Սրբազան պատերազմ և պետություն. Ավարայրի ոգեկոչումներն ազգային պետության հիմքերում 

 

Հայաստանի երրորդ հանրապետության ներկայում Սարդարապատի ճակատամարտն ընդունված է դիտել իբրև արդի շրջանում ինքնուրույն պետականության համար հայերի մղած դարավոր պայքարի բարձրակետ։ Առաջին հանրապետության հիմնադրման ակունքում երևացող Սարդարապատի ճակատամարտը ոգեկոչվում է իբրև սրբազան պատերազմ՝ հայերի նորագույն պատմության Ավարայր։ Ելակետ ընդունելով հաստատված այս զուգահեռը՝ հետազոտությունը փորձ է անում քննելու Եղիշեի Վասն Վարդանայ և հայոց պատերազմի երկի քաղաքական գործադրման դեպքերը հայերի արդիացման ճանապարհին և շոշափելու ազգային պետության արդի ըմբռնումներում հավաքական նահատակության՝ Եղիշեով մեզ հասած ու Սարդարապատով մարմին առած կրոնա-եկեղեցական իդեալը։  

Հայ մատենագրության «ոսկեդարը» համարվող 5-րդ դարի պատմիչների շարքում Եղիշեին թերևս ամենաժողովրդականը պետք է համարել։ Նա մի կողմից սահմանել է ազգային եկեղեցու հետ հայության՝ արյամբ սրբացած կապը, մյուս կողմից՝ իր «քաղցրախոսիկ» լեզվով, արթնացրած վառ պատկերներով տպավորել հետնորդներին ու մտել ժողովրդական խոսքի ու բանահյուսական պատումների մեջ։ Եղիշեի պատմությունը նոր քրիստոնեացած հայ ժողովրդին պատկերում է  որպես հանուն հավատի գիտակցված ինքնազոհաբերման գնացող հավաքականություն՝ եկեղեցու «ուխտի միաբանություն»։ Եկեղեցու արմատական այս պատումի մեջ մահը «աննենգ սրտի սուրբ սիրով» հաղթահարած նահատակ հայն ի վիճակի է արհամարհել իր մարդկային բնությունն ու մարմինը և հոգո՛վ անմահանալ։ Սրա կողքին ժողովրդական ավանդությունը Կարմիր Վարդանի տնկած ծառն ու սրի հարվածի տեղից բխող ջուրը, նրա արյամբ ներկված քարն ու նահատակության տեղում կանգնած եկեղեցին սրբացրել ու կենսատու ուժերի աղբյուր է դիտել։ Այս հանգամանքն ի հայտ է բերում եկեղեցու հոգևոր ու քաղաքական մեծ նախագծի և ժողովրդական կյանքում արմատացած ըմբռնումների տարբերությունները։ Միաժամանակ, սակայն, Ավարայրի պատումն, այս երկվությամբ հանդերձ, երևում է որպես հայերի կյանքում իր անբեկանելի տեղն ունեցող, անդառնալիորեն արմատացած մի իրողություն։ 

Հայերի արդիացման 19-րդ դարի հանգրվանում մտավորական ու հասարակական հայ գործիչների ազգակերտման օրակարգերը վերակերտում են 5-րդ դարի սրբազան պատերազմն ու Եղիշեի հավաքական նահատակության իդեալը՝ որպես հայերի արդիացման հենասյուն։ Մխիթարյան հայրերից մինչև էջմիածնական հայագիտության առաջնեկներ, աշխարհիկ լուսավորական գործիչներից մինչև նորաստեղծ հայ քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, Ավարայրի ոգեկոչումները հառնում են իբրև հայ ժողովրդի ոգու ուժի, անելանելի դրության մեջ՝ վերացման վտանգի եզրին սրբազան գաղափարով խոյանալու, այդ գաղափարի եռանդուն սիրով նահատակվելու կարողության անսասան առհավատչյա։ Հանուն հավատի մղվող կռվի՝ Եղիշեի «ոսկեղենիկ» պատկերումը խմորման նոր փուլ մտած ազգային մտահոգությունների համատեքստում, ուրեմն, ձեռք է բերում իր քաղաքական արժեքը՝ ջերմեռանդ հավատն ագուցելով արդի աշխարհիկ ազգի իդեալներին։ 

Այս իդեալները նոր ուժով, բայց նաև անդառնալիորեն փոխված երևացին Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման շեմին։ Եղիշեի Ավարայրի պատումը, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեկ անգամ արդեն հառնեցվել էր՝ ռազմաճակատ մեկնող հայերի ոգին ամրապնդելու, ուշխորհրդային հակասովետական ազգային նոր ալիքը դրեց հայության դարավոր գոյապայքարի հիմքում՝ հետահայաց ձևակերպված որպես ինքնուրույն պետականություն ունենալու պայքար։ Հանուն հավատի մղվող սրբազան պատերազմը, Սարդարապատի ճակատամարտի հետ զուգահեռվելով, դարձավ հանուն պետականության բարձր գաղափարի հավաքական նահատակության պատում։ 

1918 թվականի մայիսին հայերի՝ օսմանյան բանակի դեմ մղած կենաց-մահու կռիվը խորհրդահայ պատմագրությունը կարևորում էր՝ նախ և առաջ դիտարկելով այն իբրև ժողովրդի աշխատավոր ներքնախավերի ինքնաբուխ գոյապայքար, որը մեծապես պայմանավորեց Կովկասյան ճակատում պատերազմի ելքն ու ապահովեց հայերի՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքն առհասարակ (Հարություն Թուրշյան, ԱշոտՀովհաննիսյան)։ Նորանկախ երկրում արդեն վերանայվեց Սարդարապատի ճակատամարտի արժեքը. ժողովրդական ինքնաբուխ գոյամարտը վերարժևորվելով դարձավ Հայաստանի առաջին հանրապետության՝ իբրև հայոց պետականության ժամանակակից իրավահաջորդի հիմնադրման պայքար (Արարատ Հակոբյան, Աշոտ Մելքոնյան)։ Պետականությունն՝ իբրև սրբազան գաղափար դրվեց Սարդարապատի հիմքում՝ ոգեկոչելով Ավարայրի պատումն ու սրելով կյանքից վեր գաղափարի՝ հայոց պետականության համար նահատակության գնալու՝ Եղիշեով ամրագրված արժեքը։ 

Ինքնուրույն հանրային կյանքը հնարավոր դարձնելու, ժողովրդի համար բարեկեցություն ապահովելու արդի գործիքի՝ ազգային պետության ստեղծման հիմքում, ուրեմն, հայ ազգային գործիչները դնում են կյանքից վեր արժեքների, բարձր գաղափարի համար մղվող սրբազան պատերազմը, որտեղ նահատակվելն ինքնին մահը հաղթահարելն է։ Սա մի մտայնություն է, որը հնարավորություն է տալիս տեսնելու հայերի շրջանում արդի ազգային պետության ըմբռնման կրոնա-եկեղեցական երեսակը։ Միաժամանակ, սակայն, Ավարայրի պատումն ինքնին մեզ երևում է եկեղեցու հաստատված կարգի ու ժողովրդական ըմբռնումների միջև լարումներով. հայացք, որը թերևս թույլ տա շոշափել հավաքական նահատակության եկեղեցական այս իդեալով հիմնված պետության ներքին հակասությունները։