«Սուրբ գործը» գլուխ բերելու ճանապարհը. Աբովյանը նամակ է գրում Գեորգ Պարրոտին

 

1830-ականների կեսին հայ լուսավորական մտքի առաջամարտիկ Խաչատուր Աբովյանը և հայ արդի նկարչության նախահայրը համարվող Ստեփանոս Ներսիսյանը մի ուշագրավ հանդիպում են ունենում Պետերբուրգում։ Դորպատի համալսարանը նոր ավարտած, դեռևս Էջմիածնի հոգևոր սպասավոր Աբովյանը Պետերբուրգ էր եկել կառավարությունից իր հետագա կրթական գործունեության համար պայմաններ հայթայթելու։ Էջմիածնի որբ հոգեզավակ Ներսիսյանն այստեղ էր «նկարչության նկատմամբ ունեցած բուռն սիրուց տարված»՝ հեռահար նպատակ ունենալով սովորել Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 

Ներկայացվող վավերագիրն Աբովյանի սրտակտուր նամակն է իր գերմանացի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի հորը՝ Ռուսական կայսրությունում Դորպատի կայսերական համալսարանի առաջին ռեկտոր Գեորգ Պարրոտին, որ Պետերբուրգում լայն կապեր ուներ պալատական շրջանակների հետ։ Ակնհայտ բարեկամական տոնով գրված այս նամակում լուսավորական գործիչը մի կողմից մարդկայնորեն նկարագրում է ընչազուրկ նկարչի՝ իր «եղբոր» ծանր դրությունը, մյուս կողմից ցույց տալիս նրան օգնելու իր խնդրանքի քաղաքակրթական նշանակությունը։Ներսիսյանին, ըստ ամենայնի, երիցատանը հանդիպելու դրվագը նկարագրելիս հմուտ գրողն իրեն հյուրընկալող «անխիղճ վարդապետի» կողքին պատկերավոր հակադրությամբ ցույց է տալիս մտքերի մեջ խորասուզված, «արցունքն աչքերին» հառաչանքով սպասող համեստ նկարչի կերպարը։ Խտացված այս պատկերում է հանուն արվեստի ամեն ինչ թողած և հազար ու մի չարչարանքի ենթարկված արվեստագետը երևում որպես Աբովյանի սկսած լուսավորական գործունեության համար անհրաժեշտ գործիչ. արվեստների միջոցով «կրակոտ արևելցիքին» քաղաքակրթելու «սուրբ գործում» Ներսիսյանը կարող էր վճռական դեր ունենալ։ 

Լուսավորական գործչի այս նամակը նախ և առաջ մի անգնահատելի վավերագիր է, որ գալիս է լրացնելու Ներսիսյանի՝ Պետերբուրգում ունեցած հարաբերությունների և ընդհանուր դրության մասին խիստ կցկտուր տեղեկությունները։ Միաժամանակ, սարկավագ Աբովյանի և Էջմիածնի հոգեզավակ Ներսիսյանի՝ «սուրբ գործին» անձնազոհ նվիրված լինելու նկարագրվող պատկերը բացահայտում է հայ արդի լուսավորական մտքի և հայ արդի նկարչության բարդ ու հակասական կապը հայ եկեղեցու հետ։ 

Նամակի բնագիրը գերմաներեն է, թարգմանությունը որոշ մանր շտկումներով հրապարակվում է ըստ՝ Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 10 (Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961), էջ 169-172։ 

 

Մեծապատիվ պարոն պետական խորհրդական, 

Այն կշտամբանքը, որ արել են իմ ազգին և իմ դասին, թե նրանք շահամոլներ են, շատ թանկագին րոպեներ է խլել ինձնից ցարդ, մինչ ես կարող կլինեի մի որևէ բան անել և գլուխ բերել։ Երկուշաբթի ես Ձեզ մոտ չեկա ճաշի մի բոլորովին այլ ցանկության պատճառով և, բացի այդ, վերոհիշյալ միտքը կասեցնում էր իմ քայլերը։ 

Ո՛չ պնդերեսությունը, ո՛չ էլ արհամարհական վերաբերմունքը դեպի լավը ստիպում են ինձ այժմ նույն ցանկությունը բացարձակ կերպով արտահայտել, այլ սերը՝ դեպի լավը, դեպի մարդը, դեպի հայրենիքը, այն սերը, որի համար ես գլխավորապես պարտական եմ Ձեր ազգին, որովհետև նա է զարթնեցրել իմ մեջ այդ սերը։ 

Կիրակի օրը պատահմամբ լսում եմ, որ այստեղ է ժամանել իմ հայրենի Երևան քաղաքից մի երիտասարդ մարդ՝ Ստ. Ներ<սիսյան> անունով։ Նկարչության նկատմամբ ունեցած բուռն սիրուց տարված, թողնում է նա իր հայրենիքը, ազգականներին, մի իտալացի նկարչի մոտ ծառա է մտնում և այդ անվան տակ՝ ամենադաժան չարչարանքներ կրելով իր տիրոջից, հասնում է Պետերբուրգ։ Առանց նվազագույն գաղափար ունենալու այս քաղաքի արվեստի գործերի մասին, նա կարծում է, որ կկարողանա այստեղ կատարելագործել իր արվեստագետի տաղանդը։ Ես ճանաչում էի նրան դեռ այնտեղ, բայց կամենում էի նախքան նրան տեսնելը, նրա համար ծածուկ մի բան արած լինել։ Երեկ պատահաբար հանդիպում ենք իրար։ Չեմ ժխտում, որ ես իսկապես ցանկանում էի նրան տեսնել, բայց ինչպիսի՜ հանդիպում։ Ես գտնում եմ նրան մի վարդապետի մոտ, նախասենյակում՝ խորասուզված մտքերի մեջ. ես ողջունում եմ նրան, որպես արվեստագետի՝ այնպիսի հարգանքով և ուշադրությամբ, ինչպես վայել է այդ դասակարգին, և առաջարկում եմ նրան նստել ինձ մոտ։ Դժբախտը չի կարողանում սկզբում հասկանալ, թե ո՞վ է նրա հետ այդպես սիրալիր վարվողը և, ինչպես ես նկատում եմ, նա սպասում է անխիղճ վարդապետի թույլատվությանը, թե իրավունք ունի՞ արդյոք սենյակ մտնելու և ինձ մոտ նստելու, ինչպես որ ես ցանկանում էի։ Նա թույլ է տալիս միայն իմ խնդրելուց հետո։ Քաղաքավարությանը հակառակ չգնալու համար ես միառժամանակ մոռանում եմ նրան, որպեսզի տան տերը դրանում ոչ մի կասկածելի բան չգտնի։ Երբեմն-երբեմն խոր հառաչանքներ են գալիս դեպի իմ կողմը, սիրտս զգում է նրանց նշանակությունը. այդ, անշուշտ, վիրավորված, բայց հուսալի զգացումի լեզուն էր, որով խոսում էր ինձ հետ, առանց բառերի, <չիմանալով> թե ո՞վ եմ ես, որ այնպես սրտիս մոտ եմ ընդունում նրա ճակատագիրը։ Վարդապետի դուրս գալուց հետո բռնում եմ նրա ձեռքը, նկատում եմ նաև նրա սև, ուշագրավ աչքերի արտասուքը և նրա բերանից իմանում իմ սրտի համար ամենացավալի բաներ։ Հազիվ այստեղ հասնելով՝ նա իր տիրոջն ասում է, թե այլևս չի կամենում իր հայրենիքը վերադառնալ։ Նա շնորհակալ է երկնքից և իր տիրոջից, որ այստեղ է եկել։ Այժմ նա ցանկանում է կամ այստեղ մեռնել, կամ վերադառնալ իբրև արվեստագետ՝ իր ազգի համար։ Որքան շատ է նա արտահայտում իր այդ ցանկությունը, այնքան ավելի դաժան պատիժներ է կրում անսիրտ մարդուց։ Նա այստեղ ոչ ոքի չի ճանաչում, բացի մի հայից. վազում է նրա մոտ, և վերջինս մի խնդրագիր է գրում նրա համար՝ ուղղված նորին պայծառափայլություն պարոն գաղտնի խորհրդական Բեկենդորֆին, որի մեջ նկարագրում է նրա ճակատագիրն ու ցանկությունը և թախանձագին խնդրում, որ կառավարությունը նրան պաշտպանի և ուղարկի Գեղարվեստների ակադեմիա։ Այդ խնդրագիրը դեռևս նրա մոտ է, բայց չգիտե, թե ինչպես վարվի, որովհետև նրա տերը այստեղից մեկնելու է մոտավորապես երեք շաբաթից հետո։ 

Սիրելի՛ պետական խորհրդական, ես մի րոպե միայն մխիթարեցի նրան, միայն հույսերով թեթևացրի նրա ցավերը։ Ասիայում երաժշտության և նկարչության արվեստների տարածելն իմ վաղեմի, ջերմ ցանկությունն է եղել։ Դրանց միջոցով կրակոտ արևելցիք ավելի շուտ կհասնեն քաղաքակրթության, քան որևէ այլ միջոցով, ինչպիսիք էլ դրանք լինեն։ Այդ մտադրությամբ ես կամենում էի արդեն հայրենիքիցս երիտասարդ մարդիկ ուղարկել այստեղ, եթե նրանք դրա համար տաղանդ և տրամադրություն ունենային. և հիմա դրանցից մեկն այստեղ է՝ առանց իմ խնդրանքի, առանց իմ առաջարկության։ Մի՞թե աստուծո մատը մասնակից չէ այդ բանում։ Ես ինձ մոռացել եմ. ինչ որ արվելու է, այժմ պետք է անել նրա՛ համար։ Նա իմ հայրենի քաղաքից է, հետևաբար և՝ իմ եղբայրը։ Այժմ այլևս հաշվի չեմ առնի, թե ինձ արհամարհեն այն կշտամբանքների համար, որ ստացել են իմ հայրենակիցները, իբրև շահամոլ մարդիկ։ Այո՛, ես էլ եմ շահամոլ, սակայն սուրբ գործի համար։ Ես էլ նրա նման դժբախտ կլինեի, եթե տեսնեի, թե ինչպես է ոչնչանում նրա տաղանդը։ Նույն այս ցանկությունն ես արտահայտել եմ նաև նորին գերազանցություն պարոն Ժուկովսկուն։ Մի՞թե մեծահոգի, բարերար կառավարությունից գթառատության մի կաթիլ կպակասի, եթե նա երջանկացնի այսպիսի մի երիտասարդ մարդու։ Ո՞վ գիտե, թե ինչ տաղանդ է թաքնված նրա մեջ։ Ո՛չ, Պետերբուրգում կարող է և պիտի կատարվի նրա ցանկությունը։ Այդ ակնկալությամբ Ձեզ եմ հղում այս գրությունը, Ձեզ, որի հանդեպ տածում եմ որդիական սեր։ Ես ինձ կծախեի, եթե դրանով կարողանայի օգնել նրան որևէ կերպ։ Իմ ազգը նվազ չափով է տեսնում ապագան, այդ բանն ասում եմ փորձի հիման վրա։ Հանգիստս կորել է։ Բարի եղեք որոշել իմ ճակատագիրը, որպես այդ երիտասարդ մարդու ճակատագիր։ 

Անկեղծ հարգանքով
Ձեզ անձնվեր և հավատարիմ
Խ. Աբովյան
1835, 23 հունվարի,
Պետերբուրգ