականների իսկ պատմություն: Պատահական չէ, որ հայ քաղաքական մտքի պատմության զարգացման ներակա (իմանենտ) այս ըմբռնմամբ մեծամասնական հեղափոխական գործիչ Հովհաննիսյանը 20-ականներին իր իսկ քաղաքական մտքի մի հանգրվանի՝ Դաշնակցություն կուսակցության դեմ քաղաքական, գաղափարական պայքարի առաջնագծում էր: Սակայն միաժամանակ քաղաքական այդ սուր պայքարի պայմաններում Հովհաննիսյանի պատմաբանական հայացքում Դաշնակցությունը բացվում էր իր բարդ ու բազմաշերտ հասարակական հիմքերի առավել լայն հեռանկարում, հեռանկար, որին պատկանում էր նաև ինքը՝ Հովհաննիսյանը: 

1920-ականների երկրորդ կեսին հաստատվող ստալինիզմն ի վերջո դեմ ելավ ներկան իբրև սեփական ներհակ զարգացման՝ պատմականորեն կոնկրետ ժամանակ ըմբռնող ազգային կոմունիստների պատմա-քաղաքական այս մոտեցմանը: Ստալինյան ընկալմամբ ներկան քաղաքական օրակարգի ներկայությունն էր, օրակարգ, որն անժամանակ հենման կետ էր տրամադրում ըստ էության ամեն ինչ, այդ թվում և պատմությունը քաղաքականապես սահմանելու և որոշելու համար: Այնինչ ազգային կոմունիստների պարագայում քաղաքական օրակարգն ինքը կայանում էր քաղաքականությունից այն կողմ՝ սոցիալ-տնտեսական ուժերի ու հարաբերությունների կոնկրետ պատմության պայմաններում, պատմություն, որն առաջ ես մղում և որին պատկանում ես միաժամանակ։ Քաղաքականության ու քաղաքական մտքի այս պատմական ըմբռնման ու գործադրման պատճառով էր, որ 1928-ին Կոմունիստական կուսակցության արդեն նախկին առաջին քարտուղար Հովհաննիսյանը մեղադրվեց ազգայնական և հակամեծամասնական լինելու մեջ: Հայաստանում սոցիալ-դեմոկրատական շարժումը հետահայաց՝ ըստ ներկա քաղաքական պահանջների մաքրագործող ստալինիզմը ելել էր իր իսկ քաղաքական ձևավորման պատմությունը գնահատող Հովհաննիսյանի դիրքորոշման դեմ: Ազգային կոմունիստների հայացքում իրենց և ազգային կուսակցությունների ավանդույթի միջև առկա կապերը հայ քաղաքական մտքի կենդանի պատմությունն էին, այնինչ ստալինյան ընկալմամբ հենց այդ կապերը պետք է ջնջվեին հանուն ստալինյան քաղաքական ինքնամաքրագործման: Հովհաննիսյանը, ուրեմն, պատկանում էր քաղաքական այն գործիչների շարքին, որոնք հայ քաղաքական մտքի կայացման բարդ պատմության կրողն էին անձնապես և որոնք հենց այդ նույն պատճառով պետք է ֆիզիկապես ոչնչացվեին: Աշոտ Հովհաննիսյանը ենթարկվեց բռնաճնշումների, 1937-ին աքսորվեց, բայց վերապրեց աքսորը:  

Աքսորից վերադարձած Հովհաննիսյանն այս ջնջված պատմությանն էր պատկանում և այդ պատմությունը մարմնացնում: Նա դարձել էր պատմական մի «անաքրոնիզմ», քաղաքական մտքի ավանդույթի մի խտացում, որը ստալինյան մաքրումների կնիքը վրան՝ ներկայացնում ու պաշտպանում էր նախաստալինյան բարդ իրականության գոյությունը հետստալինյան պայմաններում։ Հետաքսորական իր գործունեությամբ նա շարունակեց հայ քաղաքական մտքի զարգացումներն իրենց սոցիալ-տնտեսական բարդությամբ քննելու պատմական մոտեցումը: Նրա այս հակաստալինյան պայքարն էր գործնականում կյանքի կոչում 1967 թվականին տպագրության պատրաստած Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության հատորը։ Հովհաննիսյանի իսկ խոսքով, այս աշխատությունը «պատահական մտահղացում» չէր, այլ նախընթաց իր աշխատությունների հետ «գաղափարապես սերտորեն շաղկապված ուսումնասիրություն»: Երկը քննականորեն վեր էր հանում հայ կուսակցությունների ծագման սոցիալ-տնտեսական ու գաղափարական հիմքերը՝ բացահայտելով մեր քաղաքական մտքի կայացման բարդ պայմաններն իրենց հակասական ծավալումներում։ Այսպես Հովհաննիսյանն արժանին էր մատուցում կուսակցությունների՝ հայոց կյանքը քաղաքականապես արդիականացնելու ձեռնարկումների բարդությանը։ Մեր քաղաքական մտքի «մաքրված» պատմության հանդեպ պատմաքննական հայացքը, հատկապես երբ դա առաջադրվում էր նույն այդ մաքրմանը ենթարկված պատմության ներկայացուցչի կողմից, անհանդուրժելի պետք է լիներ։ Հատորը մինչ օրս էլ անտիպ է: Գրքի շուրջ 1960-70-ականներին սկսված քաղաքական ու գիտական քաշքշուկն ու ի վերջո դրա հրատարակության վիժեցումը վեր է հանում մեր քաղաքական ու պատմաբանական մտքի վրա ստալինիզմի բացված ճեղքի անջնջելի կնիքը, ճեղք, որի փեղեկված բևեռներն են ներկայացնում հայ արդի քաղաքական մտքի ինչպես խորհրդահայ հակաազգային, այնպես էլ հակախորհրդային ազգային գերիշխող գնահատականները: Ստալինիզմը կարծես սպառել էր հայ քաղաքական մտքի, մեր պետականությունների կայացման բարդ պատմությանը հասու լինելու պատմական ժամանակը: 

Աշոտ Հովհաննիսյանին ու նրա պատմաքաղաքական ժառանգությանն անդրադառնալն, ուրեմն, ստալինիզմով խզված ու կնքված պատմական ժամանակին տեղ տալու փորձ է: Ժամանակ, երբ հայ քաղաքական միտքը ծավալվել է իր բարդությամբ: Այսօր ստալինյան «մաքրմանը» ենթարկված այդ մտքի ժառանգը լինելով հանդերձ, Հովհաննիսյանի 1920-ականների, ապա հետաքսորական ժառանգության ուսումնասիրմամբ հնարավորություն ենք ունենում վերաբացահայտելու մաքրումների ու ջնջումների ենթարկված քաղաքական մտքի մեր ավանդույթը, վերաբացահայտել սեփական պարզ ընկալումներով քողարկված բարդ պատմությունը: