1937 թվականին Րաֆֆու ծննդյան հարյուրամյա հոբելյանի օրերին Նիկողայոս Ադոնցը հանդես է գալիս գրողի կոթողային գործերից մեկին` Դավիթ Բեկին նվիրված ««Դաւիթ Բէկ» վէպի պատմական հիմը եւ գաղափարախօսական արժէքը» հոդվածով: Հմուտ հայագետը, քննադատաբար մոտենալով վեպի համար հիմք հանդիսացած սկզբնաղբյուրների և դրանց հետ Րաֆֆու ազատ ստեղծագործաբար աշխատելու հարցերին` միևնույն ժամանակ արժևորում է վեպը գաղափարական տեսանկյունից:
Հոդվածից ստորև ներկայացվող հատվածը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է նա քննադատում Րաֆֆուն Դավիթ Բեկի ապստամբության պատմական հենքից շեղվելու հարցում: Ըստ նրա վկայակոչումների, Դավիթ Բեկի ապստամբությանը վերաբերող սկզբնաղբյուրները խոսում են այն մասին, որ նոր ժամանակների շեմին պարսկա-օսմանյան տիրապետության տակ ապրող հայերի ճակատագրի վերաբերյալ Դավիթ Բեկն ու տեղական մելիքները տարակարծություններ են ունեցել: Ադոնցի դիրքորոշումն այն է, որ դրանք եղել են նույն հարցի վերաբերյալ երկու տարբեր թևերի դիրքորոշումներ: Եթե Դավիթ Բեկը, թև առած «ռուսական օգնութեան յոյսերից», կարծում էր, որ հնարավոր էր քիչ ուժերով հասնել հպատակության տակ գտնվող ժողովրդի ազատագրության, ապա նրան հակառակ կանգնած մելիքները, ելնելով իրենց տեղական փորձառությունց, հակված էին մտածելու, որ հարկ է ««քիչ զոհողութեամբ» խուսափել մեծ վտանգներից»: Րաֆֆին, ըստ Ադոնցի, լուրջ չի վերաբերվել Դավիթին հակառակ կանգնած մելիքների տեսակետին և տուրք տալով իր ժամանակի ազատամիտ հոսանքին` պատկերել է ոչ թե երկու կողմերի «հայեացքների ներհակ ուղղութիւնը, նրանց բախումը եւ համերաշխութեան միջին ճանապարհը», այլ կերտել է բոլոր պայմաններում իր նշանակությունը պահող «հայրենասիրութեան մի տիպ»` «զինեալ հայրենասիրութիւնը»:
Ադոնցն ունի պատմական վկայությունների այսպիսի կեղծափոխման իր բացատրությունը: Ըստ նրա, Րաֆֆին դիրքավորվում և շարունակում է հայոց ավանդույթում ձևավորված գաղափարական մի ուղեգիծ, որը սերում է 5-րդ դարից: Դա հանուն նոր գաղափարի նահատակության պատրաստվելու Եղիշեով ավանդված գաղափարական գիծն է, որը, ըստ նրա, նորովի կերպավորվում է Րաֆֆու «զինեալ հայրենասիրութեան» մեջ: Որքան էլ Ադոնցը քննադատում է Րաֆֆուն պատմական նյութի հանդեպ անաչառ վերաբերմունք չորդեգրելու հարցում, միևնույնն է նա կանգնում է Րաֆֆու որդեգրած գծի մեջ, երբ հայացքը դարձնում է ներկային: Սփյուռքում ապրող մտավորականը Համաշխարհային երկրորդ պատերազմի սպառնալիքի նախաշեմին օտարների ոտքի կոխան չդառնալու հայության հույսը կապում է «զինեալ հայրենասիրութեան» րաֆֆիական գաղափարի նորօրյա որդեգրման հետ:
Հոդվածը լույս է տեսել Րաֆֆու ծննդյան հարյուրամյակին նվիրված ժողովածուում: Հրապարակվում է ըստ` Րաֆֆի (Յակոբ Մելիք-Յակոբեան). Կեանքը, գրականութիւնը, յիշողութիւններ (Փարիզ: 1937), էջ 144-148:
Օրուան հերոսը, Դաւիթ Բէկ, խօսք է առնում եւ յայտնում որ հայրենիքը կարօտ էր այս շարժման, որի գլուխն է անցել ինքը, հաւատացած լինելով, որ Հայաստանի Աստուածը կ’օգնէ իրենց, ինչպէս օգնել է մեր նախնիքներին: «Մենք պիտի կռուենք բռնութեան, անարդարութեան եւ ստրկութեան դէմ»: Հաւատքը, անկեղծութիւնը եւ անձնազոհութիւնը գլխաւոր պայմանն է յաջողութեան: Մխիթար սպարապետը, թէեւ չի հաւատում բախտին, բայց հաւատում է «Հայաստանի աստղին», հաւատում է որ «կայ երկնքում մի արդար դատաւոր որը վերջապէս կը լսէ թշուառի ձայնը եւ նրան ուժ ու զօրութիւն կը տայ փշրելու ամբարտաւան բռնակալի եղջիւրները»:
Մեր վիպագիրը՝ նոր Եղիշէ, իր հերոսը՝ նոր Վարդան, պէտք է որ լինեն ե՛ւ նոր Վասակներ: Եւ կան, Մելիք Դաւիթն է Տաթեւացի եւ Մելիք-Ֆրանգիւլ Երիցվանեկցի: Սակայն, սրանք մենակ չէին որպէս շարժման հակառակորդներ: Բազմաթիւ մելիքներից միայն Մելիք -Փարսադանն է յարել Դաւիթ Բէկին եւ այն էլ ո՛չ անմիջապէս: Շահումեան խորհուրդ է տալիս կոչ անել տեղական մելիքներին: Դաւիթ Բէկ գտնում է որ «զգոյշ, մտածող, եւ, իրենց կարծիքով, խոհեմ պարոններն են, որ իրանց մելիքներ, տանուտէրներ ու բէկեր են կոչում, եւ որոնց իւրաքանչիւրը մի մի վիճակի տէր է, լոկ խօսքերով չի կարելի համոզել: Նրանք դարձեալ կը մնան իրանց խոհեմութեան մէջ, որ մի տեսակ խոհեմ անտարբերութիւն, խոհեմ մեռելութիւն է: Նրանց պէտք է ցոյց տալ շօշափելի փաստ, պէտք է ցոյց տալ որ փոքրաթիւ մարդիկներով եւս կարելի է մեծ գործ սկսել»:
Գործը սկսուեց: Բայց միայն Մելիք -Փարսադանն եկաւ, միւսները մնացին իրենց խոհեմութեան մէջ: Նրանցից երկուսը ժառանգեցին ուրացողի եւ դաւաճանի անուն: Ի՞նչ էր նրանց դաւաճանութիւնը մեր վիպագրի հայեացքով: Մելիք Ֆրանգիւլ «բնաւորութեամբ բարի մարդ էր, բայց սաստիկ փառասէր: Իր փառասիրութեանը զոհեց նա հայրենական կրօնը եւ մինչեւ անգամ իր հարազատ աղջիկը», ուզում էր ամէն գնով «պահպանել իր տոհմային ժառանգութիւնը»: «Իբրեւ հայ, նա ցանկանում էր Հայաստանի բարիքը, ցանկանում էր որ այդ երկիրը ազատ լինի, ցանկանում էր որ նա ունենայ իր հայ իշխանը, բայց այդ իշխողը լինի ոչ այլ ոք բայց միայն ինքը»: Բայց մի՞թէ յանցանք է երբ մի բարի եւ հայրենիքին բարիք ցանկացող անձն ուզում է իշխող լինել: Տեսէ՛ք որ ինքը մելիքը այլ կերպ է բացատրում իր վարմունքը: «Ես միշտ ծածկուած եմ եղել մի կեղծ, խաբուսիկ կեղեւով, մենախօսում է ուրացող մելիքը: Դրսից ներկայացել եմ որպէս պաշտօնեայ, որպէս գործիք օտարի, իսկ ներսից պաշտպանել եմ իմ ազգիս շահերը: Ես յայտնապէս վնաս եմ տւել իմ ազգին, բայց գաղտնապէս օգնել եմ նրան… ի՞նչ պիտի անես, երբ օտարի, երբ թշնամու ծառայութեան մէջ ես: Մի պատառ պէտք է ձգես նրա բերանը, որ կարողանաս ամբողջը ազատել: Ես տուեցի Ֆաթալի Խանին մի վանք եւ դրանով ազատեցի մեր բոլոր վանքերը: Ես տուեցի նրա եղբօրը իմ հարազատ աղջիկը եւ դրանով ազատեցի հազարաւոր աղջիկներ մահմեդականի կին լինելուց: Ես ուրացայ իմ կրօնը, որ դրանով գրաւեմ թշնամու մտերմութիւնը… եւ նրան իմ ձեռքում պահեմ» եւ ցաւում եմ որ չկարողացաւ գլուխ բերել ինչ որ նախասահմանել էր: Ուրեմն Ֆրանգիւլն իր կրօնը եւ աղջիկը զոհել էր ոչ թէ ունայն փառասիրութեան, այլ երկրի բարօրութեան համար:
Վիպագիրը հաւատարիմ չէ մնացել այս տեսակէտին: Տեղական մելիքները չեն յարել Դաւիթ Բէկին, որովհետեւ չեն համակրել: Դաւաճաններ չէին, այլ «հայրենիքին բարիք ցանկացող» մարդիկ, որ իրենց գիծն ունէին: «Քիչ ուժերով մեծ գործ կատարելու» ինքնավստահութիւնը հակառակ էր նրանց փորձառութեան որ թելադրում էր «քիչ զոհողութեամբ» խուսափել մեծ վտանգներից: Վէպը անտարակոյս շահած պիտի լինէր, եթէ հեղինակը լրջօրէն վերաբերէր հակառակորդների տեսակէտին եւ տար երկու հայեացքների ներհակ ուղղութիւնը, նրանց բախումը եւ համերաշխութեան միջին ճանապարհը: Բայց նա տարուել է Եղիշէի շունչով, եւ նրանից փոխ է առել դաւաճանի պատրաստ մտացածին պատկերը: Մելիք-Ֆրանգիւլ նենգում է Եղիշէի Վասակի նման:
Թողնենք հերոսների թերի պատմագիտութիւնը, թիւր է մակերես դատողութիւնները հայ անցեալի մասին, անզգոյշ յարձակումներ հայ եկեղեցու եւ եկեղեցականութեան վերայ, առնենք միայն նրանց սեպհական եւ շինիչ հայեացքները, որոնց էութիւնը հետեւեալն է: «Հայերի սրտում բոլորովին չի հանգած հայրենասիրութեան կայծը, բաւական է փչել նրա վրայ եւ իսկոյն կը բորբոքուի: Իսկ բոցավառել, բորբոքել հայրենասիրութեան սրբազան հուրը կարելի է: Այդ կը լինի գործի յաջողակ սկիզբը, իսկ վախճանը Աստուծոյ ձեռքումն է: Պէտք է հաւատալ Հայաստանի աստղին, պէտք է հաւատալ երկնքի արդար դատաւորին, որ կը լսէ թշուառներիս ձայնը եւ ուժ կը տայ փշրելու եղջիւրները»: Ուխտենք ազգովին ծառայելու այս գործին, ուխտենք կամ բնաջինջ լինել կամ փշրել ստրկութեան շղթաները: Ո՛վ չգայ մեզ հետ, դաւաճան է, մեր սուրը պէտք չէ խնայէ այդպիսիներին:
Այս հաւատամքը պատշաճ է աւելի մի եկեղեցականի քան քաղաքական գործիչի, եւ յիշեցնում է Եղիշէի ուխտը, որ տանում է դէպի մարտիրոսական թագը: Եղիշէի համար անտարբեր էր յաղթել թէ յաղթուիլ, երկու դէպքում էլ Աստուծոյ արքայութիւնը պատրաստ էր: Իսկ լուրջ քաղաքական գլխում հաշուից դուրս պիտի մնան Աստուած, ճակատագիր եւ արդարութիւն: Սրանք անտես, աներեւոյթ եւ անկշռելի ուժեր են, կարող են գալ եւ չգալ: Հայրենասիրութիւն, յոյս, հաւատ՝ հոգեկան կարեւոր ազդակներ են, բայց բաւական չեն քաղաքական յեղաշրջումներ յառաջ բերելու համար: Հարկաւոր են ամենից առաջ զինուորական կարողութիւն: Դաւիթ Բէկ այնքան միամիտ չէր որ կարծեր թէ մի բուռն քաջերով հնարաւոր է Պարսից պետութիւնը խորտակել: Նրան թեւաւորողը ռուսական օգնութեան յոյսերն էին, որին ակնապիշ սպասում էին Վախթանգ եւ Եսայի՝ նստած Գանձակում: Երբ հասաւ բօթաբերը թէ կայսերական խոստումներն արդիւնք չտուին, Դաւիթ Բէկ սուրը դրաւ պատեանի մէջ: Նա Թամարին խոստացել էր թէ նպատակս է «ազատել հայրենիքս, ազատել իմ ազգը եւ Հայաստանի թագուհու թագը քո գլխին դնել»: Այս է վէպի նախնական հանգոյցը, որ պիտի լուծուէր Դաւթի յաղթանակով՝ պսակուած արքայական թագով: Վիպասանը գիտէ որ Դաւիթ Բէկ յոյս ունէր դրսի օգնութեան. տեսանք, որ Գանձակում բանակած հայ 60 հազար երեւակայական զօրքի հրամանատարը, իր կարծիքով, Դաւիթ Բէկն էր: Նա անտես է արել վէպի մէջ արտաքին նեցուկը եւ ակամայից թողել է հերոսին կէս ճանապարհին, առանց թագի: Այս զանցառութիւնը խորհրդաւոր է:
Դաւիթ Բէկ վէպը այսօր մեզ համար պատմական է կրկնակի իմաստով: Նրա հերոսը 1722 թուականի մարդ է, բայց խօսում է 1881 թուի լեզուով: Այդ լեզուն չի պատկանում մի միայն հեղինակին, Րաֆֆուն: Այդ այն լեզուն է որ սեպհական էր իր ժամանակակից հայ մտաւորականութեան կամ հայ հասարակութեան մի զօրաւոր հոսանքի, որ սկսուել էր վաղուց, բայց մի նոր երանգ էր ստացել 1878 թուից յետոյ: Ազատամիտ հոսանք էր ընդդէմ պահպանողականի: Նա ճոխացրեց իր ազատական գաղափարաբանութիւնը քաղաքական նոր տրամադրութիւններով՝ հայկական հարցի միջազգային փուլի շուրջ ճառագայթած լոյսի եւ յոյսի ազդեցութեան տակ: Դաւիթ Բէկ վէպը հասունացել է այդ մթնոլորտում, ուր այն ժամանակ աշխատում էր հեղինակը: Վէպի մէջ պակաս չեն էջեր եւ հայեացքներ որ յիշեցնում են «Մշակ»-ի հրապարակախօսութիւնը: Րաֆֆին հաղորդ է նոր տրամադրութիւններին եւ հաւատարմօրէն վերարտադրել է նրանց ոգին իր վէպի մէջ: Սուր աչքով նկատել է եւ սեւեռել է մի մտայնութիւն որ հազիւ ծայր էր տուել եւ մի միայն տասն տարուց յետոյ պիտի ձեւաւորուէր եւ մարմնանար գրեթէ այնպէս ինչպէս ինքը նախատեսել էր: Հարկաւ, ազատագրական շարժումը շատ բան է պարտական Րաֆֆուն, բայց սխալ կը լինէր կարծել թէ շարժումը նրա զաւակն է: Իրապէս երկուսն էլ ծնունդ են այն հովերի, որ գալիս էին 16-րդ յօդուածի խոստումներից: Շարժումի կարապետները եղել են նոյն միջավայրից ուր աշխատել է Րաֆֆին: Նրանք չէին որոճում ապստամբական լայն շարժումներ, գիտէին որ հնար չէ ոտքի հանել մի ժողովուրդ, որի հարիւրից իննսունը հրացան չէ տեսել եւ դեռ ծանօթ չէ զինուորագրութեան եւ ուրեմն չունի զինավարժութեան եւ զինուորական կարգապահութեան ընտել շարքեր: Նրանք հաւատացած էին որ մեծ պետութիւնները իրենց հետ են, որ իրենց թիկունք կը լինեն նաեւ ճնշուած զանգուածների «պաշտպան» Ընկերվարական Միջազգայնականը եւ ուրեմն բաւական է բողոքել տրտունջի ցոյցերով, ըմբոստական պայթիւններով, եւ խոստացուած բարենորոգումները կ’իրագործուեն: Այսպէս էր մտածում եւ Րաֆֆին: Երբ իր հերոսի բերանով ասում է թէ՝ «Սկսենք գործը, մնացածը Աստուծոյ ձեռքին է, Հայաստանը աստղ ունի, երկնքում արդար դատաւոր կայ», իսկապէս այլ բան չէ հասկանում քան լուսաւոր մարդկութեան պաշտպանութիւնը: Բայց եւ այնպէս Րաֆֆին մերժել է յատուկ տեղ տալ իր վէպի մէջ արտաքին գործօնին: Հերոսները գործում են անկախ իրենց հաշուին եւ պատասխանատուութեան եւ գործում են զէնքով: Վիպագիրը նախընտրել է ստեղծել, տալ հայրենասիրութեան մի տիպ որ լինի բացարձակ արժէք եւ պահէ իր նշանակութիւնը բոլոր պայմաններում, կը լինի արտաքին օգնութիւն թէ չէ, կը գայ դրսէն արդարութիւնը թէ չի գալ: Հայ միջավայրի եւ դարերով ահաբեկուած եւ զինաթափ մտայնութեան համար, նրա հայրենասիրութիւնը նորութիւն է, անուանենք մի բառով զինեալ հայրենասիրութիւն: Դաւիթ Բէկ իր զինակիցներով մարմնացնում է այդ հայրենասիրութեան գաղափարը: Վիպագրի տառապող մտքի յորձանքները, զգայուն սրտի անհաւասար գալարումները, մերթ խանդավառ, մերթ յուսահատ, գումարուել եւ քանդակել են զինուած հայրենասէրի տիպար Դաւիթ Բէկը:
Այսօր այդ մեծ քանդակագործի յիշատակն է որ տօնում է վարատական հայութիւնը: Նայում ենք մեր շուրջ եւ ամէն կողմից ճնշող մթութեան մէջ տեսնում ենք միայն Դաւիթ Բէկի ասպետական ուրուականը: Մեծ եւ փոքր ազգեր միաբերան խօսում են սպառազինուած հայրենասիրութեան մասին, ամէն տեղ միայն զէնքի շաչիւն է լսւում: Բոլորը զինւում են որպէս թէ խաղաղութեան համար: Մենք կռուազան չենք եւ զէնք էլ չունենք կռուելու: Բայց սովորենք գոնէ զինավարժութիւն, ծանօթանանք ժամանակակից ահաւոր զէնքերին, զինուորագրուենք եւ ոչ թէ խուսափենք օտար շարքերում: Օգտուենք պատեհութիւնից, խոհուն ճակատով եւ համր բերանով: Ոչ ոք չգիտէ, անցքերի թաւալգլոր անիւը ո՞ւր է տանում: Պատրաստ եւ զգաստ լինենք, որպէսզի չկորչենք անփառունակ, կռուողների ոտքերի տակ կոխան: Մեր զգաստութիւնը կը լինի մեծագոյն յարգանքը մեծ հայրենասէրի յիշատակին: