1920-ին խորհրդային կարգերի հաստատմամբ Հայաստանը բռնեց կոմունիստական հասարակություն ստեղծելու ճանապարհը։ Հայաստանի խորհրդայնացումն, այդուհանդերձ, արդեն իսկ կանխորոշում էր խորհրդային արդիականացման նախագծերի և Հայաստանի իրապես անմխիթար դրության միջև լարումները։ Այդ լարումն էր նաև ուղենշում Հայաստանի խորհրդային իշխանությանը հասցեագրվող այն քննադատությունը, թե «ի՞նչպես ե վոր գյուղացիական յերկրում պրոլետարական դիկտատուրա գոյություն ունի»։ Բարձր քաղաքական օրակարգի և տեղական սոցիալ-մշակութային կացության միջև այս լարումը մեղմելու համար խորհրդային իշխանությունն ամեն ջանք պետք է գործադրեր, որ սեփական քաղաքականություններով իր իսկ դեմ չհաներ երկրի մշակութային ու սոցիալական հենքը կազմող գյուղացիությանը։
Ներկայացվող վավերագիրը Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի՝ խորհրդայնացման քառամյա տարին ամփոփող «Մեր գյուղը» հատկանշական վերնագրով հոդվածն է, որը պետք է տեսնել 1920-ականների սկզբին երկրում ներդրված Նոր տնտեսական քաղաքականության (ՆԷՊ) համատեքստում։ Հակառակ խորհրդայնացման սկզբնաշրջանում խիստ ու ծայրահեղ մարտավարությամբ ուղեկցվող «ռազմական կոմունիզմին»՝ տնտեսական այս նոր քաղաքականությունը գործունեության լայն ու խաղաղ ասպարեզ էր տրամադրում նաև գյուղացիությանը։ Այսպես պետությունն ու քաղաքականությունը պետք է դադարեին լինել գյուղացիությունից օտարված հեռահար իրողություններ։ Վերջիններս նրան հարազատացնելու մեջ էր Մյասնիկյանը նշմարում Հայաստանում խորհրդային քաղաքականությունների հաջողության գրավականը։ Նա հստակ է. «Մեր իշխանությունը, մի խոսքով, գյուղացու համար հարազատ պետք ե լինի իր բոլոր մասերով, իր բոլոր խորշերում»։ Եվ եթե այդ քաղաքականությամբ խորհրդային իշխանությունը մի կողմից շահում էր գյուղացիության համակրանքը, ապա մյուս կողմից վտանգավոր կախման մեջ էր հայտնվում մշակութային ու դասակարգային ախոյանից։
Հրապարակվում է ըստ՝ Ալեքսանդր Մարտունի, «Մեր գյուղը», Խորհրդային Հայաստան, 29 նոյեմբերի 1924 թ.։
ՄԵՐ ԳՅՈՒՂԸ
Հայաստանի հեղափոխության չորրորդ տարեդարձին շատ բան չունինք ասելու: Աշխատանքն ու կատարած գործը վկա յեն, նրանք ամենքի աչքի առաջ են: Սակայն կա այսոր մի մեծ հարց, վորը կանգնած ե մեր իրականության կենտրոնում: Նա յե, վոր գրավում ե բոլորիս ուշադրությունը: Այդ գյուղացիական խնդիրն ե:
Հայաստանը մի մեծ գյուղ ե: Նրա՝ մոտ 800 հազարանոց ազգաբնակության մոտավորապես տասներորդ մասն ե միայն ապրում քաղաքներում. մնացյալ հոծ մասսան գյուղերին ե պատկանում: Այն ել ասենք, վոր քաղաքի ազգաբնակության մի մասը՝ խոշոր քանակությամբ, պարապում ե հողագործությամբ և այգեպանությամբ. վոչ թե միայն համարյա ամբողջ Ղարաքիլիսեն կամ Դիլիջանը, այլև Լենինականի ու Յերևանի քաղաքացիները մեծ–մեծ խմբերով դուրս են գալիս դաշտ: Ել չենք խոսում քաղաքների մնացյալ բնակիչների մասին, վորոնք այլևս սերտ կերպով կապված են գյուղին ու հողին:
Հայաստանը գյուղացիական յերկիր ե, վոր իրերի յերջանիկ զուգադիպությամբ վայելում ե սոցիալիստական տիրապետության ապահովությունը: Յեվ շատ վատ կը լիներ այդ տիրապետության դրությունը, յեթե նա ուշի–ուշով չհետևեր գյուղացու զարկերակի բաբախումներին, մանավանդ այսոր, յերբ անվերջ կոտորածներից հետո շունչ քաշող գյուղացին Հայաստանում կանգնած ե իր կյանքի նոր բեկման շեմքին: Նա ունի նոր պահանջներ, նրա վոտներն ուժեղացել են, քայլերը հաստատուն են դառնում, և նա ուզում ե ավելի առաջ գնալ: Ուստի ի՞նչ անել:
Պետք ե լսել գյուղացուն, խորհրդակցել նրա հետ, տալ նրան գոհացում: Այլապես՝ անհնար ե իրականություն դարձնել քաղաքի ու գյուղի այն կապը, վորի մասին մենք շարունակ խոսում ենք: Սովետական իրավակարգը գյուղացու սեփականությունը պետք ե դառնա: Դրա համար նրա բոլոր խնդիրները բացե ի բաց պետք ե դնել գյուղի առաջ, պետք ե քննել այնտեղ, պետք ե մարմնացնել գյուղի խորհուրդներում, խրճիթներում ու փողոցներում: Դա մեր անելիքն ե՝ առանց տատանումների, առանց սակարկության և առանց քողարկումների:
Յեվս առավել առանց քողարկումների: «Վայ, ի՞նչ կանեն մեր թշնամիները, յեթե մենք հարցը դնենք իր վողջ մերկությամբ»,— այսպես կարող ե նկատել մեզանից վորևե մեկը. և այդպես ասում են ել: Ցավը հենց այդ ե: Թող կորչեն հակահեղափոխականները. ինչ ուզում են՝ թող մտածեն նրանք: Նրանց համար չե, վոր աշխատում են մեր բանվորներն ու գյուղացիները, նրանց համար չե, վոր կարգավորվում ե հեղափոխական Հայաստանը, նրանց համար չե, վոր գրում են մեր թերթերը: Վորքան ճշմարտություն և անկեղծություն մեր խոսքերում՝ այնքան հաջողություն և արագընթացություն մեր գործերում: Մեր թշնամիներին ծանոթ չեն խոսքի ճշմարտությունը և գործի ազնվությունը, դրա համար ել նրանք չեն դադարի ատամները կրճտացնելուց: Թողնենք նրանց ու նայենք մեր աշխատավորին, մեր գյուղացուն:
Ինձ թվում ե, թե մեր մամուլը, շատ տեղ տալով գյուղին ու գյուղացուն այնուամենայնիվ խնդրին մոտենում ե ավելի պաշտոնական ձևով, խրատական պատգամը ձեռին և ընդհանուր բարեհաջողության տեսակետից, քան թե իր մատը դնելով վերքի վրա: Հարցի կաղապարումը վոչ մի դեպքում չի ոգնի մեզ, մինչդեռ մերկացումը, սխալների ճանաչումը և վճռողական ուղղումն ամենայն ինչ ե: Չի սազում ասել, թե գյուղում ընդհանրապես լավ ե դրությունը, սակայն կան բացեր. կարիք չկա գրել, թե այս ինչը գնաց գյուղ, խոսեց գյուղացիների հետ, և նրան լավ ընդունեցին ու գովեցին՝ «այ, ի՛նչ դարդիման մարդ ե, իսկի նման չե հին ժամանակների վարիչներին». միտք չկա պնդել, թե կան վորոշ սխալներ՝ մեղավորը պայմաններն են և սրա նման այլ անորոշ ու անիմաստ մտքեր: Վոչ, սա չե պետք մեզ, այլ ցավերի պարզ պատկերը և սխալների կատարյալ վերացումը: Յերբեք մոռանալու չե, վոր սոցիալիստական գիտակցված աշխատանքի պրոցեսում պակասների նշանակալից տոկոսը հետևանք ե աշխատողների կազմակերպչական այս կամ այն ունակության, նրան վորոշ քայլերի: Արդ, գծենք մեր ընթացքը, ճշտենք մեր քայլերը: Այստեղ ե իսկական կապը գյուղացու և բանվորի միջև, գյուղի և սոցիալիզմի արանքում:
Այսպես ուրեմն, բացեր կան: Քրքրենք այն առանց ղազյոնշչինայի, առանց նրա ճեղքերը սվաղելու. այլապես մենք ամեն ինչ կը կորցնենք: Այս տեսակետից ամենագնահատելին գավառում աշխատող մեր ընկերների ու բարեկամների ձայնն ե, գյուղացիության իսկական տրամադրությունը, նրա արդի քաղաքական հոգեբանությունը: Լավագույն ընկերներից մեկը, Դիլիջանի գավառից, մի քանի որ առաջ գրել եր ինձ գյուղական ցավերի մասին: Նա այսպես ե սկսում. «Գյուղը լավ ե տրամադրված դեպի մեզ. յեթե նրա ցավերն ել արագ քննվեն, ապա ավելի սերտ կապ կը ստեղծվի մեր և գյուղի մեջ»: Ինչո՞ւմն ե բանը:
Նամակագիրս կանգ ե առնում յերկու կարևոր խնդիրների վրա՝ գյուղացու շերտավորումը և տուրքերի հարցը: Իսկապես վոր սրանք որվա խոշորագույն հոգսերից են:
Մենք շատ ենք խոսում ու գրում գյուղի շերտավորման մասին՝ հարուստ, միջակ և աղքատ — ահա գյուղի դասակարգային բաժնումը: Աղքատ գյուղացին մերն ե ու մերն ե: Միջակը ուրիշին չի շահագուրծում. նա միանում ե աղքատին ու քաղաքի բանվորի հետ ձեռք ձեռքի տված մարմնացնում ե խորհրդային իրավակարգը: Դա յե մեր հայտնի կապի, սովետական մեծ դաշինքի հիմքը: ՄՆում ե հարուստը, կուլակը՝ շահագործողը, վոր ձգտում ե գյուղն իր ձեռքում պահել և նրան հանել սոցիալիստական շրջանակից: Կռվել ե պետք նրա դեմ, և մենք այդ անում ենք: Սակայն պետք ե զգույշ լինել, վորպեսզի նախ միջակին չշփոթենք հարստի հետ, յերկրորդ՝ վերջինիս ել հաճախ չվերածենք միջակ գյուղացու: Այս վտանգը կա. ուստի պետք ե զգույշ լինել և շերտավորման խնդրին մանրակրկիտ կերպով մոտենալ: Բացի այդ, վոչ մի դեպքում չպիտի վրիպի մեր աչքից այն հանգամանքը, վոր միջակն աղքատի ու բանվորի բարեկամն ե, վոր առանց նրանց յեղբայրական փոխադարձ ոգնության և ոժանդակության մենք առաջ չենք գնա:
Մյուս հարցը, ինչպես տեսանք, տուրքերին ե վերաբերում: Նա ավելի խոր ե ու լայն: Խոր՝ այն իմաստով, վոր նրա արմատում նստած ե գների նմանության խնդիրը. գյուղացին, այսինքն՝ միջակն ու աղքատը, պահանջում ե, վորպեսզի դեպի նրա ինչքը, ունեցվածքը և արտադրությունը արդար, տնտեսապես արդար վերաբերմունք լինի սոցիալիստական յերկրի կողմից: Նա պահանջում ե և հասարակական ու քաղաքական արդարություն. ահա թե դեպի ինչ յեզրեր ե լայնանում խնդիրը: Եժան ու լավ վարչություն. հմուտ, խելացի ու ժողովրդական ղեկավարներ. սա ե պետք մեր գյուղացուն: Այնուհետև, նա կարիք ունի մասնակից լինելու. ավելի ճիշտ ասած՝ կորիզը կազմելու գյուղական խորհուրդների, տեղական գործադիր կոմիտեների: Դեպի սովետները տրամադրված, ազնիվ ու մեր մեծ գործին կպած գյուղացին այդպես ե նայում այսոր խնդրին: Յեվ նա գոհացում պետք ե ստանա ու կստանա: Այն ժամանակ հեշտությամբ կը վերանան այն բոլոր սխալները, վորոնք տեղի յե ունեցել հողային խնդրում, տուրքերի հարցում, կրոնական–յեկեղեցական ասպարիզում, վարչական գործերում և այլն: Մեր իշխանությունը, մի խոսքով, գյուղացու համար հարազատ պետք ե լինի իր բոլոր մասերով, իր բոլոր խորշերում:
Չպետք ե վախենալ սրա մասին խոսելուց, այն քննելուց, տեղական տարորինակությունները յերևան հանելուց, բացեիբաց այն խարազանելուց. ապա կուղղենք վատը, կը շինենք լավը: Մեր գյուղացին մեզ հետ ե. նա չի սիրում, այլ և ատում ե մեր թշնամիներին. և նա ավելի ևս կը կապվի մեզ, խորհրդային իշխանության:
Կա և մի այլ կարիք: Գյուղը շնչում ե, նա արթնանում ե: Մի այնպիսի քայքայված ու հետամնաց յերկրում, վորպիսին Հայաստանն ե, ապրելու ե խորհրդայնապես զարգանալու համար աշխատանքի, գործունեյության ավելի ուժեղ, նորագույն (ըստ մեր կարողության, իհարկե) պայմաններ են հարկավոր: Այդ ճանապարհով միայն առաջ կը գնա մեր գյուղացին, կը հարստանա սոցիալիստական Հայաստանը:
Աշխատանքի արտադրողականության հարցն այսոր դրված ե բոլոր խորհրդային յերկրներում: Ի՞նչ նշանակություն ունի նա Հայաստանի համար, վորտեղ չկա կամ համարիա թե չկա արդյունաբերություն. աշխատանքն այնտեղ գյուղական ե: Բայց այդ չի նշանակում, թե նրա արտադրողականությունը չի զբաղեցնելու: Հայաստանում տարվող հսկայական աշխատանքը վոռոգման և ելեքտրականացման շուրջը վոչինչ կը լինի, յեթե գյուղի արդ. չբարձրանա: Իսկ հինավուրց, նահապետական ձևերը, իսկ ընդհանուր անկուլտուրականությունը նվազեցնում են սարսափելի կերպով արտադրության թափը: Մեր գյուղը պետք ե արտադրողական լինի: Ի՞նչ ե ասում այդ միտքը:
Իրական պայմաններն այնպես են, վոր գյուղն այլևս չի կարող մնալ հետամնացության մակարդակի վրա: Նա պետք ե փոխե իր արտադրող ուժերի վորակը, նրանց իրար հետ ունեցած փոխհարաբերությունը: Մթությունից պետք ե անցնել դեպի զարգացած կուլտուրան՝ բոլոր ասպարեզներում: Այստեղ նյութական կուլտուրան կապված ե մտավորին: Չի կարելի հողի պարարտացումը, նրա վորակի բարձրացումը, նրա շահագործումը ժամանակակից կատարելագործված միջոցներով՝ կապել խավարին ու մտավոր կացության: Գյուղացու միապաղաղ ու շատ աղքատ կենցաղն ընդունակ չե ամենևին զարկ տալու նրա տնտեսության առաջընթացության:
Սակավահողությունը և անջրդիությունն այլ տնտեսաձև են թելադրում մեր գյուղացուն: Քանակի պակասությունն ստիպում ե բարձրացնել վորակը: Առաջ ե գալիս խոտոր հարաբերական՝ վորքան քիչ ե հողը և ծանր են նրա վրա աշխատելու պայմանները, այնքան ավելի պետք ե պարարտացնել նրան և մշակել նորագույն միջոցներով: Գյուղի արտադրողականության հարցն այս բանումն ե գտնվում: Յեվ Հայաստանում խոսել աշխատանքի արտադրողականության մասին՝ կը նշանակե լուծել այս խնդիրը: Վոչ մի ժամանակ նա այնպես սուր կերպով դրված չի յեղել մեր առաջ, ինչպես այսոր: Հեղափոխության չորրորդ տարեդարձը թող լինի նրա բեկման ժամանակաշրջանը:
Վճռել այն հնարավոր ե կենտրոնացած, կասեյինք՝ խտացրած ուժերով: Քաղաքի բանվորը, կամ կոմունիստական կուսակցությունը, նոր յերիտասարդությունը, ժամանակակից տեխնիկան, գյուղի լավագույն տարրերը, կնոջ հեղափոխական խավերը, արդի գիտությունը, հեղափոխության հաղթանակները, արհեստակցական միությունները, կոոպերացիան, դպրոցը, քաղաքական գրականությունն ու հասարակական–տնտեսական գիտելիքները և մեր վողջ մամուլը՝ լծված մի գործի, կենտրոնացած կազմակերպչական կորովի շուրջը, պետք ե առաջ տանեն գյուղացու սայլակը, վոչ անանիվ կոտրտած ու խղճուկ սայլակը, այլ հղկված, ամրակուռ, ծանրաբեռ ու ճեպընթաց կառքը:
Արդ, մեր կարծիքով, ի՞նչ ե պահանջում Խորհրդային Հայաստանի գյուղը: Վորպեսզի մենք ճանաչենք և գիտենանք նրան: Վորպեսզի, հասկանալով նրան՝ իմանանք մոտենալ նրան և աշխատենք նրա ոգտին, վորպեսզի բարձրացնենք նրա տնտեսությունը, վողջ կյանքը՝ աշխատունակության ուժեղացման ու տնտեսաձևի կատարելագործման միջոցով:
ԱԼ. ՄԱՐՏՈՒՆԻ