Հայաստանի պատմական բաժանումների և ինքնուրույն պետականության կորստի հետնախորքին ազգային ազատագրումն ու ինքնուրույնությունը դարձան հայ քաղաքական մտքի բաղձալի նպատակներ՝ Իսրայել Օրիից և հնդկահայ գաղութից ի վեր։ Այսպես հայ արդի քաղաքական միտքը գլխավորապես ծավալվեց կորստի վերականգնման ըղձական ռեժիմում՝ հայոց քաղաքական ինքնուրույնությունն ու դրա բարձրակետը՝ հայկական պետականությունն օժտելով սրբազան գաղափարի ու բաղձալի նպատակի կարգավիճակով։ Այսօր, երբ արդի ինքնուրույն պետականությունը մեզանում երեսնամյա նյութական իրողություն է՝ միանգամայն աննախադեպ փաստ հայ քաղաքական մտքի ու գործունեության համար, մենք կանգնած ենք պետության մեր ավանդական ըմբռնումների վերանայման առաջ։ 2018-ի հեղափոխությամբ և 44-օրյա պատերազմով Հայաստանը բռնեց անխուսափելի, բայց և վտանգաշատ ճանապարհ՝ նյութական կոնկրետ տարածքում նյութական կյանք ապրելու ճանապարհ։ Ուրեմն, հարկ կա վերանայելու պետության՝ որպես կորսվածը վերականգնելու բաղձանքի մեր ավանդական ըմբռնումը և վերագնահատելու մեր քաղաքական արդիականացման պատմությունը պետության՝ որպես գործնականում ապրվող կյանքի արդիական պայմանի տեսակետից։ Այսպես պետությունը նախևառաջ ըմբռնվում է որպես իր սահմանների ներսում ապրող ժողովրդի՝ կյանքը գործնականում ապրելի դարձնելու եղանակների, նույնն է թե՝ մշակույթի արդիական պայման, այլ ոչ թե բաղձալի ինքնանպատակ։ Մեր քաղաքական միտքը դեռ պետք է հասնի մեզ հետ կատարվողի ետևից և գա պետության՝ որպես սեփական քաղաքացիների անվտանգության, բարօրության ու զարգացման ապահովման բարդ ու հակասական արդի միջոցի ըմբռնմանը։ Եթե ազգային պետության՝ որպես կորսվածի վերականգնման բաղձանքի ու համազգային փրկագործման նպատակի ըմբռնումները մեզ օգնել են ձեռք բերել ինքնուրույն պետականություն, ապա այսօր՝ անկախ պետության երեսնամյա գոյության պայմաններում, կարող են խանգարել այն պահելու, առավել ևս՝ զարգացնելու գործում։
«Պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» հետազոտական մոդուլի բազմագիտակարգ հետազոտություններն ուշադրության կենտրոնում են պահում քաղաքական ծրագրերի և գործնականում ապրվող կյանքի, պետության բաղձանքի և կենցաղի միջև այն լարումներն ու հակասությունները, որոնցով իրականում նշագրված է պետությունն ու պետության գաղափարը մեզանում։ Հետազոտությունները հնարավորություն կտան ինքնուրույն պետականության հետ կապված ներկայիս խնդիրները պատմականորեն ու տեսականորեն ըմբռնել իրենց բարդության, հակասական լարումների կոնկրետության մեջ, ճանաչել դրանք ու համարժեք լուծումների հնարավորություն ստեղծել։