Նորօրյա լուսավորիչը` սիրո քարոզիչ. Րաֆֆին Աղթամարի վանքում

 

1850-ական թվականների վերջերին Րաֆֆին ճանապարհորդում է Թուրքահայաստան` սեփական աչքերով ծանոթանալու թուրքահայության ներքին կյանքին: Ճանապարհորդությունից ստացած անմիջական տպավորություններով նա գրում է իր անդրանիկ երկը` Աղթամարա վանքը ուղեգրությունը, որը հրատարակության է ուղարկում Մոսկվայում լույս տեսնող Հյուսիսափայլ հանդեսին: 

Երիտասարդ մտավորականին ծանր էր եկել հատկապես ժողովրդի թշվառ վիճակը, որի պատճառները նա տեսնում էր ամենուր տիրող անկրթության ու հետամնացության մեջ: Այս համատեքստում Րաֆֆին իր քննադատության սլաքն ուղղում է դեպի հայ եկեղեցական դասը` համոզված լինելով, որ կրոնը գործնական օգուտի դիրքերից քարոզելով և դրան համապատասխան ծիսակարգ մշակելով՝ հայ հոգևորականությունը քրիստոնեական կրոնը վերածել է նյութապաշտության վրա հիմնված մի այնպիսի համոզմունքի, որտեղ աղարտվել են քրիստոնեական հավատքի երեք հիմնասյունների` հավատի, հույսի և սիրո փոխկապակցվածությունը: Ստորև ներկայացվող հատվածում իր խոսքը եկեղեցական դասի ըմբռնումները պաշտպանող Աղթամարի վանահոր ըմբռնումներին հակընդդեմ կառուցելով` Րաֆֆին փորձում է ցույց տալ, թե ինչպես է մշակված ծիսակարգը անբանացրել քրիստոնեական հավատքի նորկտակարանային օրենքը` նրանից դուրս թողնելով «հավատքի նյութական խորհուրդները» կենդանացնող սիրո բարոյականությունը: Նա կարծում է, որ այն, քրիստոնեական հավատքի «անկյունաքարը» լինելով, մարդու հոգու մեջ աստվածային այն կայծն է, որի բորբոքմամբ ոչ միայն կարելի է թոթափել անկրթությամբ ու հետամնացությամբ մարդու մեջ բույն դրած խավարամտությունը, այլ նաև ճանապարհ հարթել նյութական բարեկեցության համար: 

​​Ուղեգրությունը հրատարակվել է Հյուսիսափայլ հանդեսի 1860 թվականի 11-րդ համարում: Հրատարակվում է ըստ` Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 8 (Երևան: Հայպետհրատ, 1963), էջ 300-301: 

 

 

Քրիստոնեական կրոնը պահանջում է երեք գլխավոր բան, հավատ, հույս և սեր: Ձեր ժողովուրդն ունի չափազանց հավատ, բայց ինչպիսի – նյութական: Ըստ որում պաշտում է նա եկեղեցական կարգերը մի առանձին ջերմեռանդությամբ, նայելով միայն նոցա արտաքին երևույթի վերա, բնավ չհասկանալով նոցա խորհուրդը: Գիտե ծնելուց հետո նա մկրտված է, որ մաքրել է սկզբնական մեղքից. նորանից հետո, եթե նոր մեղք արած լինի, հաղորդությունը քավում է, ամուսնական կարգը նույնպես մեղքերից ազատ է. մեռնելու ժամանակ թե մեղքեր լինին, այն ևս վերջին խոստովանությամբ և հաղորդությամբ սրբվում են. եթե մի մեղք դեռևս մնացած լինի, այն ևս երկնքումը քավում են նոքա այս աշխարհի պատարագովը և քահանաներին հոգեբաժին, աղքատներին հաց տալով – վերջացավ, գնաց. արքայության դուռները քո առջև բաց են: Ծառա եմ մի այդպիսի շնորհի. ի՞նչ կամիս, արա. հոգին դուրս գա թող, քահանան քո մեղքին ցավը լա. աջահամբույրը, ժամունցը, հիշոցը և այն բոլոր կատարած կարգերի հատուցումը, որ արել է, մի՞թե ձրի են: Սարսափելի անձնախաբերություն: Ահա ձեր ժողովուրդը հավատքի – այս զգալի նյութական իրողությունների վերայ – ամրացնելով յուր հույսը, կրոնի երկրորդ մասը, մտածում է, թե դոցանցով է յուր փրկությունը: Բայց կրոնի երրորդ մասը, սերը, որից հառաջանում է բարի գործ, և ամենայն ինչ, որ բարի է, որից բխում է մարդկային կյանքի երանությունը այս և հանդերձյալ աշխարհում, այդ սերը, որ հոգի է տալիս, կենդանացնում է հավատքի նյութական խորհուրդները, այդ պատվական մասը մեռած է, որ ավետրանական ուսման անկյունաքարն է, որ պարունակում է յուր մեջ օրենք ու մարգարեք, որ և մարդկային ազգի սրտի մեջ արմատացնելու համար աշխարհ եկավ Հուսուս Քրիստոս: