Հայ գրականության «ոսկեդարը» համարվող 5-րդ դարի պատմագիրների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Եղիշեն իր Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկով։ Հայ ժողովրդի ջերմ սերը վայելող բանաստեղծ հեղինակի այս գործը սովորական իմաստով պատմություն չէ, այլ ինչպես Եղիշեի ուսումնասիրող Երվանդ Տեր-Մինասյանն է ասում, «վկայաբանական գունավորում ստացած մի դյուցազներգություն է, մի բանաստեղծական քերթված պատմական նյութի վրա»։ Նախաբանում պատմիչն ինքը հստակեցնում է վկայաբանական այս դյուցազներգության նպատակը՝ «սիրելիների համար մխիթարություն, հուսացողների համար հույս ու քաջերի համար քաջալերություն լինել»։ Այս նպատակով գրված երկի բանաստեղծական լեզուն, առաջ բերած գերադրական բուռն պատկերները, վեհության զգացում ներշնչող պաթոսն, ինչպես նաև ականատես հեղինակի հուզականորեն լիցքավորված խոսքն են թերևս այն առանձնահատկությունները, որ Վարդանանց քաջերի պատմությունն առանցքային են դարձրել հայերի ազգային քաղաքակրթական ինքնության համար։
Ներկայացվող հատվածը վերցված է Եղիշեի պատմության երրորդ գլխից, որ կոչվում է «Վասն միաբանության սուրբ ուխտին եկեղեցվոյ»։ Աշխարհաբարի թարգմանիչ Տեր-Մինասյանն այսպես է ծանոթագրում գլխի վերնագիրը. «Եղիշեի մեջ առհասարակ եկեղեցու սուրբ ուխտ ասելով պետք է հասկանալ մի ուխտ կազմած ամբողջ հայ ժողովուրդը, որ մահու մարտի էր ելել պարսից արքունիքի զավթողական-ասմիլյատորական քաղաքականության դեմ և իր ապստամբությամբ պաշտպանում է հայ ժողովրդի ինքնուրույնությունը»։ Բերված քաղվածքում Եղիշեն պատմում է պարսկական արքունիք գերեվարված նախարարների առերևույթ հավատափոխությունից հետո հայ եկեղեցու ուխտի միաբանության հիմնումը։ «Քրիստոսի գալստյան զորությամբ» նորից ծնված է երևում ամբողջ հայ ժողովուրդն այստեղ, որի հայրն է «սուրբ ավետարանը» և մայրը՝ «առաքելական կաթողիկե եկեղեցին»։ Հայ ժողովրդին իբրև ամբողջական միավոր, ուրեմն, ջերմեռանդ քրիստոնյա պատմիչը հեղափոխական այս արարքով կտրում է իր արյունակցական կապերից ու երևան բերում որպես սրբազան գաղափարով՝ Քրիստոսի հավատով ծնված համայնք։
Ապրվող կյանքի իրական հիմքերը սասանող՝ հայերի համար սահմանադիր այս հայացքում խորհրդանշական ճշմարտությունը հիմնովին կասկածի տակ է դնում զգայականի ճշմարտացիությունը։ Այս վճռական շրջադարձն է Եղիշեն դնում զրադաշտական պարսիկների ու նրանց հպատակ նորադարձ քրիստոնյա ժողովրդի միջև պայքարի հիմքում. ի զարմանս պարսիկ մոգպետի՝ միաբանյալները «ո՛չ շղթաներից են վախենում, ո՛չ տանջանքներից երկյուղ կրում և ո՛չ հարստությունը բանի տեղ դնում»։ Մոգպետին ամենազայրացնողն ու «բոլոր չարիքներից ամենավատթարը», սակայն այն է, որ հայերը « մահը գերադասում են կյանքից»։ Մի ուխտ կազմած՝ միաբանված հայ ժողովուրդը Եղիշեի՝ հեռագնա ազդեցություն ունեցող այս դյուցազներգության մեջ նահատակության է գնում հանուն Քրիստոսի հավատի սրբազան գաղափարի՝ իր կյանքը՝ մահ, իսկ մահը «հավաստի կյանք» համարելով։
Հանուն սրբազան գաղափարի միաբանվելու և գիտակցված նահատակության գնալու Եղիշեի սահմանադրած այս հարացույցը նոր ուժով է արթնանում հայերի՝ որպես արդի ազգ կայանալու 19-րդ դարի հանգրվանում։ Ներկայացվող հաջորդ հատվածը Մխիթարյան միաբանության հայր, բանաստեղծ, պատմահայրենասիրական ռոմանտիզմի նախահայրը համարվող Ղևոնդ Ալիշանի՝ 1869 թվականին հրապարակված Յուշիկք հայրենեաց հայոց գրքից է։ Այս աշխատությունը զրույցների հավաքածու է, ուր նահապետը «երբեմն ձմերուան իրիկունները ախորժաբեր կարմիր կրակարանին քով, և երբեմն լաւ եղանակին՝ ցորեկը ժուռ գալով բաց օդոյ և բնութեան մէջ» հայերի պատմության հերոսական վառ դրվագներն է վերհանում պատանի զրուցակցի համար՝ որպես «բնիկ նշանք հայրենեաց»։ Հայերի՝ որպես ազգ ինքնաճանաչման ընդհանուր նպատակն է դրդում գործչին «հայրենեաց սրբազան զգացման մեծ վառարանէն մէկ երկու կայծեր թափել» գրքի հերոս-զրուցակից պատանի Հայկակի սրտում։
Այս կայծերից մեկն էլ Ավարայրի ճակատամարտի պատմությունն է, որն ըստ հեղինակի հիմնված է 5-րդ դարի մատենագիրներ Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերի վրա, սակայն վերնագրված է ճակատամարտի հերոս Վարդան Մամիկոնյանի՝ ժողովրդի մեջ ավանդվող անունով՝ Կարմիրն Վարդան։ Ալիշանն, ուրեմն, իր մեծ նպատակի կորագծում «ոսկեդարի» հայ մատենագրությունը ժողովրդականացնելու ու դրանով արդիացնելու փորձ է անում. «ևս առաւել որ մեր ռամկական լեզուով խօսած եմ, որ թէ և քեզի աւելի դիւրահասկանալի և ախորժելի է, Հայկակ, բայց ինծի… իմ զգացմանս՝ արդարև այս աշխարհիկ լեզուս՝ շատ պզտիկ շատ ցած շատ անբաւական եկած է»։ Պատմաբան Լեոն 1890 թվականին Ալիշանի այս փորձի պատկերավոր նկարագրությունն է տալիս. «Օջախատէր հայ-քրիստոնեայի համար լաւ և գեղեցիկ խօսքից քաղցր, համեղ բան քիչ կարելի է գտնել. և այդ պատճառով նա հրճւում է երեխայի պէս, զարմանում է, լաց է լինում արտասունք թափելով, երբ ծերունի նահապետի պէս մի ճարտար պատմող Հայկակին հասկացնում է թէ ո՞վ և ի՞նչ էր Կարմիր Վարդանը»։
Բանաստեղծական լիցքով ու պատկերավոր լեզվով Ալիշանը Հայկակին տանում է Շավարշան, ուր տեղի է ունեցել «ազգային քաղաքակրօն դիպվածը»՝ վարդանանց նահատակությունը։ Կրոնական պատերազմի վկայաբանությունը նահապետի խոսքում հառնում է իբրև հերոսական դրվագ, ուր «Զօրականք՝ այդ երկու հոգեշունչ բերանոց փչմունքէն (Վարդանայ և Ղևոնդայ) վառուած՝ պատերազմէ վեր, յաղթութիւնէ վեր բանի կու պատրաստուին, – մարտիրոսութեան»։ Եկեղեցու ուխտի միաբանության՝ գիտակցված մահվան ձգտելու Եղիշեի դյուցազներգությունն իր 19-րդ դարի ոգեկոչման մեջ բոցավառ գույներով է ի հայտ բերում հայոց սպարապետին՝ իբրև հայոց թագավորի։ Ալիշանը կարծես իր զրուցակցի պատանի խանդավառությունը բորբոքի նահատակ սպարապետի արդուզարդի արքունական պատկերով՝ «ծիրանի ու ոսկէթել սամոյր-օձիք վերարկուն», «նռնագոյն կօշիկները» ու «պսակաձև թագ մը, անոր վրայ այլ պլլուած բոլոր գերագոյն իշխանութեան նշանը՝ աշխարհաւանդ ըսուած հանգոյցը»։ Կրոնական պատերազմի հերոս նահատակ սպարապետին քաղաքական իշխանության նշաններով զարդարելով՝ հեղինակը բանաստեղծորեն միահյուսում է քաղաքականն ու կրոնականը օջախի շուրջ հավաքված «հայ-քրիստոնեայի» համար՝ ինքնուրույն ազգն ու հայրենիքը նույնացնելով սրբազան այն գաղափարի հետ, որի համար նահատակվում էին վարդանանք։
Եղիշեի երկի քաղաքական գործադրումն ավելի վառ գույներով է երևում ներկայացվող վերջին տեքստում։ Ազգային պետական գործիչ, դաշնակցական ղեկավար, Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ և վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը բերվող հատվածը գրել է 1958 թվականին՝ որպես Առաջին հանրապետության քառասնամյակին վերահրատարակվող իր Հայաստանի Հանրապետություն (1928) գրքի վերջաբան։ Նահատակության արժանի սրբազան գաղափարը Վրացյանի մոտ արդեն անկախ պետականությունն է, որը հայ ժողովուրդը կերտել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ «մահւամբ մահը կոխելով»։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմամբ երբեմնի պետական գործչին Եղիշեի երկի հետ զուգահեռը նախ և առաջ սրբազան գաղափարը՝ անկախությունն ուրանալու անկյան տակ է երևում։ Վրացյանն իր տեքստում անկախ պետականությունն ուրացողներին անուղղակիորեն համեմատում է Եղիշեի մոտ Վարդանի հակահերոսի՝ Վասակի ու իր գործակիցների հետ։ «Ազգային քաղաքականութեան շուրջ» վարդանանց և վասակյանց սուր հակամարտությունները հեղինակին հիշեցնում են իր ներկայի քաղաքական դրությունը։ Սակայն հայ հասարակությունը հուզած կուսակցական հակամարտություններից վեր Վրացյանի խոսքում հառնում է վարդանանց կուսակցության դավանանքի ժամանակակից զուգահեռը՝ անկախության գաղափարը։ Հայաստանի հանրապետությունն ու հայերի անկախությունն՝ իբրև «ճշմարիտն ու իրաւը», ըստ քաղաքական գործչի, այն հավերժական գաղափարներն են, որոնց իրական արժեքը դեռ ապագայում է երևալու այնպես, ինչպես Վարդանանց պատմության ապագայում, այսինքն՝ Ալիշանի ու Վրացյանի ներկայում է պարզվել Վարդանի անվիճելի արժեքը Վասակի նկատմամբ։
Սրբազան դավանանքը՝ Հայաստանի անկախ հանրապետությունը Վրացյանը հետահայաց դիտարկում է որպես հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ նույն այդ երազանքը միաժամանակ ապագային ուղղելով․ Հայաստանի Հանրապետութեան «Վերջին խօսքը» տոգորված է հանուն անկախության մահվամբ մահը հաղթահարած ժողովրդի կյանքում դրա ապագա գալստյան ջերմ հավատով։
Տեքստերը հրապարակվում են կրճատումներով։ Տե՛ս Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին (Երևան։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 1989), էջ 109-137; Ղևոնդ Ալիշան, Յուշիկք հայրենեաց հայոց (Վենետիկ։ Ի Ս. Ղազար Վենետիկոյ, 1869), էջ 239-269։ Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետութիւն (Բէյրութ։ Տպարան Մշակ, 1958), էջ 571-573։
Վարդանի և հայոց պատերազմի մասին
Գլուխ երրորդ
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
….
Այն ժամանակ այնտեղ զորքի մեջ եղած քահանաները, սրտերի բարկությունից այլևս չկարողանալով համբերել, անջատվեցին հեռացան նախարարներից և ամբողջ բազմությունից և մեկին շտապով սուրհանդակ ուղարկեցին ձիով Հայոց աշխարհը։ Սա գույժը բերանն առած և օձիքը պատառոտելով հասավ եպիսկոպոսների ժողովին, սաստիկ արտասվելով կանգնել-պատմում էր չարչարանքների բոլոր անցուդարձը, բայց նրանց չէր հայտնում ծածուկ մտադրությունը։
Այն ժամանակ եպիսկոպոսները ցրվեցին ամեն մեկն իր իշխանությունը, և քորեպիսկոպոսներ ուղարկեցին գյուղերն ու ագարակները և լեռնային գավառների բազմաթիվ ամրոցները։ Դրդեցին հավաքեցին մեծ բազմությամբ այր և կին, շինական և ազատ, քահանա և միայնակյաց. խրատեցին, ամրապնդեցին և բոլորին Քրիստոսի զինվոր դարձրին։
Եվ խորհրդի առաջին վճիռն այս հաստատվեց. «Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել աստծու պատվիրանի ուխտից. հայրը չխնայի որդուն, և որդին չակնածի հոր պատվից։ Կինը կռվի ամուսնու դեմ, և ծառան դիմադրի իր տիրոջը։ Աստվածային օրենքը թագավորի ամեն բանում, և նույն օրենքից հանցավորներն ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը»։
Երբ այս այսպես հաստատվեց ու կարգավորվեց, բոլորն էլ զինված դուրս եկան՝ սաղավարտները գլխներին, սրերը մեջքներին և վահանները ձեռներին, ո՛չ միայն քաջ տղամարդիկ, այլև արիասիրտ կանայք։
Իսկ հայոց զորագունդը բոլոր օգնականներով ու բազմաթիվ մոգերով չորրորդ ամսին եկան հասան Հայոց աշխարհը, մի մեծ գյուղաքաղաք, որի անունն էր Անգղ։ Այդտեղ բանակ դրին, հավաքվեցին, տեղավորվեցին և ամեն կողմերից անթիվ բազմություն ժողովվեց այնտեղ։
Եվ այնպես պատահեց, որ քսանհինգ օրից հետո մի կիրակի օր մոգպետն ինքը մոգերի հետ միասին եկավ մեծ ուժով, որպեսզի քանդի եկեղեցու դռները. ուզում էր փորձել, թե գործն ինչ ընթացք կստանա։ Իսկ սուրբ Ղևոնդ երեցը առաջին խորհրդակիցների և բազմաթիվ ուխտակիցների հետ միաբան այնտեղ պատրաստ գտնվեց։ Թեպետև լավ տեղյակ չէր բոլոր նախարարների մտադրություններին և ո՛չ էլ մոգպետի ուժին ու զորությանը, ամենևին չսպասեց բոլոր եպիսկոպոսներին և նույնիսկ մի քիչ էլ չհամբերեց ու չներեց անօրեն իշխանին, այլ մեծ աղմուկ ու տագնապ առաջացրեց զորքերի ու մոգերի մեջ։ Որովհետև դագանակները ձեռքներն առած՝ մոգերի և մոգպետի գլուխները ջարդեցին, բոլորին փախցրին իրենց կացարանները, իսկ իրենք պաշտամունքը վերսկսելով եկեղեցում՝ կիրակնօրյա կարգն էին կատարում՝ շարունակելով այն ամբողջ նույն կիրակի օրը։
Այս խռովահույզ տագնապից հետո՝ հայոց աշխարհի բոլոր կողմերից տղամարդկանց ու կանանց մեծ բազմություն հասավ նույն տեղը։ Պետք էր տեսնել, թե ինչպիսի՛ աղետալի իրարանցում ընկավ. ոմանք աղբյուրի պես հորդ արտասուք էին թափում իրենց աչքերից. ուրիշները բարձր ճչալով կարծես թե երկինքն էին դողացնում, իսկ կեսն էլ խիզախելով ու դեպի զենքը վազելով՝ նախընտրում էին մեռնել, քան թե ապրել։ Իսկ սուրբ եկեղեցու ուխտից ոմանք, ավետարանը ձեռներն առած, աղոթքներով աստված էին կանչում։ Ուրիշներն էլ փափագում էին, որ երկիրը պատռվի, որպեսզի իրենց համար գերեզման դառնա։ Եվ այսպես մեծ սարսափ էին մղում մոգպետի վրա։ Սա ստեպ-ստեպ աղաչում էր իր օգնականներին, որ հնար գտնեն իրեն մահից փրկելու և ողջ-առողջ նորից արքունիք հասցնելու։
Իսկ այն գործի մասին, որի համար եկել էր, ստիպում էր նրանց և ասում. «Թողեք գրեմ և ցույց տամ մեծ թագավորին, որ ձեռք վերցնի այսպիսի առաջարկություններից. որովհետև եթե աստվածներն իրենք էլ մեզ օգնության գան, հնարավոր չէ, որ Հայաստանում հաստատություն գտնի մոգական կրոնը, ինչպես որ փորձեցի եկեղեցու ուխտի միաբանությունը։ Որովհետև եթե այս աշխարհի զորքերն էլ մոգեր լինեին, նրանք ամենևին չէին խնայի և սրանց էլ կսատկեցնեին, ո՛չ միայն դրսից եկածներին, այլև իրենց եղբայրներին, որդիներին, բոլոր մերձավորներին, ինչպես նաև հենց իրենց։ Մարդիկ, որոնք ո՛չ շղթաներից են վախենում, ո՛չ տանջանքներից երկյուղ կրում և ո՛չ հարստությունը բանի տեղ դնում և, վերջապես, որ բոլոր չարիքներից ամենից վատթարն է, մահը գերադասում են կյանքից, ո՞վ է, որ կարող է նրանց դիմադրել։
….
Մի գիշեր ուխտի ամբողջ բազմությունը խորհուրդ կազմեց և զորքերի սպարապետին էլ կանչեցին խորհրդի. հարցրին, քննեցին և տեղեկացան, որ նրա դիտավորությունն անշարժ է և մի փոքր անգամ չի թերացել Քրիստոսի սիրուց։ Եվ միաբան աղոթք անելով նրա համար, նրան կրկին ընդունեցին առաքինիների շարքը։ Նրա միջոցով շատերին էլ գրավեցին նույն միաբանության մեջ, ովքեր առաջին միաբանությունից անջատված չէին. եկան-հավաքվեցին և մեծ զորագունդ կազմեցին։ Եվ է՛լ ավելի զատվեցին-հեռացան մոգերից ու մոգպետից և անօրեն Վասակից։
Եվ աստծու զորությամբ հաջողություն գտնելով՝ տղամարդիկ և կանայք և ամբողջ ռազմիկ բազմությունը աղաղակում և ասում էին գոհանալով. «Պատրաստ ենք հալածվելու և մեռնելու և ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կրելու այն սուրբ եկեղեցիների համար, որ ավանդեցին մեզ մեր նախահայրերը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան զորությամբ, որով նորից ծնվեցինք մի հավատի հուսով, մկրտվելով Հիսուս Քրիստոսի անունով. նույն նմանությամբ կամենում ենք չարչարանքներով և արյունով նորոգել մեր անձերը։ Որովհետև մեզ հայր ենք ճանաչում սուրբ ավետարանը, և մայր՝ առաքելական կաթողիկե եկեղեցին. թո՛ղ ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով՝ մեզ սրանից չբաժանի»։
Այնուհետև տերը ծառայից ավելի չէր երևում, և ո՛չ էլ փափուկ մեծացած ազատը՝ տառապյալ գեղջուկից, և ո՛չ էլ մեկը մյուսից ավելի պակաս քաջության մեջ։ Միևնույն հոժար սիրտն ունեին բոլորն էլ՝ տղամարդ ու կին, ծեր ու տղա և Քրիստոսի անունով բոլոր միաբանվածները։ Որովհետև առհասարակ [բոլորն էլ] միևնույն զենքով զինվորվեցին և Քրիստոսի հավատի պատվիրանի միևնույն զրահը հագան, ճշմարտության միևնույն գոտիով ամրացրին իրենց մեջքերը թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։
Այնուհետև վեր ընկած էր մնում ոսկին, և ոչ ոք հատկապես իր համար արծաթ չէր վերցնում, և առանց ագահության արհամարհված, անարգված էին զարդարանքի ու մեծարանքի համար հատկացված պատվական հագուստները։ Ինչպես և ամեն մի գույք ոչինչ էր համարվում իր տերերի աչքում։ Իրենց անձերի վրա նայում էին ինչպես մեռած դիակների վրա, և ամեն մեկն իր գերեզմանն ինքն էր փորում. իրենց կյանքը մահ էին համարում, իսկ մահը՝ հավաստի կյանք։
Բայց շուտ-շուտ այս խոսքն էր լսվում. «Միայն թե քաջությամբ մեռնենք, միայն թե անուն և հոգի ժառանգենք, որ մեր մեջ կենդանի լինի Քրիստոսը, որի համար հեշտ է մյուս անգամ նորոգել մեզ հողից, ինչպես նախկին բոլոր մեռածներին, և յուրաքանչյուրին հատուցանել իր գործերի համեմատ»։
Այս և սրանից էլ ավելին խոսելով և իրենց ու միմյանց մխիթարելով՝ զինվորները մի անգամ էլ պատրաստեցին իրենց զենքերը, և աղոթավորները շարունակում էին իրենց աղոթքները, և պահեցողները ճգնում էին իրենց պահքի մեջ։ Պաշտոնյաների ձայները գիշեր-ցերեկ անպակաս էին սուրբ սաղմոսները կարդալու մեջ. աստվածային կտակարանների ընթերցումը երբեք չէր դադարում ոչ մի ժամ, այդպես էլ մեկնիչների երկնավոր վարդապետությամբ մխիթարելը։
Յուշիկք Հայրենեաց հայոց
Ժ
Կարմիրն Վարդան
2 Յունիսի, 451
Ա
….
Ի՜նչ զարմանալի և աստուածախառն տեսչութիւնք. Հայոց առաքելոյն Թադէոսի թաղման միայնարանն՝ Հայոց նոր առաքելոյն՝ Գրիգորի յղութեան առագաստ։ Ո՜րքան սքանչելի է Շաւարշան՝ մեզի այսպիսի հոգևոր հանդիսից տաճար ըլլալովն, քան թե մեր թագաւորաց հովանոց։
Այս երկու սրբախորհուրդ դիպաց՝ նորակերպ նման մ’այլ հանդիպեցաւ նոյն տեղուանքը, Լուսաւորչի եղելութենէն 200 տարի ետև, որ թէ քաղաքական և թէ կրօնական կերպարանօք հռչակեցաւ. և ահա այն դէպքն է զոր նշանակէ Հայագիրն այս ամսակէտիս. որ ասկէ տասնևչորս դար առաջ (451 թուին Քրիստոսի, յունիսի 2) էր շաբաթ օր Հոգեգալստեան տօնին. յորում հանդիպեցաւ Շաւարշանի երրորդ մեծ ազգային քաղաքակրօն դիպուածն, այն է ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ։
Բ
Այս դիպուածս, այս պատմութիւնս, այս անունս անգամ այնքան հռչակեալ և համբաւեալ է յազգիս, որ ամենէն քիչ տեղեկութիւն ունողն այլ՝ երբ լսէ Քաջ կամ Կարմիր Վարդան՝ սրտատրոփ կու ցատքէ. և թերևս ոմանք ուզեն յանկարծ գտնուիլ ինչուան նոյն արտազական գաւառին մէջ, նոյն Շաւարշական դաշտը, նոյն Աւարայրի գեղին քով, նոյն Տղմուտ գետոյն եզերքը, ուր այն մեծ և բաղդասահման ճակատամարտն և անմահախառն գործն կատարուեցաւ։ Բանայ փափագողն՝ ժամանակակից հեղինակաց, Եղիշէի և Ղազարայ Փարպեցւոյ, գեղեցիկ գրուածքը և մանրամասն պատմութիւնները, և ժամ մը, երկու ժամ՝ անոնց հետ ժուռ գայ հոն. հոն՝ ուր հայութեան անջինջ, անմոռաց, յաւիտենական արձանաց մէկն կանգուն կայ և պիտի մնայ։ Իսկ ես հետդ, Հայկակ, կաղ ‘ի կաղ ընթացիւք կ’ուզեմ ման գալ, և քանի մը բան հեռուէն դիտել այն մեծ տեսարանէն։
…. Այս երկու բանակաց միջի շարժմունքն և գործքերն այլ ի՜նչ տարբեր. հեռաւոր և սեւ բանակն միայն սովորական պատերազմի պատրաստութիւններ կու ցուցընէ. իսկ մօտաւորս աւելի կրօնական և հայրենական հանդիսարան կ’երևի քան պատերազմի մարզարան։ Ասիկայ է Հայոց բանակն. վերջին բազմաթիւ բանակ՝ գումարեալ յանուն համօրէն Հայութեան, իր հնացեալ իշխանաց ձեռօքն. 66,000 Հայ պատերազմողք, ձիաւոր և հետևակ, խաչանիշ վրանաց և դրօշուց տակ ժողոված են՝ զազգ և զկրօնս պաշտպանելու։ Ի՜նչ պանծալի գունդ և ի՜նչ պազմութիւն կտրճաց մեր աչքին առջև….
Ամեն բան կարգաւորելէն և վաղուան պատերազմի յարմարցընելէն ետև, կու դառնայ Վարդան չորս գնդերէն զատ ուրիշ և աննման գնդի մը մէջ, որ առաջիններէն ոչ շատ հեռու ժողովեր էր, վրանի տակ. և էր Հայոց եկեղեցւոյն ուխտն. հոն էին կաթուղիկոսն Յովսէփ, որ աշխարհին քաղաքական շփոթից համար դեռ հանդիսապէս չէր օծուած. և զատ ուրիշ եպիսկոպոսաց և երիցանց՝ հոգելից և հրաշալից երէցն ՂԵՒՈՆԴ, որ բոլոր ուխտապահ Հայոց հայր և բանակին երկրորդ սպարապետ մ’ էր, եկեղեցւոյ և հայրենեաց աննման նահատակ մը, որուն ամենայն կրօնասէրք և ազգասէրք, աշխարհիկք և եկեղեցականք՝ կրնան նախանձիլ. Ս. Սահակայ և Մեսրովպայ վախճանելէն ետև, ինքն՝ որ անոնց երիցագոյն աշակերտն էր, իբրև երեսփոխան մը եղաւ անոնց. խորհրդովն և օրինակաւն կու շարժէր զեկեղեցին և զաշխարհն։ Եւ ահա այս գիշերս այլ՝ մեր հաւատարիմ բանակին դիմաց և Վասակայ ղրկած հրապուրիչ պատգամաւորաց՝ երկար քաջալերական ատենաբանութեամբ մը Վարդանայ ըսածները կու հաստատէ կրօնական փաստիւք։ Զօրականք՝ այդ երկու հոգեշունչ բերանոց փչմունքէն (Վարդանայ և Ղևոնդայ) վառուած՝ պատերազմէ վեր, յաղթութիւնէ վեր բանի կու պատրաստուին, – մարտիրոսութեան, պսակուելու յերկինս. և պահ մը զինուց պատրաստութիւնը դադրեցընելով, հոգւոյ պատրաստութիւնը կու սկսին։ Մէջներէն երիտասարդք ոմանք, այն ատենուն թոյլ տրուած սովորութեամբ դեռ երախայ ըլլալով, կու փութան ‘ի սուրբ աւազան մկրտութեան, կանչելով, «Այս գիշեր ջրով, վաղը առտու արեամբ»։ Շաւարշանի դաշտաց մէջ լճակ մը կու նշանուի Ագկէօլ, սպիտակ-լիճ անուամբ. կու սիրեմ կարծել թէ այս լճակիս մէջ մկրտուած ըլլան այն եռանդուն երիտասարդքն, որք գիշերը նորակնքոց ճերմակ պատմուճանը հագան, առտուն քաջաց փայլուն զրահը, երիկունը՝ վկայից կարմիր ծիրանին ….
Դ
….
Ահա հագաւ, հեծաւ, զուարթացաւ Վարդան, արևէն աւելի ցանկալի և սպասելի այն օր՝ իր սիրելեացն. ամենուն աչքն՝ ոչ այնքան թշնամեաց բազմութեանը վրայ սոսկմամբ կու նայէն, որքան սիրով կու դառնային այն բարձրասուր կաթողիկէաձև շիկակարմիր վրանին, որոյ դրան վերև ոսկի արծուին թևատարած, չորս բոլորն կարմիր-կանաչ-սպիտակ դրօշներ հովէն ծալլուելով ու բացուելով՝ իբր ծափ ծափի տուած կու հրաւիրէին զՎարդան. զՎարդան հրաւիրելով՝ վրանին եզերքը պար առած պահապան ու պատուոյ գունդն՝ նշան տուին, և սկսան շարժիլ. յանկարծ վրանին փեղկերն վերնալով բացուեցան, թիկնապահք և սպայք, հեծեալք և հետևակք՝ փայլ փայլ զէնքերով իբրև ամպէ մը սկսան դուրս թափիլ. և խումբ մը ծաղկազգեստ կայտառ երիտասարդաց՝ 25 տարուընէ վեր՝ լռած ձայն մը ձգեցին, որոտալուր, ահաւոր, վսեմ և քաղցր ձայն մը, որ մեր յետին Արշակունի Արտաշէս թագաւորին սև օրէն վեր չէր լսուած…։ Արքունական երաժշտաց դասն էր. որ այն օր ‘ի Վարդան կու ճանաչէր Հայոց թագաւորը, առաջնորդը, յոյսը և փառքը. և երբ մեծամեծ ոսկեփայլ գալարուն և անգալար պղինձներն լայնաբոլոր բերաննին յերկինք շտկած՝ իբրև յետ երկայն հառաչանաց՝ հայկական պատերազմի եղանակը հնչեցին, ո՜հ, բոլոր բանակն, գետին ու լերինք թնդալով դոփելով որոտացին, Փա՜ռք Հայոց, Սուրբ սպարապետ, Վարդան քաջ։ Եւ ահա յերևան եկաւ քաջն այն, Կարմիրն այն Վարդան, ճառագայթներուն ետևէն դուրս վազող արևուն պէս, իր նախապապուն Մուշեղի նման՝ ճերմակ, ճարտուկ, ճախրասլաց, բարձրապինչ, բարձրափռինչ ձիուն վրայ յարմարած՝ քան թէ հեծած կամ նստած. վասն զի ձին գրեթէ սանձի անկարօտ և տիրոջը տակ աւելի թեթևցած քան թէ առաջ՝ չես գիտեր կու խաղա՞յ թէ կու թռչի. իսկ տէրն իբրև եզեկիէլեան անուի մը վրայ հանգչած՝ թեթևութեամբ ամեն դի կու դառնայ, կու թռչի, կու հասնի։ Ոսկէխառն արծաթակուռ սպառազինութեան վրայ՝ ձգած է մեծ ծիրանի ու ոսկէթել սամոյր-օձիք վերարկուն, զոր արևակերպ ականակուռ ապիզամ կամ ճարմանդ մը կուրծքէն վեր կու միացընէ, օղակներէն յակունթներ կախուած, և ինչուան նռնագոյն կօշիկները կ’իջնէ. գլուխն արծաթախառն սաղաւարտ՝ ոսկէքանդակ գարգմանակաւ, որոյ կռնակէն դէպ ‘ի գագաթն ոսկի արծուի մը կայ, և վարի եզերքը բոլորած պսակաձև թագ մը, անոր վրայ այլ պլլուած բոլոր գերագոյն իշխանութեան նշանը՝ աշխարհաւանդ ըսուած հանգոյցը, որոյ ծայրերն ցցունազարդք՝ ուսոց վրայ կ’իջնեն։ Բայց արդարև տեսութեան արժանի մասն՝ այն հանգուցին ներքև էր. բոլորակերպ, կարմրայտ գրեթէ ճառագայթարձակ, զուարթ դէմք մը. նման եգիական Արամազդայ, բայց Ամպրոպայնոյն աչքերով։ Խաչգլուխ և խնձորգլուխ ձողերու և նիզակայ վրայ՝ բաց յեռագոյն դրօշից կու ծածանին զանազան գունով և նշանով վառեր, մամիկոնէից տէրութեան, Հայոց սպարապետութեան, Յունաց ստրատելատութեան և Հայ թագաւորի տեղակալութեան. զորս ուրախութեամբ ողջունելով 66,000 բերան՝ Պարսից անհուն բանակին և անճոռնի փղերուն ձայնն այլ կու խափանեն պահ մը։ Վարդան յառաջ անցնելով իր սպայից գնդէն՝ մէկ մը ճերմակովը կու թռչի բանակին մէկ ծայրէն ինչուան մէկայլը, ողջունելով, խրախուսելով, գրեթէ նոր ոյժ մը փչելով, և … նշան կու տայ սկսելու զպատերազմն։
Հայաստանի Հանրապետութիւն
Վերջին խօսք
Քառասուն տարի է անցել Հայաստանի հանրապետության ծնունդի օրից – 1918, մայիս 28 – 1958, մայիս 28 – բայց հայութեան գիտակցութեան մէջ դեռ եւս համազգային ընդհանուր ըմբռնում չէ դարձած անկախութեան գաղափարը։ Կան հայեր, որոնք ուրանում են հանրապետութեան գոյութիւնն անգամ։ Եւ, սակայն, փաստը մնում է փաստ. ուրացումով պատմութիւնը կարելի չէ ջնջել։
Մեծ եղելութիւնները մեծ ժամանակի են կարօտ ազգերի գիտակցութիւնը յեղաշրջելու համար։ Այսօր, օրինակ, Վարդանանց պատմութեան շուրջ հայ ժողովրդի հանրային մտքի մէջ տարակարծութիւն չկայ. ամենքի համար Վարդանանց պատերազմը նուիրական է եւ 1036 նահատակները՝ սուրբեր։ Բայց պատերազմի օրերին, առաջ եւ վերջը, ամենքը համախորհուրդ եւ համերաշխ էին, միե՞ւնոյն գիտակցութեամբ տոգորուած։ Վարդանանց եւ Վասակեանց հակամարտութիւններն ու թշնամանքը, կուսակցական բախումներն ու կատաղի հակամարտութիւնները չե՞ն վրդովել ժամանակի հայ հասարակութիւնը։ Հէնց Եղիշէի պատմութիւնը չի՞ վկայում, որ մոլեգին հակամարտութիւններ են եղել ազգային քաղաքականութեան շուրջ, որոնք շատ կողմերով յիշեցնում են մեր օրերը։ Բայց եւ այնպէս ժամանակը արժէքաւորել է պատմական իրողութիւնները, մոռացնել է տւել ինչ որ պէտք է մոռացուէր եւ կենդանի ու անմահ է պահել ճշմարիտն ու իրաւը, որպէս ընդհանրական սեփականութիւն ազգի բոլոր հատւածների մտքում ու սրտում։
Նման եղելութիւն է եւ Մայիս 28-ը։ Հայ ժողովուրդը երկար դարեր երազեց այդ օրը, եւ երբ օրը եկաւ, անպատրաստ գտնւեց ազգովին տեսնելու եւ ընդունելու իրողութիւնը, «յիւրսն եկ և իւրքն զնա ոչ ընկալան»… Գաղափարական բաժանումը եւ պայքարը անկախութեան ընդհանրապէս եւ Հայաստանի Հանրապետութեան առթիւ ի մասնաւորի շարունակւում է անընդհատ։
Եւ զարմանալի չէ բնաւ, որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը դեռ պատմութիւն չէ դարձած, այլ ներկայ է։ Դեռ կենդանի են այն բոլոր գաղափարներն ու դէպքերի յուշերը, որոնց շուրջ բաժանւած էր հայութիւնը Հանրապետութեան օրերին, դեռ ողջ է ժամանակի դերակատարների մի մասը, եւ վառ են կիրքերն ու հակամարտութիւնները։
Ժամանակը վճռական գործօն է պատմական դէպքերի գնահատութեան համար եւ ժամանակի հետ նաեւ սերունդների փոփոխութիւնը։ Սակայն, քառասուն տարին բաւական չեղաւ, որպէսզի Հայաստանի Հանրապետութեան շուրջ հրահրւած կիրքերը մարէին, եւ անկախութեան գաղափարը իր արժանաւոր տեղը գրաւէր հայ ժողովրդի ընդհանուր գիտակցութեան մէջ։
Բայց, որքան եւ կարճ, ժամանակը իր դերը կատարում է արդէն։ Երեւանի պատմագրութիւնը – վարանումով, անշուշտ – սկսել է արդէն գրական վերաբերում ցոյց տալ դէպի Հանրապետութեան հետ կապւած որոշ դէպքերը։ Յիշատակւում է Սարդարապատի ճակատամարտը, Բաշ-Ապարանը, իբրեւ հերոսական դրւագ հայ ժողովրդի նորագոյն պատմութեան, փոյթ չէ թէ կոմունիստ կուսակցութեան վերագրւի այդ դէպքը։ Բնաւ պիտի չզարմանանք, եթէ վաղը Մայիս 28 էլ իւրացւի բոլշեւիկների կողմից։ Թող իւրացնեն. կարեւորը այն չէ, թէ ով է հեղինակը պատմական դէպքերի, կարեւորը դէպքերն են։
Ով եւ ինչպէս ուրանայ, անհերքելի է, որ երէկւայ ուրացողները այսօր ստիպւած են ընդունելու Հայաստանի Հանրապետութեան եղելութիւնը։ Ընդ հուր եւ ընդ սուր անցնելով, անհաշիւ զոհերի գնով, հայ ժողովուրդը 1918 թ. Մայիս 28-ին հիմք դրեց ազգային անկախ պետութեան՝ Հայաստանի Հանրապետութեան։ Այս իրողութիւնը կարելի չէ ուրանալ եւ ո՛չ մի ուրացումով։
….
Վարչաձեւերը ժամանակաւոր երեւոյթ են։ Ժամանակաւոր են եւ վարիչները։ Յաւերժական են ազգերն ու հայրենիքները – հայրենի հողի վրա նստած ժողովուրդները։ Յաւերժական է ազատատենչ հայ ժողովուրդը, որ մահւամբ մահը կոխելով՝ կերտեց հայրենիքի անկախութիւնը։
Ժամանակները յղի են դէպքերով։ Պատմութիւնը վերջացած չէ։ Մենք հաւատում ենք, որ Հայաստանը նորից կը լինի ազատ եւ անկախ, աւելի լայն ազգային սահմաններով։ Ընդունակ տեղ տալու իր ծոցում ի սփիւռս աշխարհի հողմացրիւ եղած բոլոր զաւակներին։
Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է ապրել հայ ժողովրդի սրտում, որպէս մշտավառ յուշ անցեալի եւ իբրեւ կենդանի յոյս ապագայի։