Նյութական պայմաններից անդին. Րաֆֆին առաջադիմական լուսավորության ներքին հակասությունների կիզակետում

 

1873 թվականից Րաֆֆին աշխատակցում է 19-րդ դարի հայ հասարակական մտքի վրա հեղափոխական ազդեցություն թողած Գրիգոր Արծրունու Մշակ պարբերականին: Հանդեսին աշխատակցելը հսկայական նշանակություն է ունեցել Րաֆֆու թե՛ որպես գրող ձևավորվելու և թե որպես լուսավորական գործիչ կայանալու գործում: 1879-ին գրված «Հայ երիտասարդութիւնը» հոդվածում Րաֆֆին հիշում է Մշակի ստեղծման առաջին տարիները և երևան հանում այն հանգամանքները, որոնք էական դեր էին խաղացել ոչ միայն հանդեսի գործունեության մեջ, այլ նաև նրա շուրջ խմբված երիտասարդության կյանքում: 

Հոդվածից ստորև ներկայացվող հատվածում հատկապես ուշագրավ է այն, որ Մշակի ձեռք բերած ժողովրդականության գրավականը Րաֆֆին տեսնում է միմյանց սերտորեն կապված արտաքին ու ներքին հանգամանքներում: Արտաքին հանգամանքներում, ըստ նրա, դեր էր խաղում այն, որ Մշակին հակադիր կանգնած և եկեղեցու դիրքերը պաշտպանող պարբերականները` Մեղուն, Արարատը և մյուսները  «խիստ ծոյլ գործակից» էին և չէին սիրում «նոր բան արդիւնաբերել», և այս պայմաններում Մշակն իր առաջադիմական հայացքներով նոր խոսք էր բերում հայ հասարակության մեջ` իրեն կապելով ավելի լայն խավին: Ներքին հանգամանքներում Րաֆֆին էական դեր է հատկացնում Մշակի շուրջ հավաքված ինքնուս երիտասարդության սոցիալական դրությանը: Ի տարբերություն Մեղուի և Արարատի, որի շուրջ համախմբված էին համալսարանական կրթությամբ և նյութապես ապահովված երիտասարդություն, Մշակի շուրջ  «ինքնակրթութեամբ զարգացած» «անաջողութիւնների տակ ճնշված, ամեն տեղից հալածված», «բոլոր նիւթական միջոցներից զուրկ» այն երիտասարդներն էին, որոնք իրենց սոցիալական ու նյութական դրությունը մոռացած ` «հասարակաց բարօրութեան» ապագա մեծ ծրագրեր էին հղանում: Րաֆֆին այս կերպ շոշափում է հայ լուսավորության առանցքային հատկություններից մեկը, այն, որ առաջադիմական իդեալները սերտորեն կապված էին նյութական պայմաններից այն կողմ գաղափարին նվիրվածությամբ: Այս հարաբերության պայմաններում ձևավորված առաջադիմությունը կարծես հակառակ է կանգնում նյութական ապահովությանն ու սոցիալականորեն հաստատվածությանը:  

Հոդվածը լույս է տեսել Մշակ հանդեսի 1879 թվականի 205-208 հաջորդական համարներում: Հրապարակվում է ըստ` Մելիքզադէ, «Հայ երիտասարդութիւնը», Մշակ, 1879, թիվ 205, էջ 1: 

 

 

Իւրաքանչիւր սերունդի համար թանգ է ժամանակի մի որոշ շրջանը։ Ես երբէք մոռանալ չեմ կարող 72 թւականը, երբ սկսվեցաւ հրատարակվել «Մշակ» լրագիրը։ Ի՞նչ կեանք էր տիրում այն ժամանակ Թիֆլիսում. ի՞նչ դրութեան մէջ էր գաւառների վիճակը։– Ամեն տեղ տիրում էր մի տեսակ անշարժութիւն, մի տեսակ թմրութիւն, մի տեսակ մեռելութիւն։ Յանկարծ, կարծես մի դիւթական գաւազանի հարուածքից, զարթեցաւ կեանքը։ Ոչ ոք չէր հաւատում, թէ այսպէս կարող էր լինել։ Հաւատում էր միայն երիտասարդների մի փոքրիկ խումբ։ Ես յիշում եմ այն գեղեցիկ տարիները, այն հրաշալի գիշերները, երբ այդ խումբը հաւաքված խմբագրատան մէջ, կարդում էին, ծխում էին և վիճում էին։ Մեզանից շատերը հագներին շապիկ չունէին, մտնում էին այնտեղ բոլորովին պատառոտած կօշիկներով այսուամենայնիւ, մենք ամենքս էլ ֆատալիստի յուսով հաւատում էինք, թէ կը տիրապետենք մի մեծ ապագայի։

Սկզբում այս լրագրի շուրջը խմբվեցաւ համալսարանական դիպլօմաւոր երիտասարդութիւնը։ Բայց նրանք շուտով ցրուեցան. կարծես թէ, գործը խորթ թւեցաւ իրանց։ Նրանք չը հաւատացին այս լրագրի ճակատագրին։ Մնացին դիպլօմից զուրկ ինքնուսները,– ինքնակրթութեամբ զարգացած մանկտին,– անաջողութիւնների տակ ճնշված, ամեն տեղից հալածված, բայց դարձեալ իր վեհութիւնը պահպանած մանկտին։ Ահա այդ ուժերը իրանց ուսերի վրա բարձրացրին «Մշակի» դրօշակը։

Հին «Մեղուն» այն ժամանակ նմանվում էր մի մաշված և ջարդված սայլակի, որին ճռնչելով քարշ էր տալիս մի ուժաթափ ձի։ Սայլավարը բոլորովին յուսահատված, մոլորված, և կէս ճանապարհի վրա կանգնած, մտածում էր. «հիմայ դէպի ո՞ր կողմը քշեմ»։– «Մշակից» բաժանված խումբը այս դրութեան մէջ գտաւ մաշված սայլակը։ Նրան նորոգեցին, կարկատեցին և սկսեցին մի և նոյն ճանապարհով յառաջ քշել…

Երիտասարդութեան աշխատանքը սուրբ է ինձ համար, որովհետև նոր կեանքի և նոր զօրութեան արտայայտութիւն է։ Ես «Մեղուի» ուղղութիւնը քննադատելու նպատակ չունեմ. այստեղ նոյնպէս գործում են մանուկ ուժեր։ Բայց պէտք էր ի նկատի առնել այն մեծ Վերանորոգչի խրատը, թէ «նոր գինին պէտք է նոր տիկի մէջ ածել. եթէ տիկը հին է, կը պատռվի, և գինին վիթվելով, կը ոչնչանայ»…

Թէ ինչ կեանք էր տիրում «Մեղուի» խմբագրատան մէջ, այդ մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև նրա շրջանի մէջ երբէք չեմ գտնվել։ Բայց այսքանը յայտնի էր, որ «Մեղուին» շրջապատում էր համալսարանական և ապրուստի կողմից փոքր ի շատէ ապահովված երիտասարդութիւնը, որոնք չէին կրում կեանքի այն տաժանութիւնները, որոնց դէմ ստիպված էին պատերազմել «Մշակի» աշխատակիցները։

Եւ այսպէս, համալսարանականները հեռանալով «Մշակից», ասպարէզը մնաց ինքնուսներին։ Այդ լրագրի խմբագիրը խիստ ճիշտ համեմատութիւն արեց, թէ նա թողեց դպիրներին և փարիսեցիներին, և իրան շրջապատեց հասարակ ձկնորսներով,– ժողովրդի չը փչացած զաւակներով։ Բայց պէտք էր ցոյց տալ հասարակութեանը, թէ այդ դիպլօմից զուրկ ուժերով կարելի էր կազմել մի նոր շկօլա։ Գործիչների առջև դրած էին ահագին դժուարութիւններ ահագին պարտականութիւնների հետ։ Հողը միանգամայն խոպանացած էր։ Աշխատանքի բաժանութիւն չը կար։ Ուզում եմ ասել, չը կային ուրիշ օրգաններ, որոնց իւրաքանչիւրը յանձն առնելով մշակութեան մի ճիւղը, սկսէին աշխատել։ «Մեղուն» խիստ ծոյլ գործակից էր, նոր բան արդիւնաբերել չէր սիրում, իսկ «Արարատի», «Հայկական Աշխարհի» և «Դպրոցի» մասին խօսելն անգամ աւելորդ է։ Բայց հասարակութիւնը մտաւոր սնունդ էր պահանջում։ Եւ այս պատճառով «Մշակը» ստիպված էր իր թերթերը բեռնաւորել ամեն տեսակ նիւթերով։ Պուբլիցիստիկան և բելետրիստիկան ձեռք ձեռքի տուած էին ընթանում։ Վիպասանը նկարում էր պատկերներ ժողովրդի կեանքից, ցոյց տալով նրա տգեղ այլանդակութիւնները։ Տնտեսագէտը հարուածում էր անխիղճ վաշխառուի և հարստահարիչ կապիտալիստի յարաբերութիւնները մշակ դասի հետ։ Մօրալիստը խորտակում էր այն սև նախապաշարմունքները, որ ծանրացած էին ամբոխի հոգու վրա, և մատուցանում էր բարոյական նոր սնունդ։ Առողջ խօսքը բղխում էր կենդանի աղբիւրից և տարածում էր դէպի ամեն կողմ նոր մտքեր։ Կրիտիկական ոգին գործում էր իր անխնայ անգթութեամբ։ Նա մտնում էր հեղինակի կաբինետը, վաճառականի խանութը, արհեստաւորի գործարանը, ծառայողի ատեանը, գիւղացու խրճիթը, մեծատան սալօնը, վարժապետի դպրոցը, կղերի մենարանը,– մի խօսքով, կեանքի բոլոր ծալքերում պտըտվում էր նա, և խաւարի միջից դուրս էր քաշում, մերկացնում էր այն ամենը, ինչ որ տգեղ էր, ինչ որ անարժան էր։ Այդ բոլորը գործվում էր այն շկօլայի մէջ, որ հիմնեց «Մշակը», ուր երիտասարդութիւնը ուսանում էր և ուսուցանում էր։

Ես երբէք չեմ կարող մոռանալ այն աղմկալի ժողովները, որ կազմվում էին այդ լրագրի խմբագրատան մէջ մի քանի տարի առաջ։ Եթէ ես ունեցել եմ իմ կեանքում մի քանի ոսկի րոպէներ,– դրանք պատկանում են այն ժամանակին։ Ժողովների մէջ ոգևորված և բորբոքված վիճաբանութիւնները տևում էին շատ անգամ մինչև գիշերվայ ժամի երկուսը։ Փոքրիկ, բոլոր նիւթական միջոցներից զուրկ, բայց բարոյապէս հարուստ խումբը ծրագրում էր հսկայական պրօեքտներ։ Այդ դօն-քիշօտութիւնը, երևակայութեան այդ տենդային բորբոքումը, թէև մասամբ ծիծաղելի էր, բայց գեղեցիկ էր, որպէս մանուկի ժպիտը, որ արտայայտութիւն է նոր սկսվող կեանքի։ Իդէաների խորին արբեցութեան մէջ, ամեն մի երիտասարդ մոռանում էր իր վիճակի տաժանութիւնը, և մտածում էր, վիճում էր հասարակաց բարօրութեան մասին։ Կէս գիշերից յետոյ նիստը վերջանում էր։ Խումբը ցրիւ էր գալիս բուլվարների վրա, երբ բոլոր հիւրանոցները փակված էին լինում։ Բայց դարձեալ խուլ և անապատացած փողոցների մէջ շարունակվում էր ընդհատված վիճաբանութիւնը։ Այն ժամին, երբ բախտաւոր թիֆլիսեցին հանգստանում էր իր փառաւոր քնարանի մէջ, մեր կիսամերկ շրջմոլիկները, Գօլօվինսկի Պրօսպեկտի սալերը դղրդելով, քննադատում էին մի նշանաւոր հասարակական հարց։ Ձիւնը, անձրևը, սառը քամին չէր քշում նրանց դէպի իրանց ողորմելի բնակարանները, այլ աւելի զովացնում էր և աւելի կազդուրում էր տաքացած գլուխները։ Նրանք բաժանվում էին միմեանցից, երբ զարկում էր առաւօտեան զանգակը. այն ժամանակ գնում էին հանգստանալու, որ միւս օրը նոր ուժով սկսեն աշխատել։