Հայ արդի հասարակական-քաղաքական ըմբռնումների տեսակետից սովորական է կա՛մ սևացնել, կա՛մ սրբացնել քաղաքականությունն ու քաղաքական պաշտոնը։ Առաջին դեպքում քաղաքական պաշտոնն ընկալվում է իբրև անարդարությամբ իշխանական լծակներ ձեռք բերած մեկի անձնական շահերը սպասարկելու վարկաբեկված միջոց։ Երկրորդ մոտեցումը ելնում է այն կանխադրույթից, որ պետությունն առաջին հերթին պետք է լինի մասնավոր շահերով, մարդկային կրքերով չապականված բարձր բարոյական գաղափարի մարմնացումը, իսկ պետական պաշտոնը՝ մարդկանց և ինքդ քեզ սեփական շահերից, կրքերից ու ախտերից՝ գաղափարական նվիրումով ազատելու կոչումը։ Առաջինը կարելի է համարել արձագանք այն իշխանական դաժան հարաբերություններին որոնցում դարերով ապրել է ինքնուրույն քաղաքական կյանքից զուրկ հայ ժողովրդը։ Երկրորդն էլ իր հերթին, կարելի է համարել նույն չարքաշ պայմաններում ծնված և այդ նույն պայմանները չեղարկել ցանկացող ժողովրդի բաղձալի տեսիլների արտահայտություն. տեսիլներ, որոնք արդի հայ քաղաքական մտքի հիմնադիրներից շատերի համար միաժամանակ սնվել են եվրոպական, մասնավորապես ֆրանսիական լուսավորության քաղաքական փիլիսոփայությունից։ Քաղաքական գործունեությունը բարոյական իդեալների վրա հենող լուսավորական այս փիլիսոփայությամբ ոգեշնչված հայ լուսավորիչները հատկապես 19-րդ դարի կեսերից կամա թե ակամա հաճախ խորացրել ու սրել են քաղաքական պաշտոնի այս երկու ըմբռնումների միջև հակադրությունն ու լարումը։
Այս առումով քաղաքական մտքի մեր ավանդույթի տեսանկյունից անակնկալ պետք է լինեն պետական պաշտոնի այն ըմբռնումները, որոնք ձևակերպվել են նույն ֆրանսիական լուսավորական քաղաքական մտքի համար հիմնարար նշանակություն ունեցած բրիտանական էմպիրիստական փիլիսոփայության շրջանակներում։ Ուշագրավ է մասնավորապես, թեբրիտանական էմպիրիզմի հիմնադիր, Անգլիայի Լորդ Կանցլեր Ֆրենսիս Բեքոնի կերպարում ու երկերում ինչպես են մեկտեղվում պետական պաշտոնյայի՝ մեզ համար հակադիր ընկալված անձնական զգացմունքներն ու հանրային պետական շահի կարևորումը, բարձր արժեքներն ու դրանք պետության մեջ գործնականում կենսագործելու համար անհրաժեշտ անշուք, իսկ երբեմն անգամ ցածր միջոցները։ Ստորև ներկայացվող փոքրիկ փորձասիրությունը ոչ այլ ինչ է, քան պետական պաշտոն զբաղեցնելու Բեքոնի իրական փորձառութունը՝ տեքստ դարձած. փորձառություն, որը փեղեկված չէ բաղձալի տեսիլի ու հողեղեն իրականության հակադրված ըմբռնումներով։
Հրապարակվում է առաջին անգամ, թարգմանությունը՝ Վարդան Ազատյանի։ Թարգմանությունն ըստ՝ Francis Bacon, The Major Works, խմբ․ Brian Vickers (Oxford: Oxford University Press, 1996), էջ 359-361։
Բարձր դիրքի մասին
Մարդիկ բարձր դիրքում ծառա են եռակի․ ծառա տիրակալի կամ պետության, ծառա համբավի և ծառա գործի։ Այնպես որ նրանք չունեն ազատություն ո՛չ իրենց անձի, ո՛չ արարքների, ոչ էլ ժամանակի վերաբերմամբ։ Տարօրինակ ցանկություն է՝ ձտգել իշխանության և կորցնել ազատությունը, կամ ձգտել իշխանության այլոց վրա և կորցնել իշխանությունը քո իսկ վրա։[1]Հմմտ. Սենեկայի Consolatio ad Polybium երկի VII հատվածը։ Բարձր դիրք ելնելը տքնաջան աշխատանք է, իսկ տքնությամբ մարդս իր գլխին ավելի մեծ տքնություն է բերում․ վերելքը երբեմն ստոր է, և անարժանություններով մարդս հասնում է արժանիքների։ Ոտքի տակի հողը սահում է, իսկ նահանջը կա՛մ անկում է, կա՛մ առնվազն նվաղում, ինչը տխուր բան է․ «Cum non sis qui fueris, non esse cur velis vivere»։[2]«Երբ այլևս առաջվանը չես, ապրելու իմաստ չես տեսնում»։ (M. Tullii Ciceronis Epistolarum ad Familiares Liber VII. iii. (Ad Marium)) Ո՛չ, մարդս կարող չէ գլուխը քաշել ու հանգիստ ապրել, երբ հնարավոր է, ոչ էլ երբ հարկն է․ նա սրտնեղում է մենությունից նույնիսկ տարիքն առած կամ հիվանդ ժամանակ, երբ ստվերում մնալու կարիք կա։ Ինչպես քաղաքի ծեր բնակիչ, նա դեռ նստելու է իր դռան շեմին, նույնիսկ տարիքը ծաղրի առարկա դարձնելու հաշվին։
Անշուշտ բարձր դիրք զբաղեցնող մարդիկ պետք է ընդունեն այլոց կարծիքներն իրենք իրենց երջանիկ զգալու համար, քանզի եթե դատելու լինեն իրենց իսկ զգացողության հիման վրա, ապա երջանկություն չեն գտնի։ Սակայն եթե մտածեն իրենց մասին այն, ինչ մտածում են նրանք, ովքեր ուրախությամբ կուզեին իրենց պես լինել, ապա երջանիկ կլինեն, այսպես ասած, ուրիշի խոսքով։ Այնինչ իրենց ներսում հակառակը՝ դժբախտություն կգտնեն, քանզի նրանք առաջինն են իմանում իրենց դառնությունների և վերջինը՝ իրենց սխալների մասին։ Անշուշտ մեծավորներն օտարացած են իրենցից, և երբ խրված են գործնական կյանքի թոհուբոհի մեջ, նրանք ժամանակ չեն ունենում հետևել իրենց առողջությանը՝ մարմնի, թե հոգու․ «Illi mors grams incubat, qui notus nimis omnibus, ignotus moritur sibi»։[3]«Մահը ծանր է նստում նրա վրա, ով հայտնի է աշխարհին, բայց անհայտ է իրեն»։ (Seneca. Thyestes. XI. 401–403․)
Բարձր դիրքում և՛ բարիք, և՛ չարիք գործելու հնարավորություն կա, և դա անեծք է, քանզի չարիքի պարագայում լավագույն պայմանն է չկամենալը, իսկ չկարողանալը՝ երկրորդական։ Բայց բարիք գործելու ուժը բարձր դիրքի ձգտելու ճշմարիտ ու օրինական վերջնանպատակն է, քանզի բարի մտադրությունները (թեև աստվածահաճո) մարդկանց առնչությամբ բարի երազներից քիչ բանով են ավելի լավը, եթե գործի չեն դրվում, իսկ սա չի կարող տեղի ունենալ առանց իշխանությունն ու բարձր դիրքն իբրև հենակետ ունենալու։ Հարգն ու բարի գործերը մարդուս շարժմունքի վերջնանպատակն են, իսկ նույնի գիտակցումը՝ մարդուս հանգստի վաստակը։ Չէ՞ որ, եթե մարդս Աստծո թատրոնի մասնակիցն է,[4]Հմմտ. Francis Bacon, Major Works, խմբ. Brian Vickers (Oxford: Oxford University, 2008), էջ 247։ ապա նաև Աստծո հանգստի մասնակիցը պետք է լինի։ «Et conversus Deus, ut aspiceret opera quae fecerunt manus suae, vidit quod omnia essent bona nimis»,[5]«Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, և ահա շատ բարի էր» (Ծննդ․ 1․31)։ և հետո սուրբ հանգիստը։
Պաշտոնավարելիս աչքի առաջ դիր լավագույն օրինակները, քանզի նմանությունը մի ամբողջ կանոնագիրք է։ Որոշ ժամանակ անց աչքի առաջ դիր քո իսկ օրինակը, և ինքդ քեզ խստորեն քննիր, թե արդյո՞ք սկզբում ավելի լավ չէիր աշխատում։ Նաև զանց մի առնիր օրինակները նրանց, որոնք նույն պաշտոնում ժամանակին իրենց վատ են դրսևորել՝ ոչ թե նրանց մասին հիշողությունը մրոտելով ինքդ քեզ առանձնաշնորհելու, այլ սովորեցնելու, թե ինչից խուսափես։ Ուստի բարեփոխումներ արա առանց սնապարծության կամ նախընթաց ժամանակների ու անձանց անվանարկման, բայց ինքդ քո առաջ խնդիր դիր ոչ միայն հետևելու լավ նախադեպերին, այլև ստեղծելու դրանք։ Իրերը հանգեցրու սկզբնադրմանը[6]Հմմտ. Bacon, Major Works, էջ 190։ և զննիր, թե որտեղ և ինչպես են այլափոխվել, բայց և խորհուրդ հարցրու երկու ժամանակներից էլ՝ հնից՝ թե ինչն է լավագույնը, և նորից՝ թե ինչն է ամենից բարեհարմարը։ Ձգտիր կանոնակարգել քո գործունեության ընթացքը, որ մարդիկ նախապես իմանան, թե ինչ սպասեն․ մի եղիր շատ ինքնահավան ու տիրական և լավ բացատրիր, թե երբ ես շեղվել քո իսկ կանոնից։ Պաշտպանիր պաշտոնավարման քո իրավունքը, բայց իրավասության հարցեր մի բարձրացրու և ստանձնիր ղեկավարման քո իրավունքն ավելի շուտ լռությամբ և փաստացիորեն, քան թե հռչակիր այն պահանջներով ու մարտահրավերներով։ Նույն կերպ և պաշտպանիր ստորադասների իրավունքներն ու ավելի պատվաբեր համարիր ղեկավար դիրքից ուղղորդելը,[7]Հմմտ. Plutarch, Moralia (Cambridge MA: Harverd University, 1936), էջ 230-231։ քան ամեն ինչով անձամբ զբաղվելը։ Ընդունիր և խրախուսիր աջակցություններն ու խորհուրդները, որոնք վերաբերում են պաշտոնական պարտականությունների կատարմանը, և իբրև անհարկի միջամտողների մի վանիր նրանց, ովքեր քեզ տեղեկություններ են բերում, այլ բարեսրտորեն ընդունիր։
Իշխանության (authority) արատները չորսն են․ հապաղումները, ապականությունը (corruption), կոպտությունը և կակղությունը։ Հապաղումների առնչությամբ․ հեշտացրու քեզ մոտ մտնելու հնարավորությունը, պահպանիր դրված ժամկետները, ավարտիր ձեռքի տակ եղած գործերը և առանց անհրաժեշտության մի խառնիր տարբեր գործեր։ Ապականության առնչությամբ․ ոչ միայն քո և քո ծառայողների ձեռքերը կապիր, որ չվերցնեն, այլև խնդրատուներինը, որ չտան։ Առաջին պարագայում իր գործը կանի անեղծության վարժանքը, բայց երկրորդում՝ անեղծության հրապարակայնացումը՝ կաշառության նկատմամբ բացահայտ գարշությամբ։ Եվ խուսափիր ոչ միայն սխալվելուց, այլև կասկածվելուց։ Ով հեղհեղուկ է և բացահայտորեն փոխվում է առանց բացահայտ պատճառի, ապականության մեջ կասկածի տեղիք է տալիս։ Այդ իսկ պատճառով երբ փոխում ես քո կարծիքը կամ գործելակերպը, միշտ պարզորոշ կերպով հայտարարիր այդ մասին և հռչակիր այն պատճառների հետ միասին, որոնք դրդել են քեզ փոփոխության, և մի փորձիր ծածկադմփոց անել։ Ծառայողը կամ սիրելին, եթե մտերիմ շրջանակի ներսում է և չունի գնահատված լինելու այլ ակնհայտ պատճառ, սովորաբար ընկալվում է զուտ իբրև ապականությունը կոծկելու զարտուղի ճանապարհ։ Կոպտության առնչությամբ․ սա դժգոհության անհարկի պատճառ է։ Խստությունը վախ է սերմանում, կոպտությունն՝ ատելություն։ Իշխանության կողմից արվող կշտամբանքներն իսկ պետք է լինեն ծանր, բայց ոչ ծաղրալիր։ Ինչ վերաբերում է կակղությանը, այն կաշառությունից էլ վատ է, քանզի կաշառությունն առիթից առիթ է լինում, բայց եթե ժտանքը կամ պարապ մեծարանքներն են առաջնորդում մարդուս, ապա նա այլևս չի կարող առանց դրանց։ Ինչպես ասում է Սողոմոնը, «Երեսպաշտութիւնը լաւ չէ, բայց մի պատառ հացի համար յանցանք է գործում մարդ»։[8] (Առակ․ 28.21) Բեքոնի մոտ․ «To respect persons is not good; for such a man will transgress for a piece of bread»։ Հմմտ. նաև Bacon, Major Works, էջ 269։ Չափազանց ճիշտ է հնում ասվածը․ «Դիրքը ցույց է տալիս մարդուն»։ Եվ որոշ դեպքերում դա անում է լավ, իսկ որոշ դեպքերում վատ կողմերով։ «Omnium consensu capax imperii, nisi imperasset»,[9]«Բոլորը համաձայն էին, որ նա ի վիճակի է ղեկավարել, մինչև չղեկավարեց»։ (Cornelii Taciti Historiarum Liber I. Caput 49) – ասում է Տակիտոսը Գալբայի մասին, բայց Վեսպասիոնոսի կապակցությամբ այս է ասում․ «Solus imperantium, Vespasianus mutatus in melius»։[10]«Ղեկավերներից միայն մեկը՝ Վեսպասիանոսը, փոխվեց դեպի լավը» (Cornelii Taciti Historiarum Liber I. Caput 50)։ Առաջինը, սակայն, վերաբերում է կարողություններին, իսկ երկրորդը՝ բարքին ու բարեսիրությանը։ Արժանի ու ազնվաբարո ոգու հավաստի նշան է, երբ փառքն ու պատիվը ուղղում են մարդուս։ Արդ փառքն ու պատիվն առաքինության տեղն են, կամ պետք է լինեն այդպիսին, և ինչպես բնության մեջ իրերը սրարշավում են դեպի իրենց տեղը և հանդարտվում, երբ գտնում են այն, այնպես էլ առաքինությունը պատվասիրության մեջ բուռն է, իսկ իշխանության մեջ՝ նստած ու հանդարտ։
Բարձր դիրք միշտ ելնում են ոլորապտույտ սանդուղքով, և եթե կան կուսակցություններ, լավ է կողմնակցել, երբ դեռ ելնում ես, և հավասարակշռվել, երբ դիրքն զբաղեցրել ես։ Քո նախորդի հիշողության հետ վարվիր արդարաբար և զգուշորեն, քանզի եթե դա չանես, այդ տուրքը վստահաբար կվճարվի քեզնից հետո։ Եթե ունես պաշտոնակիցներ, հարգիր նրանց, և ավելի լավ է կանչես խորհրդի, երբ չեն սպասում, քան դուրս ձգես, երբ պատճառ ունեն ակնկալելու, թե կանչված են։ Խնդրատուների հետ խոսակցություններում և մասնավոր պատասխաններում չափազանց զգայուն մի եղիր քո զբաղեցրած դիրքի նկատմամբ կամ անհարկի մի հիշատակիր այն, այլ ավելի լավ է, թող ասեն․ «Երբ նստում է աթոռին, ուրիշ մարդ է դառնում»։
Ծանոթագրություններ
↑1 | Հմմտ. Սենեկայի Consolatio ad Polybium երկի VII հատվածը։ |
---|---|
↑2 | «Երբ այլևս առաջվանը չես, ապրելու իմաստ չես տեսնում»։ (M. Tullii Ciceronis Epistolarum ad Familiares Liber VII. iii. (Ad Marium |
↑3 | «Մահը ծանր է նստում նրա վրա, ով հայտնի է աշխարհին, բայց անհայտ է իրեն»։ (Seneca. Thyestes. XI. 401–403․ |
↑4 | Հմմտ. Francis Bacon, Major Works, խմբ. Brian Vickers (Oxford: Oxford University, 2008), էջ 247։ |
↑5 | «Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, և ահա շատ բարի էր» (Ծննդ․ 1․31)։ |
↑6 | Հմմտ. Bacon, Major Works, էջ 190։ |
↑7 | Հմմտ. Plutarch, Moralia (Cambridge MA: Harverd University, 1936), էջ 230-231։ |
↑8 | (Առակ․ 28.21) Բեքոնի մոտ․ «To respect persons is not good; for such a man will transgress for a piece of bread»։ Հմմտ. նաև Bacon, Major Works, էջ 269։ |
↑9 | «Բոլորը համաձայն էին, որ նա ի վիճակի է ղեկավարել, մինչև չղեկավարեց»։ (Cornelii Taciti Historiarum Liber I. Caput 49) |
↑10 | «Ղեկավերներից միայն մեկը՝ Վեսպասիանոսը, փոխվեց դեպի լավը» (Cornelii Taciti Historiarum Liber I. Caput 50)։ |