Պետության գաղափարն իբրև քաղաքացու պարտք. պետության պարտաբանական ըմբռնումը մեզանում

 

Եթե փորձենք արդի հայ պետական-քաղաքական մտքի վրա նետել ընդհանուր փիլիսոփայական հայացք, ապա կնկատենք, որ այն իր ելակետային մոտեցումները սահմանում է պարտաբանական էթիկայի հասկացական շրջանակի ներսում։ Քաղաքական մեր միտքն իրեն հենում է մարդու, մարդկային հասարակության այն ըմբռնման վրա, որին գործնականում դեռ պետք է համապատասխանի քաղաքական այս նախագծի հասցեատերը՝ քաղաքացին։ Այս առումով պատահական չէ, որ 19-րդ դարի հայ լուսավորիչների քաղաքական պատկերացումների ձևավորման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել մարդուն՝ ազատ մարդու իդեալի անկյան տակ ըմբռնող Ռուսոյի քաղաքական հայացքները։ Վերջիններս արևմտյան ավանդույթում առանցքային են եղել քաղաքականության և մասնավորապես արդի պետության պարտաբանական մտքի ներսում։

Չենք սխալվի, ասելով, որ ընդհանուր պարտաբանական էթիկայի շրջանակում է մեզանում ձևակերպվել պետության ըմբռնումը թե՛ 20-րդ դարի սկզբին՝ Առաջին Հանրապետության, թե՛ դարավերջին՝ Երրորդ Հանրապետության տարիներին։ Սա հատկապես վառ արտահայտված է Հայաստանի անկախության հռչակագրի նախաբանում, որտեղ ուրվագծվում են բոլոր այն բաղձանքներն ու չափանիշներն, այդ թվում հայ «ազգային իղձերն» ու «միջազգային նորմերը», որոնք պետք է իրականացնի և որոնց պետք է համապատասխանի դեռ ստեղծվելիք հանրապետությունը։ Պետության այս ելակետային ըմբռնումն ամենևին չի սահմանափակվել միայն հանրապետության հիմնադրման ժամանակաշրջանով, այլև հարատևում է մինչ օրս։ Այսօր էլ պետության մասին մտածել մեզանում առաջին հերթին նշանակում է մտածել այն մասին, թե ինչ իդեալին պետք է համապատասխանի պետությունն ու դրա քաղաքացիների ազգային-հասարակական կյանքը։ Սրա հստակ արտահայտություն է, օրինակ, Երրորդ Հանրապետության պատմագրության կենտրոնական հեղինակներից մեկի՝ Արարատ Հակոբյանի վերջերս լույս տեսած Միացյալ և անկախ Հայաստանի գաղափարը գրքույկը, որտեղ պետությանը մոտենալու հիշյալ պարտաբանական շրջանակը հյուսված է «Միացյալ և անկախ Հայաստանի»՝ իբրև գերագույն արժեք ըմբռնված գաղափարի շուրջ։

Հրապարակվում է ըստ՝ Արարատ Հակոբյան, Միացյալ և անկախ Հայաստանի գաղափարը (Երևան։ Լուսակն, 2020), էջ 208-210։

 

 

 Վերջաբան

— Մեր ժամանակներում այդ [Միացյալ և անկախ Հայաստանի] գաղափարի  նյութականացման վառ վկայություններ են հայկական երկու ազատ և անկախ հանրապետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, հետագայում՝ Միացյալ Հայաստանի հեռանկարով:

— Միացյալ և անկախ Հայաստանի գաղափարը կենսունակ է արդի ժամանակաշրջանում ևս, քանզի գոյություն ունի շուրջ 10 միլիոնանոց Սփյուռք, որն իր հիմնական մասով երազում է վերադառնալ իր պատմական հայրենիքը: Դժվար չէ կռահել, որ եթե մոռացության մատնվի այդ գաղափարը, ապա աշխարհացրիվ սփյուռքահայությունը, Հայրենիք վերադառնալու հեռանկարը չտեսնելով, կարող է արդի գլոբալացվող աշխարհի պայմաններում անխուսափելիորեն ձուլվել ու փոշիանալ:

— Պայքարը Միացյալ, Անկախ Հայաստանի համար շարունակական է, այն մղվելու է այնքան ժամանակ, քանի դեռ  լուծում չի ստացել Հայկական հարցը: Միացյալ Հայաստանի գաղափարը հոգևոր սնունդ է առաջին հերթին Սփյուռքի ինքնապահպանության, ապագայի հանդեպ լավատեսությամբ լցվելու, զարգանալու և հարատևելու համար: Միացյալ և Անկախ Հայաստանի կարգախոսով պայքարը շարունակվում է՝ աշխարհասփյուռ հայությունը ամբողջացած հայրենիքում տեսնելու հրամայականով: Մի խոսքով՝ Միացյալ Հայաստանի գաղափարը կենսարթուն պահելը և դրան հետամուտ լինելը նաև ազգային անվտանգության խնդիր է:

— Միացյալ Հայաստանի գաղափարի կրողը հայ ժողովուրդն է, Հայաստանի ու Արցախի անկախ հանրապետությունները: Հարյուրամյա հեռավորությունից դիտարկելով Միացյալ և Անկախ Հայաստանի վերաբերյալ Առաջին Հանրապետության կառավորության ընդունած ակտը՝ կարելի է արձանագրել, որ այն չի կորցրել իր արդիականությունը նաև մեր ժամանակներում: Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ ներկայում այդ գաղափարի առաջամարտիկը, իր 130–ամյա կուտակած հարուստ փորձով, եղել ու մնում է ՀՅԴ կուսակցությունը:

— Միացյալ Հայաստանի գաղափարը (պահանջը) միջազգային իրավունքի տեսակետից պետք է կենսարթուն պահել միջազգային ատյաններում: Հայաստանն ու հայ ժողովուրդը, նրա պետական, քաղաքական և հասարակական կառույցները պետք է շարունակաբար, առանց վաղեմության ժամկետի, հետամուտ լինեն և իրազեկ պահեն միջազգային հանրությանը և նրա ամենաբարձր ատյաններին, որ 20–րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունը հայերի հանդեպ իրականացրել է աննախընթաց ցեղասպանություն իր սեփական հայրենիքում, որի հետևանքով հայ ժողովուրդը զանգվածաբար կոտորվել է կամ էլ բռնագաղթեցվելով զրկվել է իր հայրենիքի մեծագույն մասից՝ Արևմտյան Հայաստանից: Ուստի հայ ժողովուրդն ունի պատմաիրավական, քաղաքական ու բարոյական բոլոր հիմքերը՝ իր կորսված հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի պահանջատեր լինելու: Այդ իմաստով ակներև է դառնում, որ Միացյալ Հայաստանի պահանջը ուղղակի կապի մեջ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման (հայրենատիրման) հիմնահարցի հետ:

— Յուրաքանչյուր կենսունակ ազգ–ժողովուրդ ունի պատմականորեն ձևավորված որոշակի ազգային քաղաքական իդեալ: Ազգային–հավաքական իդեալ չունեցող և դրան չձգտող ժողովուրդը ապագա չի ունենա: Նա, ի վերջո, կձուլվի ու կվերանա: Այդ տեսլականը համայն հայության համար, կարծում ենք, եղել է ու կմնա Միացյալ և Անկախ Հայաստանի հայրենատիրման գաղափարը, ինչպես որ հրեաների համար՝ Սիոնիզմը կամ Մեծ Իսրայելի ստեղծումը, ռուսների համար՝ Երրորդ Հռոմի, հույների համար՝ Մեծ Հունաստանի ստեղծման, լեհերի համար՝ Ռեչ Պոսպոլիտայի վերածնման գաղափարները և այլն: Հայ ժողովուրդն իր այդ գերնպատակը որպե՞ս ազգային արժեք պետք է վառ պահի, նաև գործնական քայլերով հետամուտ լինի՝ միշտ մտածելով ու գործելով, որ կգա մի գեղեցիկ օր, երբ այն, ի վերջո, կյանքի կկոչվի ու կիրագործվի «Վիլսոնյան Հայաստան»–ի ազգային–քաղաքական նպատակը: Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը նաև աշխարհասփյուռ հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, կենսունակության ու հարատևության միջոց է ու կռվան, իր ամբողջացած հայրենի հողում հավաքվելու, ապրելու, ստեղծագործելու և բարգավաճելու նպատակ: Հենց սրանում է «Միացյալ և Անկախ Հայաստանի» պատմական ակտի 100–ամյակի խորհուրդը: