1930-ականներին Հայաստանում ստալինիզմի վերջնական հաստատումը նշանավորեց հայ քաղաքական մտքի պատմության ջնջումն ու աղճատումը: Դրա գինը դարձավ Հայաստանում 1920-ականների սկզբին երկրի ղեկը ստանձնած կոմունիստ գործիչների (Սարգիս Լուկաշինի, Սահակ Տեր-Գաբրիելյանի, Ֆլորա Վարդանյանի և այլոց) վերացումը: Այդ գործիչների մեծ մասը՝ ելած ազգային կուսակցություններից, ներհակ կերպով իրենց մեջ խտացնում էին հայ քաղաքական մտքի ավանդույթը: Աշոտ Հովհաննիսյանը դաշնակցությունից ու սպեցիֆիզմից կոմունիստական կուսակցություն անցած ազգային կոմունիստ այդ գործիչներից մեկն էր, ով 1937-ին ենթարկվեց բռնաճնշումների ու աքսորվեց: Հովհաննիսյանը, սակայն, այն հատուկենտ ազգային կոմունիստներից էր, որը վերապրեց ստալինյան աքսորը՝ իր հետ հետստալինյան իրականություն բերելով մոռացված 1920-ականները:
Ստորև ներկայացվող վավերագիրը Նորայր Սարուխանյանի հուշն է Հովհաննիսյանի մասին: Սարուխանյանը վերհիշում է Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստերից մեկը, որի ընթացքում քննարկվում է Հայ ժողովրդի պատմության 7-րդ հատորի հրատարակությունը երաշխավորելու հարցը: Նույն քննարկման շրջանակում է, որ Հովհաննիսյանը սուր քննադատության է ենթարկում գրքում տեղ գտած 1921-ի Փետրվարյան ապստամբության լուսաբանումը:
1921-ի քաղաքական իրադարձությունների մեջ Հովհաննիսյանը ներգրավված չի եղել միայն որպես ակտիվ քաղաքական գործիչ: Հովհաննիսյանը միաժամանակ ներկայի քաղաքական անցքերը պատմականացնող պատմաբան է եղել: 1920-ականներին ծավալված իրադարձությունները 1960-ականներին քննելիս Հովհաննիսյանի ներկայությունն, ուրեմն, չէր սահմանափակվում իր՝ իբրև պատմական մի դեմք լինելու հանգամանքով: Հանուն պատմական ճշմարտության Հովհաննիսյանի պատմաբանությունը դեմ է ելնում հետահայաց անցյալը «մաքրելու», «սրբագործելու» ստալինյան մոտեցմանը: Վերջինիս պատմաբանական հայացքն այդ կերպ թույլ է տալիս առերեսել 1920-ականների խորհրդային իշխանության վարած քաղաքականության սխալները, իշխանություն, որն անձնապես ներկայացրել է նաև ինքը՝ Հովհաննիսյանը՝ լինելով Խորհրդային Հայաստանի լուսավորության առաջին ժողովրդական կոմիսարը: Սարուխանյանի հուշն, ուրեմն, բացահայտում է, թե Հովհաննիսյանի հետաքսորական կյանքն ու աշխատանքը ինչպես էին դարձել պատմական եղելությունը քաղաքականացված պատմագիտությունից ազատելու ուղենիշ:
Հրապարակվում է ըստ՝ Նորայր Սարուխանյան, Մտորումներ և հուշեր ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի մասին (Երևան: Գիտություն, 2012), էջ 69-70:
1966 թ. հունիսի 18։
Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստի օրակարգում դրված էր հայ ժողովրդի պատմության 7-րդ հատորի հրատարակության երաշխավորելու հարցը։ Հատորն ընդգրկում էր Հայաստանը խորհրդային կարգերի հաղթանակի և սոցիալիստական շինարարության ժամանակաշրջանում (1917–1941) պատմական շրջափուլը։ Հատորի գիտական և գաղափարա–քաղաքական արժանիքների վերաբերյալ եղան դրվատական բազմաթիվ ելույթներ, որոնց հեղինակները միահամուռ ընդգծում էին կատարված աշխատանքի բարձր մակարդակը և այն երաշխավորում տպագրության։ Նստատեղերի առաջին շարքում, իր սովորության համաձայն, գլուխը կախ ու փակ աչքերով, նստած էր Աշ. Հովհաննիսյանը։ Շատերին թվում էր, թե քնած է։ Մինչդեռ նա լսում էր բոլորից էլ ուշադիր։ Գիրքը տպագրության երաշխավորելու համար քվեարկությունից առաջ, ինստիտուտի դիրեկտոր և գիտական խորհրդի նախագահ Գ. Գալոյանը հարց ուղղեց «քնած» ակադեմիկոսին.
– Աշոտ Գարեգինովիչ, դուք բան ունե՞ք ասելու։
– Ունեմ,– պատասխանեց և մոտեցավ ամբիոնին։
Նրա ելույթը տևեց ավելի քան մեկ ժամ։ Դիտողությունները լսվեցին համակ ուշադրությամբ, քանզի նա յուրաքանչյուր իր խոսքը հիմնավորում էր փաստերի ու մտքերի ամուր տրամաբանությամբ։ Չեմ կարողանում մոռանալ առանձնապես այն պահը, երբ նա դիմեց պատմության խորհրդային ժամանակաշրջանի բաժնի վարիչ, հատորի «Քաղաքացիական կռիվները Հայաստանում 1921 թվականին» խորագրով գլխի հեղինակ Արշավիր Հակոբյանին.
– Ընկեր Հակոբյան, դուք գրել եք, որ երբ խռովարարները գրավում են Երևանի մեծ մասը, Հայաստանի կոմկուսի ղեկավարությունը և Հեղկոմը նահանջում են Ղամարլու։ Ես, որպես այն ժամանակվա կառավարության անդամ, լուսավորության ժողկոմ, հայտարարում եմ, որ մենք չենք նահանջել, փախել ենք և ցավոք, այնպես ենք փախել, որ չենք հասցրել տեղաշոր վերցնել։ Հանուն ճշմարտության, դուք պետք է բացատրեիք Փետրվարյան խռովության կամ հեղափոխության, ինչպես կուզեք, գլխավոր պատճառը, այն է՝ հաղթանակած խորհրդային իշխանությունը չկարողացավ բավարարել հայ գյուղացիության տնտեսական, հատկապես գաղթականության սոցիալական ամենատարրական պահանջները, որոնք և կարողացան օգտագործել դաշնակցականները ընդդեմ նորեկ խորհրդային վարչակարգի։ Այս է պատմական եղելությունը, ուրիշ բացատրություն չկա։ Աշ. Հովհաննիսյանը կանգ առավ նաև հատորում տեղ գտած այլևայլ թերությունների վրա և առաջարկեց լուրջ աշխատանք կատարել դրանց վերացման համար։ Պատասխանի համար գիտական խորհրդի նախագահը ամբիոնի մոտ հրավիրեց Արշ. Հակոբյանին, որը հարցադրումներին քարոզչական մակարդակի մեկնաբանություններ տալուց հետո հայտարարեց.
– Ընկեր Հովհաննիսյան, մենք գլուխ ենք խոնարհում ձեր վաստակի առաջ, բայց իմացեք նաև, որ ձեր ամեն մի ասածը չի կարող մեզ համար ուղեցույց լինել։
Դրան անմիջապես հետևեց Հովհաննիսյանի պատասխանը.
– Ընկեր Հակոբյան, նախ՝ գլուխ խոնարհելու համար պետք է գլուխ ունենալ, երկրորդ՝ դուք այն պատմաբաններից եք, ում պատմագիտական ճաշակը և գաղափարական դոգմատիզմն ուղիղ համեմատական են։ Պատասխանն ավելի, քան սպանիչ էր։ Այսօր դժվար է երևակայել, թե ծերունազարդ գիտնականի սրամիտ հակադարձը ինչպիսի ներգործություն թողեց, ինչպիսի աշխուժություն առաջացրեց լսարանում… Ծիծաղը համակել էր նույնիսկ ծայրահեղ պահպանողականներին։