Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանք պատմավեպի առաջին հատորը լույս տեսավ Հայրենական պատերազմի ամենաթեժ օրերին՝ 1943 թվականին։ 1946-ին երկրորդ հատորի հրատարակումն արդեն համընկավ պատերազմից հետո նոր թափ առած «իդեոլոգիական պայքարն ուժեղացնելու», «բոլշևիկյան ինքնաքննադատությամբ» սեփական սխալներն ուղղելու ալիքի հետ։ Սրա ետնաբեմին պատմավեպը քննադատվեց ժողովրդի կրոնական զգացմունքների վրա իր հատուկ շեշտի, նահատակության հասկացությունն իր եկեղեցական իմաստով վերհառնեցնելու համար։ 1951-ին գրողը հրատարակության հանձնեց Վարդանանքի միանգամայն նոր, ամբողջությամբ վերամշակված տարբերակը, որն իր հերթին ևս մեկ անգամ վերանայվելու էր 1954-ին։
Ներկայացվող վավերագիրը մի հատված է գրականագետ Վաչե Նալբանդյանի Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» գրքից, որտեղ հեղինակը քննարկում, տեղ տեղ նաև քննադատում է այս երկրորդ հրատարակությունը։ Աշխատության ներածության մեջ Նալբանդյանը հատուկ շեշտում է սոցռեալիստական պատմավեպի գլխավոր առանձնահատկությունը՝ ժողովրդի կերպարի կերտումը. «Սովետական պատմավեպում ժողովուրդը հանդես է գալիս իր իսկական կերպարանքով՝ իբրև պատմության կերտող ու հիմնական շարժիչ ուժ»։ Այս է պատճառը, որ Վարդանանքում ժողովրդի կերպարին գրականագետն առանձին գլուխ է նվիրում։
Վարդանանց ապստամբությունն անվիճելիորեն համարելով «ժողովրդա-ազատագրական պատերազմ»՝ Նալբանդյանը բարձր է գնահատում թշնամու դեմ «տարերայնորեն» ելած բացարձակ միասնական ժողովրդի այն պատկերը, որն ի հայտ է բերում Դեմիրճյանը վեպում։ Սա միաժամանակ խիստ զուգահեռվում է եկեղեցու ուխտի միաբանության խորապես կրոնական պատկերին, որ բերում է հինգերորդ դարի մատենագիր և պատմավեպի հիմնական աղբյուր Եղիշեն։ Ուրեմն, ժողովրդի անհակասական այս միասնության՝ դեռևս Եղիշեից սկիզբ առած տրամաբանությունը պետք է մաքրվեր վեպում դեռ իրեն զգացնել տվող կրոնական հետքից։ Բերված հատվածում Նալբանդյանը, նկատելով երկրորդ հրատարակության մեջ ինքնամաքրման Դեմիրճյանի ջանքը, այնուամենայնիվ բավարար չի համարում այն։ Հասարակական ասպարեզում մեղա գալու և շտկվելու՝ ինքնին կրոնական, անողոք այս տրամաբանությունը մեծ դեր է խաղացել Վարդանանքի՝ մեզ հասած տարբերակի համար։ Պատմավեպի երրորդ հրատարակությունն արդեն առանց կասկածի տեղիք տալու հանուն Քրիստոսի հավատի վարդանանց նահատակությունն ի հայտ է բերում որպես նախ և առաջ ժողովրդի ազգային ազատագրության պայքար։
Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Վաչե Նալբանդյան, Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» (Երևան։ Երևանի համալսարանի հրատ, 1955), էջ 101, 105-106։
Ա. Ժողովուրդը «Վարդանանք»-ում
Ժողովրդի գեղարվեստական պատկերի մասին խոսելիս անհրաժեշտ է կանգ առնել այն հարցի վրա, թե ինչպես է լուծում հեղինակը քրիստոնեական հավատի նկատմամբ ժողովրդի ունեցած վերաբերմունքի հարցը։ Վեպի առաջին վարիանտում նկատվում էր ժողովրդի կրոնական զգացմունքների ֆետիշացման որոշակի տենդենց։ Հեղինակի վրա ակնհայտորեն ազդել էր այն սխալ հայեցակետը, թե իբր ողջ հայ ժողովուրդը՝ Տրդատից ու Գրիգոր Լուսավորչից սկսած ֆանատիկ հավատացյալ է եղել ու քրիստոնեական եկեղեցու ջերմ պաշտպանն ու հպատակը։ Սակայն այլ բան են պատմում մեր պատմական հիշատակարանները։ Մասնավորապես Փավստոսից ու Կորյունից հայտնի է, որ IV-V դարերում ժողովրդի մեջ դեռևս շատ բան կար հեթանոսական, և որ քրիստոնեական կրոնը լրիվ չէր տարածվել ժողովրդի մեջ, որ նրա մի մասը նույնիսկ չէր էլ տարբերում հեթանոսականը քրիստոնեականից։ Անկարելի է ենթադրել, որ ընդամենը մի հարյուրամյակ առաջ հայերի մեջ, այն էլ հրի ու սրի միջոցով մտցված քրիստոնեական կրոնը կարող էր այնքան մեծ տարածում գտնել, խոր արմատներ գցել, որ ժողովրդի համար դառնար հափշտակության առարկա։ Պատմական աղբյուրներն ու գրական հուշարձանները ցույց են տալիս, որ ո՛չ V դարում և ո՛չ էլ դրանից հետո երբեք կրոնական հափշտակությունը հատուկ չի եղել ժողովրդին։ Դրա ամենալավ ապացույցները գտնում ենք մեր ժողովրդական ստեղծագործությունների, մասնավորապես առակների, առածների ու ասացվածքների մեջ, որտեղ ընդգծվում է ժողովրդի թերահավատ վերաբերունքը քրիստոնեական կրոնի, ավետարանի, ժամերգության, կրոնական ծիսակատարությունների նկատմամբ, կրոնի սպասավորների նկատմամբ։
Դեմիրճյանը քննադատությունից հետո այս հարցում ևս իր մեկնաբանությունների մեջ մի շարք ուղղումներ կատարեց, բայց հետևողական չեղավ։
«Վարդանանք»-ի վերամշակված հրատարակության մեջ տաղանդավոր ռեալիստի վրձնով գծված մի շարք դարվագներ կան, որոնք ինքնըստինքյան հաստատում են, որ կրոնական հափշտակությունը այն դարում ժողովրդին բնորոշ չի եղել։ Այս դրվագներում ռեալիստորեն ցույց է տրված, որ ժողովրդի մարդիկ (Վարաժ, Մարտիրոս և այլն) և նույնիսկ իշխող դասակարգի կրթված որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ դեռ շատ բան ունեն հեթանոսությունից պահպանված, շատ դեպքերում շփոթում են խաչն ու կրակը։
….
Բերված նկարագրությունների մեջ Դեմիրճյանը, իբրև ռեալիստ-արվեստագետ, բացահայտել է այն իրողությունը, որ այդ դարում ժողովրդի մեջ դեռ շատ բան կար հեթանոսական, որ քրիստոնեական հավատը դեռ այնքան խոր արմատներ չէր գցել ժողովրդի մեջ, որ դառնար հափշտակություն, ֆանատիզմի առարկա։
Սակայն այս հարցում հեղինակի մոտեցումը, այնուամենայնիվ, որոշ անհետևողականություն ունի։ Վեպի վերամշակված վարիանտում էլ դեռևս մնացել են որոշ նկարագրություններ, որոնց մեջ գերագնահատված են ժողովրդի կրոնական զգացմունքները։ Դա արտահայտվում է, օրինակ, վեպի այն հատվածում, որտեղ պատմվում է նախարարների ուրացության լուրի՝ երկրում թողած ազդեցության մասին։
Ժողովրդի կրոնական զգացմունքների գերագնահատությունը արտահայտվել է Անգղի դեպքերի նկարագրության մեջ և այլն։
Մի շարք նկարագրությունների մեջ հեղինակը վերամշակման աշխատանքը սահմանափակել է «նահատակ» բառը «զինվորյալ»-ով փոխարինելով միայն, առանց նկարագրությունը կամ իր դատողությունը ըստ էության փոփոխելու։