1967-ին Հովհաննիսյանի՝ հրատարակման ներկայացված Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և հայ ազգային-քաղաքական կուսակցությունների պատմության հատորը հայտնվեց գիտական ու քաղաքական քննադատության նշանակետում: Վերանայելով դեռևս 1920-ականների վերջին հաստատված հայաստանյան քաղաքական մտքի ստալինյան պատմությունը՝ Հովհաննիսյանը Ուրվագծերում վիճարկում էր այդ պատմության մեջ Դաշնակցություն կուսակցությանը տրված գնահատականը: Ըստ 1928-ին ընդունված ստալինյան հատուկ որոշման՝ հայաստանյան մանրբուրժուական իրականությունից ծնված, գյուղի ու քաղաքի մտավորականի, գյուղացու ու մանր առևտրականի կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններից ելած կուսակցությունը հայտարարվեց խոշոր արդյունաբերական բուրժուազիայի կուսակցություն: Կեղծելով դեռ 1920-ականների սկզբին Հովհաննիսյանի առաջ քաշած Դաշնակցության մանրբուրժուականության տեսությունը՝ Ստալինը կեղծեց հայաստանյան քաղաքական մտքի ողջ պատմությունը՝ կտրելով դեպի մանրբուրժուական նարոդնիկական շարժումներ ձգվող Դաշնակցության ծագումնաբանական կապերը: Ինչպես 1920-ականներին, այնպես էլ 1960-ականներին Հովհաննիսյանն առաջադրում էր Դաշնակցության մանրբուրժուականության տեսությունը, և ինչպես 1920-ականների վերջին, այնպես էլ 1960-ականների վերջին Հովհաննիսյանը մեղադրվում էր Դաշնակցությանը «ռեաբիլիտացնելու» փորձի մեջ: Ուրվագծերի շուրջ սկսված քաղաքական ու գիտական քաշքշուկի պայմաններում իր դեմ հնչող քննադատությանը դեմ հանդիման Հովհաննիսյանը պնդում էր, որ գրքում արծարծած իր տեսակետը համընկնում է Լենինի և Շահումյանի՝ Դաշնակցության նարոդնիկական ծագումնաբանության մասին առաջ քաշած գնահատականներին: Ակնհայտ էր, որ Հովհաննիսյանի հայացքները չէին համընկնում 1928-ին Դաշնակցության մասին ընդունված բանաձևին. խնդիրն այն էր, որ այդ բանաձևի հեղինակները, ըստ Հովհաննիսյանի, շրջանցել էին Լենինի և Շահումյանի տեսակետը Դաշնակցության մասին:
Ստորև ներկայացվող վավերագիրը արխիվային մի փաստաթուղթ է, որտեղ Հովհաննիսյանը պարզաբանում է Շահումյանի՝ Դաշնակցությանը տված գնահատականը: Անթվակիր այս փաստաթուղթն ամենայն հավանականությամբ գրվել է Հովհաննիսյանի ու նրա գրքի դեմ սկսված կռվի շրջանում: Դեռ 1920-ականների վերջին Դաշնակցությունը բուրժուական կուսակցություն հռչակելիս Շահումյանին հղումներ անող իր ախոյաներին ի պատասխան Հովհաննիսյանը հենց Շահումյանին ու նրա մոտեցումներն էր դարձնում պատմական քննության առարկա: Պատմականացնելով Դաշնակցությանը տված Շահումյանի գնահատականը՝ Հովհաննիսյանը վերանայում էր 1928-ի որոշումը, որը ոչ թե պատմական քննության, այլ քաղաքական դատապարտման էր ենթարկել կուսակցությանը: Շահումյանի գնահատականը փոփոխվող պատմական ընթացքի մաս դիտարկելով՝ Հովհաննիսյանը հետ էր բերում ստալինիզմի արդյունքում ժամանակի մեջ քարացած հայ քաղաքական մտքի պատմության կենդանի ընթացքը:
Հրապարակվում է ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, ցուցակ 144⁴, վավերագիր 10, թերթ 3, 5:
Վավերագիրը մեքենագիր արխիվային նյութ է, որի վրա Հովհաննիսյանը գրիչով կատարել է խմբագրումներ: Տեքստի վրա Հովհաննիսյանի կատարած հավելումները նշել ենք սուր փակագծերով (< >): Այն հավելումները, որոնք արվել են մեքենագիր տեքստը փոփոխելու արդյունքում, վերցրել ենք քառակուսի փակագծերի մեջ ([ ]) և ծանոթագրել ենք: Այն հատվածները, որոնք Հովհաննիսյանը պարզապես ջնջել է, առանձնացրել ենք ձևավոր փակագծերով ({ }):
Շահումյանը դաշնակցության մասին
Շնորհիվ պատմական իր բացառիկ խորատեսության մինչև Բաքվի կոմունայի օրերը ներառյալ՝ դաշնակցությունը բնութագրելիս Շահումյանը շարունակում էր ելնել այդ կուսակցության մասին Վ. Ի. Լենինի գրած հոդվածների դրույթներից: Այնուամենայնիվ Շահումյանին դեռ լիովին [հայտնի չէին]i դաշնակցության «դեմոկրատական» էտապի նարոդնիկների հետ ունեցած քաղաքական և գաղափարական {բոլոր} առնչությունները:
Այդ ակներև է 1916 թվականի վերջերին Շահումյանի գրած «Ինտելիգենցիան և նացիոնալիզմը» հոդվածի մի ծանոթագրությունից, ուր կարդում ենք.
«Եղել են, իհարկե, իսկական ռոմանտիկ առանձին անհատներ Սիմեոն Զավարյանի նման, բայց հայ ինտելիգենցիան, իբրև ամբողջություն իր տաճկահայկական պրոպոգանդով նացիոնալիստական գործունեությամբ Ռուսաստանում ծառայել է միայն իր և «ազգասիրաբար» իրեն կերակրող կովկասահայ բուրժուազիայի շահերին, զոհաբերելով նրանց (իմա բուրժուազիային – Ա. Հ.) վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ ժողովրդական մասսաների առաջադիմությունը, իսկ վերջերս նաև նրանց ֆիզիկական գոյությունը»[1]Ստ. Շահումյան, Երկեր, հատ. 2, էջ 404 և հետ., ծան.::
[Չի կարելի չնկատել, որ Շահումյանի այս տողերը չեն հանգավորված դաշնակցության դեմոկրատական էտապի մասին գրած նրա արդարացի դիտողություններին և ըստ էության համընկնում են 1928 թ. նոյեմբերյան]ii պլենումում ընդունված բանաձևին, անտեսելով ինչպես արևմտահայ զանգվածների մասնակցությունը 80-ական և 90-ական թթ. սկզբների սուլթանական ռեժիմի դեմ մղված <արևմտահայ ժողովրդական զանգվածների> ազատագրական պայքարը և այն ղեկավարող արևելահայ մանր-բուրժուական կուսակցությունների գործունեությունը: Նկատենք, ի դեպ, որ առանձնացնելով Ս. Զավարյանի անհատական դերը, Շահումյանը շրջանցում էր, որ Զավարյանը և իր [համախոհները]iii հանդիսանում էին <հենց 90-ական թթ.> դաշնակցության ղեկավար կոլեկտիվի գաղափարական միջուկը: Որևէ <սկզբունքային> տարախոհություն նրա և այդ միջուկի մյուս անդամների մեջ [չկար]iv:
Ծանոթագրություններ
↑1 | Ստ. Շահումյան, Երկեր, հատ. 2, էջ 404 և հետ., ծան.: |
---|
—————————————————————————————————————-
i Ավելացված է «անհայտ էին» ձևակերպման փոխարեն:
ii Ավելացված է «Ակներև է, որ Շահումյանի այս տողերի մեջ արևելահայ բուրժուազիայի և արևմտահայ բուրժուա-դեմոկրատական շարժման մասին պահպանվել են պատկերացումներ, որոնք աղբյուր կարող էին ծառայել» ձևակերպման փոխարեն:
iii Ավելացված է «մերձավոր ընկերները» ձևակերպման փոխարեն:
iv Ավելացված է «չի եղել» ձևակերպման փոխարեն:
Ուշագրավ է մեքենագիր արխիվային փաստաթղթի երկու էջերի միջև, առանձին թղթի վրա Հովհաննիսյանի՝ տեքստի վերջնամասի գրի առած այլ տարբերակը, որտեղ վերջինս ավելի կտրուկ է առաջադրում իր տեսակետը. «Այս կապակցությամբ պիտի նկատենք, որ Շահումյանը խորապես տարբերանշում էր Դաշնակցության «դեմոկրատական» և «իմպերիալիստական» էտապները: Այնուամենայնիվ նա անտեղյակ էր, որ ինչպես ակներև դարձավ իմ հրապարակած նյութերից, Ս. Զավարյանը հանդիսանում էր 90-ական թվականի սկզբներին դաշնակցության նորընտիր ազգային–նարոդնիկական օպոզիցիայի գաղափարական ղեկավարներից մեկը»: