«Յերկու տեսակ յելքը» ըստ Աշոտ Հովհաննիսյանի. գյուղացիության համար պայքարը

 

1926-ին Նոր տնտեսական քաղաքականությունն (ՆԷՊ) ընթացքի մեջ էր, երբ Աշոտ Հովհաննիսյանը քննաբար գծում էր խորհրդային քաղաքականության հնարավոր հեռանկարը: 1920-ականներին ՆԷՊ-ի գործարկումը, Հովհաննիսյանի գնահատմամբ, կոմունիստական կուսակցությունը կանգնեցրել էր «տաքտիկական նոր դիմադարձության առաջ»: Այդ դիմադարձությունը վերաբերում էր պրոլետարիատի պայքարը գյուղացիության և առհասարակ մանր սեփականատերերի (մանր-բուրժուազիայի) քաղաքական անկայունության չեզոքացմանը: Հովհաննիսյանի քաղաքական դիրքավորումն այս հարցում ուղղակիորեն ելնում էր լենինյան հեղափոխական օրակարգից: Հենց գյուղացիության հարումներն ու հակումներն էին, որ կարող էին վճռական դառնալ սոցիալիստական հասարակարգի կառուցման ճանապարհին: Լենինյան գծին հավատարիմ՝ Հովհաննիսյանը գործադրվող քաղաքականությունների կենտրոնում դնում էր հասարակական այն խավերի հետ աշխատանքը, որոնց տատանվող ու անկայուն բնույթը նույն այդ քաղաքականության երերման ու անկման պատճառը կարող էր լինել:

Ստորև ներկայացվող հոդվածում Հովհաննիսյանը հատուկ ընդգծմամբ գրում է. «Մեր այսորվա պայքարն …. կարող ե ունենալ «յերկու տեսակ յելք» և վոչ՝ մի՛ յելք ինչպես պնդում են մեզ անխուսափելի պարտություն գուշակող հակառակորդները»: ՆԷՊ-ի պայմաններում խորհրդային երկրի բախտը կապվել էր կոնկրետ հանգամանքի հետ. արդյոք հավատարիմ կմնա՞ր գյուղացիությունը բանվոր դասակարգի հետ կնքած դաշինքին, թե՞ գյուղացիությունը թույլ կտար բուրժուազիային պառակտել այդ դաշինքը: Սրանից էր կախված, ըստ Լենինի, պայքարի ելքը, և դրանից ելնելով էլ Հովհաննիսյանը գծում էր պայքարի «յերկու հնարավոր յելքից անխուսափելին»: Հովհաննիսյանը չէր վարանում պնդել, որ ամեն ինչ կախված էր նրանից, թե որքան «ուղիղ կարող ենք տանել մենք քաղաքական մեր գիծը»: Սակայն ակնհայտ է նաև, որ Հովհաննիսյանի համար ուղիղ քաղաքական գծի չափանիշը հենց տատնվող սոցիալական խավերի անկայության, այլ կերպ ասած՝ սոցիալական իրականության հետ հաշվի նստելու քաղաքական կամքն էր:  

Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան, «Մեր հեռանկարները յեվ լենինիզմը (14-րդ կուսհամագումարի ընդունած վորոշումների առթիվ)», Նորք, 1926, թիվ 1, էջ 106-153: Հոդվածը նույն թվականին հրատարակվել է նաև առանձին գրքով, տե՛ս Մեր հեռանկարները յեվ լենինիզմը (Երևան: Պետհրատ, 1926): Հոդվածի այստեղ հրապարակվող հատվածը լույս է տեսել նաև Խորհրդային Հայաստան թերթում, տե՛ս ««Վերասերման հեռանկարները» յեվ լենինիզմը», Խորհրդային Հայաստան, 4 ապրիլի 1926 թ.: 

 

 

«Վերասերման հեռանկարները» յեվ լենինիզմը

«․․․ Պետությունը մեր ձեռքումն ե, բայց նոր տնտեսական քաղաքականության խնդրում գործե՞լ ե նա այս տարի մեր ուզածին պես։ Վոչ։ Նա չի գործել մեր ուզածին պես։ Իսկ ինչպե՞ս ե գործել նա։ Մեքենան դուրս ե պրծնում մեր ձեռներից. կարծես նստած ե մի մարդ, վորը վարում ե նրան, իսկ մեքենան չի գնում այնտեղ, ուր ուղղում են նրան, այլ այնտեղ, ուր ուղղում ե մեկը, չես իմանում՝ անլեգա՞լը, ապորինի՞ն, աստված գիտե, թե վո՞րտեղից վերցրածը, մասնատիրական կապիտալիստնե՞րը, թե՝ մեկն ու մյուսները միասին։ Մեքենան չի գնում ըստ ամենայնի այնպես, իսկ շատ հաճախ բնավ այնպես չի գնում, ինչպես յերևակայում ե այն մեկը, վորը նստած ե նրա ղեկի մոտ»:[1]Ն․տ․[Ленин, Соб. соч.  том. XVIII, ч. 2], եջ 35 և հետ․։

Լենինն այսպիսով հնարավոր ե համարում և՛ կուսակցության, և՛ պետության վերասերումը, նրանց՝ ոտար նպատակներին նպաստավոր ուղեգնացությունը։ Բայց դրա հնարավորության աղբյուրը նա չի փնտրում ղեկավարների հոգեկան կառուցվածքի, այլ մասսաների մեջ, դասակարգերի փոխհարաբերության շրջանում։ Պետք ե, նշանակում ե, յելակետ ունենալ հասարակական զարգացման ընթացքը, պետք ե հաշվի առնել դասակարգերի փոխհարաբերություններն ու դրանց զարգացման հնարավոր ուղիները, վորոշելու համար կուսակցության կամ պետության վերասերման անխուսափելիությունը։ Ահա Լենինի մերձեցումն այս խնդրում։

Կոնկրետ դնելով հարցը մեր կուսակցության և պետականության, նրանց զարգացման հնարավոր ուղիների, նրանց պառակտման մասին, Բանգյուղտեսչության վերակազմությանը նվիրված իր հոդվածի մեջ Լենինը գրում ե՝

«Ի հարկե, մեր Խորհրդային Հանրապետության մեջ հանրակարգը հիմնված ե յերկու դասակարգերի՝ բանվորների և գյուղացիների աշխատակցության վրա, վորին հայտնի պայմաններով կցվում են ներկայիս նաև «նեպմանները», այսինքն, բուրժուազիան։ Յեթե առաջանան դասակարգային լուրջ տարաձայնություններ այս դասակարգերի միջև, այն ժամանակ պառակտումն անխուսափելի կը լինի, բայց մեր հանրակարգի մեջ անհրաժեշտորեն չեն դրված այդպիսի պառակտման հիմքեր»։ Սա նշանակում ե՝ պառակտումն ոբյեկտիվորեն հնարավոր ե, բայց դա բնավ անհրաժեշտ չե։ Ամեն ինչ կախված ե նրանից, թե վոր չափով կարող կը լինենք մենք հաշվի առնել զարգացման ոբյեկտիվ ընթացքը և տալ նրան մեզ ցանկալի ուղղությունը։ Այս նկատառումով ե, վոր Լենինը գլխավոր մեր խնդիրն ե համարում՝ «ուշադիր հետևել ու կանխել այն հանգամանքերը, վորոնցից կարող ե պառակտում առաջ գալ, քանի վոր վերջին հաշվով մեր Հանրապետության բաղդը կախված ե լինելու նրանից – կը գնա՞ արդյոք գյուղացիական մասսան բանվոր դասակարգի հետ, հավատարմություն պահպանելով նրա հետ կնքած դաշինքին, թե նա թույլ կը տա «նեպմաններին», այսինքն՝ նոր բուրժուազիային, բաժանել իրեն բանվորներից, պառակտել իրեն նրանցից։ Վորքան պարզ տեսնենք մեր առջև այս յերկու տեսակի յելքը, վորքան պարզ հասկանան այս բոլորը մեր բանվորներն ու գյուղացիները, այնքան ավելի շանս կունենանք, վոր մեզ կը հաջողի խուսափել պառակտումից, վորը կործանարար կարող եր լինել Խորհրդային Հանրապետության համար»:[2]Ն․տ․ եջ 124։

Մեր այսորվա պայքարն այսպիսով կարող ե ունենալ «յերկու տեսակ յելք» և վոչ՝ մի՛ յելք՝ ինչպես պնդում են մեզ անխուսափելի պարտություն գուշակող հակառակորդները։ «Կը կազմակերպե՞նք արդյոք մենք մանր գյուղացիությունը նրա արտադրական ուժերի զարգացումը հիմունքով, ոժանդակելով այդ զարգացմանը պրոլետարական իշխանության միջոցով, թե նրան իրենց կենթարկեն կապիտալիստները – սրանից ե կախված պայքարի յելքը»:[3]Ленин, Соб. соч. XVIII, ч. I, եջ 377. Վո՞րն ե լինելու այսորվա մեր պայքարի յերկու հնարավոր յելքից անխուսափելին. այդ հարցի պատասխանը կախված ե մեզնից, մեր քաղաքականության ընթացքից։ Ամեն ինչ կախված ե նրանից, թե վորքան ուղիղ կարող ենք տանել մենք քաղաքական մեր գիծը։

«10-20 տարի ուղիղ փոխհարաբերություն գյուղացիության հետ և ապահովված ե հաղթանակը համաշխարհային մասշտաբով անգամ յեթե դանդաղելու լինեն պրոլետարական հեղափոխությունները, վոր աճում են, այլապես՝ 20-40 տարվա բելոգվարդիական տերրորի տանջանքներ»․ այսպես եր գրում Լենինը տակավին 1921 թվին, նոր տնտեսական քաղաքականության առաջին շրջանում:[4]Տես, «Большевик», 1925 թ. № 7, եջ 76։

….Մեզանում իշխանության վերասերում հնարավոր ե, բայց՝ վոչ անհրաժեշտ։ Յեվ սա հասկանալի յե։ Իշխանությունը մեզ մոտ մանր-բուրժուազիայի ձեռքումը չե, այլ՝ պրոլետարիատի։ Վոչ թե մանր-բուրժուազիան ե քաշում իր հետևից պրոլետարիատին, այլ պրոլետարիատը՝ մանր-բուրժուազիային։ Պրոլետարիատի դիկտատուրան իշխում ե մեր տնտեսության հրամանատարական բարձրություններին։ Արտադրական ուժերի զարգացումը պրոլետարիատի ղեկավարության ներքո հնարավորություն ե տալիս նրան դնել յերկրի տնտեսական զարգացումը սոցիալիստական ռելսերի վրա, ստեղծել նյութական նախապայմաններ պրոլետարիատի և գյուղացիության քաղաքական դաշինքի համար…. Մեր հաղթանակը հնարավոր ե և կախված ե միայն նրանից, թե վո՞ր չափով կարող կը լինենք մեր վերելքի ճանապարհին ուղիղ քաղաքականություն տանել գյուղացիության հանդեպ։ «Կամ մենք կենթարկենք մեր կոնտրոլին ու հաշվառքին մանր-բուրժուային (մենք կարող ենք անել այդ, յեթե կազմակերպենք չքավորությունը, այսինքն ազգաբնակչության կամ կիսապրոլետարների մեծամասնությունը՝ գիտակից պրոլետարական ավանգարդի շուրջը), կամ նա կը տապալի մեր բանվորական իշխանությունն անխուսափորեն և անհրաժեշտաբար….»:[5]Ленин, Соб. соч. XV. 265. Լենինն ասել ե այս խոսքերը 1918 թվի ապրիլին, յելակետ ունենալով այն ժամանակվա դասակարգային փոխհարաբերությունները պրոլետարիատի և ազգաբնակչության այն ժամանակվա մեծամասնության միջև։ Հետագայում, տեսանք, դասակարգային փոխհարաբերություններն առաջին պլանի վրա դրին միջակ գյուղացիությունը, վոր կազմում եր հիմա գյուղի ազգաբնակչության մեծամասնությունը, նրա «կենտրոնական ֆիգուրան»։ Դրա հետ մեկտեղ 1917-1918 թվերին արած դիտողությունները մեր հաղթանակի սոցիալական հիմնապայմանների մասին պահպանում են իրենց ուժն առաջին հերթին հենց միջակ գյուղացու նկատմամբ։ Գյուղի ազգաբնակչության այդ մասսան ե, վոր պետք ե կազմակերպենք պրոլետարական ավանգարդի շուրջը՝ վոչ միայն մեր կոնտրոլին ու հաշվառքին յենթարկելու, այլև նրա տնտեսական-հասարակական զարգացումը մեր սոցիալիստական եվոլյուցիայի հեռանկարների հետ շաղկապելու համար: 

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Ն․տ․[Ленин, Соб. соч.  том. XVIII, ч. 2], եջ 35 և հետ․։
2 Ն․տ․ եջ 124։
3 Ленин, Соб. соч. XVIII, ч. I, եջ 377.
4 Տես, «Большевик», 1925 թ. № 7, եջ 76։
5 Ленин, Соб. соч. XV. 265.